«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Գրողի տարած սարկազմ

Գրողի տարած սարկազմ
25.02.2024 | 09:36

Գրողի տարած սարկազմ է, երբ թշնամին յաթաղանը ձեռքին կանգնած է դռանս շեմին, իսկ ինձ ոմանք փորձում են խաղաղություն քարոզել ու քոռ դանակն էլ ձեռքիցս խլել։ Փորձի՛ր թշնամուս քարոզել խաղաղություն, թե վախենում ես կոկորդդ կտրի։ Բա ինչքան կզարմանաս, երբ իմանաս, որ կա հոլանդացի, ով սրտում ատում է գերմանացուն, երբ իմանաս, որ կա ֆրանսիացի, ով ատում է անգլիացուն և այլն, բայց փորձում եք մեզ քարոզել կոսմոպոլիտիզմ՝ ստորադասելով մեր մշակույթը։

Գրողի տարած սարկազմ է, երբ հայ մոր դաստիարակած որդին ցանկացածին կփռի գետնին, իսկ ոմանք փորձում են հայ մորը սովորեցնել, թե ինչպես ճիշտ որդի դաստիարակել։ Գնա ուրիշին քարոզիր, թե վախենում ես քեզ հիմար համարեն. պետք չէ վախենալ, քեզ հիմար են համարում, որովհետև այդքան վեհություն և կամք չունեն, որ հայի հետ համեմատվեն, դրա համար են քեզ ու քո բարքերը ծաղրում, իսկ դու, տրվելով հեշտի գրավչությանը և սեփական դժբախտությունիցդ չիմանալով գլուխդ որ պատին տաս, ստորադասում ես մեր դաստիարակությունը։

Գրողի տարած սարկազմ է, երբ ցանկացած օտար հիանում է հայ ընտանիքի ամրությամբ, ինչի ամուր հենասյունը հայ կինն է, բայց գտնվում են ոմանք, ովքեր փորձում են հայ կնոջը բացատրել, թե ինչպես, ում հետ և ինչ պայմաններով ամուսնանալ։

Բայց այս դեպքում էլ այնքան տգետ եք և սահմանափակ, որ չեք էլ պատկերացնում, թե ինչ է կյանքը ամուսնությունից հետո։

Հայաստանում ապրող հարյուր հազարավոր ընտանիքներից որպես օրինակ գովազդում եք հոտած անբարոյականների մի զարհուրելի արարք, որպեսզի ցույց տաք, թե ինչքան վատ է հայը վերաբերվում կնոջը։ Գնա ուրիշին քարոզիր, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը, որպեսզի կողքիցդ չփախչի, բայց դու սեփական սեռաքաղցդ բավարարել չկարողանալու պատճառով, ստորադասում ես հայ կնոջը, ով ուժեղ է, ում նմանը չկա աշխարհում։ Ամենավերջին մարդը, ում կարելի է հոգեպես կոտրել՝ հայ կինն է։

Գրողի տարած սարկազմ է, երբ հիանում ես Ճապոնիայի մշակույթով և ճապոնացիների միաբանությամբ, բայց երբ կողքինդ հայրենանվեր գործ է անում, մատդ մատիդ չես տալիս, փոխարենը գտնում ես հազարավոր պատճառներ, թե ինչպես սևացնել կողքինիդ արածը։ Հիանում ես ուրիշով և ստորադասում ես ընկերոջդ արածը։

Գրողի տարած սարկազմ է, երբ պլաստիկ վիրաբույժը մի տոկոս դեպքերում է վնասվածք շտկում, մնացած դեպքերում ուղղակի հղփացածների և նրանց ազդեցության տակ մնացած միամիտների քմահաճույքներն է բավարարում։ Հիշիր, որ միակ օրգանդ, որ ժամանակի ընթացքում հնարավորություն ունի գեղեցկանալու՝ ուղեղդ է։ Բայց ավելի հեշտ է ասեղի ծակոցից հետո մի քանի ժամ անզգայացած պառկելը, քան անընդհատ սովորելը։ Բայց բնությանը դեմ չես կարողանում գնալ, գիտակցում ես, որ արտաքինդ երիտասարդ պահելու համար մի քանի տարի ժամանակ ունես, այդ պատճառով էլ քանի դեռ ժամանակ ունես, փորձում ես ստորադասել կրթությունը և սովորողին։

Գրողի տարած սարկազմ է, երբ ոգևորված պատմում ես Գարեգինի մասին, ում անունը ինքնին հայի մոտ խորը հարգանք է առաջացնում, պատկերացրեք՝ գտնվում են նրանք, ովքեր Գարեգինի անձն են քննարկում, իսկ դու ո՞վ ես, որ Գարեգինի անձը քննարկես։

Գրողի տարած սարկազմ է, երբ շոր են վարձակալում, ժամերով գեղեցկության սրահում են նստում, որ մի ռեստորանում ժպիտը մինչև ականջները բացած, րոպե տևողությամբ տեսահոլովակ նկարահանեն, որտեղ կպատմեն, թե ինչ երջանիկ են նրանք։ ՈՒ որքան էլ խոսես, որքան էլ ասես, որ դա կեղծ է, իրական երջանկությունն ուրիշ տեղ է թաքնված, միևնույնն է դեռահասի աչքին այդ կեղծը գրավիչ է ու համոզիչ։

Գրողի տարած սարկազմ է, երբ քննարկում ես քաղաքականություն, այն դեպքում, երբ ոչինչ չգիտես, իմացածդ ընդամենն այն է, ինչ ակտիվ հրամցնում են։

Գրողի տարած սարկազմ է, երբ երկու հոգի կռվում են, գողական տերմիններ են շռայլում զրույցի ընթացքում, բայց երբ հանցագործ աշխարհի մի ներկայացուցիչ է կանգնում իրենց կողքին, երկուսն էլ դառնում են օրինապաշտ քաղաքացի։ Երբ երկու հոգի վիճում են, բայց, անկախ փաստարկներից, հաղթում է նա, ով զենք ունի։ Գալիլեյը ճիշտ էր, բայց ո՞վ լսեց նրա փաստարկները, նա պարտվեց, բայց դժվար թե պարտվեր, եթե ունենար զենք և զորք։

Մի քանի փնթիներ, որ խոսակցական միջին մակարդակի են տիրապետում հայերենին, չեն կարող հայ կոչվել, որ մի հատ էլ այդ փնթիների արարքներից ելնելով՝ ընդհանուր հայ ազգին վատ հատկանիշներ վերագրվի։ Ի վերջո, հիշե՛ք, որ Մոնթեն հայերեն սովորել է հասուն տարիքում։ Հայը Մոնթեն է, Գարեգինն է, ում ազգանունը նույնիսկ չասելով, դուք էլ հասկացաք, թե ում մասին է խոսքը։

Որքան հայի ոգով դաստիարակված որդիները շատ լինեն, այնքան ավելի մեծ է հավանակությունն այն ֆանտաստիկ կարողությունների տեր հայի ծննդյան, ով վերջապես մեզ կհանի այս ճահճից։

Գոռ ՍՅՈՒՆԵՑԻ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ