«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եկեղեցում քող գցելու մասին (հատված «Վերադարձ» գրքից)

Եկեղեցում քող գցելու մասին  (հատված «Վերադարձ» գրքից)
26.01.2024 | 09:19

Ինչպես Իմ սուրբ Պողոսը պատվիրեց, այդպես էլ Ես եմ պատվիրում ձեզ, որովհետև նա իրենից չխոսեց, այլ Ինձանից, և Ես էլ` Հորից: Եկեղեցում, աղոթելիս կամ մարգարեանալիս կնոջ գլխի ծածկված լինելն աստվածային պատվեր է, որովհետև.

1. կինը Եկեղեցու` Հարսի խորհուրդն է կրում:

2.Առաջինը ստեղծվեց Ադամը, իսկ երկրորդը` Եվան` Ադամի մարմնից:

3. Ադամը գլուխն է, իսկ Եվան` մարմինը: Որպեսզի գլուխը պատվավոր լինի, մարմինը պետք է ծածկվի:

4. Եվան, երկրորդը լինելով, առաջինը մեղք գործեց` դառնալով գլուխ` ղեկավարեց Ադամին, ինչպես մարմնի:

5. Կինը հարկ է քող գցի իր գլխին` պատվելով Ադամին որպես գլխի` ի նշան խոնարհության և ի նշան մեղքի գիտակցման:

6. Քրիստոս Գլուխն Է Եկեղեցու, իսկ Եկեղեցին` Մարմինը: Որպեսզի Գլուխը փառավորվի, հարկ է, որ Մարմինը ծածկված լինի:

7. Կինը քող պետք է գցի հրեշտակների համար, առավել` պահապան հրեշտակի, որը կարգված է մարդկանց հսկելու, ճշմարտության մեջ առաջնորդելու, աղոթքներն Աստծուն մատուցելու համար:

Ես խոսել եմ ներքին և արտաքին բարեպաշտության մասին և պիտի շարունակեմ խոսել ներքին և արտաքին խոնարհության մասին: Մարդկային ցանկացած ներքին դրսևորում կամ արմատացած մտածելակերպ իր արտահայտությունն է գտնում արտաքին դրսևորման մեջ: Ներքին աշխարհի մեջ կատարվող ամեն բան փոխադրվում է արտաքին աշխարհ: Այդպես էլ հոգևոր խորհուրդներն ունեն թե՛ ներքին, և թե՛ արտաքին դրսևորումներ, որոնք իրար լրացնում են:

Ճշմարիտ Եմ ասում, եթե Ես` Աննյութեղենս, Հոգեղենս, Անեղս, չմարմնանայի և արտաքին դրսևորման մեջ չմտնեի, ձեզանից ոչ ոք փրկություն չէր գտնի: «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, Որի մասին լսեցինք, Որին ականատես իսկ եղանք, Որին նայեցինք, և Որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը» (1 Հովհ․ 1;1), որ մարմնացավ: Նրանք, որ Ինձ լսեցին, իրենց աչքերով տեսան, ձեռքերով շոշափեցին, փոխեցին իրենց թե՛ ներքին, և թե՛ արտաքին կյանքը` պտղաբերելով հավատքի գործերի մեջ: Եվ նրանք, որ պատվում են Իմ Մարդեղությունն ու Աստվածությունը, նույնպես լսում են, տեսնում, շոշափում` փոխելով թե՛ ներքին, և թե՛ արտաքին մարդուն՝ Աստծո պատկերի նմանության համեմատ:

Ձեր մարմինները հոգու ծառան պետք է լինեն և իրականացնեն Սերը, ինչպես Ես Իմ Մարմնում իրականացրեցի Սերը՝ տրվելով Խաչի չարչարանքներին, և եղա Կենաց Հաց և Գինի, որպեսզի ուտելով Իմ Մարմինը և խմելով Արյունը` հավիտենական կյանք ունենաք:

ՈՒրեմն, Շոշափելին ձեզ Կյանք եղավ` կրելով Իր մեջ Աստվածային ողջ Խորհուրդը: ՈՒստի դուք էլ ձեր մարմնի անդամներին սրբության վարժեցրեք և ձեր մարմինները որպես Աստծո տաճար ներկայացրեք (1 Կորնթ․ 6; 19-20): Աճեցրեք ձեր անձերը ներքին ու արտաքին խոնարհության մեջ:

Ներքին մարդը ծածուկ է, ուր կարող է թափանցել միայն Աստված, իսկ արտաքին մարդուն բոլորն են տեսնում: Մարդկանց աչքին երևելի թվացողն Աստծո համար անպիտան կարող է համարվել, բայց ասում եմ ձեզ, որ ներքին խոնարհությամբ զարդարված մարդը արտաքին անպարկեշտությամբ չի կարող դրսևորվել, այլ ճիշտ հակառակը` սրբությամբ, խոնարհությամբ, ողջախոհությամբ, քաղցրությամբ, սիրով և համբերությամբ:

Զգույշ եղեք, ձեզ չխաբեք: Աստծուց ոչինչ չի ծածկվում: Կամենում եմ, որ ձեր դուստրերն ու կանայք քող դնեն իրենց գլխներին`լինի եկեղեցում, հավաքական աղոթքների ժամանակ, թե առանձին աղոթելիս: Ես կամենում եմ, որ նրանք զարդարեն իրենց անձերը բոլոր տեսակի առաքինություններով` իրենց համար օրինակ ունենալով Իմ առաքինի և շնորհազարդ Մորը: Նրանից սովորեք, որ ծածկած ունի մշտապես Աստծո ներկայության մեջ իր գլուխը` կրելով թագը քողի վրա:

Երանելին կանանց մեջ չկամեցավ խոնարհության քողը հեռացնել իր գլխից: Եվ ավելին` երանելին կանանց և կույսերի մեջ չմերկացրեց իր մարմնի անդամները` պատվելով այն խորհուրդը, որի համար կանչված էր:

Դարձյալ եմ ասում, որ Իմ անարատ Մայրն Իմ Հարսի կատարյալ նկարագիրն է: Կամենում եմ, որ Իմ դուստրերը նրան նմանվեն և չմերկացնեն իրենց անդամներն ի տես աշխարհի և ի գայթակղություն այրերի: Ձեր մերկացրած անդամները պիտի այրվեն:

Ձեր կույսերը, որ ապականվում են կրքերով և մերկանում` անարգելով կուսության և մայրության սուրբ խորհուրդը, պիտի այրվեն, եթե դարձի չգան ու չապաշխարեն: Եվ այրերը, որ ապականում են կուսությունն ու մայրությունը, պիտի այրվեն, եթե դարձի չգան ու չապաշխարեն: Այն անդամները, որ պարկեշտությամբ նայողին գայթակղեցնում են, պիտի այրվեն, և այն անդամները, որ պարկեշտությամբ վարվողի հանդեպ բղջախոհությամբ բորբոքվում են, այրվելով պիտի այրվեն, եթե դարձի չգան և չապաշխարեն: Իսկ նրանք, որ միաբանվել են մեղքի մեջ, եթե չապաշխարեն ու չփոխեն իրենց կյանքը, միասին էլ պիտի այրվեն: Եվ մի ասեք, թե ժամանակները փոխվել են, և այսօրվա պահանջներն ուրիշ են: Ես Սուրբ եմ բոլոր ժամանակների մեջ և սրբություն եմ պահանջում բոլոր ժամանակների մեջ:

Օ՜ այլասերված ժամանակաշրջան, ձեր պղծության աղաղակը երկինք է հասել: Օ՜ Սոդոմի և Գոմորի կատարելատիպ, օ՜ Բաբելոնի քույր, օ՜ Եգիպտոսի գերի, որ պատրաստվում ես նեռ ծնել, ինքդ արդեն իսկ նրա մարմնավորումն ես դարձել: Եթե չապաշխարես, պիտի այրվես: Սատանան ամեն ինչում երևութական է դառնում, որ երբ հայտնվի, նրան չճանաչեն: Եվ ավելին` որպես քրիստոս ընդունեն: «Գազանի վրա նստած պոռնիկը» գլուխ է բարձրացնում (Հայտն․ 17; 3-5), որի պղծության բաժակից պիտի արբեն աշխարհի բոլոր ազգերը: Նա գլուխ է բարձրացրել ընդդեմ Իմ սուրբ Մոր, ինչպես հակաքրիստոսը` Իմ: Սա Իմ Ողորմության ձայնն է, որ լսում եք:

Ապաշխարե՛ք, որ չկորչեք ամենքդ էլ: Նրանք, որ գիտեն ճշմարտությունը և չեն կատարում, առավել պատասխան պիտի տան: Նրանք, որ չեն կամենում լսել ճշմարտությունը, իրենց պղծության մեջ պիտի կորչեն: Նրանք, որ ճանաչում են Իմ Մորը և չեն նմանվում նրան, առավել պատասխան պիտի տան: Իսկ նրանք, որ չեն կամենում ճանաչել Իմ Մորը, որպեսզի նրան չնմանվեն, իրենց պոռնկության մեջ պիտի կորչեն: Օ՜ սրբապիղծ դարաշրջան, ձեր խառնակ անկողիններն Իմ աչքերի առաջ են, ձեր հոգու այլասերումն իր գագաթին է հասել և անցել բոլոր սահմաննները:

Ո՞վ տվեց քեզ մարմին, ո՞վ տվեց քեզ աչքեր, ո՞վ տվեց քեզ շուրթեր, ո՞վ տվեց քեզ ձայն, ո՞վ տվեց քեզ հոգի: Քո աչքերն Իմ աչքերից են, Ինձ նման: Ա՜խ ինչ ցավ: Իմ աչքերն առան ու պոռնիկի աչքեր դարձրին: Ի՜նչ ամոթ: Իմ Մարմինն առան ու շներին տվեցին: Իմ շուրթերով պղծություն են խոսում: Իմ տված ձայնը չարին ծառայեցրին: Իմ նվիրած սիրտը նվիրեցին ամեն գարշությունների: Իմ տված հոգին ձրի հանձնեցին չարին ու նրա կերպարանքին հարեցին:

Վա՜յ ձեզ, որ անարգեցիք ձեր Աստծուն:

Վա՜յ ձեզ, որ չփնտրեցիք սրբությունը:

Վա՜յ ձեզ, որ ձեր մանուկներին սպանեցիք` ձգելով նրանց կոյուղիների մեջ, որոնց անմեղ արյունը ողողել է հողը:

Վա՜յ ձեզ, որ չթողեցիք նրանք ծնվեն և Ինձ ճանաչեն:

Վա՜յ ձեզ, որ ձեր կենդանի զավակներին հոգով սպանեցիք` չար օրինակ լինելով նրանց համար:

Վա՜յ ձեզ, որ Իմ մանուկների ոտքերն Իմ Տուն չառաջնորդեցիք: Վա՜յ ձեզ, որ դուք չմտաք ու նրանց չթողեցիք մտնեն:

Վա՜յ ձեզ, որ անարգում եք սրբությունները:

Վա՜յ ձեզ, որ լայնացնում եք ձեր վավաշոտ բերանները և մեծացնում ձեր որովայններն ագահությամբ:

Վա՜յ ձեզ, որ փափկացնում եք ձեր մարմինները և պարարտացնում, ինչպես մորթելու պատրաստ խոյեր:

Վա՜յ ձեզ, որ տաքացնում եք օձերի և քարբերի բները և նրանց ձվերի վրա թուխս եք նստում:

Վա՜յ ձեզ, խաչողներ, խարազանողներ, հայհոյողներ, թքողներ, ապտակողներ, հարվածողներ, քացախ տվողներ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք:

ՈՒրեմն լսեք, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին:

Նրանք, որ շոուներ են անում հրապարակներում և իրենց անձը մատուցում, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ լայնացնում են փրկության ճանապարհը և հեշտասիրության վարժեցնում, ուրիշ քրիստոս են քարոզում: Նրանք, որ զատում են իրենց Որթատունկից, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ անարգում են Իմ Տան խորհուրդներն ու ծեսերը և քահանայական պաշտոնը, ուրիշ քրիստոս են քարոզում: Նրանք, որ մերժում են մանուկների մկրտությունը, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ կտրում են Իմ փոքրերին Իմ Որթատունկի հինավուրց Տնից, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ անարգում են Իմ Մորը և նրա մշտնջենական կուսությունը, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ արհամարհում են սուրբ հայրերի թողած ժառանգությունը, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ չեն պատվում Իմ սրբերին և մերժում են նրանց բարեխոսությունները, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ չեն ծածկվում, մերկանում են և անարգում Իմ Մարմինը, ուրիշ քրիստոս են քարոզում:

Նրանք, որ միևնույն սկուտեղի մեջ մատուցում են Աստված և մամոնա և արհամարհում աղքատասիրությունը, ուրիշ քրիստոս են քարոզում:

Եվ այս ուրիշ քրիստոսը, որ փորձում է նմանվել ճշմարիտ Քրիստոսին, նեռի ոգին է, որ մոլորեցնում է և «ճշմարտությունն անիրավությունով բռնում» (Հռոմ․ 1; 19):

Դու՛րս եկեք Բաբելոնից, Սոդոմից, Եգիպտոսից, մի՛ խառնեք ճշմարիտը ստի հետ: Սա Իմ Ողորմության ձեռքն է: Զավա՜կս, զավա՜կս, ինչու՞ Ինձ թողեցիր: Ինչպե՞ս աղաղակեմ, որ լսեք և հավատք ունենաք: Վերադարձի՛ր, վերադարձի՛ր: Իմ Սերն ի զորու է քեզ բժշկել: Ես քեզ տվել եմ Իմ Խաչի չարչարանքները` Մարմինս և Արյունս: Վերադարձիր Ինձ: Չէ՞ որ միևնույն կտորից կարելի է և՛ սրբության զգեստ կարել, և՛ անառակության: Երկու նետաձիգ միևնույն նետ ու աղեղով կարող են իրար հակառակ ուղղությամբ նշան բռնել: Եկեք, հագեք այն լուսե պատմուճանը, որից մերկացաք մեղքով: Ես ձեզ ծածկել եմ Իմ Սուրբ Արյունով: Եկեք և հագեք այն, մաքրվեք ու սրբվեք: Երկնային փեսայի աչքերը միշտ պիտի որոնեն Իր Հարսի քողը և սուրբ պատմուճանը, որով ծածկվում է նրա մերկությունը: Ամոթով մի թողեք Իմ հրեշտակներին: Երբ մերկացրեցին Իմ սուրբ կույսերին` Գայանյանց և Հռիփսիմյանց, և հեռացրեցին քողը, նրանց մերկությունը երկնքում ոչ ոք չտեսավ. մինչ հեթանոսները վավաշոտ նայում էին: Հրեշտակները նրանց ծածկել էին իրենց թևերով և փակել իրենց աչքերը: Նրանց վրա էր Իմ պատմուճանը, և նրանց ամոթը ոչ ոք չտեսավ: Իսկ ձեր աղջիկներն ինքնակամ են հանում քողը և մերկացնում իրենց անդամները` ի տես աշխարհի, և նրանց մերկությունը երևում է երկնքում` այս անգամ ստիպելով հրեշտակներին ամոթից փակել իրենց աչքերը:

ՈՒրեմն, սրբություն եմ քարոզում: ՈՒ թող ձեր կանայք և աղջիկները քող գցեն և չմերկանան: Թող ծածկվի Մարմինը, որ փառավորվի Գլուխը: Թող Իմ Հարսը խոնարհությամբ զարդարվի` թե՛ ներսից և թե՛ դրսից: Շարունակիր մնալ աղոթքի մեջ, որ չարից չհարվածվես.

Իմ խաղաղությունը ձեզ † :

Գեղանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Հղումով կարող եք լսել տեքստի շարադրանքը:

https://www.facebook.com/veradardz/videos/376879423776957/

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ