38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍԱՏՅԱԳՐԱՀԱ

ՍԱՏՅԱԳՐԱՀԱ
06.05.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«...Եվ հավը կխոսե երկրորդ անգամ։ Հեռվից կլսվեն անորոշ ձայներ և մուրճերի թխկթխկոց։ Կերգեն քարերը։ Ծառերը կկանաչեն և առատ ձյուն կտեղա։ Կհնչեն կրակոցներ և հյուրասենյակից հրավիրվածներն աղմուկով կտեղափոխվեն գրադարան։
...Եվ թռչունը կխոսե վերջին անգամ»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
«Հրեշտակներ մանկության երկնքից»

ԴԴՈՒՄԻ ԹՐՄՕՂՈՒ ԽՈՒՄՀԱՐԸ
(դնչկալներ ու դմբուզներ)

«Խաչակրաց արշավանքներ» ընդդեմ հայոց ազատ և անկախ մամուլի։ Իսկ մինչ այդ...
«Խաչագողաց արշավներ» դեպի օրենսդիր մտքերը գիրկապ անող պատգամավորները։
Պետական տուրքերը տափանող, հարկերն էլ հալածող գործամոլները։
Մենաշնորհատեր-գանձագողերը։
Պետծառայող-սագագողերը։
Մի խոսքով` ըմպում ենք լճիցլիճյան մենաշնորհ դդումի թրմօղին (շուկայում զուր չփնտրեք, կա՛ ոչ) և, սովորության համաձայն, փորձում զարկել կռանը սալին ու զատել հարդն ու ցորյանը։
Օ՜ ժամանակներ և օ՜հ բերք ու բարիք։ Ժամկետանց մորմոքներն անկցի՛։ Ավելի գործնական, առավել գրկաբաց լինենք։ Որն էր առաջինը` հա՞վը, թե՞ հավկիթը։
Վերջերս գիտական այրերը (երևի Արևմտյան Եվրոպայում, գուցե և Հյուսիսային Բանգլադեշում, լավ չեմ հիշում) հայտնաբերել են, որ նախ հավն է արարվել։ Հետո նաև հավկիթը։ ՈՒ որպես հետևություն` հավկիթային հայկական խունտան։
Մի խոսքով, հայտնագործությունն արվել է խումհարի կիզակետում։ (Նախորդ օրը նրանք հյուրընկալվել էին լճիցլճերի դդմի տարեկան տոնահանդեսին)։

Շեղվում ենք։ Խաչակրաց արշավանքները, այսպիսով, հետևանք են։
Պատճառը փնտրենք հետևյալ իրապատում-հեքիաթում։ Կար (և շարունակ կլինի) մի խմբագիր։ Պատմությունը մեր առավել հյութեղ դարձնելու նպատակով նրան անվանակոչենք, ասենք, Նիկոս (զի համահունչ է Կիկոսին անմահ)։ Պայմանը պայման է, և օրաթերթը կոչենք, ասենք, «Արարմունք»։
Նիկոսի աջ ձեռքն ու ձախ գրպանը դիպուկահար-մարտահրավերն է` դեղնացոլք-սկանդալային մամուլի թագուհի Կիմզան։

Յուրաքանչյուր եռամսյակի առաջին տասնօրյակում Նիկոսի մոտ բարոյամասնագիտական հոգեվարք է։ Զի նա յուր պատմաանկախական կոչմամբ հանրային սագագողերի ու համապետական գանձագողերի աչքի քունը փախցնելու և զարկերակային ճնշումը խոտորելու առաքելության դեսպանն է։ Եվ հետևողականորեն ու ամբարիշտ փորձում է «դարձի բերել» երկրի ու ազգի կայունացման, առաջընթացի և օրինապահության զանցառուներին։ Կիմզան սրարշավում է խորհրդարան, շրջափակում կառավարությունը, ապավինելով, իհարկե, ազատ մտքի և անկառավարելի խղճի միջազգային կոնվենցիաների ոգուն և Նիկոսի ճնշիչ-հորդորիչ հոգնային։
Բազո՜ւմ-բազմաբույր «կոմպրոմատներ» են հրամցվում իշխանատնտեսական մենաշնորհատիրության տիրույթների տիրակալներին։
Յուրաքանչյուր «կոմպրոմատ» յուր կշիռն ու գինն ունի։ Խաղաղ գոյակցության տարիներին` 500-3000 դոլար, նախընտրական շրջափուլերում` 1000-5000 եվրո։
Եվ կեցցե մեր ազգապահպան-կենսախինդ ավանդույթը։ Հասկանալի է ու հարգելի, իմաստալից և հեռանկարային «կոմպրոմատի» թանձրությամբ է պայմանավորված դրա պարտակման յուղայնությունը։
Եվ ահա «Վարկային կաշալոտն» ու «Կենսաթոշակային կոբրան» հնազանդ բացում են քսակները։
Հակառակ պարագայում հաջորդ իսկ առավոտյան «Արարմունքը» շարքային սագագողերից համամոլորակային գանձագողեր կծեփի և կմատուցի հայությանն ու համաշխարհային հանրույթին։
Սակայն սա չարիքի նվազագույնն է։ Ահա Նիկոսը, վերին օթյակ հրավիրվելով, տարաժամկետ պատվեր է ստանում։ «Քլնգել», ասել է թե` մրոտել ու ծանակել, վարկաբեկել և այպանել այսինչ ծանրաքաշ քաղգործչին, այնինչ մշակութային նշանավոր մշակին, ահա այն տնտեսական բոսին։

Գնային սանդղակը վաղուց ի վեր ճշգրտված է վերին օթյակներում։
Զի մի բան է, երբ «վրաերթի» ես ենթարկում նշանավոր մշակին, բոլորովին այլ բան է, երբ կեղտաջրեր ես ուղղորդում քաղգործչի և բոսի դղյակների ուղղությամբ։

Գեղեցիկ մի օր (բոլորովին վերջերս) նշանավոր մի գանձագող (որին գործի բերումով առնչվել էի, երբ դեռ աննշան մի սագագող էր) հուզախռով խոստովանեց, որ իր բիզնեսը փոխադրելու է Բիրոբիջան։ Կամ էլ` Զանզիբար։ Գուցե թե` Փղոսկրի ափ։ Պատճառը Նիկոսն է։ Զի գանձագողը, ըստ խոստովանանքի, տարիներ շարունակ եռամսյակի գլխից մուծվում էր ու խաղաղ զբաղվում հայրենաշինությամբ, այսինքն` գանձագողությամբ։ Էլ էն չի։ Նիկոսը (և մյուս Կոսերն ու Քոսերը) ուխտադրուժ է, համ էլ, դրանից զատ, գանձագողի վրա «հարկայինն են քսի տալիս»։

Մի խոսքով, հեքիաթն ավարտին է մոտենում։ Նիկոսը, այլ Կոսերն ու Քոսերը համայնքային սագագողերին էապես գերազանցող, համապետական գանձագողերին աննշան զիջող կյանք են վայելում և սա... խոսքի ու խղճի ազատություն է։
Բայց երբ նրանց փորձում են քիչ կարգի բերել, ժամանակավոր դնչկալներ հագցնել ու թեթևակի դմբզահարել... Գետերն իրենց հունն են փոխում, իսկ սարերը թաքնվում են հովիտներում։
Հեքիաթ է, ամեն բան էլ կպատահի։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐ
(պարուրաձև պամֆլետ)

Հրանտ Բագրատյան ազգանուն-անունը շատ բան է հուշում։ Հայոց ամենագանգրահեր վարչապետի օրոք Երկիր Նաիրին վերջապես դուրս էր սահել պատմապահանջատիրական թմբիրից։ Եվ Արարատյան դաշտավայրը վերախմբագրվեց` հարիր նորանկախ-եվրանորոգ առավոտների և ազատական վերջալույսների։
Ոսկեխունկ խաղողին փոխարինման ելավ դարչնակող բադրիջանը։ Կարմրաշեկ դեղձին ու շիկակարմիր ծիրանին (որոնք որքան զմայլուն, նույնչափ էլ թեթևսոլիկ էին) հետ մղեցին գործնականորեն խրխիր կաղամբն ու խրոխտ-մարտաշունչ տաքդեղը։ Իսկ թեթևսոլիկ-երազային տեսականին (վերը նշվածն ու նրանց չիր-չամիչը) ինքնաբուխ հրճվանքով գետանցում էր մայր Արաքսն ու հայրական հոգածությամբ գրավյալ տարածքների վերաձևում մեր վաճառատներն ու շուկաները։
Սակայն մարգարեն իր հայրենիքում երկու մարգ լոլիկի գին էլ չունի։ Եվ տեսաբան-գանգրահերն այլևս վար է նետել բարեկրթության փարիսեցիական հանդերձները։
Բագրատյանի բարկացայտ բնորոշումնե՜րը... դեղձի նման կարմրաշեկ։ Կաղամբին հարիր` խրխիր։ Տաքդեղին անդավաճան մարտաշունչ։
«ԿԲ-ն արժևորելով դրամը` գենոցիդի է ենթարկում տնտեսությունը»։ Բռավո՛։
«Միայն պաթոլոգիական ապուշը կարող է նման մտքեր հայտնել։ Հայաստանում ֆինանսական իրավիճակ չկա, ի՞նչ կայունության մասին է խոսքը, գերեզմանոցում էլ է կայունություն»։
Կեցցե՜ս։
ԿԲ նախագահ Ջավադյանը հակադարձում է ՀԲ-ին ոչ պակաս բուրումնավետ էպիտետներով։ Եվ սպառնում է դատարանով։ Այո՜...
Անշուշտ, ներկա տնտեսական ցունամիներն ու ֆինանսական պորտապարը հեռո՜ւ-հեռավոր, սակայն արմատական և բախտավոր կապ ունեն Արարատյան դաշտավայրի վերախմբագրման հետ։ Եվ սույն տեսանկյունից տիար Ջավադյանը պարոն Բագրատյանի հոգեորդին է ու սանիկը։ Զի Բագրատյանի օրոք մեր տնտեսությունը հրաբխային անկեղծությամբ ապամոնտաժվեց, և գործարանը փոխարինվեց քարվանսարայով։ Սա էր ազգային-ազատագրական էյֆորիայի գործնական հանգրվանը։ Բայց չէ՞ որ տնտեսական հրաշապատումները, որոնք այսօր են արձանագրվում, այն տարիներին պարզապես չկային։ Չկար տնտեսություն, բանկային համակարգը պայթում էր օր օրի, հետևից թողնելով բազմաթիվ դյուրահավատ ավանդատուների։ Բայց չէ՞ որ ներկա տնտեսական հրաշապատումը հրեշապատում է։ Պարզվում է, որ լիարժեք հնարավոր է գյուղացուն վարկավորել 10 %-ով ու թողնել նրան բերքահավաքից հետո քիչումիչ շունչ քաշել ու մելամաղձոտ ժպտալ... շրջելով մառանով մեկ։ Ասել է` մեր տնտեսական մտքի տիտանները երկրի տնտեսությունը փորձակայան են դարձրել ու փորձարկում են անկախ պետության բնակչի տոկունությունը` այլևայլ մարտահրավերներին դիմագրավելիս։
Ամենայն հավանականությամբ, փորձարկումը զարմանահրաշ վերջնարդյունք կունենար։ Այսինքն` գյուղերը կդառնային բանկերի տնամերձ, գյուղաբնակները` բանկային կիսաճորտեր։ Բայց հայոց բախտը այս դեպքում բարեհաճ գտնվեց։

Միաժամանակ զարմանք է հարուցում Բագրատյանի անփութությունը։ Նաև Ջավադյանի դյուրահավատությունը։ Թերևս, երկուսը մեկտեղ։ Առաջինը հրաշալի առիթ է բաց թողնում «ներկաներին» հողմացրիվ անելու։ Նրանց չէ, նրանց վարած տնտեսական քաղաքականությունը։
Երկրորդն անփութությամբ բանկային հրաշալի աճպարարությունն է շրջանցում։
Հայտարարվեց, էն էլ պաշտոնապես, որ յուրաքանչյուր տարի աղանդները 1 մլրդ ԱՄՆ դոլար են ներմուծում Հայաստան։ Մոգակա՜ն է... ՈՒ ինչպես տնտեսական մեր մոգապետերն այն չեն ներառում հարկային դաշտ։
ՈՒ որքան էլ զարմանահրաշ է, նույն պաշտոնական աղբյուրները խրոխտ շեփորում են. տնտեսության ճիշտ 50 տոկոսը ստվերում է։ Գուցե, իրոք, տնտեսական գենոցիդ է։ ՈՒրեմն ներառենք աղանդավորական միլիարդը տնտեսության ամենատարբեր ճյուղեր։
Օրինակ, հիգիենիկ պարագաների արտադրության մեջ։ Առավել ևս, որ Հ1-ը (նախանձաչոր լինելով) ձեռնոց է նետել սույն տեսականու գովքը անզուսպ երանությամբ իրականացնող «Արմենիա» հեռուստաալիքին։ Բնագավառի անվերապահ առաջատարին։
Պատկերացնենք միայն` 1 միլիարդը շրջանառության մեջ է ներառվում նորաստեղծ «Եհովա ընդ մորմոն» վիրտուալ բանկում։ (Տոկոսադրույքը որոշվում է Բագրատյան-Ջավադյան լեզվամարտում... առանց կանոնների)։
Բարձրանում են կենսաթոշակները` 0,5 տոկոսով։
Այլևս տնտեսական հրակայուն աճ` 0,05 տոկոսադրույքով։

Այսօր մի բան է մնում ՀՀ բանական ու բարոյական բնակիչներին։ Ասել է` երկրի քաղաքացիներին։ Ինքնահաստատվել և վերականգնել սահմանադրությամբ ընձեռված-օրհնված իրավունքները։ Չէ՞ որ երկրիս գլխավոր օրենքը պարզ և որոշակի հաստատում է յուրաքանչյուրի որակյալ կրթություն, ոչ անորակ սնունդ, հոգեզմայլ հանգիստ և հոգեշահ աշխատանք ունենալու նորհայկական մեր իրավունքը։ Եվ քանի որ Սևանում հանրային գործածման անվճար լողափեր են հրամցվում, ակտիվորեն մասնակցենք հանրապետության հակաճգնաժամային զարթոնքին, անդամագրվենք այս կամ այն աղանդին (թեկուզ ձևական) և շուկայականից անհամեմատ ցածր տոկոսադրույքով վարկավորվենք։ Սերնդեսերունդ։

ԽՈՒՄՀԱՐԱԹՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
(լրջախոհ վերջաբան)

Ինչ է Սատյագրահան։
Պատմական զեղում։ 1908-ին Սատյագրահա է բռնկվում Յոհանեսբուրգում։ Տեղաբնակ հնդիկները խանդավառ այրում էին գրանցման ծանուցագրերը։ Հետո Սատյագրահան ծավալվեց ողջ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Եվ հաղթական ավարտ ունեցավ։ Մահաթմա Գանդիի գլխավորությամբ։ Ի դեպ, Մահաթմա նշանակում է մեծ հոգի։ Եվ դրանով Գանդիին օծել է Ռաբինդրանաթ Թագորը։
Իսկ Սատյագրահան պարզապես քաղաքացիական անհնազանդություն է` ոչ բռնի միջոցներով։
Արժե, արժե, սիրելի ընթերցող (այրեր պետական և դշխոներ իշխանական), անցնել հայկական Սատյագրահայի։ Պարույրապտույտ։ Մանավանդ որ «մեծ տառապյալ և լուսապսակ խենթ» Հայրիկյանը սահմանել է պահը պատմական. «Երբ տեսնում ես, որ երկու քաղաքական գործիչներ սիրաբանում են, պետք է ուրախանաս»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ