«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանուն Աստծո եւ ըստ Նրա կամքի

Հանուն Աստծո եւ ըստ Նրա կամքի
17.03.2024 | 20:57

«Արդ, որեւէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց» (Մարկ. 10; 9):

Մարդկային կյանքն իր ամբողջության մեջ, այդ թվում՝ ամուսնական կյանքն ու դրա մեջ առկա հարաբերություններն ունեն հստակ ձեւակերպված ու աստվածային կամքով սրբագործված կարգավորումներ:
Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են այն մարդուն, որը փորձում է իր կյանքն ապրել ու համապատասխանեցնել այդ աստվածային կամքին:
Սուրբ Գրքից ու սրբազան ավանդությունից բխող բոլոր այդ կարգավորումները մեկ նպատակ ունեն. մարդու ընտանեկան կյանքը պահել սրբության ու արդարության ուղու մեջ: Մարդու ընտանեկան կյանքը դրվում է այդ ուղու վրա Պսակի Սուրբ Խորհրդով: Նորապսակները ստանում են Եկեղեցու խորհուրդն ու հորդորը՝ միշտ ու հարատեւ մնալ այդ սրբության ծիրի մեջ. զգուշանալ ընտանեկան կարգը խաթարող մոլություններից ու գայթակղություններից, հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջեւ իրենց իսկ տված խոստումներին, սիրել միմյանց անկեղծ ու անշահախնդիր սիրով, ընդունել իրենց միությունն իբրեւ աստվածային կամքի ուղիղ իրականացում: Այս բոլորը պահանջում է համապատասխան մակարդակի լրջմտություն եւ պատրաստակամություն նորապսակներից: Եթե այդ լուրջ մոտեցումը բացակայում է, ապա ճանապարհ է բացվում ընտանեկան անդորրն ու միությունը խաթարող հակառակությունների, վեճերի, անվստահության ու միմյանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի: Այս ամենը ժամանակին չկանխելու ու դրանց հետեւանքներն իմաստությամբ ու սիրով չվերացնելու դեպքում հավանական է դառնում մեր օրերի ամենամեծ ու ահագնացող բացասական երեւույթներից մեկը՝ ամուսնալուծությունը: Այն բոլոր դեպքերում համարվում է շատ անցանկալի ու ծայրահեղական միջոց՝ անդորրը վերականգնելու եւ հետագա ավելի ոչ ցանկալի ելքերը կանխելու համար: Եկեղեցում արձանագրվում են հավանական հանգամանքները, որոնց դեպքում հնարավոր է լինում եկեղեցական բարձրագույն իշխանության կողմից արտոնել պսակադրված զույգին դադարեցնել իրենց համատեղ կեցությունը՝ հույսով ու խրատով, որ ապագայում բոլոր բաժանարար պատճառները կգտնեն իրենց դրական հանգուցալուծումը, եւ միությունը կվերականգնվի: Այդ կարգերը եւս մեծավ մասամբ բխում են Սուրբ Գրքից, մասնավորապես՝ Հին ՈՒխտից ու Ավետարանից: Սրանք թեեւ բավական հստակորեն են արձանագրված, բայց մշտապես ենթակա են եղել այլազան մեկնաբանությունների ու թյուրիմացությունների: Սրա պատճառը եղել է այն, որ Օրենքը մեկնաբանողները ոչ թե ջանացել են հասկանալ դրա ոգին ու միտումը եւ գտնել դրանում Աստծո իրական կամքը, այլ ձգտել են Օրենքը հասկանալ իբրեւ անհոգի մի գրվածք, որ պահանջում է զուտ տառացի իրականացում բոլոր կարգերի: Ավետարաններից մեզ քաջ ծանոթ այս վարքագիծը մենք հատկապես հանդիպում ենք Օրենսգետների ու Փարիսեցիների կրոնական համայնքների ներկայացուցիչների մոտ: Նրանցից շատերի հանդիպումներն ու զրույցները Հիսուսի հետ նկարագրված են Ավետարաններում: Այդպիսի մի նկարագրության մենք հանդիպում ենք Մարկոսի Ավետարանի տասներորդ գլխում: Կարելի էր ենթադրել, որ կրոնական այդ հոսանքների ներկայացուցիչները այդպիսի հարցադրումներով մոտենում էին Հիսուսին՝ Նրա կարծիքը իմանալու եւ իրենց կարծիքի հետ համադրելու համար: Բայց իրականությունը բոլորովին այլ էր. նրանց միտումը անկեղծ չէր: Նրանք գիտեին ժողովրդի ունեցած նախանձախնդրությունն Օրենքի հանդեպ եւ փորձում էին այդպիսի հարցադրումներով վարկաբեկել Հիսուսին՝ մովսիսական Օրենքի նկատմամբ Նրա կարծեցյալ հակադրությունները ի ցույց հանելու համար: Փաստորեն, Օրենքը, որ տրվել էր Աստծու կողմից մարդկային կյանքը բարելավելու եւ Իր կամքին համապատասխան դարձնելու համար, այս դեպքում օգտագործվում էր մարդկային հակասությունների մեջ առավելություն ստանալու եւ ժողովրդի աչքին թվացյալ համակրանք շահելու համար: Ցանկացած պատասխան, որ Հիսուս կհնչեցներ այդ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող կարծիքներից մեկի համապատասխան, թույլ կտար նրանց մեկ ուրիշ մեղադրանք ներկայացնելու՝ հակադրվելով այդ կարծիքին: Բայց, քանի որ Տերը սրտագետ է եւ անմիջապես նկատում է նենգամիտ աճպարարությունը, որ անում էին այդ դեպքում փարիսեցիները, Նա վեր է կանգնում գոյություն ունեցող մարդկային կարծիքներից ու նեղ անձնական մեկնաբանություններից եւ նրանց միտքը վերադարձնում է ոչ թե Օրենքի տառին ու դրա ուղղակի ընկալմանը, այլ այն աղբյուրին, որից որ բխում էր այդ օրենքը, այսինքն՝ Աստծուն եւ Նրա կամքին: «Այն, ինչ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի». հստակ է ու անբեկանելի: Եթե փորձենք ավելի բացել այս միտքը, ապա պիտի հասկանանք, որ հավատացյալ ու աստվածավախ մարդու համար կյանքի հանգամանքներում որպես ուղեցույց պետք է ընդունվի ոչ թե իր անձը, իր շահերը, իր հաճույքները, այլ Աստծո կամքը ու դրա գերակայությունը մարդկային կամքի հանդեպ: Մասնավորեցնելով այս գաղափարը ամուսնության հանգամանքի համար, պիտի գիտակցենք, որ սկսած կողակցի ընտրության, նրա հետ հարաբերությունների ձեւավորման, կյանքի կարեւորագույն որոշումներից մեկի՝ ամուսնության առաջարկ անելու կամ այն մերժելու որոշումն ընդունելուց, հետագայում ներընտանեկան հարաբերությանների հաստատման՝ այդ թվում ոչ միայն կողակցի, այլեւ ծնողների, երեխաների հետ. այդ բոլոր կենսական հանգրվաններում հավատացյալը պետք է գիտակցությունն ունենա այն բանի, որ ինքն այդ ամենն իրականացնում է ոչ թե եւ ոչ միայն իր կյանքի, շահի, հաճույքների, ակնկալիքների համար, այլ՝ հանուն Աստծո եւ ըստ Նրա կամքի: Այսպիսի մոտեցման պարագայում հավատացյալը նախօրոք ապահովագրում է իրեն բազմաթիվ թերություններից ու սխալներից, որոնք կարող են ճակատագրական ու անդառնալի լինել իր ամուսնական կյանքի համար: Քրիստոնյայի ողջ կյանքը պետք է ծառայի Աստծո անվան փառավորմանը, եւ ամուսնական հարկը պետք է լինի այն սրբազան խորանը, որտեղ հատկապես պայծառ ու հստակ պետք է շողան այդ փառքի շողերը: Իսկ եթե մենք պետք է մոռանանք այս կարեւոր նշանակությունն ամուսնական կյանքի եւ դրան վերաբերվենք եսասիրական դիտանկյունով, ապա այն երջանկությունն ու հոգեւոր բերկրանքը, որ մեզ համար նախատեսվել էր Աստծո կողմից, հեռանալու է մեր կյանքից աննկատ ու անդառնալի կերպով:

Դրախտում Աստված բնակեցրեց ամուսնական առաջին զույգին՝ Ադամին եւ Եվային: Նրանք այնտեղ անհոգ էին եւ մեծապես անհաղորդ այն դժվարություններին, որ այսօր լցնում են մարդկային կյանքը: Նրանք ունեին երջանկություն եւ հոգեւոր բերկրանք, որի նկատմամբ անուշադիր եղան ու թույլ տվեցին, որ իրենց կյանքից ներս սողա օձը՝ իր բաժանարար ու կործանիչ խրատներով: Նրանք ականջալուր եղան այդ խրատներին, եւ բաժանումն ու կարծանումն արեցին իրենց սեւ գործը: Սա օրինակ եւ նախազգուշացում պետք է լինի մեզ բոլորիս համար, որպեսզի ուշադիր լինենք մեր անձերի, մեր ընտանիքների, մեր ընկերային հարաբերությունների հանդեպ եւ մշտապես ձգտենք փնտրել ու ճանաչել Աստծո կամքը եւ ուղղորդվել դրանով: Սա ամենագործունյա եւ ապահովագույն միջոցն է՝ սխալներից խուսափելու եւ աստվածահաճո ամուսնական կյանք վարելու համար:


Տեր Պարգեւ քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի Հոգեւոր Հովիվ

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ