Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Մարիամ տատս

Մարիամ տատս
25.08.2024 | 13:55

Մայրական տատիս` Մարիամին (Մայի), աղոտ եմ հիշում։ Չորս տարեկան եմ եղել, որ մահացել է։ Կրտսեր եղբայրս ծնվել է տատիս մահվան օրը, ու մայրս նրան «ճանապարհել» է գյուղի ծննդատան պատուհանից։ Տարիներ անց եղբորս առաջնեկին` դստերը, անվանակոչել են տատիս անունով։

Պապս տատիցս մեծ էր 20 տարով։ Եվ որ ավելի զարմանալի է, մայրս ծնվել է, երբ տատս 53 տարեկան է եղել (այսինքն` պապս` 73)։

Աժդահա մարդ էր ռանչպար պապս, հանդ ու չոլի սովոր։ Գյուղի փահլեվանն էր, գերբնական ուժի տեր։ Արդեն 90-նն անց էր, հարյուրին մոտ, որ մահացավ։ Մինչ օրս մեր ու գյուղաբնակ մեր բարեկամների տներում պահպանվել են նրա պատրաստած փայտե գդալներն ու շերեփները, ասես դրանց ձեռք չի կպել։ Մանկության տարիներին մեզ օրորել են նրա պատրաստած նախշազարդ օրորոցում, խմոր հունցել նրա պատրաստած տաշտում, ապուր լցրել նրա տաշած շերեփով։

Մայրս պատմում էր, որ Մեծ Հայրենականում մինուճար որդու զոհվելուց հետո ծնողները լուռ «կռիվ էին տալիս» աշխարհի հետ. «Ախր, ինչու՞...։ Մեր մինուճարը»։

Իսկ որդու զոհվելուց հետո տատս գլուխն առել է ափերի մեջ. «Քոռանամ ես» ու... կուրացել է։

Չկարողացան բուժել։ Այդպես 20 տարի կույր ապրեց։

Երբ հորս ծնողները, հիացած մորս հմայքով ու գեղեցկությամբ, գնում են որդու համար նրա ձեռքը խնդրելու, տատս ասում է. «Աղջի՛կ ջան, աչքերդ բաց արա՛, որ հետո բերանդ բաց չանես»։

...Այդպես կույր` տանը ամեն գործ էլ արել է, բուրդ գզել, թել մանել, խալի, ձունձ ու խուրջին գործել, թոռների համար գուլպա հյուսել։

Մի օր հորս խնդրում է գորգագործական տորք (դազգահ) բերել։ Հայրս զարմանում է. «Ա՛յ, նանի ջան...»,-խոսքը կիսատ է մնում։

«Չէ՛, բալա ջա՛ն,-ասում է,-իմ աչքերն են կույր, բայց շոշափելով ես ամեն ինչ զգում եմ։ Թելը գույն ունի, ես էդ գույնն եմ տեսնում, դրա ջերմությունն ու սառնությունը»։

Հետո մանրամասնել է. «Թել կա, որից ձեռքերդ սառչում, սարսռում են, մարմինդ փշաքաղվում, թել կա, որից ափերդ տաքանում են, մատներդ շոյվում, էդ ջերմությունն էլ փոխանցվում է քեզ»։

«Իմաստուն, սուրբ կին էր»,-ասում էր հայրս։

Հետո մայրս պատմում էր, որ մի օր անձայն նստել, երկար նայել է ու զարմացել, երբ գորգի վրա հայտնվել է վարդ-նախշը` ցողը վրան։ Մայրս հետաքրքիր զուգահեռ էր անցկացնում. «Վարդի ցողի թելն այնքա՜ն թափանցիկ էր, այնքա՜ն նուրբ, այնքա՜ն իրական, ասես, վարդի թերթիկից արցունքի կաթիլ լիներ կախված»։

Տարիներ անց մայրս այդ գորգը ավագ քրոջս օժիտ տվեց։

Տասնամյակներ են անցել։ Տատիս ձեռագործ թելերի զգացական ընկալումը հեքիաթ է թվում, անբացատրելի, չվերծանված հեքիաթ, այնքա՜ն իրական։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 160

Մեկնաբանություններ