«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության հայտնությունը
08.04.2024 | 19:50

(սկիզբը`այստեղ)

«ԱՀԱՎԱՍԻ՛Կ ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ԱՂԱԽԻՆԸ»
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, 27 մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: 28 Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «ՈՒրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց եւ մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: 30 Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, 33 ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է եւ Աստծու որդի կկոչվի: 36 Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս հղի է իր ծերության մեջ, եւ այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. 37 որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկա»: 38 Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից» (Ավետարան ըստ Ղուկասի, 1:26-38):
Ահա անձնուրաց խոնարհություն Աստծո Կամքի առաջ, որի արդյունքը գերազանց եղավ ողջ Տիեզերքի համար, որովհետեւ այս խոնարհությամբ Հիսու’ս ծնվեց մեզ համար, մարդկության Փրկիչը: Օրհնյա՜լ է Աստված:

-ՀԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀՈՎՍԵՓԻ
ՈՐԴԻՆԵՐՆ ԷԻՆ.
-ԻՆՉՈ՞Ի ԵՆՔ ՏԻՐԱՄՈՐԸ ԿՈՒՅՍ ԴԱՎԱՆՈՒՄ
Այստեղից ոմանք հարց են ծագեցնում, որից էլ անգիտությամբ ծնեցնում խավարամիտ հայտնի բամբասանքը, երբ ասում են, թե Մարիամը մեր Տեր Հիսուսից բացի այլ զավակներ էլ ուներ. «Սա հյուսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում. եւ սրա եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն եւ Հուդա: Եվ սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը» (Մատթեոս 13):
Եվ թյուրընթերցման պատճառով, որովհետեւ ոչ մի տեղ գրված չէ, թե Հիսուսի եղբայրները Մարիամից են ծնվել, մոլորվածներն ավելացնում են. «Հապա էլ ինչպե՞ս կարող էր Մարիամը Կույս մնացած լինել՝ այդքան զավակներ ունենալով»:
Հիշենք, որ Ավետարանը սեղմ գրվածք է, եւ լավ հովիվները պարտավոր են եկեղեցու հոգեւոր պատմությամբ էլ այն լրացնել: Ինչպես Հովհաննես առաքյալն է իր Ավետարանում ասում. «Գրեցի այնքանը, որ հավատաք Աստծո Որդուն»: Ապա ավելացնում է. «Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը» (Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 24):
Ըստ այդմ, Մայր առաքելական եկեղեցում ավետարանիչների գրի չառածների բացը լրացնում է եկեղեցու հոգեւոր հայրերի պատմությունը, որ Աստծո հուշումով ժամանակակից մեծերի կողմից շարադրվեց, որպեսզի թյուրընթերցումներից մաքուր լինենք եւ իմաստուն:
Անդրադառնանք եկեղեցու պատմությանը՝ այս կարեւոր խնդրով: Հովսեփ արդարը՝ Մարիամի նշանածը, իր մահվան ժամին Մարիամի խնամքը հանձնեց Հակոբոս արդարին, որ Հովսեփի ավագ որդին էր, ապա Խաչի վրայից Տերը Իր մոր խնամքը Հակոբոսից վերցնելով հանձնեց Հովհաննես սիրելի աշակերտին եւ նրա միջոցով՝ բոլոր առաքյալներին եւ Աստծո եկեղեցուն: Ահա նույն Հակոբոսը, Հովսեփի որդին, գիրք գրեց Հիսուսի մանկության օրերի մասին: Մեր Մովսես Խորենացին, որ առաքելական եկեղեցու պատմությունը քաջ գիտեր, հիշատակում է, որ Հովսեփ արդարը երբ տասնչորսամյա Մարիամի հետ նշանվեց՝ արդեն քառասուն տարեկան էր: Իսկ Հակոբոսի գրքից հայտնի է, որ քառասունամյա Հովսեփը մինչեւ տասնչորսամյա Մարիամի հետ նշանվելը արդեն հասուն որդիներ եւ դուստրեր ուներ, իսկ կինն էլ մահացել էր:
Սակայն Կամքն Աստծունն էր, որ Հովսեփ արդարը, Դավիթ Սաղմոսերգուի տոհմից լինելով, ինչպես Մարիամն էր նույն Դավթի տոհմից, իր կարեւոր տեղն ու դերն ունենար մարդկության փրկության գործում՝ պատսպարան ու խնամարկու դառնալով իր տոհմակից Մարիամին եւ Աստծո Որդի մանուկ Հիսուսին, որպես արդեն արյունակից հարազատների:
...Այդ ժամանակներում տաճարի սպասավորները, ովքեր արտաքուստ լավ գիտեին մարգարեությունները ըստ Եսայու. «Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ»: Եվ այդ արքայական գիտելիքը արտաքնապես ունենալով, սպասավորները, ըստ ժամանակների քննության, արդեն քանի՜ սերունդ է, որ Դավթի ցեղի աղջիկներին երեք տարեկանից սկսած՝ վերցնում էին տաճար, խնամում նրանց, լուսավորում աստվածճանաչությամբ, պաշտամունքով, հոգեւոր կարգ ու կանոններով, եւ արժանավոր անոթներ էին դարձնում նրանց՝ սպասվող սրբազան հղիության համար, իսկ երբ կույսերի տասնչորս տարին լրանում էր, եւ որեւէ մեկի մեջ հղիության նշաններ չէին տեսնում, փող էին հնչեցնում, թե կույսերին մարդու ենք տալիս, ամուրիները թող գա՛ն, նշանվե՛ն: Եվ այդ խմբի կույսերին՝ ամենքի՛ն էլ մարդու էին տալիս: Այդպես Մարիամը երեք տարեկանից սկսած՝ աշխարհից լրիվ մեկուսացած ապրեց տաճարում, հոգեւոր խիստ կարգ ու կանոնների, աղոթքների, ծոմ ու պահքերի մեջ: Ծնողների միակ զավակն էր՝ ծնված նրանց օր ծերության ժամանակ, Տիրոջ պարգեւն էր՝ ի պատասխան ծնողների հարատեւ պահեցողության եւ աղոթքների: Եվ ծնողներն էլ խոստացել էին, որ երբ մանկան երեք տարին լրանա՝ կհանձնեն տաճարին, որ միգուցե իրենց դուստրն էր կոչված դառնալու Մեսիայի մայրը:
Մարիամենց խմբի կույսերի տասնչորս տարին լրացել էր, սակայն հրեա տաճարականները կույսերից որեւէ մեկի մեջ հղիության նշաններ չէին տեսել, եւ մունետիկը ազդարարեց, որ ամուրիները գան նշանվելու: Հովսեփ արդարը, որ անվանի հյուսն էր, մունետիկի ձայնը լսեց, երբ իր գործի վրա էր: Եվ Սուրբ Հոգին իջավ Հովսեփի վրա, եւ նա հանկարծ ուրագը ձեռքից ցած նետելով՝ ակամա վազեց տաճար: Հավաքվեցին ամուրիները: Կույսերի անունները գրել էին տախտակե սալիկների վրա, եւ ամուրիներից ով սալիկ էր վերցնում, նշանվում էր այնտեղ գրված անունն ունեցող կույսի հետ: Երբ Հովսեփ արդարը վերցրեց այն սալիկը, որի վրա Մարիամ Կույսի անունն էր գրված, այդժամ նախախնամական միջնորդությունը կատարված տեսնելով՝ Աստծո Հոգին թողեց Հովսեփին, եւ Հովսեփը մարդկայնորեն փոշմանեց, որ եկել էր նշանվելու: Եվ փորձեց հրաժարվել, ասելով թե. «Ես մեծ գերդաստան ունեմ, բավական տարիք, հասուն զավակներ, ամո՛թ է ինձ համար այս երեխայի հետ նշանվել: Եվ ընդհանրապես ամուսնանալու միտք չեմ ունեցել: Չեմ էլ հասկանում, թե ինչու՛ եկա»: Այդժամ քահանաները խստորեն հանդիմանեցին Հովսեփին՝ «Չէ՞ որ ինքնակա՛մ եկար, հիմա Աստծո տաճա՞րն ես ծաղրում քո հրաժարվելով», եւ Հովսեփին բազում նախատինքներ տալով՝ Մարիամին նրան հանձնեցին: Եվ քանի որ Հովսեփն էլ էր Դավթի տոհմից, ինչպես Մարիամը, եւ իմանալով, որ Մարիամի ծնողներն էլ արդեն մահացել են, Հովսեփը, որպես Մարիամին հարազատ եւ արդար մարդ, մտածեց պահել Կույսին, որպես իր երեխաներից մեկին, եւ ապա՝ մարդու տալ: Եվ երբ Գաբրիել հրեշտակը Ավետիս բերեց սրբուհի Կույսին, Հովսեփը իր հյուսնության աշխատանքի բերումով տանը չէր, հեռու էր իր բնակավայրից: Եվ երբ ամիսներ անց տուն վերադարձավ, սուրբ Կույսին գտավ հղի, ծանրացած վիճակում: Աստծո Հրեշտակը Հովսեփին երազում այցելելով՝ հայտնեց, որ «Մարիամն է Աստծո ընտրյալ այն Կույսը, որ պիտի ծնի Մեսիային, մարդկության Փրկչին, որին սպասում էին հրեաները՝ Դավթի ցեղի կույսերին, երեք տարեկանից սկսյալ՝ տաճարում մեծացնելով»: Սակայն հարկ էր, որ Մեսիայի ծնունդը թաքուն մնար տաճարականներից, որովհետեւ հրեաները Հիսուս Քրիստոսին մարմնավոր թագավոր էին պատկերացնում եւ ոչ թե հոգեւոր եւ կամա-ակամա՝ ավելի վաղ կսպանեին Նրան, քան որ հետո պիտի նույնն անեին խաչը հանելով: Եվ նաեւ, որ Մարիամ Կույսին բամբասելու առիթ չլիներ, Հովսեփը, ըստ տաճարի նշանադրության, մարդկանց առջեւ հայտարարվեց Մարիամի ամուսինը, իսկ Հիսուսին մարդիկ ընդունեցին որպես Հովսեփի որդի: Ինչպես հրեաներն էին ասում. «Սա հյուսնի որդին չէ՞»: Սակայն Տեր Աստծուն նվիրյալ Հովսեփ արդարը այդուհետ դարձավ ամենամեծ խնամակալը Մարիամի ու մանուկ Հիսուսի, եւ պահապան հրեշտակի պես եղավ նրանց կողքին՝ բոլոր փորձությունների ու հալածանքների ժամանակ, եւ, բնականաբար, ամուսնական երկրավոր ու մեղսավոր կապ երբեւէ՛ չունեցավ Աստծո Մոր՝ Մարիամ Կույսի հետ:
Եվ Մարիամ Կույսից միայն Հիսուս ծնվեց:
Սակայն բոլոր քրիստոնյաներս ենք Մարիամ Կույսին հոգեւոր երեխաներ, քանի որ որդեգրությամբ Հիսուսի եղբայրը կամ քույրը դառնալով՝ մեր Հայրը դառնում է Ինքը՝ Հայր Աստված՝ ՄԱՐԻԱՄԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ, իսկ մեր Մայրը՝ Հիսուսի Մայրը՝ Մարիամ Կույսը, կանանցից ամենագերազանցն ու ամենաօրհնյալը:
Աստծո խոստումը կատարվեց, Հիսուս ծնվեց Դավթի տոհմի կույսից, սակայն այն հրեաները, որ չընդունեցին Մեսիային, քանի որ նրանք մարմնավոր թագավոր էին ակնկալում եւ ոչ թե հոգեւոր, Նրան սպանեցին, եւ շարունակեցին իրենց պատկերացրած մարմնավոր մեսիային սպասել՝ շարունակելով կույսերին նախ տաճարում, ապա տաճարի ավերումից հետո, ընդհատումներով, իրենց հավատքի միավորումներում մեծացնել ու մարդու տալ: Սակայն տաճարի ավանդույթները արդեն ապականված էին, եւ ապականում էին նաեւ կույսերին: Մինչեւ որ, մեր ժամանակներում, արատավոր եղանակով՝ արդեն ծնվել կամ ծնվելու է Նեռը, քանի որ Համաշխարհային բաբելոնացումը եւ Նեռի 666 նշան թիվը արդեն, 2000 թվից ի վեր՝ հայտ են:
Սա- Նեռ-սուտ քրիստոսը, այսօր աշխարհ մտնող կեղծ հիսուսը ծնվել կամ ծնվելու է մի կեղծ կույսից՝ Դանի ցեղից սատանայացած մեկի հետ թաքուն շնանալով: Եվ համարելու-հայտարարելու, եւ ստելու են ամենքին, թե իբր «Սուրբ Հոգուց է հղիացել»: Եվ այլասերման այդ ճարպիկ ու ապական պտղին մոլեռանդները դարձնելու են այսօրվա գլոբալացվող աշխարհի սուտ թագավորը, որպես «մեսիա» եւ «քրիստոս» նրան հռչակելով, քանի որ այս սուտ քրիստոսը իրենց նյութապաշտ- սատանայական նպատակներին հարմար է եւ ո՛չ թե ճշմարիտը, որ դեմ էր իրենց պղծություններին եւ որին սպանեցին խաչելության միջոցով: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր Երկրորդ Գալուստով՝ այդ սուտ քրիստոսին պիտի սատակեցնի՛, իսկ նրա կողմնակիցներին պիտի մատնի ծանրածանր պատիժների՝ իրենց արած անօրենությունների համեմատ, որովհետեւ օրհնյա՜լ է Աստված Իր խոստումներով: Ամե՛ն:
Իսկ նրանց, որ կեղծավորվում են, թե միայն Սուրբ Գրքի վկայությամբ են իրենք առաջնորդվում, եկեղեցու սրբազան պատմությունը չեն ընդունում, եւ համարում են, թե Հիսուսի եղբայրներն ու քույրերը Մարիամից են ծնվել, թեպետ Գրքում այդ մասին վկայություն չկա, նրանց համար հետեւյալ եղանակով վկայենք, ըստ Աստծո օրենքի, որովհետեւ թե Հովսեփը եւ թե, մանավանդ, Մարիամը՝ Աստծո ամենակատարյալ օրինապահներից էին.
Ըստ Աստծո օրենքի՝ կինը իրավունք ունի ամուսնանալ ամուսնու մահից հետո միայն, կամ երբ ապահարզանով ազատված է: Սակայն Հայր Աստված՝ Անմահ է, հետեւաբար եւ մարդկության լավագույն օրինապահ դուստրը, Հիսուսի Մայր Մարիամը, երբեւէ չէր ամուսնանա: Իսկ երբ Տերը իրենց կանանց թողնողներին է հանդիմանում նրանց «խստասիրտներ» անվանելով, եւ Հայր Աստծո Կամքով է այդ հանդիմանանքները տալիս, արդեն բացառված պիտի տեսնենք, որ Հայր Աստծուց Մարիամը Իր Որդուն ծնելուց հետո իբրեւ թե «արհամարհված» կամ «լքված» լիներ: Երբ Մարիամ Կույսը սկսած երեք տարեկանից մեծացավ տաճարի ամենաօրինապահ դաստիարակ հոգեւորականների ուսուցումներով եւ խրատներով: Իսկ ահա՝ կիսատ պռատ դարձի եկածները, դեռ իրենց մեղքերի մեջ խրված՝ բամբասանքի լայն բերան են բացում՝ ողջ մարդկության Փրկչին Արարչից ծնած կնոջ հանդեպ: Տերը նմաններին ամաչեցնի: Ամե՛ն:
Աշխարհում ամենավատթար բաներից մեկը բամբասանքն է, որ հաճախ առաջանում է խավարամտությունից եւ սրա զազրելի քույրերից՝ ստախոսությունից եւ շնասիրության տատ՝ նենգությունից:
Քրիստոնյաներիս մեջ սրբուհի Մարիամ Աստվածամոր բարեխոսություններին հուսադրողներիս թիվն այնքան շատ է, որ մեր ընտանիքներից, աշխատավայրերից բացի, քրիստոնյա զորքերի մեջ եթե դիտարկում անենք, զինվորների ծոցում առավել շատ կարող ենք Մարիամ Աստվածածնի նկարը՝ մանուկ Հիսուսը գրկում տեսնել, քան թե հարազատ իրենց ծնողների: Փա՛ռք Աստծո: Քանի որ նկարն ունենալը խորհրդանշան խոստովանություն է, թե մե՛նք էլ ենք Մարիամ Աստվածամոր երեխաները, մենք էլ ենք Հիսուսի եղբայրներն ու քույրերը:
... Այս գրքույկով, թեպետ մեր տկարությամբ, սակայն Աստծո Հոգու համարձակությամբ վկայեցինք, թե ինչու ենք իրավվամբ եւ խորապես պատճառաբանված՝ Աստվածամորը Կույս ընդունում, եւ դավանում որպես կենդանի Մայրը բոլոր քրիստոնյաներիս, քանի որ դա՛ է արդարը եւ ճշմարիտը:
Նմանվե՛նք Եղիսաբեթին, որ Փրկչի մորը տեսնելով, Սուրբ Հոգով աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա» (Ավետարան ըստ Ղուկասի, 1:42-43):
Նմանվե՛նք Հովհաննես սիրելի աշակերտին. «Երբ Հիսուս տեսավ մորը եւ այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-27):
Լինենք Հիսուսի սիրելի աշակերտներից՝ Տիրամորը մեր կյանքի մեջ, մեր ընտանիքներում ընդունելով: Օրհնյա՜լ է Աստված: Ամե՛ն:
(շարունակելի)

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ