«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարդկությունը կհայտնվի մի մեծ թակարդի մեջ

Մարդկությունը կհայտնվի մի մեծ թակարդի մեջ
11.03.2024 | 19:25

«Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը»
(Մատթ., 24;15)

Մենք ապրում ենք սարսափելի ժամանակների մեջ:
Սուրբ Գրքի մարգարեական խոսքերն այլևս բացված և իրականացման ճանապարհին են:
Այն ժամանակվա մարդը, նաև մենք 10-15 տարի առաջ չէինք պատկերացնի, որ աշխարհում կօրինականացնեն այլասերվածությունը, կսեռափոխեն մարդկանց, որ ամենավտանգավորն ու սարսափելին է, առանց ծնողի գիտության կսեռափոխեն երեխաներին, մանկապարտեզներում, դպրոցներում այլասերվածության մասին դասաժամեր կլինեն:
«Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ եւ արգելք մի՛ եղեք նրանց, որովհետեւ Աստծու Արքայությունը այդպիսիններին է» (Մարկոս 10;14):
«Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով, գայթակղություններ պետք է, որ գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18; 7):
Այսօր մենք մեր աչքերով ենք տեսնում այդ ամենը:
«Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգու՛յշ եղեք, չխռովվեք, որովհետեւ պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորություն՝ թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց» (Մատ. 24; 4-8):
Շատերը կասեն, թե առաջ էլ են եղել նման բաներ: Հնում, երբ մի երկրում պատերազմ է եղել, մինչև լուրը հասել է հարևան երկիր, տևել է շաբաթներ, անգամ ամիսներ, իսկ այսօր ուղիղ եթերով, ճիշտ նույն ժամին դու տեսնում և լսեում ես թե՛ պատերազմի ձայների, և թե՛ աղետների մասին: Ըստ համաշխարհային հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ վերջին 10 տարում աշխարհում 57 անգամ ավելացել է աղետների թիվը, իսկ պատերազմների ձայների և մարդկանց անմարդկային հարաբերությունների մասին իմանալու համար անգամ հետազոտություններ էլ պետք չեն:
«Եւ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ 24;12). մի՞թե այսօր այդպես չէ:
«Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծու ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի» (Մատթ 24; 24-25):
Այսօր բազմաթիվ ու բազմաբնույթ սուտ քրիստոսները՝ աղանդավորները, սատանայի թելադրանքով ասպարեզ են եկել և բզկտում են Քրիստոսի հոտը: Բայց Քրիստոս նախապես զգուշացրեց. «Ահա ձեզ առաջուց ասացի»,- այլևս ոչ մեկ աղանդավոր ու մոլորեցնող չունի արդարացում և նա ստրուկն է սատանայի, ուստի և՝ դժոխքի ենթակա արարած:
Հայտնության գրքում խոսում է մեծ Բաբելոնի մասին.
«Եւ հրեշտակը առավ տարավ ինձ անապատ՝ Հոգով. եւ տեսա մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով: Եւ այն գազանը, որին տեսա, ուներ յոթը գլուխ եւ տասը եղջյուր: Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ եւ զարդարված էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր իր գարշելի եւ անմաքուր պոռնկությամբ: Եւ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների: Եւ տեսա այդ կնոջը՝ հարբած սրբերի արյունից եւ բոլոր վկաների արյունից» (Հայտ. 17; 3-6) (նաեւ՝ Հայտ. 17; 6-18):

«Այնուհետեւ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ ուներ մեծ իշխանություն. եւ նրա փառքից երկիրը լուսավորվեց: Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Ընկա՜վ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ: Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»:
Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին եւ չընդունեք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը դիզվեցին հասան մինչեւ երկինք»:
ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որտեղ աշխարհի բոլոր երկրներից ու ազգերից մարդիկ են ապրում և բոլորը խոսում են մեկ լեզվով՝ անգլերեն: Մենք գիտենք, որ Բաբելոնում էլ մարդիկ մեկ լեզվով էին խոսում: Այսօր ԱՄՆ-ում՝ այս նոր Բաբելոնում, անառակությունը, այլասերվածությունը, թմրամոլությունը... ինչքան զազրելի ու Աստծուն ատելի մեղք գիտենք, կամ լսել ու չենք լսել, կա:
ԱՄՆ-ի Դետրոյդ նահանգում սատանայի քանդակ-պատկերը անգամ դրեցին:
«Եւ տեսա, որ ծովից մի գազան էր ելնում. նա ուներ յոթը գլուխ եւ տասը եղջյուր. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյալից մի անուն» (Հայտ. 13;1-3):
G7 երկրների միություն կա, որոնք տարեկան մեկ-երկու անգամ հավաքվում են և աշխարհի մասին իրենց ճանապարհային քարտեզն են գծում ու որոշում, թե ինչպես իրագործեն:
Այդ ծրագրերն իրագործվում են իրենց ներսում գտնվող միություն պետությունների միջոցով:
ԵՄ- ում գտնվող առաջատար 10 երկրները G7 կոչված կազմակերպության որոշումներն իրագործում են իրենց ներսում և ամբողջ աշխարհում G7-ի գըլխավորությամբ և հսկողությամբ:
Հայտնության Գրքում խոսվում է նաև կարմիր գազանի մասին. «Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր. բայց նրա մահացու վերքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը տվեց նրան իր թագավորությունը» (Հայտ. 13;3):
Կարմիր գազանը ԽՍՀՄ-ն է, որ վերականգման ճանապարհին է:
Առաջին քայլն արվեց. Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության ստեղծումը, որը քիչ-քիչ կտարածվի մնացած նախկին ԽՍՀՄ պետությունների վրա:
Այնուհետև գազանի արձանը պիտի խոսի. «Եւ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի...»,- այսօր խոսում է գազանի արձանը՝ արհեստական բանականություն կոչվածը:
Մեր ընթերցողները կհիշեն, որ երբ «Սոֆիա» կոչվող մարդակերպ ԱԲ-ին հարցրեցին, թե՝ ինչ կանես մարդկությանը, նա ասաց, որ կկոտորի բոլորին:
Ապա դրոշմի՝ սատանայի կնիքի մասին է խոսում. «եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրա: Եւ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. եւ նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտ. 13; 16-18):
9.11.2001-ից սկսած ԱՄՆ-ում, այսօր նաև Եվրոպայում մեծ թափով գովազդվում է չիպավորումը: «Ահաբեկված» մայրերը խոսում են համատարած չիպավորման «հիմնավորված» անհրաժեշտության մասին. երեխաներին կարելի է վերահսկել և պաշտպանել վտանգներից: Օբամայի օրոք ԱՄՆ-ում նրա հովանավորությամբ սկիզբ դըրվեց «very cheap» սոցիալական բժշկական փաթեթին, որը «երաշխավորում է» հարաժամ հոգատար խնամատարություն և առողջ ծերություն: Այդ մասին մենք բազմիցս գրել ենք «Իրատեսում»:
Մարդկությունը կհայտնվի մի մեծ թակարդի մեջ, երբ այլևս թուղթ դրամը կդառնա թիվ, իսկ մարդը՝ գազանի համակարգի հլու հեղույս՝ անկամ, անհույս :

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ