Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սուրբ Ներսես Լամբրոնացու վարքը

Սուրբ Ներսես Լամբրոնացու վարքը
09.01.2024 | 21:36

Սքանչելի այր և որպես 2-րդ Պողոս, սուրբ Ներսես Լամբրոնացին, բնիկ Հայկազյան ցեղից էր և սերում էր Արշակունյաց տոհմից: Հեթումյան Օշին իշխանի որդին էր: Հայրը Կիլիկիայի մեջ գտնվող Լամբրոն դղյակի տերն էր, մոր անունը Շահանդուխտ էր: Ներսեսի իսկական անունը Սմբատ էր, նա ուներ 4 եղբայր և 3 քույր:

Սմբատը դեռ չծնված, ծնողները ուխտ էին արել նրան Աստծուն նվիրել, այսինքն ընծայել վանքին: Սակայն երբ 1153թ.-ին ծնվեց մանուկը, նրա հրաշալի գեղեցկությունը տեսնելով, ծնողները փոշմանեցին ասելով. ՙԱյդպիսի գեղեցկությունը չարժե աշխարհից զրկել: Դրա փոխարեն մեր մյուս որդիներից մեկին կտանք վանքին՚: Եվ ահա որոշ ժամանակ անց մանուկը ծանր հիվանդացավ և մահվան դուռը հասավ: Այն ժամանակ մայրը զղջաց ասածի համար և մանկանը վերցնելով, տարավ Սկևռայի Սուրբ Աստվածածին եկեղեցին և կատարեց իր ուխտը ու անմիջապես երեխան առողջացավ: Մանուկը սկսեց աճել Աստծո շնորքներով: Նա լի էր Աստծո երկյուղով և որպես մարմնավոր հրեշտակ, հաճելի էր բոլորին:

Մի օր հայրը նրան տարավ Պոլիս՝ Կիռ Մանվել կայսրի մոտ: Կայսրը նրան գիրկն առնելով համբուրեց և ասաց.

-Այստեղ արքունիքում մնա և ես քեզ հորիցդ ավելի մեծ պատիվների կարժանացնեմ:

Մանուկը պատասխանեց.

-Եթե ասածդ մեծությունը անանց լիներ, կլսեի և կմնայի, բայց ես ուզում եմ անանց մեծության հասնել:

Նա նույն պատասխանը տվեց նաև Անտիոքի Լատին կոմսին:

Այնուհետև մանուկը մեծացավ Սկևռայի վանքի մեջ՝ Հովհաննես վարդապետի դաստիարակության տակ: Նա առաջադիմում էր սրբության և գիտությունների մեջ:

Երբ 16 տարեկան էր, մահացավ նրա հայրը: Հոր կտակում գրված էր, որ իր Հեթում որդին պետք է լինի Լամբրոնի իշխան, իսկ նրա եբայր՝ Աստծո նվիրյալ Սմբատը, իր կառուցած Սկևռա վանքի առաջնորդը պետք է լինի: Սակայն Սմբատի կամքն այլ էր: Նրա ցանկությունն էր ընդգրկվել ճգնավորական կյանքի մեջ, գնալ անապատ և հանձն չառնել եկեղեցական պաշտոնները:

Մայրը հասկանալով որդու փափագը, ամեն ջանք թափեց, որ որդին իրենից չհեռանա: Եվ զավակին ուխտի տանելու պատրվակով, տարավ Հռոմկլայ, որպեսզի որդու հորեղբայր՝ Ներսես Շնորհալին օրհնի նրան: Եվ մայրը նախապես Շնորհալուն տեղյակ պահեց որդու նպատակների մասին:

Շնորհալին տեսնելով պատանու Աստվածային շնորքները, ստիպելով նրան քահանա օծեց և անունը Ներսես դրեց: Եվ որոշ ժամանակ հայրապետանոցում պահելուց հետո, երբ պատանին վայելեց իր հոգևոր խնամքները և զգաց իր հոգին, նրան ուղարկեց Սև Լերան վանքը: Այնտեղ դաստիարակվեց մեծ գիտնական՝ Ստեփանոս վարդապետի ձեռքի տակ և փայլեց սրբությամբ և իմաստությամբ:

Վանականները տեսնելով Ներսես աբեղայի հոգևոր եռանդը, ստիպեցին նրան, որպեսզի իր տերունական տաղանդը ի շահ բազում հոգիների, քարոզի քաղաքի մեջ: ՈՒստի պատանին եկավ Լամբրոն և 18 տարեկանում, որպես հասուն և բանիմաց մարդ, սկսեց հրաշալի կերպով քարոզել, իբրև մի նոր Ոսկեբերան: Նրա համբավը շուտով տարածվեց և քաղաքացիները միաբերան խնդրեցին, որ իրենց քաղաքի եպիսկոպոսը լինի ու որպես առաջնորդ, նստի Սկևռայի վանքում: Սակայն երանելին իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի հետ գնաց Սադրի անապատը: Այնտեղ մի սենյակի մեջ առանձնանալով, պարապում էր հոգևոր ընթերցանությամբ և աղոթքներով, ինչպես նաև կատարում էր թարգմանություններ:

Կիրակիից-կիրակի գնում էր եկեղեցի, Սուրբ պատարագ մատուցելու, իսկ մնացած ժամանակ մնում էր իր խցիկի մեջ՝ մենամարտելով անմարմին թշնամու բազմապիսի սադրանքների և փորձությունների դեմ:

Տերը նրան օժտել էր նաև հրաշագործության շնորհքով: Նա շատերին բուժում էր իրենց հիվանդություններից, իսկ շատերին էլ ազատում էր չար այսերից: Հաճախ այցելում էր Ներսես Շնորհալուն, և հետագայում էլ ներկա գտնվեց նրա վախճանին:

Շնորհալուց հետո նրա տեղը նստած Գրիգոր կաթողիկոսը ստիպողական նամակ գրեց Ներսեսին և նրան իր մոտ կանչելով 1176 թ.-ին 23 տարեկանում Լամբրոնի եպիսկոպոս ձեռնադրեց: Իսկ Սկևռա վանքի վանականները նրան վանքի առաջնորդ ընտրեցին:

Նա, որպես քաջ և արթուն հովիվ, խնամում էր բոլորին: Որպես խոսքով և գործով ճշմարտության քարոզիչ, հաճելի էր բոլորին:

Տեսնելով սակայն, որ առաջնորդության գործը արգելք է հանդիսանում իր ընթերցասիրությանը և աղոթասիրությանը, 24 տարեկանում գաղտնի գնաց Սադրի անապատը և այնտեղ վանականների խնդրանքով գրեց եկեղեցական կարգերի և Պատարագի խորհրդի մեկնությունը: Իսկ հաջորդ տարի, իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի խնդրանքով գրեց Սաղմոսների մեկնությունը: Նույն տարում իր ազգականները և Սկևռայի միաբանները կաթողիկոսին դիմում գրելով, նրան Լամբրոն վերադարձնել տվին:

Շատ չանցած Ներսեսը գաղտնի կերպով որոշեց Եգիպտոս գնալ և այնտեղ ճգնավորների ճգնարանների մեջ թաքնվել, սակայն նրան գտան և վերադարձրին: 3 անգամ փորձ արեց փախչել և գնալ Սեպուհ լեռան վրա գործող Սուրբ Գրիգորի ճգնարանը, սակայն ամեն անգամ նրան գտան և գրեթե բռնությամբ ետ վերադարձրին: Նա նույնիսկ ծպտված փախավ Կիպրոս կղզի՝ միայնակյացների մոտ, սակայն այս անգամ նույնպես նրա տեղը իմացան և ետ բերեցին:

Ի վերջո, համակերպվեց իր վիճակի մեջ և սկսեց ջերմեռանդորեն քարոզել Կենաց խոսքը: Նրա համբավը տարածվեց ամբողջ Հայաստանի մեջ: Եվ այս փառքերից փախչելու համար դարձյալ գնաց իր Սաղրի ճգնարանը և իրեն նվիրեց աղոթքների և տքնությունների: Սակայն կաթողիկոսի հրամանով, ստիպված վերադարձավ Հռոմկլայ, որտեղ և գրեց Հովհաննեսի Հայտնության մեկնությունը, ամբողջացրեց Սաղմոսների մեկնությունը և Տերունական տոների առթիվ հորինեց բազմաթիվ ճառեր: Գրեց Ներսես Շնորհալու ոտանավոր կենսագրությունը և կատարեց բազմաթիվ թարգմանություններ, դրա համար էլ նրան կոչեցին երկրորդ Պողոս առաքյալ տարսոնացի: Հետևելով Շնորհալու օրինակին, մեծ զարկ տվեց եկեղեցական բարեկարգությանը: Ինչպես Շնորհալին հույներին հաշտեցրեց հայերի հետ, այնպես և Լամբրոնացին հայերին սիրելի դարձրեց հույներին, հռովմեացիներին, ասորիներին և բոլոր քրիստոնյա ազգերին:

Նա կարգադրել էր, որ Տարսոնի Սուրբ Սոֆիա եկեղեցու մեջ չորեքշաբթի և ուրբաթ օրերին 300 աղքատների հաց և բակլա բաժանվի: Նույն ձևով հոգածություն էր ցուցաբերում նաև ամբողջ հոտի համար: Նա Սկևռայի մեջ մի նոր եկեղեցի կառուցեց և իր 3 քույրերին ու իր մորը կրոնավորության քող և զգեստ հագցրեց:

Լամբրոնացին ապրեց մինչև 1198 թ. Ապիրատ իշխանի կողմից Լևոն թագավորի օծումը: Նույն տարում հրավեր ստացավ գնալու երկինք, որին շատ տենչում էր: Նա Դավթի պես ասում էր.

-ՙՏեր, ե՞րբ պիտի գամ և Քո առջև պիտի երևամ:

Իր սուրբ հոգին ավանդեց հետևյալ խոսքերով.

-Ով Հիսուս, Քո ձեռքդ եմ ավանդում իմ հոգին, ընդունիր Քո ծառայիդ՝ Ներսեսի հոգին:

45 տարեկանում վախճանվեց և փառքով թաղվեց Լամբրոնի դղյակի մոտ գտնվող Սկևռայի ուխտի մեջ:

Հարգելի հավատացյալներ, դիմենք Սուրբ Ներսես Լամբրոնացու բարեխոսությանը, որպեսզի նա այս դժվար կյանքում օգնական լինի մեզ: Որպեսզի բժշկվենք, մաքրվենք, աղետներից հեռու մնանք և հաստատուն քայլերով ընթանանք մինչև մեր աշխարհական կյանքի ավարտը:

Ճշմարիտ ճանապարհ

ՖԲ էջից

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ