«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու
26.01.2024 | 19:11

Հանուն այն ճիշտ գաղափարախոսության, որ հայոց ազգը պետք է գտնի այս օրհասական պահին և գնա փրկության և հաղթանակի ճանապարհով, հաղթանակների ամրապնդման և այն գիտակցության, որ հաղթանակը գալու է միայն Աստծով և աստվածային զորությունների օգնությամբ:

Այս պատմական, օրհասական ժամանակահատվածում հայը պետք է խորը վերլուծի մարդկության պատմությունը: Նա պետք է ոչ միայն լավ տեղյակ լինի աշխարհաքաղաքական շարժումներից, ցնցումներից որոշումներից, որոնք կատարվում են դրսում, այլև առաջին հերթին պետք է գիտակցի, որ կարևորն ի՛ր որոշումն է:

Դա այն որոշումն է, որը պետք է կայացնի յուրաքանչյուր հայ, որպեսզի չկորցնի իր պետականությունը, իր ինքնությունը, Մայր եկեղեցին և այն թասիբն ու նամուսը, որի մասին շատ են սիրում խոսել հայ տղամարդիկ և կանայք:

Որպեսզի հայը կարողանա գիտակցել իրեն շրջապատող իրականությունը, նա պետք է անդրադառնա Աստծո և մարդու հետ պատմությանը: Շատերն են իրենց Աստծուն հավատացող համարում: Ոմանք ասում են՝ «...ես իմ ձևով եմ հավատում Աստծուն» և արհամարում են Աստծու և մարդկության պատմությունը, Սուրբ Գիրքը, որը կոչվում է Աստվածաշունչ և այն սուրբ գրքերը, որոնք Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրվել են սրբերի կողմից՝ հանուն այն բանի, որ մարդը ճիշտ ճանաչի իրեն շրջապատող աշխարհը և իմանա իրադարձությունների այն հաջորդականությունը, որը հասցրեց Քրիստոսի գալստյանը և մեղքերի թողության հնարավորությանը:

Հարության կարևոր հանգամանքներն Աստված տվեց մարդկությանը, որպեսզի մարդ արարածն ունենա հնարավորություն մնալու Աստծո հետ և արժանանալու հավիտենական թագավորությանը:

Հավիտենական թագավորության արժանացածները սպասում են այն պահին, թե երբ է գալու հատուցումը, արդարության վերականգնումը, երբ կպատժվի արուսյակը և նրան ծառայող դևերի ու մարդային հոգիների բանակը:

Աստծո թշնամուն, արուսյակին են այսօր ծառայում բոլոր աստվածամերժ քաղաքական և հասարակական ուժերը, աղանդները, ծայրահեղական կազմակերպությունները, ազգեր են անգամ տրվել անաստված գործունեության՝ կառուցելով իրենց պետականությունը այն ուտոպիստական գաղափարախոսությամբ, որն ալիքաձև հեղափոխությունների և տարբեր տեսակի արյունահեղությունների տեսքով տեսել է մարդկությունը:

Հայը ևս զերծ չի մնացել այդ ալիքներից: Դրանք անցել են այն զավակների սրտերով, որոնք դարձան տարբեր տեսակի հեղափոխությունների և կուսակցությունների անդամներ ու հեղափոխական և այլ ճանապարհներով ազգը տարան կորուստների, քանի որ չունեին ճիշտ պետականաշինության գաղափարախոսություն և չէին ճանաչում Աստծուն, Տիրոջը, Արարչին՝ այն Տիրոջը, որի ձեռքում է երկրի վրայի իշխանների ու թագավորների, նախագահների ու վարչապետների սրտերը, կառավարման բանալին:

Հայ ազգը պետք է լավ իմանա իրեն շրջապատող իսլամական աշխարհի գաղափարախոսությունը, նրա պատմությունը, այն, թե ինչպես Մուհամեդը սկսեց իր գործունեությունը, ինչպիսի երդում-մուրհակ ունի նա և մնացած զորավարների մուրհակները հայ ազգի նկատմամբ և թե ինչպես նրա մահից հետո կիսվեց իսլամական շարժումը:

Այն կիսվեց սուննիթականների և շիիթականների ուսմունքների և այդ երկու աշխարհները դարձան իրար մահացու թշնամիներ: Այդ երկու աշխարհների ներկայացուցիչ ազգերը հարևանում են հայ ազգի հետ: Հայը պետք է սուննիթական աշխարհի հետ ունենա իր քաղաքականությունը, շիիթական աշխարհի հետ ունենա իր քաղաքականությունը, որպեսզի կարողանա ճիշտ ուղղորդել իր պետական քաղաքականությունը: Սա շատ կարևոր հարց է, քանի որ իրականում երկրի վրա ընթանում է հոգևոր պատերազմ և հոգևոր բաղկացուցիչը միշտ առկա է: Այն առկա է նաև իսրայելա-արաբական բախումներում, որի ականատեսն է այսօր ողջ աշխարհը: Այդ պատերազմի դաժանությունը կարևոր է բերել ոչ քրիստոնյա աշխարհների բախումների իր հետևանքներով:

Միայն քրիստոնյա գաղափարախոսությունը և Քրիստոսի Զորքը կարող է ազատագրել ցանկացած տարածք և ազգեր՝ հանուն փրկության և հաղթանակի, որից հետո մարդիկ կարող են գտնել խաղաղություն-այլ տեսակի զորքերի ու զինվորների գաղափարախոսությունը, դավանանքը և մոլորյալ աստվածապաշտութունը չի կարող բերել ոչ մի տեսակի արդար պատերազմի: Դրա համար էլ բոլոր տեսակի պատերազմները (կապ չունի գաղափարախոսական, թե հոգևոր) բերում են այդպիսի արյունոտ հետևանքների. կլինի դա կոմունիստական, ֆաշիստական, ազգայնամոլական, ծայրահեղ իսլամիստական, թե սիոնիստական գաղափարախոսությամբ: Այսօր այդ բոլոր տեսակի գաղափարախոսություններն իրենց տեսակով վտանգ և մարտահրավեր են ներկայացնում հայ ազգի, հայ իրականության համար:

Այսօր ոչ ոքի պետքը չի հայ ազգի ողբը, արցախցու ողբը, իսկ այն ազգերը որոնք կարող էին կարեկցել հայ ազգին, թշնամու միջամտությամբ դարձել են անտարբեր, ընկել են տարբեր տեսակի այլ դաշինքների մեջ և չեն պաշտպանում հայ ազգի շահերը, քանի որ նրանք էլ իրենց ղեկավարների հետ հեռացել են Աստծուց:

Հայ ազգը պետք է այսօր իր քաղաքականությունը կազմակերպի ըստ աստվածային չափորոշիչների և մերժի պղծությունը: Պետք է մերժվի Արևմուտքի այն գաղափարախոսությունը, որն այսօր վտանգում է հայ ազգին և նրա պետականությանը: Դրանք այն վտանգավոր չափորոշիչներն են, որ հայը մտցրել է իրավական դաշտ, մերժելով Աստծո օրենքները...

Ցավոք, այսօր հայ ազգն ընդունել է «Գենդերային հավասարության մասին օրենք»-ը, «Ստամբուլյան կոնվենցիա»-ն, «Լանզարոտեի կոնվենցիա»-ն, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք»-ը, և անբարոյականության քարոզը արգելված չի հայոց երկրում, Երևանի փողոցներում ստրիպտիզ ակումբները ու մերսման սրահները պոռնկություն են տարածում համատարած: Դա բերելու է ատելության թե՛ սուննիթական աշխարհի, թե՛ շիիթական աշխարհի կողմից, բոլոր նրանց, որոնք ձգտում են ապրել Աստծո օրենքներով:

Դա հղի է արունալի հետևանքներով, որ գալու է վաղը, եթե Ազգը չապաշխարի...

Չկա արդեն ուրիշ քաղաքականություն ու գաղափարախոսություն, կա հոգևորի՝ ամենակարևորի բացակայություն:

Չի կարող «Գենդերային հավասարության մասին օրենք» ընդունած ազգի բանակը պայքարել իսլամիստ գրոհայինների դեմ, չի կարող՝ ինչպիսի զենքի տեսակներ էլ ունենա...

Ոչ միայն կարևոր է հմուտ հրամանատարությունը, այլև այն գաղափարախոսությունը, որով հայ զինվորը պետք է դիմագրավի իր թշնամիներին: Հայ զինվորը պետք է ունենա իր վարքականոնը: Հայ զինվորը երբեք չպետք է սպանի կնոջը, երեխային, չպետք է բռնաբարի և չպետք է տանջի անմեղներին, նաև գերիներին, որոնք չգիտեն պետական գաղտնիք կամ մեղավոր չեն հանցագործությունների մեջ:

Հայ զինվորը, հայ ազգը ինքն իր մեջ, տանը նստած, թե եկեղեցում Աստծու առջև պետք է գա այն գիտակցության, որ ճշմարիտը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, Վարդանանց, Մամիկոնյանց ուխտը, որին պետք է հավատարիմ լինի յուրաքանչյուր հայ զինվոր և ամեն մի հայրենասեր հայորդի: Մնացածը ինքնիրեն կլինի Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ հանուն փրկության և հաղթանակի,

Հանուն «Հայ դատ»-ի կայացման, որը կայանալու է, եթե հայն ապաշխարի: Սա պարտադիր պայման է Աստծո կողմից հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու...

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ