«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեկ ճշմարտություն

Մեկ ճշմարտություն
11.12.2023 | 09:39

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային» (Մատթ. 6.24):

Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելոu: Թագավորների Թագավորը և տերերի Տերը եկավ ծառայելու անարգ մարդուն, որն իր հերթին իր կրքերի խղճուկ ստրուկն էր: Նա հիրավի մեծագույն ծառայությունը մատուցեց մարդուն. ազատեց նրան ստրկությունից:

Աշխարհում ապրող ամեն մարդ իրականում, կամա թե ակամա, ծառայություն մատուցող էակ է (չնայած ոմանց համոզմամբ կան տերեր և ծառաներ)։ Կարևորն այն է, թե ու՞մ կամ ինչի՞ ենք ծառայում։

Ասորեստանում գերության մեջ գտնվող Հուդայի բնակիչների վերաբերյալ կարդում ենք.

«Թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց կուռքերին էլ էին ծառայում» (Դ Թագ. 17.41)։

Ոչինչ չի փոխվել պատմությունից։ Այսօր էլ քիչ չէ թիվը այն մարդկանց, որոնք թեև հայտարարում են, թե վախենում են Աստծուց, և սակայն երբեք էլ չեն քաշվում ապրել կռապաշտ կյանքով։ Ինչ-որ սիրում ենք, ինչի որ կապված են մեր սիրտն ու հոգին, դա է, որ մեզ համար կուռք է դառնում։

Մարդիկ այնքա՛ն անձնասեր են, որ փորձում են իրենց մեկ ձեռքում ունենալ Աստծուն, իսկ մյուսում՝ դրամ։ Այդպիսի մարդիկ կամավորապես մոռանում են մեր Տիրոջ խոսքը.

«Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել»։ Հետաքրքրական է, որ Քրիստոս «տեր» բացատրութունն է գործածում նյութեղեն աշխարհի համար, իսկ ավելի նեղ առումով՝ դրամի համար։

Դրամը ստրկացնում է հոգիները բոլոր նրանց, ովքեր պաշտամունք են մատուցում իրեն։ Այն բռնակալ և դաժան տեր է։ Չկա՛ ազատություն դրամասեր մարդկանց համար։ Չկա՛ հանգիստ և խաղաղություն նրանց համար։ Դրամը անագորույն բռնապետ է, որ մեզ հեռացնում է մեր գթառատ Փրկչից։ Դրամասեր մարդու համար դրամը արգելք է՝ սիրելու և վստահելու Աստծուն։

Ինչո՞վ է դրամը մարդուն հեռացնում Աստծուց։

Հեռացնում է նրանով, որ փոխանակ իր վստահությունը Աստծո վրա դնելու, մարդը դնում է դրամի վրա։ Դրամը կարծեք գալիս է Աստծուն փոխարինելու։

Պողոս առաքյալի, ինչպես նաև Հակոբոս առաքյալի մտածողության մեջ տեսնում ենք, որ դրամը կուռք է նկատվում։ Դրամասիրությունն ու ագահությունը կռապաշտություն են նկատվում, որովհետև դրամը սիրող մարդու համար դրամը մի տեսակ կուռք է դառնում, կուռք, որի սիրահարն է դառնում, նրա ծառան ու հպատակը և նրան ընդունում է իբրև տեր։ Դրամը կարող է մեզ տիրող և իշխող դարձնել աշխարհում, բայց նաև ինքը կարող է տիրապետություն և իշխանություն հաստատել մեր ներաշխարհի վրա։ Այլ խոսքով, դրամը մեզ վերածում է իշխված իշխողների, տիրապետված տիրապետողների։ Սակայն եթե մարդը թույլ է տալիս դրամին տիրապետություն հաստատել իր էության ու ներաշխարհի վրա, որտեղի՞ց նա կարող է վստահություն ունենալ առ այն, թե ինքը իշխան է ու տեր արտաքին աշխարհում, ավելի ճիշտ՝ այլոց վրա: Այդ վստահությունը գալիս է անգիտությունից. «դրամատերերը» չգիտեն, որ իրենք իրականում ծառաներ են: Եվ Տերը իր մի խոսքով բացահայտում է ճշմարտությունը. մարդը միշտ ծառայողի դերում է և ծառայում է կամ Աստծուն, որ տեղ է փնտրում մարդու սրտում, կամ սատանային, որը ծպտված է աշխարհի՝ հաճույքներով ու շահույթներով սքողված որոգայթներում:

Դրամ ունենալը սխալ բան չէ։ Սխալը դրամից բաժանվել չկարողանալն է։

Սողոմոն իմաստունն իր Առակներում ներկայացնում է մի աղոթք, որ որպես ողջախոհ մարդ վերառաքում է Բարձրյալին.

«Հարստություն եւ աղքատություն մի տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է. չլինի թե հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ.30;9):

Երբ կա մի բան կամ մեկը, որից չենք կարողանում բաժանվել, նշանակում է, որ դարձել ենք այդ բանի կամ մեկի ստրուկը, անկախ նրանից, թե դա ինչ է կամ ով է: Մարդիկ, որպես կանոն, իրենց դրամասիրությունը հիմնավորում են որոշակի նպատակների հասնելու և որոշակի իրեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Սակայն իրականում շատ քչերին է հաջողվում դիմակայել միշտ անհրաժեշտից ավելին ունենալու գայթակղությանը: Մարդու չափավորության զգացումը կապված չէ նրա հարուստ կամ աղքատ կարգավիճակի հետ: Դա առաքինություն է, որին պետք է ձգտել և հասնել: Մարդը հարստանում կամ աղքատանում է տարբեր պատճառներով և տարբեր կերպ: Քրիստոնեության արշալույսին նորադարձ շատ մեծահարուստներ վաճառում էին իրենց ունեցվածքը և ստացված հասույթը հանձնում էին առաքյալների տնօրինությանը, կամ Եկեղեցուն էին նվիրաբերում իրենց հողերն ու ագարակները, այսինքն՝ դառնում էին կամավոր աղքատներ:Բայց այդպես վարվում էին ոչ բոլորը: Նույպես և ոչ բոլոր աղքատներն են, որ գիշերը կարողանում են փակել իրենց աչքերը, առանց առավոտյան հարուստ արթնանալու երազանքի:

Ընդհանրապես մեծ առաքինություն է բավարարվել ու գոհանալ ունեցածով, հավատալ այն պարզ ճշմարտությանը, որ Աստված շատ ավելի է սիրում մեզ ու հոգում մեր մասին, քան կարող ենք ինքներս անել: Մարդը կարող է արդարացնել իր կապվածությունը դրամին կամ իր հարազատներին, կամ իր դիրքին ու կայքին անհրաժեշտությամբ կամ հոգատարությամբ, բայց ոչ երբեք անշահախնդիր սիրով. դա անկեղծ չի լինի, որովհետեւ մարդը գերազանցապես սուբյեկտիվ է, միշտ ունի իր պատկերացումները, դրդապատճառները, և անպայմանորեն հետապնդում է իր շահը ... նույնիսկ մարդու ամենաանշահախնդիր տեսակը՝ ծնողը: Միայն մեր Ազատարարին ծառայելով կարող ենք ազատվել Օտարից և ինքնօտարումից ու դառնալ ինքներս մեր տերը:

Երեցկին՝ Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ