«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր պարտությունը

Մեր պարտությունը
28.03.2024 | 09:02

(սկիզբը` այստեղ)

Այսքանից հետո փորձենք հասկանալ, թե որն է այս բոլոր սայթաքումների, վրիպումների ու կորուստների հիմնական պատճառը:
Ժողովրդին սովորեցնելու, խրատելու, Աստվածային ճշմարտություններին ծանոթացնելու և ՏԻՐՈՋ Պատվիրանները պահպանելու ու դրանցով առաջնորդվելու նվիրական գործն ի Վերուստ վերապահված է մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Սակայն վերջին տասնամյակներում երբևէ չի եղել մի ընտրություն, որ մեր եկեղեցին կոչ աներ, որպեսզի մարդկանց ընտրեին ըստ խղճի ձայնի, ոչ թե ըստ ձեռնտուի, ընտրեին ոչ թե չարյաց փոքրագույնին այլ լավերից լավին։ Երբ չարիքների միջից ենք ընտրություն կատարում, չարիք էլ ունենում ենք, որն այսօր փոքր է թվում, բայց վաղն ուռճանում է և ահագնանում։
«Եվ ԻՄ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև» (Եզեկիել 44:23):
Եվ վա՜յ մեզ, որ նմանատիպ ընտրություններ են տեղի ունեցել նաև եկեղեցում։
Եթե եկեղեցին ճշմարիտը չսովորեցնի իրեն բաժին վիճակված ժողովրդին, ապա մարդիկ կտրվեն հաճելի ստին ու կսիրեն այն՝ ինքնախաբեության և ինքնարդարացման մտայնությամբ, թե իրենց հետ պատահելիք փորձությունների համար իրենք մեղավոր չեն, մեղավորները միայն նրանք են, ովքեր խաբել են իրենց։
Առավել ևս, երբ մեղավորներն են խրախուսվում, ապա մարդահաճությամբ աչառություն է արվում: Մեղքի հանդեպ հանդուրժանքը առավել մեծ մեղք է ծնում։
Տաճարը, եկեղեցին անմիջական պատասխանատվություն է կրում այս վիճակի համար։ Չէ՞ որ հենց եկեղեցին է հանդիսանում իր ժողովրդի ուսուցիչն ու, եթե ուսուցիչների թուլության պատճառով աշակերտները շարունակ դասերից փախչեն, ապա ի՞նչ խոսք կարող է լինել բարվոք կրթության մասին, եթե ուսուցիչը չսովորեցնի աշակերտին, ի՞նչ բարոյական իրավունք կունենա նրանից գիտելիք պահանջել ու գնահատել։
«ԵՍ էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որորվհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, ԻՄ առաջ չարություն կատարեցիք և ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք» (Եսայի 65:12):
Մեր ընտրած, ունեցած բոլոր իշխանություններն էլ հետագայում դարձան մեծ չարիք ու պատուհասներ բոլորիս ու ողջ երկրի համար: Քանի որ դրանք հիմնականում ձևավորվում էին «ձայն բազմաց՝ ձայն ԱՍՏԾՈ» կարգախոսով և առաջնորդվում էին հեղափոխական մղումներով: Եթե հեղափոխությամբ պետք է իշխանափոխություն լինի, ապա ասենք, որ ողջ Արարչագործության մեջ առաջին և ամենամեծ ապստամբն ու հեղափոխականը եղել և մնում է սատանան և մարդկանց մեջ էլ բոլոր այդպիսի տրամադրությունները նրանից են ծագում: Իսկ եթե ոմանք կպնդեն, թե բազմության ձայնը դա ԱՍՏԾՈ Ձայնն է, ապա այդ դեպքում պետք է ենթադրել, որ Մովսեսի ժամանակ, երբ ժողովուրդը ԱՍՏԾՈՒՆ ուրանալով ոսկե հորթ էր սարքում ու պաշտում, դա էր հենց ԱՍՏԾՈՒ կամքը: ՏԷՐԸ մեզ պարզապես ազատ կամք է շնորհել և ինքներս ենք մեզ ցանկացած բարդությունների մեջ գցում։
Այսպես է ասում ՏԷՐԸ. «Վա՜յ ձեզ, ապստամբ որդիներ, քանզի խորհուրդ եք անում, բայց ոչ ԻՄ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ ԻՄ ՀՈԳՈՎ, մեղքերի վրա մեղքեր եք բարդում: Առանց ԻՆՁ հարցնելու գնում եք եգիպտացիների երկիրը՝ Փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու: Բայց Փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապավինելը՝ նախատինք» (Եսայի 30:1-3):
Եթե դիմենք ՏԻՐՈՋԸ, ԻՆՔԸ մեզ համար ի հայտ կբերի և՛ Լուսավորչի զարմից Մովսեսի նման առաջնորդ հայրապետ և՛ Տրդատ արքայի զարմից՝ պետության առաջնորդ։ ՈՒրեմն հարկ է, որ ազգովի կոտրված սրտով, խոնարհ հոգով ՏԻՐՈՋ առջև ապաշխարենք ու աղաղակենք, որ ՆԱ մեզ դուրս բերի այն փակուղուց, որում հայտնվել ենք մեր մեղքերի պատճառով։ Իսկ ովքեր կասեն, թե մենք աշխարհի ամենաանմեղ, արդար, բարի, արժանավոր ժողովուրդն ենք և ապաշխարությունը մեր համար չէ, հենց նրանք էլ դևերի սպասավոր են ու ծառա, կապ չունի դա կլինի աշխարհիկ, թե՛ հոգևորական։ Եվ այս դարձը պետք է իրականացնել հնարավորինս կարճ ժամանակում, մի՞թե չենք տեսնում ինչպիսի խելահեղ ժամանակաշրջանում ենք ապրում, չի կարելի թմբիրի մեջ ընկած բաց թողնել վերջին հնարավորությունը կանգ առնելու և շրջվելու դեպի վերջնական գահավիժում տանող մեր այս ընթացքից։
Մենք ազգովի պետք է ասենք «հրաժարիմքը» և իրոք հրաժարվենք մեր անցած կյանքի ընթացքում կատարած ու թույլ տված ամեն արատավոր բարքից ու վարքից, մեր սխալներից ու շեղումներից և ինքներս պետք է իրականացնենք հանրային ու հրապարակային դատը բոլոր այն կեղծ փրկիչների ու առաջնորդների՝ լևոնների, ռոբերտների, սերժերի, նիկոլների և այլոց, որ ձախողեցին ՏԻՐՈՋ Ճանապարհով դեպի ՆՐԱ Փրկչական Լույսն ու Փարոսը մեր ընթացքը:

Ի խորոց սրտի պետք է արվի այդ հրաժարումը՝ ի նշան ու խոստում այն բանի, որ ազգովի հրաժարվում ենք մարդկային այդ տեսակից, մերժում ենք և մերժելու ենք այդպիսի առաջնորդներին, նրանց ճանապարհը՝ հիմա ու հետագայում և, որ ինքներս էլ նրանց այլևս չենք նմանվելու։ Թե չէ մնալով մեր սին հպարտության ու մեծամտության մեջ, շարունակ կմտածենք, թե մենք լավն ենք ու մենք ենք, որ կանք։
«Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, ամբարտավանների մեծամտությունը պիտի խոնարհեցնեմ» (Եսայի 13:11)։
Տիրոջ լուծումները աներևակայելիորեն ամենալավն ու ամենաճիշտն են՝ իրենց հրաշալի պարզությամբ ու թեթևությամբ։ Չէ որ նույնիսկ բոլոր բռնակալների սրտերն էլ ՆՐԱ Ափի մեջ են, ինչպես դա նկարագրվում է Մակաբայեցիների Գ գրքում, որում հրեա ազգի միաբան աղոթքի ու ապաշխարության արդյունքում ՏԷՐԸ երեք օրում երեք անգամ փոխում է Անտիոքոս արքայի մտադրությունը՝ հրեա ժողովրդի համար արյունռուշտ թշնամուց նրան վերածելով ամենահոգատար հովանավորի ու պաշտպանի։
Փորձենք ազգովի կամ գոնե նրա իրոք հավատացյալ հատվածով գնալ ՏԻՐՈՋ Ճանապարհով, ապրել ճշմարիտ Քրիստոնեային վայել կյանքով: Չէ՞ որ քրիստոնեությունը քաջերի հավատն է, քանի որ կա հավատ անմահ հոգու հավիտենական կյանքի, կա հավատ, որ մահվամբ մարդն իսպառ չի վերանում Արարչագործության միջից, կա հավատ, որ կլինի հանդիպում մեր ԱՐԱՐՉԻ հետ, կա հավատ, որ ժամանակը չունի իշխանություն հոգու վրա, կա հույս Երկնային Արքայության, և ուրեմն չկա վախ մահից: Այդպիսի մարդիկ ունեն գիտակցություն, որ մահն ընդամենը հավիտենականության սկիզբն է: Նման հավատով զինված մարդիկ, ազգերն ու ժողովուրդները լինում են քաջ, անվախ, որովհետև մեր կյանքի ամենամեծ սարսափը՝ կյանքը կորցնելու վտանգից ծնված վախը, նրանց մեջ նվազագույնի է հասնում։ Իսկ վախն ու վախկոտությունը հետևանք են բոլոր մահացու մեղքերի:
Հենց այս ոգով տոգորված մեր նախնիները դրսևորեցին քաջության, հերոսության, անձնազոհության վառ օրինակներ՝ մեր պատմության տարբեր քառուղիներում։
Այսպես է ասում ՏԷՐԸ. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի ՏԻՐՈՋ դեմ» (Երեմիա 17:5):
ՏԷՐԸ մեր անկախության տարիներին շարունակ մեզ ցույց է տվել, թե որն է իրական զորությունը և, թե՛ որտեղից և ումից պետք է ակնկալենք մեզ համար աջակցություն, իրական օգնություն և զորակցություն:
Հույս կապեցինք Եվրոպայի հետ՝ խաբվեցինք:
Հույս դրեցինք Ամերիկայի վրա՝ ձախողվեցինք:
Հույս ունեցանք ռուսների հանդեպ՝ վաճառվեցինք:
Հույս դրեցինք միջազգային կազմակերպությունների վրա, փուչ դուրս եկան:
Հույս ունեցանք մեծ և փոքր հեղինակավոր անհատների հետ՝ անզոր գտնվեցին:
Հույս կապեցինք տարբեր կուսակցությունների հետ՝ ի դերև եղան:
Հույս փայփայեցինք մարդկային արդարության հանդեպ՝ ապարդյուն եղավ:
Մի՞թե խելամիտ կլինի այն մեկը, ով հայտնվելով փոթորկալից հողմապտույտի մեջ, կփորձի ձեռքը մեկնել աջ կամ ձախ՝ փրկություն ստանալու ակնկալիքով, չէ՞ որ փրկությունը միայն Վերից կարող է լինել և ինչպես Հովնան մարգարեն կետի փորում աղոթեց ու փրկվեց, նույնն էլ հարկ է, որ նա անի:
Այս ամենը ՏԷՐԸ թույլ տվեց, որ մեր հանդեպ տեղի ունենան, որ վերջապես ըմբռնենք, թե մեզ համար գոյություն չունի որևէ այլ հույսի Աղբյուր՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՑ բացի, որպեսզի հասկանանք ՆՐԱ Գոյության Անհրաժեշտությունը մեր ամենօրյա կյանքում, ՆՐԱ Զորության Գործունեությունը, Միանշանակությունը մեզ համար և մեր հոգու, մտքի, սրտի մեջ ՆՐԱ մշտական ներկայության գիտակցության հրամայականը:


Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Միաբանություն վասն ապաշխարության

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ