ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի

Գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի
18.01.2024 | 11:04

1988 թվականի երկրաշարժի փլատակները դեռ թարմ էին, երբ փլուզվեց աշխարհի ամենամեծ կայսրությունը: Ֆիզիկական, բարոյական, տնտեսական ու սոցիալական փլատակների տակ մնացած, ունեզրկված, արնաքամ, անզեն մի փոքրաթիվ ժողովուրդ ապրելու ուժ գտավ և իր պատմական հողերն ազատագրեց դարավոր գերությունից:

Անցավ 30 տարի: Տնտեսապես անհամեմատ բարվոք վիճակում գտնվող, բավականաչափ զինված, քաղաքական ավելի կայուն դիրք բռնած ժողովուրդն իր պատմության ամենախայտառակ պարտությունն է կրում պատերազմի դաշտում, արտաքին և ներքին քաղաքականության ճակատներում, իսկ 2023 թվականի սեպտեմբերին (ուղիղ անկախության օրը)՝ նաև աշխարհի քարտեզի վրա: Կոտրվում է մեր խարխուլ հոգևոր և բարոյական ողնաշարը: Հանձնվում է Արցախը:

Ահա մեր նորագույն պատմության երկու մեխերը, որոնցից կախված է դրանց միջև ընկած բոլոր իրադարձությունների շղթան: Շուշիի գրավումը 1992-ին և Արցախի հանձնումը

2023-ին: Այս երկու իրադարձությունները մեր նորագույն պատմության երկու կողմնորոշիչներն են՝ ոչ միայն պատմական հայրենիքի ազատագրման և կորստի ենթատեքստում, այլև հոգևոր վերելքի և անկման տեսանկյունից:

90-ականների քաղաքական, տնտեսական և սոցիալական գահավիժումը չկարողացավ կանխել մեր հաղթանակը, որովհետև այն արդեն կերտված էր մեր հոգիներում, ուներ կերպար մեր սրտերում, ուրվագիծ՝ մեր մտքերում, կայուն տեղ՝ ապագայի մեր տեսլականում:

Մինչդեռ 21-րդ դարի բարեկեցիկ կյանքը, ապահովության զգացումը և ուժեղ բանակը չկարողացան կանխել պարտությունն ու մեր ժամանակների մեծ գաղթը, որովհետև պարտությունն ընդունել էինք մեր հոգում, Արցախը դավաճանել էինք մեր սրտում և հայրենիքը լքել էինք մեր մտքում:

Սա պարզագույն ապացույցն է այն իրողության, որ ո՛չ փողով, ո՛չ զենքով, ո՛չ էլ կուշտ փորով պատմություն չի արարվում: Ոգի՛ն է կերտում պատմությունը, ոգի՛ն է կոփում հաղթանակները, ոգու՛ թևերով է թռչում երկիրը:

Մեր հաղթանակած ոգին օր-օրի դատարկեցին հոգևոր, ազգային, բարոյական արժեքներից, իսկ տեղը լցոնեցին մեղքով. փողը, հարմարապաշտությունը, շահը, կեղծիքը, չարահավանությունը զբաղեցրին առաքինություններից ազատված տարածությունը:

Մեր պարտությունները քաղաքական էլիտայի մենաշնորհը չեն: Իշխանությունները բոլոր մեր նման երկրներում թխված են նույն արտաքին ուժերի կողմից՝ հակապետականության ալյուրով, ազգադավության թթխմորով, գաղափարազրկության աղով և նյութապաշտության պղտոր ջրով: Այնպես որ՝ ներկա ու նախկին քաղաքական գործիչների անունները տալն անգամ պղծություն է: Նրանց համար Տիրոջ արդար դատաստանը խնդրելով՝ անցնենք ինքներս մեզ:

Ձախողումների թեմայով ժողովրդի անունը հոլովել չի կարելի: Ժողովուրդը «սուրբ է»: Անհատներն են լինում մեղավոր, իսկ ժողովուրդն իր հավաքական կերպարով սուրբ է: Օրինակ, եթե երեք միլիոնից 2,9-ը մեղքի մեջ է ապրում, միևնույնն է՝ ժողովուրդը սուրբ է. այնքան սուրբ, որ հենց մոտենում է քվեատուփին՝ անպայման մի պատուհաս գալիս է երկրի վրա:

Մեր սգավոր կանանց չի թույլատրվում հարցնել՝ անկախության 30 տարիների ընթացքում աբորտի միջոցով սպանված մեկ միլիոն մանուկների՞ն եք ողբում, թե՞ հինգ հազար զինվորին:

Խոժոռադեմ տղամարդկանց ընդունված չէ հարցնել՝ Արցախին դավաճանե՞լն եք ծանր տանում, թե՞ ձեր ընկերոջ կնոջ հետ պղծություն գործելը:

Ազգայնականին չի կարելի հարցնել՝ իսկ ձեր երկու որդիներն ինչու՞ են Ամերիկայում ապրում:

Երեխա կնքողին չի կարելի հարցնել՝ իսկ դու պատարագ գնում և հաղորդվու՞մ ես ամեն կիրակի:

Զինվորին չի կարելի հարցնել՝ ինչու՞ ես թուրքի դեմ ելել, բայց թուրքից սովորած հայհոյանքներով ես օրդ սկսում և ավարտում:

Հաղթանակի բանալին զենքը չէ: Զենքը, զորքը, փողը միջոց են: Բանալին մեղքից հրաժարումն է:

Դրա մասին է ամբողջ Հին Կտակարանը, դրա մասին են այսօրվա Հայաստանը, Արցախը, ՈՒկրաինան, Ռուսաստանը, Իսրայելը: Դրա մասին է Նիկոլայ Սերբացու «Պատերազմ և Աստվածաշունչ» աշխատությունը, որ ամեն քրիստոնյա պետք է կարդա:

Այն, որ ժողովրդի մեղքերի մասին խոսելն անհարմարություն է պատճառում նրա առանձին ներկայացուցիչներին՝ հասկանալի է: Սակայն անհասկանալի է, թե մեր կրոնական վերնախավն ինչու՞ է արգելք դրել հավաքական մեղքի և ապաշխարության թեմայի վրա: Ես չեմ ասում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այլ՝ կրոնական վերնախավը, քանի որ Եկեղեցին հավատացյալներն ու քահանաներն են, սրբերն ու հրեշտակներն են, ի Քրիստոս ննջածներն ու մեղքի մեջ ապրողներն են… Եկեղեցին մեծ է, բազմաշերտ է և իր ամբողջության մեջ, անկասկած, սուրբ է: Եկեղեցու դեմ մարտնչողները կամ անաստված են, կամ աղանդավոր կամ էլ՝ դիվահար: ՈՒստի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հարվածելու մեղադրանքներ չեմ ընդունում, բայց և փարիսեցիություն եմ համարում թեմայի մասին լռելը:

Ի՞նչն է կաշկանդում կրոնական վերնախավին այս համազգային աղետի հորձանուտում խոսել ազգովի զղջալու, ապաշխարելու, արդարությամբ Տիրոջ գութը շարժելու, մեղքից հրաժարվելու մասին: Խոսել ոչ միայն եկեղեցու խորաններից՝ բնակչության կես տոկոսի համար, այլ հրապարակավ՝ բոլորիս համար: Խոսել ոչ միայն առանձին հավատացյալի անձնական փրկության, այլ ժողովրդի հավաքական դարձի մասին. Հայոց Երկրորդ Դարձի, որից կախված է պետության և ազգի հետագա գոյությունը:

Եթե խանգարում է այն, որ նման բաներին չեն հավատում, ուրեմն չեն հավատում Աստվածաշնչի որևէ տողին:

Եթե խանգարում է այն, որ ժողովուրդն իրենց ճիշտ չի հասկանա, ուրեմն մարդահաճության մեղքի մեջ են հարատևում:

Եթե խանգարում են սեփական մեղքերը, ապա հպարտության մեջ են, քանի որ բոլորն են մեղավոր, և հոգևորականները ևս մարդկային տկարության պատճառով անմեղ լինել չեն կարող: Պետք է միայն զղջալ, ապաշխարել ու ապաշխարության առաջնորդել ժողովրդին:

Եթե ամաչում են խոստովանել, ուրեմն Հովհան Ոսկեբերանին թող հիշեն, որ ասում է. «մեղքը միացած է ամոթի հետ, ապաշխարությունը հյուսված է արիությանը: Սատանան իմանալով, որ մեղքը միանում է ամոթին, ով կարող է հեշտությամբ վանել մեղսագործին, իսկ ապաշխարանքը միանում է արիությանը, որը կարող է գրավել ապաշխարողին, աղավաղում է բնական կարգը և ամոթը տալիս է ապաշխարանքին, իսկ արիությունը՝ մեղքին: Մեղքի մեջ եղող մարդուն թույլ չի տալիս ամոթ զգալ, իսկ ապաշխարողին ստիպում է ամաչել»:

Ո՞վ կարող է վերստին շաղկապել արիությունն ապաշխարության հետ և մեղքը՝ ամոթի:

Ո՞վ կարող է քակտել սատանայի նետած ուռկանները:

Ո՞վ է ի վիճակի իմաստնությամբ առերեսվել սեփական մեղքերի հետ, խոնարհությամբ դրանք ընդունել, արիությամբ խոստովանել և առաքինությամբ ապաշխարել:

Բոլոր հարցականներն ունեն մեկ պատասխան՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Իսկ ժողովուրդը, որ Հայաստանի փրկությունն հիրավի կապում է եկեղեցու հետ, թող չփնտրի այն հոգևորականին, որն աշխարհ կգործուղվի՝ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով, այլ թող աղոթքով խնդրի, որ եկեղեցին պատրաստի և առաջնորդի Հայոց Երկրորդ Դարձը:

Այնպես, ինչպես անհատական աղոթքներում Տիրոջից պետք չէ նյութական մանրուքներ խնդրել, նմանապես և հավաքական աղոթքներում պետք չէ հողեր խնդրել. Արարիչը մեզ ամբողջ դրախտն էր տվել:

Տիրոջից պետք չէ ուժեղ բանակ հայցել. Նա աշխարհի ամենատոկուն զինվորներին էր մեզ պահապան դրել:

Տիրոջից պետք չէ հզոր տնտեսություն խնդրել. Նա մեզ այնպիսի շնորհներով է օժտել, որ բարեկեցություն ապահովելու համար չափազանց շատ է:

Տիրոջից պետք չէ իշխանափոխություն խնդրել, քանի որ Նա ամեն անգամ մեզ կտա այն, ինչին արժանի ենք, ու ավելի մեծ հուսահատության մեջ կըկնենք:

Բավական է Աստծուց մեղքից հրաժարվելու կամք հայցել ու մնացած բոլորը մեզ ավելիով կտրվի:

Աստծուց զղջացող սիրտ խնդրենք՝ ու մեր անհաջողությունների շղթան կընդհատվի:

Աստծուն աղաչենք, որ ապաշխարության ոգի դնի մեր ազգի մեջ՝ ու թշնամիները մեր ոտքերի տակ որպես պատվանդան կդրվեն:

Ահա եկել է նյութապաշտության, անաստվածության և կռապաշտության վերջը: Պատերազմների հրում և աղետների հորձանուտներում գերտերություններ են ոչնչանալու, նոր պետություններ են ծնվելու, սուտ արժեքներ են ջնջվելու, ամբարտավան շուրթեր են պապանձվելու:

Աստված ոչ մի պետության չափին, համախառն ներքին արդյունքին և բանակի ուժին չի նայելու, որովհետև այդ ամենն անցողիկ աղբ է, որ այրվելու է բարկության հրի մեջ:

Միակ բանը, որ ազնվանում և վեհանում է հրից՝ ոսկին է:

«Արդ, մի խորհուրդ տամ քեզ,- ասում է Տէրը վերջին ժամանակների եկեղեցուն,- ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս» (Յայտնութիւն 3/22):

Կրակի բովով անցած ոսկին խոնարհ սիրտն է: Խոնարհ սրտով էլ Արարչի ողորմությունը խնդրենք, զղջմամբ Աստծո այցելությունը հայցենք և ապաշխարությամբ ընդառաջ գնանք մեզ այցելող Տիրոջը:

Դավիթ ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ