«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մի՛ դատիր

Մի՛ դատիր
07.02.2024 | 22:01

Մեր առօրյայում հաճախ են հնչում այս խոսքերը՝ «մի՛ դատիր», երբ որևէ բացասական երևույթի մասին վերաբերմունք է հայտնվում: Հիմնականում այս արտահայտությունը հնչում է եկեղեցու մեջ գտնվող մարդկանց մոտ, մանավանդ, երբ խոսվում է հոգևոր դասում գոյություն ունեցող մերժելի երևույթների մասին:

«Մի՛ դատիր» ասելով միանգամից ու առարկություն չընդունող տոնով ծեփում են ընդդիմախոսների բերանները և դրանով բոլորին պատսպարում այդ ծածկոցի տակ:
Ավետարանում սուրբ Պողոս առաքյալը մի գեղեցիկ բացատրություն է տալիս այդ մասին:
Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի դատվել անիրավների՞ առաջ, թե՞ սրբերի առաջ. չգիտե՞ք, թե սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե ձեզնով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին բաներ դատելու (1 Կորնթացիներին, 6:1-2):
Մեր եկեղեցու ներսում էլ այսօր կան կուտակված բազում խնդիրներ, որոնց լուծումը մենք չենք ստանում և դեռ շարունակ հետաձգում ենք կամ էլ անուշադրության, աննկատության ու անտեղյակության ենք մատնում, որպեսզի հանկարծ մեզ չուղղվեն այս մեղադրող ու շեշտված խոսքերը. «մի՛ դատիր»: Իսկ առաքյալը մեզ սովորեցնում է, որ ներքին խնդիրները մենք քննենք ու լուծում գտնենք մեր ուժերով ու հնարավորություններով և չթողնենք, որ դրանց խառնվեն դրսի անիրավները, անհավատներն ու անարժեքները:
Չգիտե՞ք, թե մենք հրեշտակներին ենք դատելու, որքան առավել՝ կենցաղային բաները: Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վեճեր ունեք, որպես եկեղեցու դատավորներ նստեցնում եք մարդկանց, որոնք անարժեք են։ Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Ձեր մեջ չկա՞ այնչափ իմաստուն մեկը, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։ Բայց եղբայրը եղբոր դեմ է դատվում, այն էլ՝ անհավատների առջև (1Կորնթացիներին 6:3-6):

Իսկ, թե ինչպես պետք է հավատացյալ եղբայրների մեջ իրականացնել որևէ վիճահարույց խնդրի լուծում, տրված է ԱՎԵՏԱՐԱՆԻ հետևյալ տողերում.
«Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր։ Իսկ եթե քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ։ Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես հավատացյալների ժողովում. իսկ եթե նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը եւ մաքսավորը» (Մատթեոսի Ավետարան 18:15-17):

Եկեղեցու հիմքերը խարխլվում են հենց մարդահաճությամբ, ամեն ինչի հանդուրժողականությամբ, ամեն հանցագործի, գայթակղեցնողի, մոլորեցնողի, կործանման տանողի առջև հնազանդությամբ ու խոնարհությամբ: Այդ հնազանդությունը նաև հաջորդ սերնդի մեջ ներարկելով, ամեն անարժանի, ամբարշտի առջև խոնարհումով, շարունակե՞նք թվարկել:

Ինչո՞ւ մեր պատմության, եկեղեցու պատմության մեջ այդքան բազում օրինակներ ունենալով, թե ինչպես են մեր, իրոք, սուրբ հայրերն անողոքաբար հանդիմանել ու հոգատարությամբ խրատել բոլոր ամբարիշտներին՝ առանց հաշվի առնելու նրանց սոցիալական դիրքը, հեղինակությունը, հզորությունը, նույնիսկ հետագայում նահատակվելու վտանգը աչքի առջև ունենալով: Այսօր դրանք չեն հիշատակվում և որպես ներկա ժամանակներում նմանատիպ գործելաոճի սկզբունք չեն խրախուսվում ու չեն որդեգրվում: Որպես օրինակներ հիշենք, երբ սբ. Հուսիկը հանդիմանեց Տիրան արքային, սբ. Դանիել քորեպիսկոպոսը պարսավեց Տիրան արքային, սբ. Ներսես Մեծի և Արշակ Բ արքայի, Ներսես Մեծի և Պապ արքայի, սբ. Սահակ Պարթևի և հայ նախարարների փոխհարաբերությունները: Նմանատիպ Աստվածաշնչյան օրինակներից են Նաթան մարգարեի հանդիմանությունըէ Դավիթին, Սամուել մարգարեինը՝ Սավուղին, Եղիայինը՝ Աքաաբ արքային, Դավիթինը՝ Սավուղին: Առկա են նաև դեպքեր, երբ ՏԷՐԸ պատժի է արժանացնում նրանց ովքեր զլանում են իրենց շրջապատին, մերձավորներին խրատելու հանդիմանելու գործում, ահա այդպիսի մի օրինակ.
Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։ Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիները ԱՍՏԾՈՒՆ էին անարգում, իսկ նա նրանց չէր հանդիմանում։ Ավելին. երդվել եմ Հեղիի տան վրա, որ նրա տան անօրենությունը խնկերով եւ զոհերով քավություն չի ստանալու հավիտյան» (1 Թագավորություններ 3:12-14):
Հավատով խոհեմ մարդուն Ավետարանը խրատում և խորհուրդ է տալիս՝
Ստուգեցե՛ք, թե որն է հաճելի ՏԻՐՈՋԸ. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, այլ մանավանդ մերկացրե՛ք դրանք (Եփեսացիներ 5:10-11):
Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է ԱՍՏԾՈՒ կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը (Հռոմեացիներին 12:2):
Ամեն ինչ քննեք, բարին ամուր պահեք (Թեսաղոնիկեցիներ 5:21):
Խավարի մութ գործերը բացահայտվում և մերկացվում են միայն դրանց լուսավորումով ու քննելով, իսկ ի՞նչն ենք քննում և ի՞նչն ու ինչպե՞ս ենք ամուր պահում, մի՞թե չենք տեսնում, որ շարունակ ծամծմված «մի՛ դատիր» ծամոնով կոծկում ու մեր մեջ ամուր պահում ենք պղծությունը, շնությունը, ուրացությունը, դավաճանությունը, արծաթսիրությունը, կեղծ հեզությունը, սուտ խոնարհությունը, սին հպարտությունը, էլ ո՞րը թվարկենք, սրա՞նք են այն արժեքները, որոնց մասին տաբու է դրված և չի կարելի քննել ու հետագայում, թեկուզ աղոթքով ու ապաշխարությամբ դրանցից ազատվելու աղերսներ հղել առ ԱՍՏՎԱԾ:
Բարի չէ նա, ով երեսպաշտորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով (Առակներ 28:21):
Եվ ի՞նչն եք քննում դուք, ա՛յ սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, թե քննելն էլ արդեն տաբու է, մտածելը, խորհելը, չարն ու բարին միմյանցից տարանջատելը արգելված է քրիստոնեայի համար: Ձեր պասիվությունը, անգործունեությունը, կրավորականությունը կոծկում եք այդ մի կարճ արտահայտությամբ ու ինքնագոհ կերպով բավարարվում և երևի հոգու խորքում էլ ինքներդ ձեզանով հիանում եք, թե տեսաք ինչպես բերանին եկանք: Չէ որ հենց Պողոս առաքյալն է իր թղթերում ուղիղ կերպով գրում այն հավատացյալների մասին ովքեր շեղված են և կամ էլ խանգարել են ՏԻՐՈՋ Եկեղեցու կայացմանն ու տարածմանը:

Մեզ հետ խոսում է ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ, փորձելու՞ եք Նրա տողերը այլ կերպ մեկնաբանել, ձեր մեջ այնքան խիզախություն կգտնե՞ք, որ դրանց էլ հակադարձեք այդ «մի՛ դատիր» արտահայտությամբ: Կարողացեք թացը չորից, սևը սպիտակից տարբերել, որովհետև ՏԷՐՆ ԻՐ սիրելի մարդ արարածին թողել է հինգ զգայարան՝ այդ ամենը զանազանելու, ի վերջո ԻՐ ճշմարտությունն ու Արդարությունը հասկանալու, ընտրելու և ամուր պահելու համար: Երեսպաշտությունը, կեղծավորությունը, շահամոլությունը, մարդահաճությունը, վախկոտությունը մի ներկայացրեք որպես ճշմարիտ քրիստոնեային վայել պահվածք: Դեռևս ՏԷՐՆ է ասել ԻՐ մտահոգության մասին .
«Իսկ երբ Մարդու ՈՐԴԻՆ գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Ղուկասի 18:8
Իսկ ում, որ դուք «մի՛ դատիր»-ով պաշտպանում եք, նրանց մասին նույն գրքում ասվում է.
Չգիտե՞ք, թե անիրավներն ԱՍՏԾՈՒ արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ ԱՍՏԾՈՒ Արքայությունը չպիտի ժառանգեն։ (1Կորնթացիներին 6:9-10):

ՀԻՍՈՒՍԸ մշտական հակասության մեջ էր օրենսգետների, փարիսեցիների, դպիրների, ԻՐ ժամանակի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ: Մի՞թե ՆԱ չէր դատում նրանց, ոչ միայն դատում էր այլ նաև ԻՐ նախանձախնդրությամբ և զայրույթով բռնկված գործողություններ էր կատարում նրանց հանդեպ: Հետո էլ, երբ ձևավորվում էր եկեղեցին, տիեզերական ժողովների ժամանակ, նույնպես դատում էին բոլոր հերձվածողներին, շեղվածներին և այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այդ պատվիրանը, երբ սուրբ հայրերն էլ էին հանդիմանում ու դատում:
Երբ մարդը ճանաչում է ինքն իրեն, հասկանում իր սեփական անձի մեղավոր լինելու հանգամանքը, իմաստություն է ձեռք բերում և կարողանում է չափազանց զգուշորեն քննել ամեն երևույթ ու արդարն անարդարից տարբերել, սևը սպիտակից, չարը բարուց զատել և բարին ամուր պահել:
Առանց հանդիմանության խրատը սխալ է (Առակներ 10:17):
Ներկայիս արևմտյան եկեղեցին արդեն վաղուց սխալ մեկնաբանելով այդ պատգամն ընկավ մոլորությունների մեջ ու հասավ այն վիճակին, որ պետք չէ դատել ոչ ոքի՝ ո՛չ այլասերվածնեին, ո՛չ միասեռականներին, ո՛չ ԱՍՏԾՈՒՑ հեռացած պետական ու քաղաքական մեծ ու փոքր գործիչներին, դադարեցին քննելով հանդիմանել ու մերժել սուտը, կեղծիքը, սպանությունը, այլասերվածությունը և արևմտյան քաղաքակրթությունն ի վերջո հայտնվեց ներկայիս անհավատության ու անաստվածության փոսի մեջ:
Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք, թե ՔՐԻՍՏՈՍ ՀԻՍՈՒՍ ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան (2 Կորնթացիներին 13:5):
Թերի գիտելիքներով անմիտ մարդը կշեղվի ու կգնա գայթակղության ճանապարհով, ի վիճակի չի լինի սեփական անձը քննելով հասնել աստվածճանաչության խոնարհության և ամեն դեպքում զգուշորեն վերաբերվել քրիստոնեական արժեքներին, բոլոր պատվիրաններին ու պատգամներին:
Եթե մենք արժանանանք ՏԻՐՈՋ կողմից փրկության, դա այն բանի արդյունքում չէ, որ մենք լավն ենք ու արդար, այլ որովհետև ՏԷՐՆ է մեզ ներում շնորհում և ԻՐ Գթառատությամբ, Մրդասիրությամբ ու Ողորմածությամբ արժանացնում ԻՐ Արքայության մեջ լինելուն:
Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց, միթե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղե՞ն: Այսպես, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում: Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց (Մատթեոսի Ավետարան 7:16-20):
Եվ մեզ պատվիրված է մարդկանց գնահատել ըստ կատարած գործերի և, եթե ստիպված ենք լինում քննել, ապա հենց նրանց գործերն ի նկատի ունենալով, չէ որ ասվել է.
Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է: Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթեոսի Ավետարան 12:30-31):
Յուրաքանչյուր մարդ իր շրջապատի հետ, մերձավորների հետ հարաբերվում է այդ լիությունից խթանվելով և կատարում է գործեր դրան համապատասխան: Իսկ թե ինչու են կատարվում չար կամ բարի գործեր ասում է Ավետարանիչը.
Եվ դատաստանը այսպես իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին, որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերն իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե ԱՍՏԾՈՎ կատարվեցին (Հովհաննեսի Ավետարան 3:19-21):
Ինչո՞ւ ենք վրդովվում, երբ Երուսաղեմում հայերին հալածում են դարերով ժառանգած տարածքներից, չէ՞ որ, եթե պատասխանատու հոգևոր այրերը ժամանակին ճիշտ, արդար և անաչառ քննեին և հավուր պատշաճի արձագանքեին տեղի ունեցող իրադարձություններին, ապա ամենայն հավանականությամբ, այսօր չէինք կանգնի սրբավայրերի տարածքների ապօրինի վաճառքի հետ կապված տխուր փաստերի առջև և ոչ միայն: Եթե իրեն եկեղեցու անդամ համարող ամեն մարդ՝ թե՛ հոգևորական և, թե՛ աշխարհական, տուրք չտար իշխանությունների հանդեպ կեղծ հնազանդությանն ու խոնարհությանը ու հեռու մնալով մարդահաճությունից, արծաթպաշտությունից, իրերին ու իրադարձություններին ճիշտ գնահատականներ տրվեին, գուցե այսօր մենք Արցախը կորցնելու այս իրավիճակի առջև կանգնած չլինեինք:

Անգիտության, վախի, մարդահաճության մեջ մնալով մի՛ դարձրեք «մի՛ դատիր» արտահայտությունը ձեզ համար վահան և ծածկոց քողարկման։
Որովհետև ԱՍՏԾՈՒ Կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը: Որպես ազատներ եղե՛ք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես ԱՍՏԾՈՒ ծառանե՛ր եղեք (1Պետրոս 2:15-16):

Եվ, երբ հանդիմանության խոսքեր են հնչում, ապա ուշադիր լինենք հասկանալու համար, թե ինչ նպատակով են դրանք ասվում՝ դատելու թե՞ քննելու, գուցե գործերին նայելով ընդամենը գնահատվում ու փորձ է արվում արդարն ու բարին բացահայտելու և ամուր պահելու համար: Չէ որ մեր կյանքում հաճախ են լինում դեպքեր, երբ մեր կողմից շատ սիրված հարազատին, մերձավորին ստիպված ենք լինում հանդիմանել, դիտողություն անել՝ նրան իր սխալը ցույց տալով, մեղքի ճանապարհից հետ պահելու մղումը մեր մեջ ունենալով:
Եվ դու քարոզի՛ր ԱՍՏԾՈՒ խոսքը, շարունա՛կ հայտարարիր այն, ժամանակին լինի, թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ կատարեալ համբերատարությամբ ուսուցանելով (2 Տիմոթեոս 4:2):
Պետք է կարողանալ դատելը տարբերել քննելուց, խրատելուց, հանդիմանելուց, ճիշտ հասկանալ դրանց նշանակությունը և տեղին ու ժամամանակին գործադրումը: Բերենք մի շարք օրինակներ Ավետարանից, որոնցում առկա են այս գործողությունները և որոնք չիմացության պարագայում կարող են ոմանց համար գայթակղություն դառնալ: Գրված նյութը շատ չծանրաբեռնելու նպատակով, մանրազնին չենք անդրադառնում չորս Ավետարաններին, որոնցում մեր ՏԷՐԸ և Հովհաննես Մկրտիչը բազմիցս հանդիմանում են փարիսեցիներին, օրենսգետներին, դպիրներին և ժողովրդին, ովքեր արժանանում էին այդ վերաբերմունքին՝ իրենց խոսքերի, մտքերի և գործերի համար: Առանձնացնենք միայն դրանցից մի քանիսը.
Եվ նա տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել վերահաս բարկությունից» (Մատթեոսի Ավետարան 3:7):
«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից» (Մատթեոսի Ավետարան 23:32):
ՀԻՍՈՒՍ նրանց ասաց. «Գնացեք ասե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարաում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ» (Ղուկասի Ավետարան 13:32):
ՏԷՐԸ Հերովդեսին աղվես է անվանում, իսկ Հովհաննես Մկրտիչը հրեաներին` իժերի ծնունդներ։ Օձեր, իժերի ծնունդներ, աղվես անվանելով, մեր ՏԷՐՆ ու Հովհաննես Մկրտիչը դատում են թե՞ ոչ:
Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն նրա բերանին: Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «ԱՍՏՎԱԾ է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. և դու նստում ես, որ օրենքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրենքից դուրս ինձ հարվածեն» (Գործք առաքելոց 23:2-3):
Առաքյալն ուղղակի վիրավորական խոսքեր է հասցեագրում ապօրինի հրաման տվող Անանիա քահանայապետին, ինչպե՞ս որակենք քննե՞ց, դատե՞ց, թե՞…:

Բայց պիղծ բաներից և սնոտի խոսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարշտությունների մէջ, և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսը և Փիղետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և ասում են, թե մեռելների հարությունը արդեն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հավատը (2 Տիմոթեոս 2:14-16):
Դե՛ ասեք, այստեղ Պողոս առաքյալը Հիմենոսին ու Փիղետոսին դատե՞ց, թե՞ ոչ:
Որդյա՛կ իմ Տիմոթեոս, ավանդում եմ քեզ այս պատվիրանը, քո մասին նախապես եղած մարգարեությունների համաձայն, որպեսզի նրանցով դու մղես բարի պատերազմը, պահես հավատը բարի խղճմտանքով, որը ոմանք հեռու վանելով իրենցից՝ նավաբեկության ենթարկվեցին հավատի մէջ. դրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել (1 Տիմոթեոս 1:18-20):
Այստեղ Առաքյալն արդյո՞ք դատապարտող խոսքեր չի ասում Հիմենոսի ու Աղեքսանդրոսի վերաբերյալ:
Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ։ Թող ՏԷՐԸ նրան հատուցի ըստ իր գործերի։ Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև մեր խոսքերին շատ հակառակվեց: Առաջին ատյանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ։ Այդ թող նրանց հանցանք չհամարվի (2 Տիմոթեոս 4:14-16):
Նորից Աղեքսանդրոսի չար վարքին է անդրադարձել սբ. Պողոսը նաև դժգոհում է մերձավորներից, որ իրեն չեն սատարել և թիկունք չեն կանգնել և հասկանալով մարդկային տկարությունը միջնորդում է, որ ՏԻՐՈՋ առջև դա հանցանք չհամարվի:

Ջանա՛ իսկույն գալ ինձ մոտ, որովհետև Դեմասն ինձ լքեց և աշխա՛րհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա (2 Տիմոթեոս 4:9-10):
Գնահատում է Դեմասին, ով աշխարհը սիրելով լքել է իրեն:
Այս բաները խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի մեկը, որ քեզ արհամարհի (Տիտոս 2:15):
Երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։ Իսկ մեղանչողներին հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան։ Պարտավորեցնում եմ քեզ ԱՍՏԾՈՒ և ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ու ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառությամբ ոչինչ չանելով (1 Տիմոթեոս 5:19-21):
Կոչ է անում հանդիմանել մեղանչողներին հրապարակայնորեն ու բացահայտ, որ նրանց մերձավորներն էլ վախենան ու չկրկնեն այդ մեղքերն ու այդ ամենը կատարեն առանց նախապաշարումի և անաչառությամբ: Սրա նման է նաև Հին Կտակարանի այս տողերը.
Քո հոգում եղբորդ չատես։ Խստագույնս հանդիմանի՛ր քո ընկերոջը, որպեսզի նրա պատճառով մեղքեր չգործես (Ղևտական 19:17):

Շարունաակենք դիտարկել, թե ինպես է լինում ԱՍՏԾՈՎ ճիշտ դիրքորոշումը և դրանով մղված հանդիմանանքը եղբորը.
Եվ երբ Կեփասն Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մէջ էր. քանզի, մինչ Հակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանվեց և մի կողմ քաշվեց՝ վախենալով թլփատության կողմնակիցներից։ Եվ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին նրա հետ. Մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավորության մեջ: Իսկ երբ տեսա, որ ուղիղ չեն ընթանում Ավետարանի ճշմարտությամբ, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, հեթանոսի նման ես ապրում և ոչ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն» (Գաղատացիներին 2:11-14):
Անգամ Պետրոս առաքյալին ու շատ ուրիշ հավատացյալ հրեա եղբայրների է քննում, նրանց ընդդիմանալով դիտողություն անում ոչ ճիշտ վարքի, պահվածքի ու կեղծավորության համար, քանի որ գործերը տեսնելով քննեց, գնահատեց ու պարզեց, որ Ավետարանի ճշմարտությամբ չեն ընթանում.
Քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախոսներ, մոլորեցնողներ, մանավանդ, եթե հրեությունից դարձածներից են. նրանց բերանը պետք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները և շահամոլության համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել: Նրանցից մեկը, իրենց իսկ մարգարեն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։ Եվ ստույգ է այս վկայությունը. ուստի նրանց խստագույնս կշտամբի՛ր, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ (Տիտոս 1:10-13):
Այս նամակում առաքյալը հստակ բնութագիր է տալիս շատերի համար, հաստատում է կրետացիների ստախոս, չար գազան, դատարկապորտ բնույթի մասին եղած վկայությունը և պատվիրում է Տիտոսին խստագույնս կշտամբել նրանց բոլորին՝ վերջնականում հավատի մեջ ամուր մնալու նպատակով:

Եկեղեցուն գրել եմ, բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։ Դրա համար, եթե գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է։ Չար խոսքերով, շատախոսելով տանջում է մեզ։ Եվ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են և այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում (3 Հովհաննես 1:9-10):
Հովհաննես Առաքյալն այս նամակում նույնպես խոսում է շատ կոնկրետ մարդու և նրա գործերի մասին, բացահայտելով նրա չար խոսքերն ու գործերը և զգուշացնելով հավատավոր եղբայրներին՝ չնմանվել չարին:

Նրանք ձեզ ասում էին, թե՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»: Սրանք նշավակելի, մարմնասեր մարդիկ են, որ չունեն Հոգին (Հուդա 1:18-19):
Կշտամբե՛ք նրանց, որ դատապարտված են. փրկեցե՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին ողորմեցե՛ք երկյուղով՝ դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից (Հուդա 1:22-23):
Հուդա առաքյալը նույնպես բացահայտում է ամբարիշտ մարդկանց և կոչ է անում կշտամբել՝ հավերժական կրակից նրանց հոգիները փրկելու նպատակով և ուրիշներին էլ երկյուղով ողորմել՝ նրանց ապականված հագուստն անգամ դատապարտելով:
Եթե ի վիճակի չենք իրատեսորն քննել մարդկանց գործերը, բացահայտել դրանցում տեղ գտած սխալներն ու շեղումներն ըստ ԱՍՏԾՈ Խոսքի և հազարամյակներով անցած ու մեզ հասած ՆՐԱ պատվիրանների, ապա առավել ևս մենք այսօր իրավունք չունենք քննական կերպով խոսել ու դիքորոշում հայտնել պատմական դեմքերի կատարած գործերի մասին, թողենք հանգիստ անակներին, մեհրուժաններին, վասակ սյունիներ, վեստ սարգիսներին, գետադարձներին, մելիք ֆրանգյուլներին, նիկոլ թորոսովիչներին, նիկոլ վովաևիչներին, լևոններին, ռոբերտներին, սերժերին և շատերին ու նրանց նմաններին, կամակատարներին, համախոհներին, որովհետև նույն տրամաբանությամբ պետք է մեզ հակադարձեն՝ ասելով. «մի՛ դատեք»:
Եվ, առանց ճանաչելու ԱՍՏՎԱԾԱՅԻՆ Ճշմարտությունն ու Արդարությունը, առանց չարն ու բարին տարբերելու ընդունակության, առանց բարին ամուր պահելու հմտության, մեր կուրության պատճառով ընկնելու ենք և մշտապես մնալու ենք մեր մեղքերից գոյացած ճահճի մեջ՝ անօգուտ թպրտալով ու առավել սուզվելով:
Իսկ փրկությունը միայն ՏԻՐՈՋ Իմաստությամբ ու Զորությամբ է, երբ հասկանալով մեր մեղսալից վիճակի անելանելիությունը, կարողանանք միմյանց ներելով, սիրով մեկմեկու փրկություն կամենալ և այդ ճահճում յուրաքանչյուրն իր կողքին գտնվող մերձավորի ձեռքը բռնի ու, երբ ՏԷՐԸ որևէ մեկին գթալով ԻՐ Զորավոր Աջը մեկնի ու հանի նրան, բոլորս էլ հնարավորություն կունենանք նույնպես փրկվելու, դուրս գալու այդ կլանող ճահճի ապականությունից:
Արդյո՞ք ճիշտ չի լինի, որ մեր առօրյա հարաբերություններում, մեզանից մեկի կողմից մյուսին «մի՛ դատիր» արտահայտությունն ասելու փոխարեն, միայն ու միշտ առաջնորդվենք «ԱՍՏԾՈՒ թշնամին, իմ թշնամին է» սկզբունքով: Իսկ երբ ստիպված ենք լինելու եղբորը, մերձավորին քննելով հանդիմանել, ապա միայն սիրով ու առանց նրա խիղճը վիրավորելու և նսեմացնելու դա անենք:
Քանզի ոչ հոգևոր մարդն ԱՍՏԾՈՒ ՀՈԳՈՒՑ եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք։ Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ և ինքը ոչ ոքից չի քննվում (1 Կորնթացիներին 2:14-15):
Այլ, ինչպես ընտրվեցինք ԱՍՏԾՈՒՑ՝ հավատարիմ լինելու Ավետարանին, այնպէս էլ խոսում ենք՝ հաճելի լինելու համար ոչ թե մարդկանց, այլ՝ ԱՍՏԾՈՒՆ, որ քննում է մեր սրտերը (1 Թեսաղոնիկեցիներ 2:4):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ