2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ
14.01.2011 | 00:00

Սերգեյ ՖՈՒԴԵԼ
Մի անգամ աչքիս զարնեցին սուրբ հայրերից մեկի հետևյալ խոսքերը. «Տառապանքներին դիմանալու համար քրիստոնեության առաջին մարտիրոսները շնորհ ունեին ոչ միայն հոգում, այլև մարմնում»։ Ասել է` տանջողի առաջ մի մարմին էր, որն աստվածացած էր արդեն այս կյանքում։ Այդ մարմինը տառապում էր և ուժասպառվում, սակայն նա արդեն անհաղթահարելի էր։
Քրիստոնեության մեջ կենդանի է զգացումը հավիտենական, այլ ոչ ժամանակավոր, պայմանական կապի` տվյալ հոգու և տվյալ մարմնի միջև։ Այդ կապը կարծես ժամանակավորապես ընդհատվում է մահվանով, սակայն նորից վերականգնվում է հարության միջոցով։ Այդ պատճառով սուրբ հայրերը սովորեցնում են, որ մարմնի մահից հետո էլ հոգին կրում է սեփական մարմնի պատկերը, հավանաբար, կարոտելով նրան։ Խոսելով մեռածների մասին, սուրբ Իրինեոս Լիոնցին գրում է. «Հոգիները պահպանում են մարդու կերպարը, այնպես որ կարող են ճանաչելի լինել, և հիշում են այն, ինչն այստեղ էր»։
Հոգին սեփական մարմինը, իմա` սեփական տաճարը, սիրում է աստվածային սիրով։
Միայն այս լույսով է ըմբռնելի պահքը, որը «չափազանց մարդկայինի» հաղթահարման սկիզբն է, սահմանափակ բնության հաղթահարման սկիզբը, որպեսզի այն կարողանա մուտք գործել անսահմանություն և համակվի հավերժության բուրմունքով։ Դժբախտաբար, հեռացող եկեղեցական դարաշրջանի ժառանգությունը մենք փոխանցում ենք երիտասարդ քրիստոնյաներին մի տեսակ աղճատված վիճակում։ Սուրբ Մաքսիմ Խոստովանողը սովորեցնում էր. «Ամեն մի ճգնություն, որին խորթ է սերը, ցանկալի չէ Աստծուն»։ Իսկ դա ամենատարածված փաստն էր. պահքը կատարում էին` հպարտանալով սեփական սխրանքով, այսինքն` սիրուց դուրս, ու այդ պատճառով հաճախ ավելի էին շատանում սառնությունն ու ատելությունն աշխարհում։
Պահքի մասին անհրաժեշտ է իմանալ որոշ խոսքեր, որոնք այն լուսաբանում են տարբեր կողմերից։
Սուրբ Իսահակ Ասորին ասում էր. «Միտքը չի ենթարկվում խաչին, եթե չի ենթարկվում նրան մարմինը (սխրանքով, ուրեմն և` պահքով)»։
15-րդ դարում տարածված էր սուրբ Նիֆոնտիոսի մարգարեությունն այն մասին, որ Եկեղեցու վերջին ժամանակների հոգևորականությունը կլինի բարոյական անկման մեջ երկու կրքերի պատճառով` սնափառության և որկրամոլության։ Պողոս առաքյալը սովորեցնում էր. «Ազատության եք կոչված, եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը չդառնա մարմինը գոհացնելու առիթ»։
Մի սուրբ ծերունի ասաց իր աշակերտին, ում պահքը հեռու էր սիրուց (ըստ Մաքսիմ Խոստովանողի խոսքի). «Ամեն ինչ կեր, միայն մարդկանց մի կեր»։
Ժամանակակից մի աղջիկ առտնին խոսակցության ընթացքում այսպես բացեց մարդկանց դեմ չարանալու վնասակարությունը։ «Ախր այնտեղ յուրաքանչյուրի հետ պետք է ուրախությամբ հանդիպել»։ Ասել է` սովորեք ոչ միայն սուրբ հայրերից, այլև ժամանակակից աղջիկներից։
Սլավոնական տեքստը աղոթողների կողմից չհասկացվելու մասին
Երբ եկեղեցում ընթերցվում է ոչ միայն Աստվածաշունչը, այլև բազմաթիվ աղոթքներ են հնչում, աղոթողներին անհասկանալի սլավոներեն տեքստը ասես դառնում է հասկանալի նրա հնագույն մեղեդու շնորհիվ։ Եկեղեցական երաժշտությունը սուրբ ավանդության բաղադրիչ մասն է, նա բարեբեր է, և նրա մեղեդիները տարիների ընթացքում այնպես են ձուլվել ամեն մի հավատացյալի քրիստոնեական զգացմունքներին, որ դարձել են անծանոթ տեքստի իմաստային թարգմանիչներ։ Եկեղեցական երաժշտության բանալիով բացվում է մեր ընկալման դուռը։
Հակառակ երևույթն է տեղի ունենում, երբ եկեղեցում լսում ենք օպերային կամ համերգային մի այլ կատարում, երբ ծանոթ աղոթքի տեքստը կարծես անճանաչելի է դառնում երաժշտական խառնաշփոթ զգացումների պատճառով, որոնք բոլորովին չեն համապատասխանում քրիստոնեական զգացումներին և տվյալ բառերի քրիստոնեական ըմբռնմանը։
Հիշում եմ, ինչպես մի օր, Մեծ պահքի առաջին շաբաթում, մի կին ասաց ինձ գիշերային ժամերգության պահին. «Ո՞Ւր եք գնում։ Հիմա պիտի երգե՜ն կոնցերտային «Զղջումը»։
«Կոնցերտային զղջում»-ը հնչում է «բալետային զղջում»-ից ոչ պակաս սրբապղծորեն։ Ամեն մի օպերային երգեցողություն եկեղեցում խլում է մարդկանցից ընդհանրական աղոթքը և փոխարենը տալիս է զվարճալիք, այսինքն` զրկում է նրանց վերջին հոգևոր առաջնորդությունից։ Չխոսելով բացառությունների մասին, հայրական առաջնորդության իմաստով մենք ավելի հաճախ «ոչխար ենք առանց հովվի»։ Սակայն եթե տաճարում երգվում է ըստ եկեղեցու կանոնների, ապա մարդիկ առաջնորդվում են աստվածապաշտության ամբողջ համակարգով, երաժշտական-իմաստային ամբողջականությամբ։ Իսկ երբ ունկնդիրները տաճարում լսում են պարզապես երաժշտական ճչոցներ, ապա նրանք մնում են բոլորովին մենակ, օտարվում խորհրդավոր աստվածապաշտությանը հաղորդակցվելուց։
Քահանա Տրուբեցկոյը վերջերս օպերային երգեցողության մասին այսպես է գրել. «Պատարագի ընդհանրականության կենդանի գաղափարն աստիճանաբար մարում է Եկեղեցում»։ Մի՞թե դա նույնը չէ, թե` Եկեղեցում աստիճանաբար մարում է Եկեղեցու գաղափարը։
Մի քահանա, նրանցից, ովքեր հարգանքով և սիրով են վերաբերվում աստվածապաշտության կանոնադրությանը, ասում էր ինձ. «Դուք չեք կարող պատկերացնել, թե երբեմն ինչպես եմ տանջվում հոգեհանգստի ծեսը կատարելիս, քանզի այն չի համապատասխանում իրողությանը»։
Ծեսի կենտրոնական մասը` «Թող հանգչի նրա հոգին սրբերի կողքին», բացահայտում է նրա այն իմաստը, որ հանգուցյալի մեջ ենթադրվում է գոնե ինչ-որ քրիստոնեական հավատի առկայություն, զղջման ինչ-որ նշույլ, իսկ քահանան երբեմն ստիպված է լինում հարազատների խնդրանքով հողին հանձնել բացահայտ և մարտնչող անաստվածներին։ Հաճախ քահանան բոլորովին չգիտե, թե ինչ մարդու վրա է կատարում արարողությունը, կյանքում երբեք չի տեսել նրան, բայց աղոթելիս հանդիսավորությամբ կոչում է հանգուցյալին «Սուրբ Հոգով մանկիկ»։
Բացարձակապես նույն բառերով քահանան դիմում է և ինքնասպաններին, որոնց հուղարկավորումն այժմ հաճախակի թույլ է տրվում հովվապետերի կողմից։
Կանոնադրությունը քարացել է 11-12-րդ դարերում, և այն, ինչը մի ժամանակ կենդանի էր և իսկական, դարձավ ծանրաբեռնող և քարացած սրբապղծություն։
Եկեղեցում հարկավոր է ուղիղ քարոզել քրիստոնեությունը, և հատկապես քրիստոնեությունը, ոչ թե առանձին առաքելություններ, որոնք պոկված են համատեքստից։ «Հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծու խոսքից»։
Առաքելական տեքստերի ընթերցման ժամանակ, որոնք շատ կարևոր են այսօրվա քրիստոնյայի համար, տաճարում հաճախ վրա է հասնում չընկալելու ինչ-որ բարեպաշտական ընդմիջում։
«Չի կարելի ըստ կանոնադրության»։ Իսկ կարելի՞ է ըստ կանոնադրության, որ մարդիկ, ասենք, քրիստոնեությունը նոր ընդունած, ոչինչ չհասկանան ընթերցումից։ Մի՞թե սերը նրանց նկատմամբ ավելի բարձր չէ կանոնադրությունից։ Դժվարությունները շատ են, սակայն ոչ ոք չի էլ ցավում նրանց համար։
Տեսել եմ անհավատ քահանաների, որոնք հպարտանում էին կանոնադրության իրենց իմացությամբ։ Այն, ինչը ստեղծվել էր բյուզանդական միջնադարի վանքերում, նրանք կատարում էին` չունենալով ավետարանական հավատ։ Իսկ առանց հավատի դա, հոգևոր իմաստով, չափազանց ծանր, անտանելի բան է. եկեղեցական իրողության ահարկու դատարկության վրա նա գցում է ինչ-որ բյուզանդական բարօրության քողը, թե` տեսեք, մեզ մոտ ամեն ինչ կարգին է, որովհետև մենք երգեցինք բոլոր 10, այլ ոչ թե 9 աղոթքները, և հենց 6-րդ ձայնով, ոչ թե հինգերորդ։
Կանոնադրության վտանգը սկսվում է այն ժամանակ, երբ մոռացվում է նրա պատմական պայմանականությունը, և այն սկսում են դարձնել դոգմա։ Հենց այդ ժամանակ էլ առաջանում է «մժղուկներին քամելը և ուղտերին կուլ տալը» (Համեմատի՛ր, Մատթ. 13, 24), այսինքն` քրիստոնեության նենգափոխումը Հին ուխտի ծիսականությամբ։
Կանոնադրությունը չի կարելի արհամարհել, սակայն միշտ հարկավոր է հիշել. «Շաբաթն է մարդու համար, ոչ թե մարդը` շաբաթվա», այսինքն` հանուն մարդկանց սիրո կանոնադրությունը կարելի է փոխել։ Հենց այդ իմաստով էր հայր Ալեքսի Մեչյովն ասել. «Սերը կանոնադրությունից բարձր է»։
Գիտեմ, որ սիրո այդ իմաստության գաղափարը շատ անորոշ է չսիրող մարդկանց համար, բայց հենց դա էլ կանխատեսել էր առաքյալը` ասելով. «Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որը բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի» (Յակոբ. 1.5)։
Սիրո ազատության զուգակցումը կանոնադրության հետ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մարդու մեջ ամեն ինչ գտնվում է իր տեղում. անպայմանը` առաջին, պայմանականը` երկրորդ տեղում։ Անպայմանի մասին մեզ ասված է պարզ. «Դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12, 31) և «Աստծու արքայությունը ձեր ներսում է» (Ղուկ. 17, 21): Այդ պատճառով, հատկապես մեր ժամանակներում, երբ բոլորը հեռացել են քրիստոնեության հիմքերից, նրա հոգևորությունից, պետք է մտածել ոչ թե այն մասին, որ չգիտեն կանոնադրությունը, այլ որ այդքան քիչ մարդիկ գիտեն, որ Սուրբ Հոգին վաստակելը պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյայի մշտական, ամենօրյա նպատակը։ Այդ առաքելական ուսմունքը մեզ մոտ նորից արտասանեց սուրբ Սերաֆիմ Սարովսկին։
Ազատության զուգակցումը կանոնադրության հետ հնարավոր է միայն հոգևոր լինելու միջոցով, Սուրբ Հոգին վաստակելու, շահելու միջոցով։ Եվ այդ ժամանակ ինքնաբերաբար լուծվում է անտինոմիան (հակաօրինությունը), որի մի կողմի վրա գրված է. «Կանոնադրությունը Սուրբ ավանդությունն է», իսկ մյուս կողմում` հետևյալ խոսքերը. «Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք» (Գաղ. 5, 18)։
Իհարկե, ծիսական պրակտիկայում կա Բյուզանդական կայսրության որոշակի ժառանգություն, ու որքան արագ ազատվի նրանից Եկեղեցին, այնքան լավ։
Հիշում եմ, երբ անապատական կյանքից մի քանի տարի հետո մայրաքաղաքի տաճարում տեսա, թե ինչպես է «պատանյակը» տանում հովվապետի շքեղ փարաջայի քղանցքը, մտքիս մեջ միանգամից ծագեց մի զուգակցություն` մարդկանց առջև Եկատերինայի շքեղաշուք հայտնվելը, որի նկարագրությունը կարդացել էի ինչ-որ ժամանակ։ Ընդ որում, նկատեցի և մի ավելի վրդովեցուցիչ փաստ. երիտասարդ քահանաներն իրենք ընդունում են այդ շքեղությունը ոչ միայն հանգիստ, այլև ակնհայտ բավականությամբ։ Վերջերս մի նախահեղափոխական եկեղեցական ամսագրում կարդացի շատ հայտնի մի հովվապետի բաց նամակը. «Սարսափով իմացա, որ պատրաստվում են նշելու իմ 25-ամյա հոբելյանը... Քահանաների ամեն կիրակին արդեն հոբելյան է. մեզ դիմավորում են եկեղեցում, ման են ածում թևանցուկ, ողջունում և՛ սլավոներեն, և՛ ռուսերեն, և՛ հունարեն։ Հերի՛ք է, հարկավոր է վերջ տալ այդ հոբելյաններին»։ Մի ծեր հովվապետ, երբ նրան հարցրին, թե երբ կբարեհաճի, որ կատարեն իր հոբելյանը, պատասխանեց. «Երբ խելքս կորցնեմ»։
Հարկավոր է հասկանալ, որ մենք պարտավոր ենք դուրս գալ Եկեղեցու արդեն ոչ բյուզանդական դարաշրջան, որ մենք պետք է վերադառնանք դեպի ծիսական պարզություն և պարզամտություն։
Եկեղեցին հաստատվում է որպես «առաքելական» ոչ թե այն պատճառով, որ բովանդակում է միայն առաքյալների սահմանած բառերը, աղոթքները կամ կանոնները, այլ որ նա, բացի առաքյալներից արդեն ստացածից, իր ամբողջ պատմական կյանքի ընթացքում ուրիշ սրբերի միջոցով ստանում է նույն «առաքելական կրթությունը», որն ստանում և հաղորդում էին առաքյալները։ Առաքյալներն աճեցրին Եկեղեցին, բայց պատմության ընթացքում նրան ուղեկցում է Նա, Ով աճեցրեց առաքյալներին և ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին` մինչև աշխարհի վախճանը»։
Սուրբ ավանդությունը հենց այդ աստվածային կրթությունն է և, արդեն տրված, նորից տրվում է Եկեղեցուն, միշտ և հիմա և բոլոր դարերում։
Շատ մեծ է լինում մայրերի վիշտը, երբ ծննդաբերելու ժամանակ մեռնում է իրենց զավակը։ Պատկառանքով լի մի քահանա տվեց ինձ երկու աղոթք նրանց մասին։
1. «Հիշիր, մարդասեր Տեր, Քո մանկիկների հոգիները, որոնք մեռան մոր արգանդում և այդ պատճառով չընդունեցին սուրբ մկրտությունը։ Տեր իմ, Ինքդ մկրտիր նրանց Քո առատաձեռն պարգևների ծովում և փրկիր Քո անճառելի ողորմածությամբ։ Ամեն»։
2. Մոր աղոթքը. «Տեր, ողորմիր իմ մանկիկին, ով մեռավ իմ արգանդում։ Հանուն իմ հավատքի, իմ արտասուքների և հանուն Քո ողորմածության մի՛ զրկիր նրան Քո Աստվածային լույսից»։
Եվ մի աղոթք էլ ինքնասպանների համար, որ տվել են Օպտինի անապատի ծերերը. «Շնորհի արժանացրու, Տեր իմ, Քո ծառայի (անունը) կորած հոգին և, եթե հնարավոր է, ողորմիր նրան։ Մեղք մի համարիր ինձ համար այս աղոթքս, և թող լինի Քո սուրբ կամքը»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ