Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իսկապես, արժանահիշատակ անհատականություն

Իսկապես, արժանահիշատակ անհատականություն
16.12.2023 | 10:05

Օրենքով գողերի ֆենոմենի մասին ես չէ, որ պիտի խոսեմ։

Ո՛չ էլ գովազդում եմ։

Պարզապես ՌՈՒԴՈԼՖ ՕԳԱՆՈՎԸ, իսկապես, արժանահիշատակ անհատականություն էր։

Այս հոդվածը գրել էի նրա 70-ամյակին։

Այսօր լրանում է Ռուդիկի 77-ամյակը։ Հենց նրա շնորհիվ էր, որ 90-ականների սկզբին Մոսկվա բռնագաղթած ղարաբաղցիների կապիտալը չկորավ։



ԳԵՆԵՐԱԼ ՌՈՒԴԻԿ ԲԱԿԻՆՍԿԻ ԿԱՄ` «Ե՛Ս ԵՄ ՌՈՒԴԻԿԸ»

«Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել »:

Դեկտեմբերի 14-ը նաև Ռուդոլֆ Օգանովի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 70 տարեկան:

Ո՞վ էր նա՝ հայտնի դաշնակահա՞ր, միջուկային ֆիզիկայի` գաղտնի պահվող մասնագե՞տ, թե՞ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան:

Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և ո՛չ էլ երրորդը, չնայած նրա հետ առնչվածներից շատերը նրան շփոթում էին հենց նշված մասնագիտությունների տեր մարդկանց հետ. միշտ բարեկիրթ, էլեգանտ ու խոհուն՝ ջենտլմենին հատուկ վարվեցողությամբ:

Իրականում հազիվ 1 մ 60 սմ հասակ ունեցող այս մարդն օրենքով գող էր, ով հսկայական ազդեցություն է ունեցել խորհրդային հանցավոր աշխարհի վրա նրա ամենադժնդակ, միևնույն ժամանակ նաև, ամենավառ ու բնութագրական ժամանակներում՝ 20-րդ դարի 90-ականներին:

Իսկ մինչ այդ նա միահեծան դրության տերն էր Բաքվում:

-Он был самым козырным вором Азербайджана,- ասում է նրա մասին ռուսական հանցավոր աշխարհի փորձագետ Նիկոլայ Չեռնիշովը և հավելում.

«Ռուդոլֆ Օգանովը հանցագործ աշխարհի պատրիարքն էր, և ով դա չգիտի, նա շատ բան չգիտի» (բաքվեցի Էնվեր Սաֆարովը կարծիք է հայտնել, որ Ռուդիկին ուսումնասիրելու, ճանաչելու համար անրաժեշտ էր մի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրել):

Ադրբեջանում (և ոչ միայն) գործող օրենքով գողերից մեկը չէ, որ թագազրկվել է Ռուդիկի կողմից:

Գողական կոդեքսի խախտումը խստագույնս պատժվում էր նրա կողմից: Երբ ադրբեջանցի Թոֆիկ Պերվոմայսկին խնդրել է ներել իրեն, նա պատասխանել է, թե ավելի լավ է լինել լավ տղամարդ, քան վատ գող: Նա թագազրկել է անգամ իր մերձավորագույն հանցակից Արթուր Խալաֆյանին՝ Կլոպ մականունով:

1980-ականների վերջին հասկանալի պատճառներով Օգանովը Բաքվից անցնում է Երևան, իսկ քիչ անց՝ վերջնականապես հաստատվում Մոսկվայում և շատ կարճ ժամանակ անց իր ձեռքը վերցնում հանցագործ աշխարհի զգալի մասի կառավարումը, ու նրա մականունն էլ հենց ամեն ինչ ասում էր՝ Գեներալ:

Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել:

- Պաշտպանիր մեզ,-դիմեցին նրանք Ռուդիկին:

Եվ նա պաշտպանեց նրանց: Իսկ դա, չմոռանանք, ծանրագույն ու չարագույժ 90-ականներն էին, երբ Մոսկվայում ամեն օր տասնյակ ավազակային հարձակումների էին ենթարկվում գործարարները, օրը ցերեկով հօդս էին թռչում հայտնի գործարարների ու հեղինակությունների լիմուզինները: Սոլնցևյան, օրեխոզուևյան, տագանյան և այլ՝ հաճախ մինչև մի քանի հարյուր ավտոմատավորներ ունեցող կազմակերպված հանցախմբերին էին միացել նաև ոչինչ ընկալել չցանկացող չեչենական զինված խմբավորումները, որոնց հովանավորում էր ռուսական պառլամենտի ղեկավարը՝ Ռուսլան Խասբուլատովը, ով այդ ժամանակներում Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից էր: Մեղմ ասած:

Ահա այսպիսի դժվարին ժամանակներում Ռուդոլֆ Օգանովը կարողացավ բաքվահայության անվտանգության և նրանց բիզնեսի հետագա բարգավաճման երաշխավորը լինել: Հսկայական ազդեցություն ուներ նաև նրա եղբայրը՝ հռչակավոր օրենքով գող Վաչիկոսը, ով, ինչպես ռուսական մի այլ փորձագետ է վկայում, Մոսկվայի Չերկիզովյան շրջանի տերն էր, ում խմբում քսան օրենքով գող կար: Իսկ այդ շրջանում էր հենց Չերկիզովյան շուկան, որը պատկանում էր ադրբեջանցի հայտնի գործարար՝ հրեա Թելման Իսմայիլովին (Օգանովների երրորդ եղբայրն էլ Ալեքսանդրն էր՝ օրենքով գող Սաշիկ Բակինսկին, ով սպանվել էր Խերսոնում՝ 1974 թվականին՝ մի ադրբեջանցի երիտասարդի դաժան ծեծից փրկելիս):

Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, ի վերջո, նա պիտի կանգներ նաև ռուսական ուժայինների և հատուկ ծառայությունների «լյուբիմչիկ» Դեդ Խասանի՝ Ասլան ՈՒսոյանի ճանապարհին՝ դառնալով նրա կոկորդի ոսկորը.1996-ից մինչև 1999-ը նրանց միջև տևած պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել է ... 157 հոգի (Խասանի կողմից գործող քիլլեր՝ մինչ այդ ռուսական հատուկ ծառայությունների անդամ Վոլչարայի հստակ լուսանկարի համար Օգանովը պատրաստ էր վճարել 30 հազար դոլար):

ՈՒ 1997-ի նոյեմբերին Ռուդոլֆ Օգանովը թագազրկում է Խասանին, ով մշտապես խույս էր տալիս ներկայանալ նրա հրավիրած գողական հավաքներին՝ սխոդկաներին, որոնցում պետք է քննվեր Խասանի կողմից գողական կոդեքսն անտեսելու հարցը: Մինչ այդ Խասանին պաշտպանող՝ տարբեր ազգության բազմաթիվ ծանրքաշային գողեր ապարդյուն փորձում են հաշտեցնել Ռուդիկին ու Խասանին:

Խնդրի վերջնական լուծման համար Օգանովն Օդեսայում գողական ներկայացուցչական սամիտ է հրավիրում, որին մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոտ 300 օրենքով գողեր: Բայց Խասանի փոխարեն հանդիպման վայր ներկայացան... ոստիկանները: Դա հենց այն ժամանակներն էին, երբ գողականն անվերադարձ փոխակերպվում էր մաֆիայի, ու հակամարտող կողմերին իրարից զանազանում էին ապրել ճի՞շտ, թե՝ ապրել լավ հարցադրում-սկզբունքները: Օգանովն ու իր կողմնակիցները գտնում էին, որ անհրաժեշտ է ապրել ճիշտ, այսինքն, համաձայն իրենց օրենքների:

ՈՒ նրանք փոքրամասնություն էին:

Երրորդ՝ ավելի հզոր կողմ հանդիսացող՝ ռուսական հանցավոր աշխարհի պատրիարքները՝ Շիշկանը, Ակսյոնը և Պետրիկը (նույն ինքը՝ Լյոնյա Խիտրին, ով ժամանակին քցել էր, ոչ ավելի, ոչ պակաս՝ Յապոնչիկին) համակրում էին Օգանովին, բայց կոնֆլիկտին չմիջամտեցին: Երևում է, որ նրանք լավ իրազեկված էին, որ հօգուտ Խասանի ռուսական պետության պատրոնաժը վաղ թե ուշ ողբերգական վախճանի կհասցնի ՈՒսոյանի ցանկացած հակառակորդի:

Ինչի՞ մասին է խոսքը՝ կոնֆլիկտի հիմք հանդիսացած, այսպես կոչված` օբշակի գումարների անհետացումը պայմանավորված էր հենց Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերով:

Եվ ով էլ լիներ Օգանովի տեղը, միևնույն է, պետք է պարտվեր. դատեք ինքներդ, երբ 90-ականների կեսերին ռուս լրագրողները գնացել էին հարցազրույց վերցնելու Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից, նրանցից մեկը հարցրել է, թե ի՞նչ կասի նա Խասանի և Շաքրոյի (ազգությամբ քուրդ հայտնի քրեական հեղինակություն, օրենքով գող Շաքրո մոլոդոյը՝ Զախարի Քալաշովը) կողմից օգնության մասին, քրդերի առաջնորդը պայման է դրել՝ ինքը կպատասխանի միայն այն դեպքում, երբ համոզվի, որ ձայնագրիչն անջատված է, ինչից հետո նա ասել է, որ այդ երկու եղբայրներն իրենց շատ են օգնում: Ֆինանսապես, իհարկե...

...1999-ի փետրվարի 11-ի երեկոյան ժամը 18-ից քիչ անց «Միր» սրճարան մտան ռուսական ՕՄՕՆ-ի հագուստներով, դիմակավորված վեց ավտոմատավորներ. նրանց ուղղորդողների երկար ամիսների, իսկ միգուցե նաև՝ մի երկու տարվա ճիգերը հաջողությամբ պսակվեցին. այդ օրը Ռուդիկը Մոսկվա էր վերադարձել Միներալնիե վոդիից, օդանավակայանից անմիջապես եկել էր այստեղ՝ հանդիպելու մայրաքաղաքում հայտնի հեղինակություն Յուրի Ֆեդոսեևի հետ և առանց թիկնազորի էր: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իրեն. երբ սրճարան մտած ավտոմատավորները հարցրին՝ ո՞վ է այստեղ Ռուդիկը, նա կանգնեց ու ասաց.

-Ե՛ս եմ Ռուդիկը...

14 դեկտեմբերի, 2016 թ.

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

Լուսանկարներում՝ Ռուդոլֆ, Վլադիմիր և Ալեքսանդր Օգանովները

Դիտվել է՝ 5476

Մեկնաբանություններ