ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վախն Աստծուց վախկոտություն չէ

Վախն Աստծուց վախկոտություն չէ
05.03.2024 | 19:44

2023 թ. դեկտեմբերի 25-ի irates.am կայքում հրապարակված «Ինչու՞ է Մայր Աթոռը խուսափում ապաշխարությունից» վերնագրված նյութում այն հարցին, թե ինչու՞ Հայոց առաքելական եկեղեցին չի առաջնորդում ապաշխարության, բերվել էին մի քանի հավանական պատճառներ: Այժմ հարկ է ավելացնել ևս մեկը, որը նույնպես իրավունք ունի հավանական համարվելու, մանավանդ, որ այդպես մտածելու բավական լուրջ հիմքեր կան:
Տարիներ առաջ, 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերն էին, ողջ հայությունը տագնապի ու ազգային ոգու վերելքի ապրումների մեջ, ձեռնարկում էր հնարավորն ու անհնարինը՝ թշնամու ագրեսիայի դեմն առնելու համար: Հեռու չէր մնում նաև Հայոց Առաքելական եկեղեցին՝ իր բազում հավատացյալներով հանդերձ: Մի խումբ հավատավոր մարդկանց անունից երջանկահիշատակ Խաչիկ Ստամբոլցյանը հանդիպում է Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներից մեկին և առաջարկում, որպեսզի Ս. Էջմիածինն ուղերձով համախմբի ողջ հավատավոր ժողովրդին միասին ու միաբանված աղոթք անելու մեր երկրի, ժողովրդի, բանակի, Արցախի պաշտպանության ապահովության ու ՏԻՐՈՋ զորակցության ակնկալիքի համար: Այդ հոգևորականը, որն իր ազդեցությամբ առաջնային դերակատարում ունի առ այսօր, պատասխանում է, թե ի՞նչ եք ասում, եթե մենք ժողովրդին հրավիրենք աղոթքի, մեր թշնամիները կմտածեն ու կասեն, թե տեսեք հայերն ինչ խղճալի ու անելանելի վիճակում են հայտնվել, որ անզորությունից իրենց վերջին հույսը դրել են ԱՍՏԾՈ վրա ու մեզ կծաղրեն, մի՞թե կարելի է այդպիսի բան թույլ տալ, այդպես մեր ժողովրդի հեղինակությունը համաշխարհային հանրության առջև խիստ կտուժի ու ամոթահար կլինենք: Ահա թե ինչպես է մտածել վայ հոգևորականն այն ժամանակ:
Բայց ես, ՏԷ՛Ր, հույսս դրի ՔԵ՛Զ վրա՝ ասելով. «ԴՈՒ ես ԱՍՏՎԱԾՆ իմ, և ՔՈ Ձեռքում է իմ ժառանգությունը: Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից և իմ հալածիչներից: Ցո՛ւյց տուր Երեսդ ՔՈ այս ծառային, պահպանի՛ր ինձ, ՏԷ՛Ր, ՔՈ Ոողորմությամբ»: ՏԷ՛Ր, ամոթով թող չմնամ, որ ՔԵԶ դիմեցի, թող ամբարիշտներն ամաչեն ու դժոխք իջնեն (Սաղմոս 30:15-18):
Այդպիսի հոգևորականների մոտ, տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Մայր Աթոռի հոգևոր ղեկավարության և հանրության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ևս մի նմանատիպ հանդիպման ժամանակ տարբեր խնդիրների ու հարցերի անդրադառնալու ընթացքում խոսք է եղել նաև մեր ժողովրդի կամ նրա հավատացյալ հատվածի հավաքական ապաշխարության անհրաժեշտության մասին: Դրան ի պատասխան, նույն այդ հոգևորականը արտահայտել է իր այն կարծիքն ու դիրքորոշումը, թե գիտե՞ք, նման նուրբ խնդրին անդրադառնալուց պետք է լինել խիստ զգույշ, որովհետև, երբ մեր եկեղեցին սկսի առավել շատ խոսել ապաշխարության անհրաժեշտության մասին և փորձի դա իրականացնել, ապա մեր թշնամիները կհայտարարեն, թե տեսե՛ք, այս հայերը որքան մեղավոր ժողովուրդ են և այդ ֆոնին իրենք իրենց կարդարացնեն ու կներկայանան որպես մեղավորներին պատժողներ ուստի պետք է դրսևորել լուրջ նրբանկատություն ու զգուշություն:
2020 թ. խայտառակ կապիտուլիացիայից հետո, երբ երկու հավատացյալ եղբայրներ հանդիպեցին Մայր Աթոռի ղեկավարության հետ և հարց բարձրացրին ժողովրդին ապաշխարության ուղղորդելու անհրաժեշտության մասին, ստացան այսպիսի պատասխան.

«Ինչպե՞ս կարելի է զոհվածների ընտանիքներին, նրանց ծնողներին ասել, թե ձեր զավակները զոհվեցին նաև ձեր մեղքերի պատճառով, առանց այդ էլ նրանք ծանր հոգեկան վիճակում են»:

Մի՞թե ժողովրդի նկատմամբ սա մարդահաճության դրսևորում չէ, մի՞թե սա բարձրաստիճան հոգևորականի կամ ճշմարիտ հովվի խոսք է:
Մարդու՛ որդի, ԵՍ քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա, երբ խոսք լսես ԻՄ բերանից, նրանց զգուշացրո՛ւ ԻՄ կողմից: Երբ ԵՍ ամբարիշտին ասեմ.

«Անպատճառ պիտի մեռնես», դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի: Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ (Եզեկիել 3:17-18):
Ստացվում է, որ ըստ այսպիսի «հովիվների», մեր ժողովրդի համար ՏԻՐՈՋՆ ապավինելու աղոթքը թուլության նշան է, ապաշխարությամբ մեղքերի բեռից ազատվելն ու մաքրվելը՝ ամոթ:
Ակամա հարց է ծագում, որը ցանկալի է ուղղել այդպես մտածող, ՏԻՐՈՋ Զորավոր Խաչը կրծքին կրող, կուսակրոնության ուխտ արած, հոգևորականի զգեստ հագած, գուցե նաև Աստվածաբանական կարևոր թեզ պաշտպանած, Աստվածաշունչ ուսումնասիրած, բանիմաց ամեն մեկին, իսկ ի՞նչ կմտածի հեց ԻՆՔԸ՝ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍԸ մեր մասին, որ շարունակ խուսափում ենք ԻՐԵՆ դիմելուց, ապավինելուց, ու ի վերջո, հավատալուց և հուսալուց: Եվ հաջորդ հարցը, որ սրանից է բխում, ինչո՞ւ մյուս հոգևորականները չեն կանխում այդպիսի աստվածամարտ ու կործանարար մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչու՞ են լռում, թե՞ այս պարագայում գործում է լռությունը համաձայնության նշան է սկզբունքը և դա նրանց բոլորի դիրքորոշումն է:
Այսպես է ասում Ամենակալ ՏԷՐԸ.

«Ե՛տ դարձեք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից» (Զաքարիա 1:4):
Այնքան եք վախենում մեր ազգի ներքին ու արտաքին թշնամիներից, որ ձգտում եք հաշվի նստել համաշխարհային հանրության մեջ գոյություն ունեցող կամ չունեցող բոլոր կարծիքների հետ, նկատի ունենալ բոլոր նյութական ու աննյութական տերերի շահերը, ծառայել այդ շահերին, բայց չեք կողմնորոշվում իրական հարց տալ ինքներդ ձեզ. ո՞րն է մեր ազգային շահն ԱՍՏԾՈՒ առջև, մեր վարք ու բարքի դրսևորումներից ո՞րն է ՏԻՐՈՋ համար առվել գերադասելին, արդյոք պետք չէ՞ վախենալ ԱՍՏԾՈՒՑ («Երկյուղը ՏԻՐՈՋԻՑ իմաստության սկիզբն է», Առակներ 1:7), արդյո՞ք ՏԷՐՆ ըմբռնումով կվերաբերի վերը նշած տերերի հանդեպ ունեցած վախից ծագած ձեր զգուշավորությանն ու նրբանկատությանը, հավատու՞մ եք արդյոք ՏԻՐՈՋ Ամենազորությանն ու Ամենակարողությանը, ինչու՞ եք զբաղեցնում մեր եկեղեցում և երկրում ՏԻՐՈՋ առջև ժամանակավոր տնտեսների պարտավորեցնող ու պատասխանատու աթոռները, որոնք ձեզանից առաջ զբաղեցրել են բազում Աստվածանվեր, ազգանվեր, հայրենանվեր, նախանձախնդիր նվիրյալներ:

Թե՞ մոռացել եք, որ վաղ թե ուշ, որպես անիրավ տնտեսներ կանչվելու եք ՏԻՐՈՋ առջև հաշիվ տալու: Հավատու՞մ եք արդյոք հոգու անմահությանը, ՏԻՐՈՋ Ամենասուրբ Հարությանը, Աստվածաշնչյան Ճշմարտությունների հարատևությանը, Ահեղ Դատաստանի անխուսափելիությանը, չէ՞ որ ՏԷՐԸ ժամանակի ընթացքում չի փոփոխվում, ԻՆՔՆ է ժամանակի ստեղծողը և ՆՐԱ սահմանած կարգերն ու մեզ տրված պատվիրաններն էլ չեն խմբագրվել ու հարմարեցվել ներկա ժամանակներին:
Ավետարանն է ասել.

«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիներին 13:8):
Ձեր անմնացորդ նվիրումով ջանացեք զորացնել ՏԻՐՈՋ Եկեղեցին, այլ ոչ թե փորձեք ԱՍՏԾՈՒ Եկեղեցին ծառայեցնել ձեր սեփական մարդկային ընկած ու պարզունակ հեղինակությունների ռեաբիլիտացիայի, վարկանիշների բարձրացման և անհատական կամ խմբակային շահաբաժիններ վաստակելու համար:

Մինչև ե՞րբ…

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ