Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Պիտոյից տետր

Պիտոյից տետր
27.08.2024 | 07:19

1

Ադամորդի ես, եվաժառանգ, ավելին չես, պակասավոր չես եւ,- նախածնողը մեղսավոր եղավ, բայց մեղքը ժառանգական չէ.- դու մաքրածին ես, խղճի բնօրինակ,- ուրիշ կերպի մեջ՝ խեղկատակ ես խեղճ, մի կեղտակուր զավզակ:

2

Առանց քո սիրո ծնողներդ վաղաժամ ծերանում են, վախճանվում անհույս:- Ինչ որ տալիս ես քո ունեցածից, անձեռնմխելի պահուստից նաեւ, վերադարձնում են քեզ նրանք հավելումով, որ հոգիդ ժխտի անառակությունը, Աստված ճանաչի քեզ եւ փրկվի ինչքդ սնանկացումներից:

3

Տնից մինչ Հայրենիք՝ զարմանալի երկար ճանապարհ է, չտեղագրվող.- դու ոտքով քայլիր՝ մի կտոր հաց ու մի տափաշիշ ջրով, մտքիդ մեջ՝ հայրեն ու պատկերը Նրա:- Քեզ ոչ ոք չի դիմավորի, բայց երազդ արդեն ծաղկած կլինի հայրերի հողում:

4

Քո տիրույթներում սխրալի առյուծի նման պահիր քեզ՝ ի տես մոտերքում վխտացող ոհմակների: Իսկ իրականում հալալ եղնիկի վարքով պիտի փայլես՝ ի սեր յուրայինների, ցեղի ու Աստծո:

5

Տան բանալու տեղը ոչ ոքի մի հայտնիր, իսկ զենքդ աննկատ պահիր ձեռքիդ տակ - միշտ եւ ամենուր: Տերը խաղաղության է քեզ կոչում, սակայն, նույն պահին, ոսոխն ավիրում է շինվածքները քո, նշանառում քեզ:- Չզլանաս զգետնել բարբարոսին:

6

Թող սիրտդ հիշի ապրած սերերը, նրանց թռիչքներ ու արեւներ մաղթի: Դու աղոթիր շիտակ էն միակի համար, ով քեզ վերադարձրեց հոգիդ ազնվաշուք եւ գալիքներդ բնակեցրեց քո հարկի տակ:

7

Մարդը երկնատուր ոգու մարմնացում է,- դու ոգեղեն ես, նախ.- մի նվնվա, բոռ չես, ապիկար ու խեւ չես, դու նույնիսկ զորության ավելցուկ ունես եւ ողջամտության մեծ ավազան, միայն թե չմտնես այլոց մսաղացը գայթակղության հովերի տակ, եւ չթողնես աղան ոսկորները ոգուդ:

8

Ես դեռ չեմ կնքել հաշտության մի թուղթ:- Ինձ կրկին ձաղկում են մերժման քամիները:- Էն կապտաչ զոպան շարունակ հուշում է, որ իրեն կքում են անտես ճանկերով եւ պոկել ճգնում մարգագետնից:- Ես պարտքեր ունեմ բյուր ծաղիկների:

9

Երբ սերը ջնջվում է հոգու օրակարգից, կյանքը վերածվում է մի ծակ նավակի եւ խորտակվում գինու, կրքի ու մեղքի, ոսկու, իշխանության, թմրամոլության հորձանուտներում:- Երբ կյանքդ գրավադրում ես հանուն սիրո, Աստված վերաորակավորում է քեզ երջանկության հմուտ խոհարարի:

10

ՈՒ երբ ընկնում ես, շտապ ոտքի ելիր, թափ տուր վրայիցդ հուսալքության ու դատապարտվածի կպչուն փոշին.- մտածիր հատուցման, հաղթանակի, վեհի մասին, որ արփին շողա գլխավերեւդ որպես անմար մայր, եւ քեզ ապահովագրի ցրտից, չոռից ու խավարարարներից:

11

Ապստամբի պես, խռովարարի,- վրիժառու, թե ուխտյալ մի ռազմիկ,- անկամը թեկուզ, անկյալը նետված - նույն ողորմածն ես, հանդեսների մեջ լռահարվածը, աստանդականն ու հայրենազուրկը տարտղնվող երկրի:- Պատճենված քաղվածք՝ քո նախկին եսից:- Բայց մի՛ արձակվիր քինոտ գայլի պես: Չթողնես հանկարծ ըմբերանեն քեզ, մրմնջա իբրեւ վերին հրահանգ՝ ,,ապստամբի պես, վրիժառուի…,,

12

Ետ ես նայում եւ սիրելի մեկին հանկարծ նշմարում անցյալի ամա կանգառներից մեկում,- կանչի՜ր նրան, կանչի՜ր հանգրվանը քո,- ներքին տաճարիդ զարդաքանդակների՛ց է նա, որ ընկել է ժաժքից, հողմից կամ ցավից:- Ժամանակը հաճախ տեղապտտվում է, բայց կյանքը մոլորուն շարժվում է առաջ՝ ինչպես մայրիկին որոնող որբուկ:

13

Դեռ ներբողներ ունես, խորալներ ու տաղեր, որ պիտի ձայնեն ալտ ծղրիդները մանուկների հետ, թթենիների մայրոտ ստվերներում:- Հետո ի՞նչ՝ զոհ ես, աներեւակայելի մենակ ու լքված,- մռայլ թափորներում հուսացողն ես դու:

14

Երբեմն կոկոնն առավել առինքնող է, քան ծաղկաստանը գունագեղոն.- դու կոկոնի շուրջ պտտվող մեղու ես, որին չի հուզում նեկտարը վաղվա,- քեզ հմայում են բացվելիք նրբին ծաղկաթերթերը եւ բույրը, շրշյունը հրեշտակային:- Իսկ դու՞, իմ Կոկոն, ե՞րբ բացվեցիր դու, որտե՞ղ, ու՞մ համար…

15

Ներսս լցված է կանաչ անցյալներով, եւ գալիքներով է ծով-հագեցած: Իսկ ներկան ճանկռում է արեւհար դեմքս խելահեղ կնոջ պես,- բայց հարկ է նրա հետ ապրել աննահանջ՝ սրբելով երեսդ կարմրատակած, որ ներսդ լի մնա դալար անցյալներով եւ գալիքներով ծիրանամաշկ:

08-16.08.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ