Խարդախության զոհ դարձած ու թիվ 57169422 քրեական գործով տուժող ճանաչված Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանն այսօր էլ ահազանգում է, որ թեև իրենից խարդախությամբ 200 հատ հորթ են տարել, սակայն Արմավիրի դատախազությունը, մասնավորապես, նշված դատախազության ավագ դատախազ Էդգար Բաբայանը կոծկում է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործը:
Դեռ 2023 թ. մայիսին Ավդոյանը դիմել է «Հետք»- ի խմբագրություն՝ «ահազանգելով, որ խաբեության զոհ է դարձել, իսկ Արմավիրի դատախազությունն ու Քննչական կոմիտեն հարուցված քրգործի քննությունը ձգձգում են, և գործը չի հասնում դատարան»։
Միլազմ Ավդոյանը 2021 թ. հոկտեմբերի 10-ին 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքացի, Իրանական Ադրբեջանի բնակիչ, ազարի (իրանական ադրբեջանցի կամ իրանցի թուրք) Ղասեմ Աբդուլահ Նեժադիին, որը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հորթերի դիմաց 30 մլն դրամ վճարել։ Իրանցին, սակայն, անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, Ավդոյանի հավաստմամբ, առքուվաճառքի կեղծ պայմանագիր, ինչպես նաև կարանտինի կեղծ փաստաթղթեր պատրաստելով, արտահանել է անասուններին։
«Մի ամիս անցավ՝ չտվեց, երկու ամիս անցավ՝ չտվեց, տենց մինչև 2022-ի ապրիլը խաբեց, տարավ-բերեց, ես էլ իմացա, որ խաբվել եմ, բողոքեցի ոստիկանություն»,- «Հետք»– ին պատմել է Ավդոյանը։
2022 թ. ապրիլին եզդի ֆերմերը դիմել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ավդոյանը հարցաքննվել է, Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, Ավդոյանի և Նեժադի մասնակցությամբ տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Ղասեմ Աբդուլահ Նեժադի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2022 թ. մայիսի 17- ին որոշում է կայացվել Ղասեմ Աբդուլահ Նեժադին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Չնայած նրան, որ, ըստ տուժողի, փորձաքննությունն ապացուցել է անասունների առքուվաճառքի պայմանագրում իր ստորագրության կեղծված լինելը, այսինքն՝ առքուվաճառքի պայմանագրի (որով Ավդոյանը Նեժադի ընկերությունից իբր ստացել է 30 մլն դրամը ) կեղծ լինելը, քանի որ իրականում ինքը չի ստորագրել տվյալ պայմանագիրը, ավելին՝ գործով պարզվել է նաև, որ կարանտինի վերաբերյալ էլ կեղծ փաստաթղթեր են տրվել, գործ է հարուցվել միայն ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափևրով) հատկանիշներով: Ինչու՞…
Ինչու՞ մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի նաև 314- րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») հատկանիշներով (կարանտինի փաստաթղթերը կեղծելու մասով), ինչպես նաև 325- րդ հոդվածի հատկանիշներով (անասունների առքուվաճառքի կեղծ պայմանագիր օգտագործելու մասով): Մի՞ թե դարձյալ գործ չունենք «նորին մեծության» կոռուպցիայի հետ…
«Մի ամիս առաջ գործով քննիչը ինձ ասաց՝ կգաք, գործի նյութերին կծանոթանաք, բայց տենց էլ չի կանչել։ Գործը արդեն պիտի մտնի դատարան, բայց ինչ-որ խաղեր են տալիս, մի տարի ա արդեն գործը դատարան չեն ուղարկել»,- «Հետք»– ին ասել է Ավդոյանը։ Ըստ նրա, քննիչն ու դատախազը փորձում են գործը կոծկել։
Ավդոյանը դիմում-բողոքով երկու անգամ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Ըստ ստացած պատասխանների (երկու դեպքում էլ պատասխանը կազմել է Արմավիրի մարզի դատախազության դատախազ Աշոտ Մարտիրոսյանը), քրգործի ուսումնասիրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել»։
Ըստ տուժողի, թեև քր. գործը վաղուց արդեն պետք է ուղարկվեր դատարան, սակայն քննիչը և դատախազը ձգձգել են գործընթացը։
«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանն ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆԻ մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան»,– դեռ 2023 թ. նոյեմբերին «Իրավունք» թերթին հայտնել է Միլազմ Ավդոյանը։
Արմավիրի դատախազության և ՔԿ մարզային վարչության կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության գործը կոծկելու վերաբերյալ Ավդոյանի ահազանգը բաց նամակի տեսքով 2023թ. դեկտեմբերի 2- ին «Իրավունք» թերթի հրապարակմամբ, հասցեագրվել է Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածին, սակայն ձայն բարբառո անապատի…
Ըստ տուժողի փաստաբան Այսեր Իսայանի, եզդիների նկատմամբ նմանաբնույթ խարդախության դեպքերը (օտարերկրյա քաղաքացիների կողմից եզդիներին խաբելու) վերջին մի քանի տարիների ընթացքում շատացել են, դրանց գործերի քննության ձգձգումը՝ նույնպես։
Ինչպես մեզ տեղեկացրեց Միլազմ Ավդոյանը, 2023 թ. Արմավիրի մարզի ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանն է «ձեռքը դրել» քրեական գործի վրա, թույլ չի տվել, որ այն հասնի իր տրամաբանական ավարտին, իրենք անընդհատ բողոքել, բողոքել են, հետո Մարտիրոսյանը պաշտոնից ազատվել է, գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնելու առումով նրան փոխարինել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը, որը նույնպես նույն կերպ է վարվել:
Ավդոյանի պատմելով, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը վերջերս զանգահարել է իրեն, հրավիրել Վաղարշապատ, քննչական բաժին՝ լրացուցիչ ցուցմունք տալու: Գնացել, տվել է այդ լրացուցիչ ցուցմունքը, այդ հանդիպման ժամանակ Ղուկասյանն իրեն ասել է, որ գործը գնում է, տանում են Գլխավոր դատախազություն զեկուցելու, որ հետո ուղարկվի դատարան:
«Մի քանի օր անցավ, Ղուկասյանը զանգեց՝ բա արի,- մեզ հետ զրույցում ասաց տուժողը:- Գնացել եմ, ասում է՝ գիտես ինչ կա… Ասում եմ՝ ի՞նչ: Բա, ասում է, Էդգար Բաբայանը գործը փակել է: Հարցնում եմ՝ ո՞նց է փակել: Ասում է՝ հա, ասել է էդի քաղաքացիական է: Առաջարկեց ստորագրել, որ տեղեկացված եմ գործի կարճման մասին, չեմ ստորագրել»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ.
Առաջին լուսանկարում Ղասեմ Աբդուլահ Նեժադին է, երկրորդում՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը: