2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Այսօր ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ հիշատակի օրն է

Այսօր ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ հիշատակի օրն է
23.02.2024 | 17:02

Արցախցի նշանավոր գրողը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին։

Այս բանաստեղծությունը նա գրել է չորս տասնամյակ առաջ։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն

ՈՒ ձանձրացել եմ ճառերից դատարկ։

Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,

Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք

Կանգնել է ահա նույն պատվանդանին,

Շողոքորթների ոհմակն ահարկու-

Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,

Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,

Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,

Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն

ՈՒ ձանձրացել եմ ճառերից դատարկ-

Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,

Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ