«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարդ ծնվելն արդեն առաքելություն է

Մարդ ծնվելն արդեն առաքելություն է
13.03.2024 | 09:25

«Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի: Իմ բերանը հաստատեց ինչպես սուր սուսեր եւ ինձ թաքցրեց Իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ եւ թաքցրեց Իր կապարճում» (Ես. 49; 1):
Առաքելությունը մարդու ընթացքն է դեպի Աստծո կողմից նախասահմանված նպատակը, եւ այդ ընթացքը սկսվում է դեռեւս մայրական արգանդից:
«100 տարի «ապրես»-ն ու ծոռներ «ունենաս»-ը» բարեմաղթանք է, 100 տարի ապրելն ու ծոռներ ունենալը՝ օրհնություն, բայց սրանցից ոչ մեկը առաքելություն չէ: Մենք գիտենք, որ «մահը մերն է մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ», սակայն մարդու գործը նրա լավ ու վատ, չար ու բարի արարքները չեն սոսկ, մարդու գործը նրա առաքելությունն է: Մարդը կյանքի է կոչվում եւ կայանում առաքելությամբ:
«Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ Ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի» (Եր. 1; 5): Մարդ ծնվելը արդեն առաքելություն է, որովհետեւ Մարդ լինելը ամենադժվար գործունեությունն է: Սակայն այն հեշտանում է, երբ գիտակցում ես, որ ոչ միայն սպասված ես, այլեւ՝ կանչված՝ կոչված որոշակի նպատակի համար, եւ Մարդ է այդ կոչումը:

«Դու՛ հանեցիր ինձ արգանդից, իմ հույսը դարձար մորս կաթով սնվելու օրից: Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ» (Սաղմ. 21; 10, 11):

«Քե՛զ կռվան ունեցա ես արգանդից, մորս որովայնից Դու՛ ես իմ ապավենը, եւ հարաժամ Քեզնի՛ց է իմ օգնությունը» (Սաղմ. 70; 6):
Սակայն մեծագույն կոչումը քրիստոնյա կոչումն է: «Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց խնդիրն այն է, որ հետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով» (Փիլ. 3; 13-14):

«Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին եւ մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ» (Եփ. 4; 1-4):

«ՈՒստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ պահեք» (Բ Պետր. 1; 10):

«Ահա թե ինչու միշտ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հավատի գործերը՝ զորությամբ, որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեր մեջ, եւ դուք փառավորվեք Նրա մեջ՝ մեր Աստծու եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն» (Բ Թես. 1; 11-12):
Մինչեւ այսօր գիտական միտքը փնտրում է՝ «ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից» հարցի պատասխանը, որը գտնվում է վաղուց մերժված գրականության՝ Սուրբ Գրքի մեջ:
Մարդը կենդանիներից տարբերվում է ծագումով, որովհետեւ աստվածազարմ է. «Եւ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1; 27):
Տարբերվում է ստեղծման կերպով, որովհետեւ միայն մարդուն Աստված ստեղծեց, ինչպես մի արհեստավարժ բրուտ, շնորհալի քանդակագործ կամ հմուտ վիրաբույժ, ասես, Իր ձեռքերով՝ Սիրով եւ Նվիրումով.

«Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդը եղավ կենդանի էակ: Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, եւ սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ» (Ծննդ. 2; 7, 21-22):
Եւ տարբերվում է իր համար նախասահմանված նպատակով. «Աստված ասաց. -Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա: Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդ. 1; 26, 2; 15):
Մտավորականը, որ հավակնում է լինել մարդկության իմաստությունն ու խիղճը, չպետք է փորձի փոխել մարդուն, նա պետք է փնտրի մարդուն՝ Աստծո պատկերը: Մտավորականը պարտավոր է ցույց տալ մարդուն դեպի ինքն իրեն վերադարձի ճանապարհը, պետք է պարգեւի մարդու սրտին այն բախումը, որը կբացի այդ սիրտը ճըշմարտության առջեւ, իսկ դրա համար մտավորականն ինքը պետք է իմանա ճանապարհը եւ ճանաչի ճշմարտությունը, որպեսզի կարողանա չսպանել:
Մարդը կարող է ազատ կամքով հրաժարվել իր առաքելությունից, որովհետեւ այն կարող է լինել այնքան տառապալից, բայց հրաժարվելով տառապանքից՝ նա փաստացի հրաժարվում է հավիտենական փառքից:
Այսպես, կենդանիները կարող են խոսել, ստեղծագործել, հուզվել, արտասվել, լինել հավատարիմ կամ անհավատարիմ, կարող են խաբել, սպանել, գողանալ կամ իրենց զգալ աշխարհի տերեր ու իշխանաց իշխաններ, կարող են ունենալ պարտքի ու պատասխանատվության զգացում, ծառայել ու անվերապահորեն նվիրվել, անգամ կարող են մտահոգվել, կարեկցել, կարոտել ու տառապել, սակայն այս ամենը նրանց դարձնում է մարդանման, բայց ոչ՝ մարդ:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ