Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՆԴԻՐ Է»

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՆԴԻՐ Է»
15.02.2011 | 00:00

Այս տարվա սպառողական զամբյուղի փաստացի արժեքը, հավանաբար, էականորեն չի տարբերվի 2010-ի արժեքից։ Մեր այս ենթադրության հիմքում անցած շաբաթ կառավարության հաստատած սպառողական զամբյուղի գինն է` մեկ շնչի կտրվածքով։ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության պետը նշել էր, որ 2011-ի սպառողական զամբյուղի արժեքը 2009-ին հաստատված մեթոդաբանության և 2010-ի 4-րդ եռամսյակի սպառողական գների հաշվարկի արդյունք է։ Ի վերջո, ի՞նչ արժե սպառողական զամբյուղն այս տարի։ Թեմայի ու հարակից մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ազգային վիճակագրության ծառայության պետ ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ։
-Առողջապահության և էկոնոմիկայի նախարարության սահմանած կալորիականության նորմատիվների և 2010-ի 4-րդ եռամսյակի պարենային ապրանքների գներով, 2009-ին տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքում ստացված պարենային և ոչ պարենային ապրանքների ծառայությունների գործակցով հաշվարկված փաստացի պարենային զամբյուղի գինը մեկ շնչի կտրվածքով մոտ 53 հազար դրամ է,- ասաց մեր զրուցակիցը։- Սակայն պետք է ընդգծել, որ սա փաստագրված զամբյուղի արժեքն է և ոչ նորմատիվային։
-Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ հաստատվի պարենային զամբյուղի նորմատիվային արժեքը։
-Վիճակագրական ծառայությունը հանրային շահ հետապնդող մարմին է և իր խնդիրներն իրականացնելիս անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից։ Միաժամանակ այս ծառայությունները պետք է գործեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրական հիմնարար սկզբունքների պահանջների համաձայն` չներքաշվելով վարչական և այլ խնդիրներում։ Առաջին հերթին դա կոչ է կառավարություններին, որ վերջիններս վիճակագրական ծառայությունները չներքաշեն այդ խնդիրների մեջ։ ՈՒստի, օբյեկտիվության կանխավարկածից ելնելով, մենք ոչ միայն զերծ ենք մնում նորմատիվային պարենային զամբյուղի հաստատումից, այլև նման պահանջ չենք էլ ներկայացնում։
-Մեկ շնչին ընկնող 53 հազար դրամ արժողությամբ պարենային զամբյուղը բավարա՞ր է մարդու կենսամակարդակի ապահովման համար։ Խնդրում եմ հարցին պատասխանել ո՛չ որպես պաշտոնյա։
-Իհարկե` ոչ։
-Իսկ որպես պաշտոնյա ի՞նչ եք առաջարկում։
-Որպես պաշտոնյա կասեմ հետևյալը. ելնելով օբյեկտիվության կանխավարկածից, մենք փորձում ենք որևէ ցուցանիշի գնահատական չտալ։
-Այդ դեպքում անդրադառնանք հանրապետությունում առկա գնաճին։ Վերջերս վիճակագրական պետական ծառայությունը հրապարակեց գնաճի ցուցանիշը և, ըստ դրա, այն բավականին մեծ է։ Ձեր ուսումնասիրությունների համաձայն, գնաճն առաջիկայում կզսպվի՞, թե՞ վերելք կունենա։
-Մենք այդ խնդիրը ևս դիտարկում ենք օբյեկտիվության կանխավարկածի շրջանակներում, այսինքն, վիճակագրական ծառայությունները կանխատեսումներ չեն անում։ Ինչ վերաբերում է գնաճի հունվարյան ուսումնասիրություններին, ապա սպառողական ապրանքների գների ինդեքսը, որը հաշվարկված է 470 ապրանքատեսակներով և ծառայություններով` 619 ապրանք-ծառայություն ներկայացուցիչներով` դիտարկված հունվարի 1-ին, 10-ին և 20-ին, նախկին ամսվա համեմատ, աճել է մոտ 2,8 տոկոսով։
-Ըստ էության, դա փոքր թիվ չէ, և եթե խնդիրը դիտարկենք այս հարթությունում, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Եթե այդ հարցին պատասխանեմ որպես քաղաքացի, ապա միևնույն ժամանակ պետք է պատասխանեմ որպես պաշտոնյա։ Սակայն առաջարկում եմ ուղղակի ծանոթանալ 2009-ին իրականացված տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով ամփոփված «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» ժողովածուին։ Ըստ այդմ, նախորդ տարվա համեմատ աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել` կազմելով 34,1 տոկոս։
-Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարված է։
-Կգերադասեի այդ հարցին չպատասխանել, քանի որ տեսականորեն տնտեսական ճգնաժամը վստահության ճգնաժամի խնդիր է, նկատի չունեմ` քաղաքական առումով, այլ տնտեսավարող սուբյեկտների, շահերի համակցման տեսանկյունից։ Այդպես է ողջ աշխարհում։ Եվ երբ վստահության ճգնաժամ է առաջանում, այն դժվար է վերականգնվում, բավականին ժամանակ է պահանջվում, քանի որ մասնակիցները շատ են, և փոխհամաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ճշտել հարցերի բովանդակությունն ու քանակը։ Այսինքն, ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան հարցեր կան համաձայնեցնելու։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ