ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«Պատվախնդրություն չունեցանք։ Հայրենիքի պատվախնդրություն։ Վախենամ, որ Հայաստանի ադրբեջանցիներն ավելի պատվախնդիր լինեին էս երկրի համար, քան մենք։ Պատերազմի ժամանակ բերած ռազմավարը վերցնես ու տաս գերմանացիներին` ամբողջ գրադարանը, Էջմիածնի խճուղին հանձնես ամերիկացիներին` թող դեսպանատուն կառուցեն, կոնյակի գործարանը տաս, օդանավակայանդ տաս։
Գյադայություն կա էս ամենի մեջ։ Եթե տղամարդ եղանք, էս ամբողջից վաղը հնարավոր է հեղաշրջում լինի, ու էս ամբողջ օտարված երկիրն ազգայնացնեն»։
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
(ճաքած երդիկների երկրում)
ՀՀ-ում գրանցված-հաշվառված է 28 հազար պատմամշակութային միավոր։ Սա հանրահայտ է։
Սակայն որքա՞ն է եկեղեցիների, վանական համալիրների և տաճարների քանակը։ Անհամար է` այս մի բուռ հողի, երկու բուռ ժողովրդի, երեք բուռ «ժողովրդավարության» համար։
(Անկախությամբ թոթափվեցին խորհրդային շղթաները, խարխլվեցին կաղապարները)։
ՈՒ կործանվեցին անհավատության մեհյանները։ Բայց քանի՜ անտերության մատնված, խարխուլ և հոգեվարք ապրող եկեղեցի, վանական համալիր կամ տաճար վերականգնվեցին։ Հավանաբար, մի քանի` անկախ և ազատ հայրենիքում։
Փոխարենը հարյուրավոր նորակոփ եկեղեցիներ ի հայտ եկան։ Հավատի տաճարները կառուցվում էին նորագույն իրավակարգի «տնտեսության անկյունաքարերի»` բնամթերքի շուկայի նորաթուխ տիրակալների և հանրապետության կենսունակությունն ապահովող նորահայտ «արքայիկների» ձեռամբ։ Քուսպի և ոսպի, շոկոլադի և մարմելադի բնագավառներում, ոլորտներում ու մասնաճյուղերում առաջնությունը շահած «գյադայության ասպետները» (կամ գոնե նրանց ստվար մասը) եկեղեցի ու տաճար էին «երկնում», անունները փորագրում սրբազան որմերին... հետո երանավետ հանգստությամբ շարունակում արշավները` ահաբեկչական, անտեսանելի, բայց և անբեկանելի գործընթացներ ընդդեմ մաքսային և հարկային կառույցների, ընդդեմ հավերժական ճողվածքից խեղանդամված պետական բյուջեի և հանուն փաշայական ու խանական ինքնաբուխ ապրուստի։
Հենց այս օրերից սկսած, առանց հրովարտակների ու կոնդակների ինդուլգենցիան ներխուժեց նորանկախ հանրության կյանք։
Լավագույն օրինակը Դավթաշեն համայնքն է։ Համայնքապետը հայ նորանկախ իրականությունում հանրահայտ էր իր գունագեղ մականունով և սրտակեղեք ոտանավորների վարդամանուշակային դայլայլով։ Հետո նա դղյակ կոփեց սրբատաշ քարից։ Քանզի մինչ այդ, ինքնաբուխ հրճվանքով, խանական օրենսդրությունն էր գործարկել սահմանադրական հանրապետության յուր մենաշնորհած համայնքում. յուրացրել էր շուկա և վաճառատուն։ Հանդերձ ընտանյոք։
Հետո, բնականաբար, դղյակ պիտի կոփվեր զմայլափայլ բլրալանջին... և դղյակին կից` «սեփական» եկեղեցին։
Զարմանահրաշ զուգահեռներ երրորդ հանրապետությունում։
Յուրաքանչյուր «վարկային մանանայի» հեղեղից հետո կտրուկ վերընթաց էր ապրում ծառայողական շքեղ շարժակազմերի թվաքանակը։
Յուրաքանչյուր նախընտրական մեկ-երկու ամիսներին «գյադայության ասպետների» հերթական ինդուլգենցիայի տոնավաճառն էր` ասֆալտային բույրով։
Յուրաքանչյուր համայնքային ավագանու ընտրություն հաճախ անցնում էր «Ժողովուրդ, ճանաչիր դեմքով թաղի ակտիվին» նշանաբանի ներքո։ Թեկնածուների մեջ բարձր էր տեղական թմրամոլների ներկայացվածության նիշը։
Առհասարակ, նորհայկական վարչատնտեսական բանականությունն ու բարոյականությունը հայելային անդրադարձման են ենթարկվել։
Եվ այսպես, հարաբերություններ շուկայական, ազատական տնտեսություն և ազատական կուսակցություններ։ ՈՒ եթե արևմտյան շուկայակրթման ձեռնարկները դարսեին միմյանց վրա երկրի ամենացածրադիր վայրում (ասենք, Մեղրիի քաղցրանուշ հովտում), գագաթը կգերազանցեր Աժդահակ լեռը։ Եվ ահա շուկան կրթում-ուսուցանում է և պարտադրում սթափ ու աչալուրջ լինել սեփական տնտեսական առանձնահատկությունները գնահատելիս։ Մեր բառ ու բանով ասած` օջախի հարստությունն ու հաջողությունը չտալ «շան բերան»։
Սակայն չէ՞ որ Նուկիմ քաղաք է եղել։
ՈՒ ահա Նուկիմ հռչակավոր քաղաքի հոգեզավակները շուկայական մրցակցության գլուխգործոց կերտեցին։ Երևանի կոնյակի գործարանը «հանձնեցին» գլխավոր ռազմավարական հակառակորդ ֆրանսիական կողմին։
Դե, Նուկիմ քաղաքի խելոքները, եթե հիշում եք, նախապես ճաշակում են փախչելու ունակ «չամիչը», այսինքն` զեռուններին այլազան։
ՈՒ ահա հիշում եմ էսօրվա պես զուլալ ու պարզ։ Կոնյակի դարակազմիկ գործարքի շուրջ հանրային ընդվզումը նախագահ Սեդրակիչը տարփողեց իրեն հատուկ մարտաշունչ աներերությամբ. «Այս գործարքից դժգոհողները վաղն ամաչելու են»։ Այսպես կամ մոտավորապես այսպես։ Բայց, դե, ինչու ես և շատ շատերն ամոթից գետնանցում չենք սողոսկում, անհայտ է և անմեկնելի։
Վեհափառ հայրապետի նստավայրն է կառուցվելու մայրաքաղաքում։ Ինչի համար ժամանակին «զոհաբերվեց» ԳԱԱ լեզվի ինստիտուտի կոփածո շենքը, դառնալով հանրային հուզումների առարկա։ Նստավայրը, անշուշտ, կկառուցվի, և մայրաքաղաքը, իհարկե, կհարստանա ևս մեկ նշանակալից շինությամբ։ Այնինչ 2007-ին, Աջափնյակ համայնքում, Շիրազի անվան փողոցին կից երկար սպասված հիմնարկեքի արարողությունն էր։ Երկրիս աշխարհիկ և հոգևոր մեծատունների ներկայությամբ և Վեհափառ հայրապետի օրհնությամբ։ Նոյեմբերի վերջին օրերն էին։ Հնչեցին պարտավորությունների հրովարտակները. Մաստարայի կենտրոնագմբեթ եկեղեցական տիպը կրկնող Սբ. Խաչ տաճարը պիտի ունենա 37 մ բարձրություն, պետք է կառուցվի երկու տարում և արժենա 2 մլն դոլար։
Համաձայն աշխարհիկ-հոգևոր վավերագրի` գումարի կեսը տրամադրելու էր Մայր աթոռը, մյուս մասը` Աջափնյակում ձևավորված հիմնադրամը։
2011 թ.։ Փողոցի եզրին, ապագա եկեղեցու տեսադաշտը փակելով, հերթական առևտրաշահ շինությունը կառուցվեց։ Աջափնյակի թաղապետարանում այդպես էլ չձևավորվեց հիմնադրամը։ Մայր աթոռը, իր հերթին, ի զորու չէ կառուցման ողջ ծախսը հոգալու։
Եվ ահա մերձակա Սիլիկյան թաղամասից նախրապանները նախիրը հասցնում են այս տարածքը և անվրդով օգտվում եկեղեցապատկան հողատարածքում աճած հյութեղ կանաչից։
Ի՜նչ կարող ես անել, ժողովուրդը վաղուց է ասել. «Չուտողի մալն ուտողին հալալ է»։
«ՄԱԶՈՒԹԱՅԻՆ ԿԱՐՈՏԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ»
(լրջախոհ ֆելիետոն)
Վերաքննվում է «Մարտի 1-ի» գործը։ Համատեքստում դրական տեղաշարժեր արձանագրվեցին։ Երդվյալ ընդդիմադիր Սպիրիդոնն այլևս ազգայնական Եպրաքսիայի համով-հոտով հարևանն է, ոտքերը նրա դռան փալասին չի մաքրում, վրադիր էլ «Բարսելոն»-«Ռեալ» մենամարտի ամենաթունդ պահին հեռուստաալեհավաքը չի պտտեցնում այնպես, որ օրիորդ Եպրաքսիայի էկրանին ֆուտբոլային հրաշալիքի փոխարեն հայտնվի «Լալվարի որսկանը» ֆիլմը։ Եպրաքսյան ընդառաջ է ելել։ Եվ այլևս Սպիրիդոնը գիշերվա ճիշտ կեսին քնահարամ չի լինում անծանոթի զանգից, ով ընկալուչի մեջ նախ սուլում է Սոմալիի օրհներգը, հետո որոտաձայն փռշտում է, մեղմանուշ զկռտում և Համլետի հոր ուրվականի ձայնով հորդորում` ըմբռնումով մոտենալ գիշերային այս շինիչ քնահարամ ծրագրին։
Մի խոսքով, համազգային համերաշխության, համաժողովրդական միաբանության և ֆիզիոթերապևտիկ անվտանգությունից ելնելով. առաջարկում եմ զննել «Մազութի գործը»։
Ահա թե ինչ հայտնաբերեցին «Լճիցլճյան» սուզակները։ Ամերիկյան արտադրության կատվի ընտիր կերի տուփում (հիշենք հիշելին. այդ կերով ժամանակին պատվում էինք ամենաթանկ մեր հյուրերին։ Օրինակ, կատվակերից հունցված քյուֆթան ճաշակելով` վերոնշյալ Սպիրիդոնը օր օրի առույգանում էր։ Բայց, չգիտես ինչու, բարևելիս ճանկռում էր դիմացինի մեջքը, իսկ Եպրաքսյան առավոտյան լպստում էր ինքզինքն ոտն ի գլուխ) երկու թռուցիկ հայտնաբերվեց։
Մեկում գրված էր. «Հայաստանում կար և կա էներգետիկ մաֆիա։ Եթե մենք խոսում ենք մեր երկրում իրական օրինականության հաստատման անհրաժեշտության մասին, պետք է ջանք չխնայենք բոլոր մեղավորներին գտնելու համար»։ Շարունակությունը ջնջված էր լճի քաղցրահամ ջրերում։ Բայց ստորագրությունը հաջողվեց վերծանել` Արշ. Սադ., հասկանալի է` Սադոյան Արշակ։ Ասենք, առանձնապես ոչ մի կարիք չկար վերծանման վրա գումար վատնելու և մասնագետ հրավիրելու հարևան երկրից, վրաստանահպատակ, ազգությամբ եզդի, զբաղմունքով էլ ոչխարավաճառ-պայծառատես Մրոյին։ Զի կիսամաշ հորդորակը ծալծլված էր միկրոֆոնաձև։
Մի խոսքով, անցնենք մյուսին։ Սա ծրարված ու կնքված էր ընկեր Վահանի կիսադեմով. «Ռուսաստանի նավթամթերքների պետական կոմիտեն 1992 թվականին Հայաստանին տվել է 1,268 մլն տոննա մազութ։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ Հայաստանը 281,8 հազար տոննա քիչ է ստացել։ 1992-ին Հայաստան է եկել 2059 վագոն մազութ, որը ոչ մի փաստաթղթում չի գրանցվել և, փաստորեն, գողացվել է»։
Եվ ստորագրությունը` խրոխտ և յուրօրինակ` Լոքյան։
Ես զայրացա խստասիրտ, ու երբ զայրույթս մարեց, զարկերակային ճնշումս էլ ինքնորոշվեց, փորփրեցի հիշողությունս ու ահա ինչ հայտնաբերեցի։ Պարզվել է վաղո՜ւց, շատ վաղուց, որ ՀՀ մազութակիրները 1 տոննա մազութի դիմաց վճարել են 225 ԱՄՆ դոլար։ Երբ միջազգային շուկաներում այդ սևաթույր տեսականու գինը տատանվում էր 100-125 դոլարի սահմաններում։
Մանուկ Գասպարյանն ուղղամիտ և ահարկու հայտնում էր, որ ուսումնասիրել են փաստաթղթերի միայն 10 տոկոսը, և պարզվել է պետության կրած վնասի չափը` 100-120 մլն դոլար։ Եվ ինչն է ուշագրավ. այն օրերին (1999-ի վաղ աշնանը) «Մազութի գործով» բավականին դղրդուն անուններ ջրի երես ելան. նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, էներգետիկայի նախկին նախարարներ Միրոն Շիշմանյանը, Սեպուհ Թաշչյանը, Գագիկ Մարտիրոսյանը։
Ի դեպ, 90-ականների սկզբին հանրապետության նշանավոր վարչարարներից մեկի անվանը նախորդեց «Մազութի» ոչ այնքան պատվավոր որակումը։
Ի դեպ, սույն պարոնն այսօր էլ պաշտոնավարում է։
ՀՈՒԶԱԽՌՈՎ ՎԵՐՋԱԲԱՆ
(պատահեց անձամբ ինձ հետ)
«Լճիցլճերում» զբոսանքի հրավիրված զանցառուներից մեկի նավսը զորեղ գտնվեց, ճաքեց բնակարանիս ջրատար խողովակներից մեկը: Բարձրահարկի բնակչության կեսը հումանիտար օգնության կարգով շանթահարող ջրաշիթերի դեմ էր պայքարում, մյուս կեսը փորձում էր փակել ջրամատակարար գիծը: Զուր ջանքեր: Ջրագծի գլխավոր փականը գաղտնագրված էր:
Հիշեցի, որ անդամ ենք «Անուշիկ» համատիրության, որի անունը վաղուց կա, ամանում հավերժորեն` ոչ: Գոնե փականի տեղն իմանան: Զանգահարում եմ հուզախռով: Համատիրության փողահավաք տիկինն օլիմպիական հանգստությամբ խորհուրդ է տալիս... դիմել ջրմուղ, 1-85: Զեկուցում եմ, որ 1-85-ը ահա մեկ ժամ ութսունհինգ րոպե «լռության դավադրություն» է հայտարարել: Իսկ ջուրն իններորդ հարկից իջել էր հինգերորդ, ողողելով ճանապարհին հանդիպածը: Մի խոսքով, բազմաբնույթ բանակցություններից հետո «Անուշիկ»-ի երկու փականակագործներն ի հայտ եկան, և փականը գաղտնազերծվեց:
Հաջորդ առավոտյան Աջափնյակի վարչական շրջանի համատիրությունների աշխատանքը համակարգող բաժնին տեղյակ եմ պահում, որ նշյալ համատիրության նախագահը, մեղմ ասած, մեր խնդիրներին վերաբերվում է նույն ուշադրությամբ, ինչպես կվերաբերվեր, օրինակ, կենդանաբանական այգում բռնկած գրիպի համաճարակին կամ Ավստրալիայի աբորիգենների շրջանում առկա վիժումների խնդրին։ Վատ չէ։ Տարիներ շարունակ «Անուշիկն» ու նրա «նախագահ» Վիրաբյանը մատը մատին են խփում միայն գումարներ հավաքելիս։ Փորձում ես մարդուն դարձի բերել, մատնանշելով, որ ահա թիվ 26 շենքի թեկուզ մասնակի նորոգման կամ հարդարման գործում, մեղմ ասած, թերանում եք։ Վիրաբյանին ասած կամ կենդանաբանական այգու պահակին, միևնույնն է։ Մի խոսքով, Աջափնյակ վարչական շրջանը կարելի է հանգիստ խղճով լուծարել։ Միայն կանաչապատման գրասենյակի աշխատանքն է առկա։ Բոլոր մյուս հարցերում և հիմնահարցերում այստեղ, սկսած 1991-ից, իշխում է «մոլախոտային ախտանիշը»։
Ի՞նչ կարող ես անել։ Ոչինչ։ Թերևս, համայնքը վերանվանենք Ձախափնյակ։ Զի ամեն բան այստեղ ձախ է գնում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ