ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր նախկին պնդումները, որ ՈՒկրաինան ինքն է հրահրել պատերազմը՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նա հասկացրել է նաև, որ Ղրիմը համարում է ՈՒկրաինայի համար կորսված։ «Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում»,- շեշտել է Թրամփը։               
 

Էլֆրիդա Մելիքյանի Էրգիրն ու Երկիրը

Էլֆրիդա Մելիքյանի Էրգիրն ու Երկիրը
18.04.2025 | 18:27

«ԱՆՈՒՆՍ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱԶԱՏԱՍԵՐ»

Այս զարմանալի տիկնոջը հանդիպեցի տարիներ առաջ, երբ համալրում էր Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամների կազմը։ Ծանոթանալով և ուսումնասիրելով նրա կյանքի բոլոր էջերը՝ ավելի ու ավելի էի համոզվում, որ որքան ինքնատիպ է եղել իր բազմաբնույթ ձեռնարկներում, նույնքան էլ ինքնուրույն է գործել։ Առհասարակ սովոր չէ ընթանալ տրորված արահետներով, ամենուր բացում է իր ճանապարհը, որ տանում է դեպի Տաճար։ Նրա Տաճարը նախնյաց հայրենիքն է՝ Էրգիրը, Հայոց աշխարհը Վասպուրական։ Սակայն մի պահ ընդհատենք շարադրանքը և ծանոթացնենք ընթերցողներին մեր երկրի, պետության, մեր մեծ հայրենիքի հաղթանակի հանդեպ այսօր էլ վստահ անհատին, ով անգամ ներկա գոյութենական վայրիվերումներում պահպանելով լավատեսությունը՝ շարունակում է գործել և ստեղծագործել։ Սեփական «ես»-ի ճանապարհային քարտեզը Հավանաբար կանխորոշված էր, որ պետք է ծնվի մանկավարժի ընտանիքում։ Դեռ մանկուց երազանքներն ու դրանք կյանքի կոչելու նպատակը նրան ուղղորդեցին դեպի Երևանի մանկավարժական ինստիտուտ․ նախ՝ ֆիզիկաքիմիական, այնուհետ՝ կենսաբանական ֆակուլտետ։ Սակայն կյանքը, ինչպես հաճախ լինում է անհատականությունների հետ, նրա համար արդեն նախանշել էր մի այլ ուղեգիծ, որին անհրաժեշտ էր ենթարկվել առանց այլևայլության։ Այս մասին քիչ հետո։ Ավարտելով բարձրագույնը և, որպես ավագ ինժեներ, ստանալով բավականին հիմնավոր կրթություն՝ աշխատում է Մոսկվայի ռադիացիոն տեխնիկայի կոնստրուկտորական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որտեղից կարճ ժամանակ անց գործուղվում է Մոսկվա։ Երեք ամիս աշխատելուց հետո Երևանում հիմնում է գիտահետազոտական լաբորատորիա։ Սակայն ընտանեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով անցնում է աշխատանքի մաթեմատիկական թեքումով թիվ 3 դպրոցում՝ դասավանդելով քիմիա, կենսաբանություն, իսկ վերջին տարիներին նաև արվեստի պատմություն։ Նման շրջադարձերը նրան ուղեկցել են ողջ կյանքում։ Առհասարակ շատ է ճամփորդել ու աշխարհի ցանկացած երկրում ծանոթացել է տվյալ երկրի, ժողովրդի մշակութային ժառանգությանն ու ձեռքբերումներին։ Երբ 1982 թվին ճանապարհորդում էր Հեռավոր Արևելքում, հայ երգը ներկայացնելու համար 350 մասնակիցների մեջ պարգևատրվում է պատվավոր դիպլոմով։ Նրա կյանքում շրջադարձային էր անդամակցումը «Վան-Վասպուրական» հարյրենակցական միությանը, որի ակունքներում կանգնած էին Սիլվա Կապուտիկյանն ու Վարազդատ Հարությունյանը։ Երկար տարիներ անց, երբ Հայաստանն անկախացավ, տիկին Էլֆրիդան դարձյալ իրադարձությունների առանցքում էր։ Մասնավորապես բարեգործական ծրագրեր էր իրականացնում, աջակցում որբացած երեխաներին։ 2004 թվականը ծանր հետք թողեց նրա կյանքում՝ կորցրեց հարազատներին, սակայն չընկճվեց, և ցավն անթեղած հոգու խորքում՝ գտավ իր սփոփանքը նոր, հիշարժան ոլորտում։ Հանրային և ազգային կյանքի հանդեպ մշտանորոգ ակտիվությունը նրան իր ծառը տնկելու, ջրելու համար նպաստավոր պայմաններ էր տվել։ Ես զրուցում եմ նրա հետ և լցվում ափեափ զարկվող լավատեսությամբ։ Չի էլ թաքցնում, որ ազատության բերկրանքն ամբարել է սրտում դեռ պատանեկան տարիներից։ Այս լավատեսությունը բնավ պատրանքային չէ, գործնական է ամենուր և ամեն բանում։ Ժպիտով ասում է, որ իր ներքին ազատությունը նաև պայմանավորված է անվամբ՝ Էլֆրիդա նշանակում է ազատասեր։ Կյանքն, այո, լի է փորձությամբ։ 2004թ․ անհեթեթ մի դիպվածով զոհվեց որդին և ի՜նչ ուժ էր պետք նպատակներին հասնելու համար, ինչպիսի՜ անկոտրում կամք․ որոնք արտաքուստ գեղանի և փխրուն այս կնոջ առաջ բացեցին հույսի և արարման նոր հորիզոններ։ Տիկին Էլֆրիդան սկսում է նկարել։ Իր համար էլ անսպասելի։ Նախ գեղանկարչության այբն ու բենն է յուրացնում գեղանկարիչ Գևորգ Չախչյանի մոտ։ Եվ ահա նոր խոստովանությունը, որն անշուշտ մի նոր երանգ է հաղորդում կերպարին․ -Միասին գնեցինք ներկերը, վրձիններն ու սկսվեց իմ ստեղծագործական կյանքի առաջին փուլը՝ սովորելը։ Այդ առաջին հայացքից մեղմ թվացող մարդն այնքան խիստ էր վերաբերվում, որ վախենում էի նույնիսկ աթոռից վեր կենալ։ Թույլ չէր տալիս։ Օրական ութ ժամ աշխատանք, ինչը, ի վերջո, տվեց իր պտուղները։ Չորս ամիս անդադար աշխատանք։ Նա ինձ հետ պարապում էր Ռուբենսի, Մանեի, Մոնեի գրքերով։ Համաշխարհային այդ մեծանուն նկարիչները դարձան գույներն ու երանգներն ընտրելու, վրձինը ճիշտ օգտագործելու, համաչափության, լույսի ու ստվերի ճիշտ ընկալման իմ ուսուցիչները։ Մի անգամ նկարներիցս մեկը տարա շրջանակի մեջ առնեն։ Հանդիպեցի մի հայտնի նկարչի։ Հետաքրքրվեց՝ ու՞մ աշխատանքն է։ Վախենալով պատասխանեցի՝ իմն է։ «Ինչու՞ ես կծկվում,- հարցրեց, -շատ լավ նկարված է, մեջը հոգի կա։ Նկարել ես ինչպես տեսել ես։ Սարյանը կապույտ ավանակ է նկարել, սակայն ավանակը կապույտ չէ, ինքն է այդպես տեսել»։ Նկարչի խոսքերը դաջվեցին հիշողությանս մեջ»։ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Այս ուղևորությունն ըստ ամենայնի ուխտագնացություն էր։ Համենայն դեպս նրա համար։ Նկարչի կարգավիճակով և առաքելությամբ միանում է ուխտավորների խմբին: Եվ Էրգիրը իր դստեր առաջ բացեց դուռ ու լուսամուտ։ 2006 թվականն էր։ ՈՒխտն ու կարոտն այս պատվիրակությանն ուղեկցում էր ամենուր։ Պատմաբանն իր հուշերի մակընթացության իններորդ ալիքի վրա էր իր օրն ապրում ու վերապրում։ Գիտնականը հնագույն ժամանակներից 21-րդ դար հասած գիտական հայտնագործություններն էր այս և այն հինավուրց տաճարների հարթաքանդակների վրա հայտնաբերում այն, ինչ Էլֆրիդա Մելիքյանը մշտապես վերակերտում էր նախնյաց ստեղծած երկրի և պետականության դեռ պահպանված մասունքները․ -Մինչ այդ Արևմտյան Հայաստանն ինձ համար միայն գրքերն էին ու այլոց կտավները, տատիկիս հուշերը, թե ինչպես են Վանից տեղահանել իրենց, ինչպես են սունդուկները ոսկիներով ու այլ թանկարժեք զարդերով լցրած փորձել դուրս բերել տնից, բայց երբ թուրք ասկյարը մոտեցել է, ստիպված են եղել դեն նետել, որ կարողանան փախչել։ Իմ տեսած Վանն այն չէր, ինչ հարյուրամյա հուշերում է։ Շրջեցինք, տեսանք ամեն կամուրջ ու առու, թուփ ու քար։ Այնտեղ մի շարք կտավների ուրվանկարներ արեցի, որոնք հետո շարունակեցի այստեղ, Երևանում։ Կան նաև այնպիսիք, որոնք իմ արած լուսանկարներից արտատպել եմ։ Օրինակ, Թորթումի ջրվեժը, Եփրատ գետը, որոշ վայրեր էլ նկարել եմ հիշողությամբ։ Կտավների շնորհիվ Վանը հիմա միշտ ինձ հետ է, կտավների միջից լուռ հետևում է իր հարազատ ժառանգի ստեղծագործական կյանքին․․․»։ ԱՅՍ ԱՄԵՆՆ Ի ԿՅԱՆՔ 2012 թվականին հրատարակում է «Վասպուրական աշխարհ․ դրախտային երկրից» եռալեզու պատկերագիրքը։ ՈՒխտագնացությունը և՛ վավերագրված է, և՛ պատկերագրված։ Ընդ որում, բավականին պատմական տեղեկություններ է հաղորդում, անգամ լուսաբանում լայնընթերցողական լսարանին անհայտ փաստեր։ Մասնավորապես, որ Վանը գրավելով՝ Լենկ Թեմուրը քաղաքի պարիսպներից յոթ հազար մարդ է ներքև նետել։ Պատկերագրքում կան պատառիկներ նրա բանաստեղծություններից։ 2013-ին ռուսական «Կուլտուրա» թերթում տպագրվում է հոդված նրա «Արյան կանչը» և «Վասպուրական աշխարհ․ դրախտային երկրից» գրքերի մասին։ Հոդվածում նրա գործը համեմատում են Լուսինե Զաքարյանի և Տիգրան Մանսուրյանի հետ։ Նշանավոր է նրա կյանքում 2016 թվականը, երբ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամների ցուցահանդեսում իրենց պատվավոր տեղն ունեին Էլֆրիդա Մանուկյանի ստեղծագործությունները։ Հետագայում այս ցուցահանդեսին անդրադարձավ «Կանչ» ամսագիրը։ Թերևս արժե նշել, որ արժանացել է Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրի և «Վան-Վասպուրական» հայրենակցական միության ոսկե մեդալի։ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Բնականաբար հետաքրքրվեցի՝ արդյո՞ք երբևէ հնարավոր է Արևմտյան Հայաստանի վերջնական ազատագրումը, թե դա ընդամենը երազանք է, որին վիճակված է երբևէ իրականանալ։ Միանշանակ համոզված էր, որ մեր գալիք սերունդներն անպայման ազատագրելու են նախնյաց հայրենիքը՝ «չէ՞ որ այն Աստծո կողմից է հայերիս տրվել։ Բայց դրա համար մի բան է անհրաժեշտ՝ այսօր պետք է շենացնել Հայաստանի Հանրապետությունը և կրթել ազգային արժեքներով ապրող սերունդ, որը միջազգային բոլոր ատյաններում ամենատարբեր ձևերով պետք է հիմնավորի՝ Հայկական բարձրավանդակը Հայերի հայրենիքն է։ Չնայած առաջացած տարիքիս՝ ես այսօր էլ հավատում եմ այդ ամենին»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ․Գ․ Ներկայացնում ենք Էլֆրիդա Մելիքյանի գեղանկարներից մի քանիսը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ