Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռախաղն ու հայերիս սպասումները

Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռախաղն ու հայերիս սպասումները
03.08.2024 | 20:19

Հայաստանում անդորր է, պատերազմ չկա, սահմանին որերորդ օրն է թշնամու գնդակից զինվոր չի զոհվում, գերի չի ընկնում

(բայց խաղաղ պայմաններում զորամասերում գրեթե ամենօրյա ռեժիմով գոնե մեկ զոհ լինում է):

Ամենուր կյանքը եռում է, սոցիումը ֆեստիվառում է:

Իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը մեզ ծաղրում է, երկիր է շենացնում, միլիտարիզացնում, ռազմական արսենալն է վերբեռնում, զօրուգիշեր իր կամքն ու օրակարգն է մեզ թելադրում, սպառնում, ստիպում գնալ միակողմանի զիջումների:

Ընդ որում, այսօր Բաքուն վերստին պաշտոնապես սպառնաց նոր հարձակումով:

Այս անգամ էլ պատճառ-պատրվակը՝ Հայաստան-ԱՄՆ զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության ու ԵՄ-ի կողմից տասը միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումն է:

Ըստ Բաքվի՝ վերջիններս այդկերպ դրդում են Հայաստանին սադրանքներ իրականացնել և պատրաստվել հաջորդ պատերազմի, հետևաբար՝ նրանք էլ ինքնապաշտպանության նպատակով

իրենց զինանոցում առկա բոլոր միջոցներով կձեռնարկեն անհրաժեշտ պատասխան գործողություններ։

Ինչ խոսք, Բաքուն հոխորտում ու նոր հարձակման համար «հիմքեր» ու առիթներ է ստեղծում:

Միաժամանակ բարձրաձայնում է, որ Ադրբեջանը մտադիր չէ կնքել «խաղաղության պայմանագիր» քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն ու հռչակագիրը չի փոխվել, «Մինսկի խումբը» չի լուծարվել, ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի երաշխիքներ չեն տրամադրվել ու քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել:

Ինչևէ, խաղաղության օրակարգը տապալված է, թեև «խաղաղության պայմանագիր» կոչված լակմուսի թուղթը 90 %-ով պատրաստ է:

Չնայած «խաղաղության օրակարգը» պառաժ ու իմիտացիա է, այդուհանդերձ, «խաբս-խախանդության» օրակարգը օրվա իմպերատիվ է:

Ի դեպ՝ «սպասված» հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասով էլ , եթե մեկ օր առաջ Սերդար Քըլըչը Մարգարայի անցակետում հայտարարում էր, թե բանակցությունները շարունակելու են առանց նախապայմանների, ապա այսօր

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է, որ «որպես նախապայման Հայաստան - Թուրքիա սահմանը կբացվի, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն:

Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը։

Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»:

Սա էլ այն ուղեղ լվացողների ու «կոնսպիրոլոգ-բայղուշների» համար, ովքեր ասում էին, թե թուրք-ադրբեջանական հարաբերություններում «ճաքեր» ու ճգնաժամեր կան, մանավանդ Էրդողանի վերջին «սենսացիոն» խոստովանական հայտարարությունից և այն Բաքվի կողմից «անհիմն» որակելուց հետո, թե պետք է ուղիղ խոսել թուրքերի հետ, որ նրանք տարբեր պետություններ են, որոնց հետ հնարավոր է առանձին հարաբերվել ու առանց նախապայմանների համաձայնություններ ձեռք բերել:

ՈՒ՞մ պարզ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:

Որ այդ հարաբերությունների կարգավորումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից ու վերջնարդյունքից:

Որ մինչ չբավարարվեն ալիևյան պահանջները, Թուրքիան մատը մատին չի տալու:

Որ միայն սահմաների բացման, այլ ոչ թե ողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունների ստեղծման Թուրքիայի նախապայմանը Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ապահովումն է:

Որ անգամ այն բավարարելուց հետո, Թուրքիայի համար հաջորդ նախապայման է դառնալու Բաքվի վերոնշածս պայմանների կյանքի կոչումը:

Իսկ հետո, առաջ կգան նոր ու թարմ պայմաններ:

Այնպես որ բավ է ինքնաբավարարվեք ու ձեր կեղծ «ձեռքբերումները» պերճախոս պնդումներով որպես հաղաթանակ ներկայացնեք սեփական ժողովրդին, այ՛ դիլետանտ-դեմագոգներ:

Դուք քմահաճույքներ, ցանկություններ բավարարող ու պատվեր կատարող եք:

Դուք այնքան չկաք, որ հավասարը հավասարի պես ձեզ դիտարկեն, ձեզ լուրջ վերաբերվեն, իրենց թույլ չտան մանևրել, մանիպուլյացիայի ենթարկել:

Դուք այնքան չկաք, որ եթե ձեզ հրամցվում է նախապայման, ինչպես օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» ապահովումն է, պահանջեք, որ Թուրքիան էլ Հայաստանին տրամադրի անխափան ելք դեպի բաց ծով, ինչպես նախատեսված է միջազգային իրավունքով ու 3 կոնվենցիաներով:

Ցամաքային երկրներին դեպի ծով ելք տրամադրելու 1945, 1957 և 1969 թթ. կոնվենցիաները վավերացնելով՝ Թուրքիան պարտավորվել է դեպի ծով անվճար ելք տալ Հայաստանին:

Ինչպես նա դա անում է «Մոնտրյոյի» 1936 թ.-ի կոնվենցիայով՝ Բոսֆորով ու Դարդանելիով ելումուտ ապահովելով տարբեր երկների նավերի համար:

Չէ, ո՞նց կլինի Թուրքիային հիշեցնեն նման պարտավորության մասին, առավել ևս այն ներկայացնեն որպես պահանջ:

Ո՞նց կլինի պնդեն, որ հայ-թուրքական երկուստեք պայմանավորվածությունների ու հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղ չունի ու պետք է բացառվի Ադրբեջանի ֆակտորը:

Որ այլապես պրոցեսներն անիմաստ են ու ժամավաճառություն:

Չեք ասի, որովհետև տկար, անկամ կամակատար եք:

Իսկ իշխանական տաշտամանից սնվող փսևդոարևմտամետ զանգվածին, ովքեր տենչում են հիմա էլ Հայաստանը պորտալարով կապել Արևմուտքին, նրանց հետ կապում Հայաստանի փրկությունը, մնում է կրկին բացատրել, որ Արևմուտքը որևէ լծակ, առավել ևս ցանկություն չունի զսպելու Ադրբեջանին, իսկ Թուրքիան նրանց հավատարիմ գործընկերն է տարածաշրանում:

Միակ բանը, որն Արևմուտքն անում է վերջին երկու-երեք տարիներին՝ Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններում կրկին ու կրկին նշաձողի իջեցման գնալու, բարդ որոշումներ ու ծանր զիջումներ կայացնելու պարտադրանքն է:

Դրա մասին էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի վերջին հայտարարությունը:

Որ Արմուտքը որպես «բարի կամքի դրսևորում և անշահախնդիր օգնություն», փորձում է օգնել հայ ժողովրդին՝ դուրս բերելով նրան ռուսական ուղեծրից ու կախվածությունից:

ինչպես անկեղծ ու շիտակ ասում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ «Ղարաբաղի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից․ մենք էլ դրա կյանքի կոչման ու դիվեսիֆիկացման պայմաններ ենք ստեղծում»:

Հասկանալի է, որ վերջիններիս կոնկրետ նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելը, իրենց Ռուսաստանով փոխարինելն ու Հայաստանը որպես հակառուսական գործիք կիրառելն է:

Այդպիսինները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ պետք է այս մի կողմի հետ կապերը խզել ու կապեր հաստատել միայն այն մյուս կողմի հետ։

Ավելին՝ չեն հասկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որքան էլ որ դեմոնստրացնում են իրենց տարաձայնություններն ու անտագոնիզմը, միևնույն է, ինտենսիվ շփվում են, համաձայնությունների գալիս, հարցերին լուծումներ տալիս:

Այնպես որ անհեռատեսությունը, քաղաքական հաշվարկների բացակայությունը, քաղաքական մտքի թշվառությունը, մարտնչող տգիտությունը, անմեղսունակությունն ու գավառական շուստրիությունը տնաքանդություն է:

Իսկ մենք շարունակ այս ամենի ականտեսն ենք ու կրողը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ