ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մայքլ Դրիս. Մարգարեություն Հայաստանի մասին

Մայքլ Դրիս. Մարգարեություն Հայաստանի մասին
19.02.2024 | 18:34

Գերմանիայում բնակվող մի հավատացյալ՝ Մայքլ Դրիս անունով, ամենայն հավանականությամբ՝ բողոքական մի աղանդի ներկայացուցիչ, մոտ մեկ տարի առաջ մարգարեացել էր Հայաստանի մասին:

Ձայնագրությունը պատահաբար աչքիս ընկավ համացանցում: Նման անուն առաջին անգամ էի լսում: Երկար ժամանակ տեքստի անգլերեն բնօրինակն էի ուսումնասիրում՝ հասկանալու համար՝ արդյոք ինչ-որ նպատակի միտված զոմբիացու՞մ է, թե՞ Աստծուց է տրվել: Անընդհատ ինձ հարցնում էի՝ ինչու՞ մեր ազգի մասին Աստված պիտի խոսեր ինչ-որ բողոքական աղանդի ներկայացուցչի շուրթերով, որն անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չի իմացել:

Աստծո գործերն անքննելի են. առաջինին հետինի միջոցով է խրատում, մեծին փոքրի շուրթերով սովորեցնում, իրենից շեղված ուղղափառ զավակին, դեպի իրեն ձգտող աղանդավոր մի մարդու միջոցով է դարձի բերում…

Ոչ ոք չգիտե Աստվածային տնաշինության ծրագիրը: Իսկ այդ անձի՝ Հայաստանին անծանոթ լինելը ավելի շուտ վստահություն է առաջացնում, քան կասկած, և քիչ հետո ինքներդ կհամոզվեք, որ անհնար է առանց Աստծո միջամտության այս աստիճան ճշգրիտ խոսել անհայտ մի երկրի մասին:

Ստորև իմ կողմից բառացի թարգմանված տեքստն եմ զետեղում՝ մի քանի մեկնաբանություններով, որպեսզի ընթերցողն ինքն իր սրտով անցկացնի և հասկանա՝ մոլորեցնո՞ղ է այս մարդը, թե՞ազնվորեն Աստծո խոսքն է փոխանցում:

Այս նյութն օգտակար կլինի, եթե գայթակղության փոխարեն զղջման և ապաշխարության լրացուցիչ առիթ դառնա և վտանգ կպարունակի, եթե հպարտության և ծուլության մեղքի մեջ ընկնելու պատճառ դառնա: Կարելի է վստահաբար ասել, որ կարդացողի սրտի մաքրությունից է կախված այն հիմնական սնունդը, որ պարունակում է այս մարգարեությունը:

Ահա այն նույնությամբ՝ ինչպես ելել է մի մարդու շուրթերից: Մնացածը սրտով քննեք և նեկտարը հավաքեք:

Չմոռանաք, որ նույն ծաղկից մեղուն նեկտար է կորզում, իսկ օձը՝ թույն:



-Այն խսքերն եմ ուզում կիսել ձեզ հետ՝ ինչ որ ձեր ազգի մասին ստացել եմ:

Անկեղծ ասած՝ մինչև իմ սիրելի եղբորը հանդիպելը առհասարակ ոչինչ չգիտեի ձեր ազգի մասին:

Հիմա էլ քիչ բան գիտեմ: Պարզապես պատմությունից գիտեմ, որ առաջին քրիստոնյա ազգն եք:

Ես սա բերեցի Տիրոջ առաջ ու հարցրի՝ Տե՛ր, ինչ-որ բան ունե՞ս ասելու այս ազգին… իրականում Աստված սիրում է խոսել:

Առաջին բանը, որ ինձ տրվեց՝ Օսէէ մարգարեի գրքի 2/15-ն էր (այս մեջբերումը ես ստուգեցի Աստվածաշնչում, այն իրականում 2/16-ն է, բայց դա էական չէ, հավանաբար մեր և իրենց Սուրբ Գրքերի մեջ այսպիսի շեղումներ կլինեն-Դ.Աս.), որում ասվում է.

«… ապա կը տամ նրան իր ունեցվածքը և Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ եգիպտացիների երկրից ելնելու օրերին»:

Երբ նման խոսքեր եմ ստանում Աստծուց և չգիտեմ, թե ինչ անեմ՝ երկար նստում ու նայում եմ այդ խոսքերին՝ թույլ տալով Սուրբ Հոգուն ընդգծել որոշ բառեր կամ մտքեր:

Ասացի՝ Տե՛ր, ի՞նչ ես ուզում ասել այս ազգին:

Ես երբեք չեմ մեկնաբանում ըստ աստվածաբանական գիտելիքի, որ ունեմ Սուրբ Գրքի այդ հատվածի մասին, բայց ինձ համար առանձնացվեց այս տեքստից այն, որ կա մի վայր, հովիտ, ուր Իսրայելը կրեց իր առաջին պարտությունը՝ Ավետյաց երկիր մտնելուց հետո:

Ինչ-որ մեկը ձեռք երկարեց մի բանի, որին չպիտի դիպչեր և Իսրայելի դառը պարտության պատճառ դարձավ (տես` Հեսուի ամբողջ 7-րդ գլուխը, ուր նկարագրվում է ամորհացիների կողմից իսրայելցիների կրած առաջին պարտությունը, որի պատճառը միայն այն էր, որ Տերը պատվիրել էր թշնամու ունեցվածքից ավար չառնել, բայց Աքարը՝ հրեա զորավարներից մեկը, խախտել էր այդ պատվիրանը և «մի նկարազարդ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և մի ձուլակտոր ոսկի էր վերցրել» (Յեսու 7/21), որի համար Աքորիի ձորում քարկոծվելով սպանվեց՝ իր ողջ ընտանիքով, ոչխարներով, արջառներով:

Հին Կտակարանի այս գիրքը խոսում է պատերազմների դաշտում Աստծո ներկայության մասին:

Պատկերացնու՞մ եք հրեաները նվազ ուժերով ազգեր ու ժողովուրդներ հպատակեցնելով՝ Ավետյաց Երկիր են մտնում ու երբ արդեն բավականին ուժեղ էին, դառը պարտություն են կրում, որովհետև հոգևոր պատերազմ մղող ազգի մի զորավարը նյութական ավարով գայթակղվեց: Եկեք հիշենք, թե մենք ինչո՞վ էինք տարված Արցախն ազատագրելուց հետո (թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում):

-Բայց Աստված ասաց, որ այդ պարտության վայրում ինքը նոր դուռ կբացի: Ես համոզված եմ, որ Աստծո հոգին Հայաստանին հետևյալն է ասում. մի՛ վախեցիր նրանց զրահներից և բարկությունից, քանզի ես քեզ հետ եմ:

Ձեզ հետ հաղորդակցության առաջին իսկ պահից ես զգացել եմ, որ սաստիկ հոգևոր պատերազմ է մղվում ձեր ազգի դեմ: Սա ավելին է, քան ազգերի միջև պատերազմը:

Սա հոգևոր ճակատամարտ է քանի որ չարը տեսնում է Տիրոջ հրեշտակներին, որոնք ձեր երկրի վրա են և ուզում է խռովություն ու խառնաշփոթ բերել՝ խափանելու համար Աստծո մտադրությունը ձեր հանդեպ:

Աստված այս իրավիճակն օգտագործելու է՝ Իր սակավ հոտին միաբանելու համար և նրանք, ովքեր իրենց (մարդու) արքայությունն են կառուցում ձեր երկրում, սարսափահար կփախչեն (Հայկ նահապետի ժառանգության և քրիստոնյա առաջին պետության մեջ մարդու արքայությունը կառուցողները, այսինքն՝ Բաբելոնի շինարարները, անկասկած, չար վախճան են ունենալու), բայց նրանք, ովքեր Աստծո ճշմարիտ որդիներն են, կհավաքվեն ու երկրի տարբեր ծագերում Աստծո համար զոհաբերության սեղաններ կկառուցեն (մնացորդաց մասին է խոսում, որ ինչքան էլ սակավ լինեն՝ Տիրոջ զորությամբ հաղթելու են բաբելոնին, և թող հուսահատություն սերմանող որոշ մարդիկ սա ստույգ իմանան: Զոհաբերության սեղաններն այդ ճշմարիտ որդիների սրտերն են, որ օրեցօր ավելանում են՝ յուրաքանչյուրն իր տեղում):

-Տերն ասում է՝ Ես նույն Աստվածն եմ, որ Գեդեոնի հետ էի: Եթե անգամ բաժանումներ տեսնեք, ձեզանից մարդիկ փախչեն և դուք մտածեք, որ սակավաթիվ եք, բայց Տերը ձեզ հետ կլինի (Գեդեոնը հրեաների այն զորավարն էր, որին Աստված ընտրեց՝ Իսրայելը փրկելու մադիամացիների ձեռքից: Գեդեոնը 32 000 զորք հավաքեց նրանց դեմ դուրս գալու համար, բայց Աստված պատվիրեց ընդամենը 300-ին պահել, իսկ մյուսներին տուն ուղարկել, որպեսզի ցույց տա իր փառքը: Վերջում հարյուրապատիկ ավելի մադիամացիների զորքին Տերը ջարդում է այս 300-ի ձեռքով, որպեսզի երբեք չպարծենան, թե մարդը հաղթեց պատերազմը, այլ Տիրոջ փառքը վկայեն ամենուր (տե՛ս Դատավորաց 6/11-7/25): Ահա Աստծո պատասխանն այն թուլամորթներին, որ հանապազօր լացում են հայկական բանակի կրած պարտության համար և բարոյալքում մեր ազգին):

-Տերն ասում է՝ եթե իմ ժողովուրդն ինձ սկսի երկրպագել պատերազմի մեջտեղում, ես թշնամու բանակում խառնակություն կգցեմ ու նա, ով կանգնում է ձեր թշնամու կողքին ու զորացնում նրա բազուկը՝ կխայտառակվի և միայնակ կթողնի ձեր թշնամուն, որովհետև ես լսել եմ իմ ժողովրդի աղաղակը (ուշադրություն դարձրեք. Տերն ասում է՝ ԵԹԵ: Բայց այդ «եթե»-ն չիրականացավ՝ թեպետ թշնամուն մեծ արհավիրքներ պատճառեց Տերը:

Երբ հեղինակն այս տողերը մարգարեանում էր, դեռ տեղի չէր ունեցել 2023 թ. ավերիչ երկրաշարժը Թուրքիայում, Իսրայելի ծնկի գալը Գազայի հատվածում, Իրանի գերհզորացումը տարածաշրջանում և այն ամենը, ինչ դեռ պիտի պատուհասի մեր թշնամիներին:

Ավելին, հանձնվեց նաև Արցախը, որովհետև մենք չսկսեցինք երկրպագել Աստծուն ո՛չ 2020 թ. պատերազմի մեջտեղում, ո՛չ էլ դրանից հետո: Փաստորեն, Տերը թշնամու բանակում խառնակություն էլ գցեց, պատուհաս էլ բերեց, բայց մեր սրտերը չդարձան դեպի Իրեն, չապաշխարեցինք, չզղջացինք մեր հավաքական ու անհատական մեղքերի համար և կորցրինք Արցախը):

-Երկրի վրայի շատ թագավորներ անգամ որոշել են՝ թե սա կվերցնենք Հայաստանից, այն կխլենք, բայց Աստված ասում է՝ սա իմ սիրելի եկեղեցին է և ես դա թույլ չեմ տա: Լինելու է գերբնական միջամտություն Տիրոջ կողմից. այն, ինչ այս պահին կորուստ է համարվում, հաջորդ պահին հաղթանակի է վերածվելու:

Տերն ասում է՝ երբ կազատվեն գերվածները, նրանք Աստծոն կփառաբանեն երգերի մեջ:

Թշնամին փորձում է գողանալ և կործանել, բայց Աստված կբացահայտի նրան և կյանք կբերի վերստին: Տերը կվերականգնի անգամ անցյալում ձեր կորցրածները:

Եվս մի պատերազմ, որ երկար ժամանակ տեղի է ունենում ձեր մեջ, դա Հիսուսով ճշմարիտ կյանքի (կարելի է նաև թարգմանել՝ Աստծո ճշմարիտ հոգու) և կղերական ոգու միջև պատերազմն է (այս մեկ տողը խորագետ մարդուն կարող է ցնցել մինչև հոգու խորքը. Աստծո ճշմարիտ հոգու և կղերական ոգու միջև պատերազմը Հայաստանում կարող էր նկատել միայն իսկական մարգարեն, այն էլ՝ առանց Հայաստան ոտք դնելու: Սա այն տողն է, որը փարատում է Մայքլ Դրիսի մարգարեության հանդեպ կասկածները: Կղերական ոգին, այսինքն՝ փարիսեցիությունը, մեզ ներսից ուտող որդն է, դրախտի շեմին կանգնած այն գաղջ էությունը, որ ոչ ինքն է ներս մտնում, ոչ էլ ուրիշներին է ներս թողնում):

-Տերն ասում է՝ Ես այն նույն Աստվածն եմ, որ Դավթին ուղարկեցի՝ խայտառակելու կանոնավոր մարտիկներից բաղկացած բանակները: Եվ տեղի կունենա մի ինչ-որ փոքր, անսպասելի բան, որ մեծ հաղթանակ կբերի:

Մի բան էլ է տրվել ինձ, որ չեմ հասկացել, բայց պարտադիր էլ չի, որ հասկանամ, ուղղակի կասեմ ձեզ. Տերն ասաց՝ բնությունը կպատերազմի ձեզ համար: Կտեսնեք, որ բազմաթիվ անգամներ տարերքները ձեր կողքին կպատերազմեն: Սա այն երկիրն է, որ Ես ձեզ եմ տվել,- ասում է Տերը (կրկին հիշենք Թուրքիայի երկրաշարժն ու Իսրայելի պատերազմը, որը կոտրեց մեր թշնամու երկու թևերը, բայց մեր մեղքերն այնքան էին աղաղակում Տիրոջ առաջ, որ այսքանից հետո էլ Արցախը կորցրինք):

-Մի՛ լսեք իրենց առյուծ կարծողների մռնչյունը. ես նրանց ատամները փշրել եմ:

Դուք կտեսնեք Տիրոջ փրկությունը և կպարեք ձեր փողոցներում:

Թուրքիային դուր չի գա, երբ տեսնի այն, ինչ անում եմ ձեր ազգի ներսում, բայց ես նրանց մեջ շփոթություն կգցեմ և ձեր վահանը կլինեմ:

Ես եմ գծում ձեր ազգի սահմանները, այլ ոչ թե մարդիկ (ամբողջ Հին Կտակարանը այս մեկ նախադասության վկայությունն է, իսկ մարդկության պատմությունը՝ սրա կենդանի ապացույցը):
(շարունակելի)

Դավիթ ԱՍԼԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ