2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՎԱՆԱՆԴԵՑԻ ԲԵՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

ՎԱՆԱՆԴԵՑԻ ԲԵՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ
18.01.2011 | 00:00

(Մատենադարան, ձեռագիր 11, թերթ 42 բ-49)
Ո՞Վ ԷՐ ԲԵՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԸ
Վարդապետի առաջին տեսիլքը «Իրատես de facto»-ում հրատարակելիս ընթերցողին արդեն տեղեկացրել էինք, որ մեզ տրամադրված ձեռագրում Բենիկ վարդապետի ու նրա ապրած դարաշրջանի մասին որևէ տեղեկություն, ցավոք, չկա: Սակայն վերջերս Աշոտ Հունանյանը Հր. Աճառյանի «Անձնանունների բառարանից» վարդապետի մասին քաղել է հետևյալ տեղեկությունը. Վարդապետը ապրել է ԺԲ-ԺԳ դարերում: Եղել է Աղվանից կաթողիկոսը: Գրել է իր երկու տեսիլքները` աշխարհի վախճանի մասին, նաև «Սրտառուչ և հոգեբուխ աղոթքների մի գիրք և շարականներ»:
Իսկ որ «Աղվանից կաթողիկոսն է եղել», այդ փաստն առավել է արժեքավորում տեսիլքը և դրդում համապատասխան հետևությունների, այս դեպքում` մեր ամենքի ոչ թե կեղծ, այլ անկեղծ խոստովանությունները կենդանի Աստծո առաջ, հոգու և հոգևորի, ոչ թե մարմնավորի մոլի ցանկությունների ու դրանց պտուղ ախտերի կողմը լինելու:
«Ո՛Վ ՄԱՐԴ, ՈՐ ԿԱՆԳՆԵԼ ԵՍ ՀԻԱՑՄՈՒՆՔԻՑ ՀԻՄԱՐԱՑԱԾ ԵՎ ՉԵՍ ԸՄԲՌՆՈՒՄ ՄԵԾԱՄԵԾ ԳՈՐԾԵՐՆ ԱՍՏԾՈ»
Եվ այս ամենից հետո, մեկ տարի անց, դարձյալ գիշերային տեսիլքում տեսա, որ կանգնած եմ մի բարձր լեռան վրա և իմ առջև անբավ խորությամբ դաշտավայրն էր, որի վրա հրեղեն ծով էր՝ վրան թանձրամած մառախուղ, և այնքան մեծ, որքան որ աչքն ի զորու էր տեսնել: Եվ ծփում էր ծովն այդ ծայր արձակության մեջ, և միմյանց վրա կուտակվում ու դիզվում էին նրա ալիքները և թանձրամած մառախուղ էր բարձրանում, որ ծածկում էր երկիրը: Եվ անդունդների խորքերից, որպես եռացող կաթսայից, քլթքլթոց էր գալիս և եռում էր, ու ահագնաչափ դղրդյուններ էին բարձրանում: Եվ ծուխը նրա մրրիկի նման էր, որ վեր էր ելնում, որպես ձմեռային ամպերը՝ կրակի տոչորումից՝ բարձունքները պոկվելով: Եվ գոչման թնդյունները դողացնում էին ողջ երկիրը, որի խորություններին ասես վերջ, սահման չկար, քանի որ դրանք չէին երևում: Եվ կրակի տոչորումը ներքևում՝ անդունդների մեջ էր: Եվ կրակի կերպարանքը ահագին ծովի՝ այն հրեղեն, անթիվ և բազմակերպ երևույթների նման էր (հավանաբար նկատի ունի առաջին տեսիլքի նկարագրությունը): Եվ կրակի բոցը բարձունքներն էր ժայթքում, որ նրա բարձրանալու սահման էր: Բարձրանում և եռում էր՝ իր բարձրակետի նույն տեղում: Կրակներ կային, որ թաքուն էին երևում, կային, որ բաց շիկագույն էին, կային, որոնցից վերստին նոր հուր էր ժայթքում, կային, որ կայծակներ էին արձակում, կային, որ խառնված հրե ծովին՝ ծփում էին, կային, որ թանձրացած ու անշարժ էին մնում, կային, որ նմանվում էին այս ու այն կողմ հոսող ջրերին: Եվ անթիվ կերպարանքներ էին առաջանում գույնզգույն այդ հրերից: Եվ դրանց մեջ դառնատեսիլ տանջարաններ էին երևում, որոնց մասին մարդկային միտքն անզոր է պատմել ամբողջությամբ, որպես դրանք կային, որովհետև ահագին բաներ էին դրանք և անընդհատ անկանխատեսելի: Եվ այդ հրամած դաշտում երկնքի աստղերի նմանությամբ, հրեղեն բովերի բազմություն էի տեսնում, որոնք որոշված էին այդ հրի համար և անդունդներն ի վեր եռում ու տոչորվում էին իրենց տարատեսակ նմանություններով. մեկ իբրև երկնային ամպերից՝ շանթեր, մեկ իբրև կապվածների համար՝ արգելավայրեր, որպեսզի հրեղեն ծովը չբռնվեր նրանց փայլատակումներից: Նրանցից՝ մեկը մյուսի հետևից ելնում և մեծանում էին դառնատեսիլ կերպարանքներ, որոնք հրեղեն բովերի մեջ էին, որ ծայրեծայր, մինչև տեսանելիի սահմաններն էին տարածվում: Եվ ծովի անօրինակ տեսիլքից հնոցի հուրը մինչև բարձունքներն էր ուղարկվում: Եվ այդ հրեղեն ծովի մեջ տեսնում էի մի մեծ՝ լեռնանման ժայռ էր բոլորված և ահագնաչափ մեծ էր, քան այն ամեն կերպարանքները միասին, որ երևում էին անդունդներից: Եվ թվում էր, թե նրա մեծությանը չափ, սահման չկար. ոչ նրա խորքերն էին երևում, և ոչ էլ որևէ մեկը հրի կերպարանքի տեղ կարող էր նրան դնել, որովհետև կատարելապես հիանալի էր, և նրանից գոչման ձայներ էին ելնում, որ նմանվում էին ահեղ որոտումների: Եվ տոչորումը եռացող հրի նրա վրա առավել էր, քան փայլատակումները: Եվ շանթերը, երկնային ցոլացումներով, անդունդների խորքերից էին ելնում մինչև բարձունքների կատարները: Եվ ամբողջ օդն էր այրվում մինչև երկնային ամպերը: Եվ ծուխը մրրիկի նման բարձրանում էր ու թանձրությամբ ելնում էր երկինք: Եվ հուրը, որ տոչորվում էր ահագին բովի մեջ, թվում է՝ կապանքներով էր կապված, որպեսզի հրեղեն ծովը նրանից չայրվեր, քանզի այդ հրի առջև ողջ բնության մեջ ամեն բան դյուրավառ խռիվի էր նմանվում, և աշխարհը դղրդացնելով բոլոր ախտերը շարժվում էին՝ գալիս տոչորվում այդ հրի մեջ: Իսկ ես մեծ լեռան վրա կանգնած տեսնում էի այդ ամենը: Այդ ժամանակ խորհուրդներն իմ խռովեցրին ինձ, և միտքն իմ այլայլվեց, և իմ ոսկորներն ամբողջությամբ սարսափի մեջ էին: Եվ խորհում էի, որ մտքիս մեջ պահեմ տեսածներս և թե ինչի են դրանք նման, և կամ կարողանայի հասկանալ, թե ինչ է այս ահագին տեսիլքի իմաստը: Եվ մինչ այս բաների մեջ տագնապում էի, ահա տեսա, որ իմ շուրջը մի քանի այրեր են կանգնած և ինձ այսպես ասացին. «Ո՛վ մարդ, որ կանգնել ես հիացմունքից հիմարացած և չես ըմբռնում մեծամեծ գործերն Աստծո»: Եվ ես սկսեցի նրանց աղաչել՝ մաղթանքի խոսքեր ասելով, թե՝ սովորեցրե՛ք ինձ այս եղելությունների ճշմարտությունը: Եվ ինձ ասացին. «Դա՛ է հուրը հավիտենական, որ պատրաստված է սատանայի ու նրա կամակատարների համար: Եվ Քրիստոսի մյուս գալստյան ժամանակ անօրենները պիտի ծածկվեն այդ հրամած ծովով՝ բազմատեսիլ այդ տանջարանների մեջ, ըստ յուրաքանչյուր չարիքի տանջարանի, իսկ առավել մեղավորները պիտի նետվեն հրաբորբոք կայծակների մեջ, որոնք ելնում են անդունդներից, և հրեղեն շանթերի մեջ պիտի եռան նրանք: Իսկ այն մեղավորները, ովքեր հասել են գագաթն ամբողջ չարության, նրանք սատանայի հետ պիտի կապանքներով կապվեն և նետվեն մեծ ու ահագնաչափ և լեռնանման բովի մեջ այն, որ ծովի մեջ է գտնվում, և որից հոսում են հրեղեն գետեր, և որից է, որ եռում են անդունդները, որ տեսնում ես քո անօրինակ տեսիլքում: Որովհետև նրա կողմից են փակված՝ անքննելի և անիմանալի տեսիլքները տանջարանների: Որովհետև նա՛ է նայում դժոխքի որովայնի մեջ և նյութում հուրը ամբողջ բնության վրա»: Եվ այն ժամանակ, երբ այս ասացին, և սիրտն իմ ընդունեց, որ արդարացի է, ինչ որ լինելու է, նույն ժամին աչքերս մթնեց և ես սրտաբեկ էի, և քանդվեցին իմ բոլոր ոսկորները: Վրաս իջած քունը սպառվեց, և ես մեռյալի էի նմանվում: Եվ եթե Տերը չօգներ, ապա մի փոքր ևս՝ և հոգիս կամենում էր ինձնից հեռանալ, քանի որ ազդեցիկ էր տեսիլքը և լի դողդողացնող երևույթներով: Այդ նույն ժամին զարթնեցի, և սիրտս դատարկված էր, ու այդպես մնացի բազմաթիվ օրեր: Եվ խորհում էի, թե ինչպես պիտի մարդկանց որդիները հանդիպեն այդ երևույթներին, և մեղավորները նայեն դրանց: Ապա, ավելի լավ կլիներ, որ մարդ ծնված չլիներ երկրի վրա և կամ թե մեռներ մոր ստինքի վրա, քանի որ ահավոր մեծ ու անպատմելի էր տեսիլքը և անգամ հիշատակման համար՝ սարսափելի, եթե թողություն չլիներ մարմնավորներին: Եվ երբ այս ամենը հիացմունքով տեսա և ապա նայեցի իմ ապրած կյանքին, տեսա, որ իմ մեջ կենդանության արմատ չկար՝ ամբողջ տեսիլքի տանջարանները գիտենալուս պատճառով, որոնց երևույթը իմ մեջ էի ամբարել ու պահում: Այդժամ Բարձրյալն Իր մեծ գթությամբ կենդանացրեց ու զորացրեց ինձ: Ապա իմ մտքերը դեպի բարձունքները տարածելով, սրտիս ծածուկ բաները հայտնեցի Աստծո առջև: Եվ մեր նման խոստովանությամբ՝ մեզ փրկի Քրիստոս Աստված այնպիսի դառն տանջանքներից: Եվ փառք Քրիստոսին:
Փոխադրությունը` Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ