«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության  հայտնությունը
08.04.2024 | 10:34

(սկիզբը` այստեղ)

«ՕՐՀՆՅԱ՜Լ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԵՎ ՕՐՀՆՅԱ՜Լ Է ՔՈ ՈՐՈՎԱՅՆԻ ՊՏՈՒՂԸ»

(Ավետարան ըստ Ղուկասի, 1:42)

Մարիամ Կույսի համար աղաղակեց Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը, որ պիտի ծներ Հովհաննես Մկրտչին:

«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-48):

Եվ եթե ոմանք սուտ հոգուց դրդված Մարիամին չեն օրհնում, ինչպես Եղիսաբեթը, ինչպես մենք՝ առաքելականներս, եւ երանի չեն տալիս, ինչպես բոլոր սերունդները, ինչպես մենք՝ առաքելականներս, ապա, երիցս անկարելի է, որ այդ վարմունքը լինի Սուրբ Հոգու առաջնորդությունից, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին Ինքն Իրեն երբեւէ հակառակ չի՛ լինում, Ինքն Իրեն հակառակ չի՛ վկայում»: Մինչդեռ Սուրբ Հոգին Եղիսաբեթի միջոցով Մարիամ Կույսի համար աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»:

Սակայն որպեսզի Մարիամը ծնվեր եւ նրանից Քրիստոս, նախորդող արժանի սերունդների մասին Քրիստոսի ծննդաբանության մեջ կարդում ենք. «Արդ, Աբրահամից մինչեւ Դավիթ բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դավթից մինչեւ Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ» (Ավետարան ըստ Մատթեոսի 1:17):

Հավատի եւ աստվածպաշտության ամենակատարյալ քառասուներկու սերընդի պտուղը եղավ Աստվածամայրը: Եվ Աստված նախ ծնեց երկրորդ, արդեն արժանավոր Եվային՝ Մարիամին, որից միայն ծնեց Երկրորդ, արդեն անարատ Ադամին, մեր ամենքի Տիրոջն ու Փրկչին:

Որովհետեւ «արմատը պիտի կատարյալ լիներ, որ պտուղը լիներ կատարյալ»:

Անհեթեթ ու կեղծ եւ դատապարտելի են այն թունավոր խոսքերը, որ իբր Աստված պատահական մեկից կամենար Հիսուսին ծնել:

ՀԻՍՈՒՍ ԼՍՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄ ԷՐ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՆԱՅԻ ՀՐԱՇՔԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

Որովհետեւ Հիսուսի մարդեղենությունը Մարիամ Կույսով էր: Եվ Մարիամն իրենով իսկ Հիսուսին փոխանցեց Դավիթ արքայի հոգեւոր ողջ ժառանգությունը:

Եվ մոր կողմից մարդ Հիսուս այդ ժառանգությամբ էր ասում.

«Ես Դավիթ արքայի Որդին եմ»:

Եվ շատ բաներ, որ Հիսուս որպես Աստված «դեռ ժամանակը չէ» ասելով՝ չէր կամենում անել, սակայն Իր գերազանց մոր մարդկային խղճմտանքին տեղի տալով՝ իրականացնում էր, ինչպես, օրինակ, Կանա քաղաքի հարսանիքում, ուր գինին չբավարարեց, եւ Հիսուս մոր ո՛չ թե խնդրանքով, այլ նրա պահանջո՛վ ջուրը գինու վերածեց.

«Այս առաջին նշանն էր, որ Հիսուս արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների եւ հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 2:1-11):

Ինչպես տեսնում ենք հարսանքատերերը անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, քանի որ գինին վերջացել էր: Եվ Տիրամայրը ո՛չ թե խնդրեց իր Որդուն, այլ պահանջեց, թե՝ «գինի չունեն»: Եվ թեպետ Հիսուս պատճառաբանեց. թե.

«Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել», սակայն մայրը վստահ էր, որ Որդին իրեն չի՛ մերժի, ուստի եւ, առանց Հիսուսից համաձայնության խոսք առնելու, մայրական երկրորդ պահանջն է առաջադրում՝ սպասավորներին դիմելու միջոցով.

«Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:

Եվ Հիսուս հրամայեց ջուր լցնել քարե վեց կարասները, որոնցից յուրաքանչյուրը հարյուր լիտրանոց էր, եւ ջուրը կարասների մեջ ընտիր գինի դարձավ:

«Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել» խոսքից կարելի է տրամաբանել, որ շատ անգամներ էր մոր պահանջ-հուշումով Հիսուս հրաշքներ գործել, մխիթարել, փրկել, օգնել նեղության մեջ ընկած մարդկանց՝ եւ այս ահռելի հրաշքը աշակերտների համար թեպետ առաջին անգամն էր, որ տեսան, բայց Որդու հրաշագործելը առաջին անգամը չէր մոր համար: Որովհետեւ մայրը քաջատեղյակ էր, որ իր Աստված Որդու համար անհնար բան երբեւէ չէր եղել եւ չկար: Եթե ոչ, չէ՛ր միջնորդի հրաշքի միջոցով ազատել հարսանքատերերին՝ գինի չունենալու խայտառակությունից:

Աստվածամոր բարեխոսող եւ միջամտող հովանին՝ այսօ՛ր էլ կարող է լինել յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում՝ եւ նույն զորությամբ, ինչպես Կանայի հարսանիքի ժամանակ: Մի մեկնություն եմ ընթերցել, որ հարսանքատերերը «Տիրամոր մերձավորներն էին»: Հարկ է մեզ լինել Աստվածամորը Հավատքո՛վ մերձավորներ:

Աստծո սրբազան եկեղեցիներում Տիրամոր բարեխոսությանը դիմելը առաջնակարգ մխիթարող տեղ ունի՝ բոլո՛ր ժամանակներում:

(շարունակելի)

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ