Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
(սկիզբը` թիվ 61-ում)
Շարունակեմ ցուցադրել ընդամենը մեկ համայնքում` Այգեստանում, ջրօգտագործողների նկատմամբ անօրինական և օրինական երկու ջրպետների` Սամվել Մկրտչյանի և Տիգրան Հովսեփյանի կատարած ապօրինությունները և այդ ապօրինությունների արդյունքում պետությանը հասցված վնասները: Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի պատկերը, ամեն ինչ կներկայացվի միայն և միայն փաստերով, այն էլ այնպիսի փաստերով, որ քննիչը և այդ օրինազանցները, որքան էլ մեծ լինի ցանկությունները, հազիվ կարողանան գրել:
1406 հազար դրամ` միայն Սամվել Մկրտչյանի պատճառած վնասն է։ Որպեսզի չձանձրացնեմ ընթերցողներին, չեմ հանի նման աղյուսակ, պարզապես կնշեմ ջրօգտագործողի անունը և 2010 թվականին պետությանը հասցրած Տիգրան Հովսեփյանի վնասը.
Մանուկյան Հռիփսիմե - 65 000
Խաչատրյան Արայիկ - 80 000
Հովսեփյան Երջանիկ - 64 000
Առաքելյան Վերա - 5 000
Եղիազարյան Սամսոն - 76 000
Թադևոսյան Վարդան - 65 000
Հարությունյան Լուսիկ - 26 800
Նագդալյան Նիկոլայ - 18 000
Շախկալդյան Խաչիկ - 44 000
Շախկալդյան Սամվել
Ռոստոմյան Ստյոպա - 65 000
Սահակյան Ռիմա - 19 000
Ընդամենը 547 800 դրամ
Սա, իհարկե, բոլորը չէ: Այդ գումարը կմեծանա (գուցե փոքրանա), եթե բացատրություն վերցվի ջուր օգտագործողներից, և պահանջվեն նրանց չեկերը: Ասում եմ` չեկերը, որովհետև, երբ ես «Ազատ» ՋՕԸ-ի ղեկավարությանը հայտնեցի, որ իմ մուծած չեկերով գումարն այլ է, իսկ հասույթի ցուցակներում գումարները պակաս են մուտքագրվել, խոստացավ ճշտել: Առայսօր ես այդպես էլ չիմացա` ե՞ս եմ ճիշտ, թե՞ խոստացած ճշտումը։ Սակայն միանշանակ հավատացի, որ ես, որովհետև երբ Թոռնիկ Բաբայանը ներկայացրեց իր մուծած չեկերը, և այն համեմատեցի հասույթի հետ, պարզվեց, որ նա իր անունով մուծել է 65 000 դրամ գումար, իսկ հոր` Բաբայան Ռոստոմի անունով` 7 000 դրամ: Աղյուսակին ուշադիր նայողը կնկատի, որ Բաբայան Թոռնիկի անունով մուծված է 42 000 դրամ, իսկ հոր անունով` ոչ մի լումա: Փաստորեն, Թոռնիկի մուծած 72 000 դրամից չգրանցված ջրպետ Սամվելն ու իր հրամանատարը յուրացրել են 30 000 դրամ: Հետաքրքիր է, այս էպիզոդը ՋՕԸ-ի պետն ինչպե՞ս կբացատրի: Որպեսզի չասենք, թե դա պատահականություն է, նշեմ, որ Թամրազյան Նորայրի մուծած 30 000 դրամից մուտք է արվել ընդամենը 24 000 դրամ: Այն էլ ասեմ, որ Օգսեն Թամրազյանի հողը մշակվում է, թեպետ գրված է, որ չի մշակվում: Հարցն ուղղենք պարոն նախարարին. մինչև ե՞րբ պետք է տեղական ինքնաշեն չեկերով գործարքներ կատարվեն և խաբեն ժողովրդին: Այստեղ հարցն այն է, որ ժողովուրդը հաճախ, չի պահում չեկերը և, բացի դրանից, օրինակ Թոռնիկը մուծել է գումարները, մինչդեռ նրա վրա ավելանում է հասույթը: Եվս մեկ օրինակ: Թամրազյան Թևոսը և իր մայրը մուծել են (առկա են չեկերը) 50 հազ. դրամ, մուտքագրվել է ջրպետի կողմից հալալ եղբայրութան հաշվարկով` 25 հազ. դրամ: Այստեղ ջրպետները գործել են իսկ և իսկ հայկական ավանդական հոգեբանությամբ. էն ժամանակ կամ էշը կսատկի, կամ էշատերը: Այսինքն, մինչև գործը գնա դատարան, կամ ջրպետը չի լինի, կամ էլ, ջուր օգտագործող, գնա և ապացուցիր, որ այդ գումարները տվել ես: Այստեղ ասեմ, որ փառք ու պատիվ մեր դատարաններին, որ հաճախ գյուղացիներն իրենցից գանձվելիք գումարի մասին իմանում են, երբ վճիռը ձեռքին երևում է հարկադիր կատարողը: Թե ինչու հասույթ չի գրված Թամրազյան Վազգենի, Հասրաթյան Հենրիկի, Շախկալդյան Խաչիկի, Սամվելի և էլի շատերի վրա, հավանաբար, նախաքննության ժամանակ քննիչը կհարցնի նրանց` ջրպետներին, թե ինչ ասեն, որ չոր դուրս գան ջրից, դա նրանց գործն է: Ես ընդամենը մեկ տարվա կտրվածքով ցույց տվեցի այդ ջրպետների կատարած հափշտակությունները, որոնք կազմում են մոտ 2 275 000 դրամ: Դե, պարոն նախարար, ի՞նչ կասեք, ընդամենը մի գյուղում այդքան, իսկ բոլոր գյուղերը միասին վերցրա՞ծ որքան է: Դուք երբևէ Ձեր կանտորայում լուրջ ստուգումներ կատարե՞լ եք, թե՞ ոչ: Թե՞ մտածում եք` աշխարհը ճոճք է, իսկ կյանքը` նախարարական պորտֆել` կեր ու վայելիր: Այստեղ կուզենայի հարցնել նաև քննիչին և այդ նյութերը, թե քրեական գործը հսկող դատախազին, որ դուք ձեր աշխատավարձը պետությունից եք ստանում, բարի եղեք կատարել օրենքով ձեզ վրա դրված պարտականությունները և աշխատեք քիչ ենթարկվել կողմնակի ուժերին:
Պարոն նախարար, քանի որ Դուք անկարող եք, թե ցանկություն չունեք, ես պատրաստ եմ Ձեզ օգնելու, ուստի խնդրում եմ հանձնարարել «Ազատ» ՋՕԸ-ի տնօրենությանը, ուսումնասիրությունների համար (այսինքն` Ձեզ օգնելու համար, մի՞թե դուք չեք ցանկանա ունենալ սեփական կանտորայի ռեալ վիճակը) ինձ տրամադրել 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների Այգեստան համայնքի ջուր օգտագործողների հասույթը (այստեղ պարզ կերևա, թե որքան ջուր է հաշվարկվել տառապյալ գյուղացու վրա), որ ռեալ պատկերացում ունենանք գյուղացու ձեռքին եղած և ռեալ մուտքագրված գումարների վերաբերյալ: Հավատացած եմ, որ Դուք չեք տա, որովհետև դրանից հետո ես կհայտարարեմ, որ ջրի մեկ խորանարդ մետրի արժեքը չի կարող 11 դրամ լինել, և որից կարելի է եզրակացություն անել, ասելով` ինչ-որ բան փտել է կանտորայում:
Վերջում կուզենայի քննիչին հիշեցնել տարիներ առաջ մի քննչականի պետի հետ ունեցած զրույցից հետևյալ միտքը: Իմ հարցին, թե ինչո՞ւ եք դուք միշտ գնում անազնվության, հանցագործին պաշտպանելու ճանապարհով, առավել քան շշմեցուցիչ էր պատասխանը. որովհետև ճշմարտության ճանապարհը երկար է և դժվար, իսկ անազնվությունը կարճ է և շահավետ: Հուսամ, որ այս պարագայում չեմ թողնի, որ այն լինի կարճատև և շահավետ:
(շարունակությունը` հաջորդիվ)
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. -Սիրելի համագյուղացիներ, մի՛ վախեցեք ճշմարտությունը պաշտպանելուց, ճշմարիտի կողքին լինելուց մի՛ վախեցեք: Վերջին հաշվով մենք պետք է շենացնենք մեր հայրենիքը: Իսկ այն շենացնելու միակ ուղին օրինականությունն է: Մի՞թե երեք տարվա իմ աշխատանքը դա չի ապացուցում: