Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Անի

Անի
10.12.2023 | 09:11

Կամարով հատվող կամ նույնացող պարիսպները բլրեբլուր ելևէջում են աջ և ձախ թևերով, ի վերջո, միանում, դառնում են շրջան, հավանաբար` ձվաձև, ինչպես երկրագունդն է: Որ ավելի շատ գեղանի են` կանացի իշխանական հմայքով, քան առնական: Անին կին է և՛ դրսից, և՛ առավելապես ներսից. արքայադուստր, դիցուհի, ինչպես ուզում ես բնորոշիր. երկուսն էլ կան` և՛ հողեղենը, և՛ աստվածայինը. մի ամբողջություն: Կիրք է սրտակեր կնոջ, արուին հողին հավասարեցնող և երկինք հանող: Աստվածային է, բայց կին է` սովորական այրին արքայություն ներշնչող:

Մինչև պարիսպների կամարակապ մուտքին հասնելը սրճարան է, սալահատակ բակով քարաշեն սրահներ` խանութ հիշեցնող, և տաղավարներ` հուշանվերներ վաճառող: Լայն ճեմուղու մի եզրից մյուսը պարաններին ծածանվող թուրքական դրոշներ են փռած լվացքի պես: Մինչ կհասցնես մոտենալ կամարին` խնամքով ուղղահայաց թիթեղներին անգլերեն գրված տեղեկություններ են քաղաքի մասին: Սմբատ, Գագիկ Բագրատունի և այլք, սակայն որևէ տեղ նշված չէ, որ այդ արքաները հայեր էին, որ արքայական տոհմը հայկական էր:

Կամարով ներս` անմիջապես դիմացդ, սրբատաշ բարձր որմին Բագրատունիների արքայական զինանշանն է` հովազ թեթև քայլքի մեջ: Անմիջապես ձախ, մի քիչ խորք` խորշանման, դարպասն է կամ դուռը, վերնամասում հայատառ, հայալեզու մեծ ու երկար արձանագրություն` մասամբ ավերված: Իսկ աջ կողմում փոքրիկ սևատուֆ վրացերեն արձանագրություն է` Թամար թագուհու ժամանակ արված, երբ Զաքարյան իշխանները վրաց զորքի օգնությամբ Անին ազատագրեցին արաբներից:

Դարպասն անցնում եմ, պարիսպներն են արդեն ներսից. դիմացս քաղաքն է, որ ընդգրկում է հայացքս ամբողջովին: Կիսավեր ու խոնարհված, համարյա ավերակ, այնքան ջնջված, որ խոտ է բուսնել: Փոշոտ ու հողե, ավազածածկ ճանապարհներ` ոլորվող, բլրից ընկնող, քարակույտեր ելնող:

Դժվար է հասկանալ իրար հաջորդող ժամանակները, որոշել դարերի փոշին, որ դարսվել է շերտ առ շերտ ավերին ու այս չքնաղ ավարին պատմության: Ժամանակն ինքն է այստեղ կանգ առել անորոշ, անհասկանալի, անդավաճան: Չես կարող վերականգնել քաղաքը հայացքիդ մեջ իր ուրույն տեսքով, ողջ կենսականությամբ, զգալ երբեմնի հմայքն ու փառքը, վարքն ու կենցաղը: Կարմիր հող է, կարմիր ավազ, ավերակներ են տների՞, թե՞ այլ շինությունների. դես ու դեն թափված քարեր: Բեկորաթափ է, ու միայն եկեղեցիներ` ավեր, կիսավեր և գրեթե ամբողջական:

Բայց այդքանով հանդերձ ընկած կամ փողոցի կին չի հիշեցնում Անին: Բավական է հայացքդ ուղղես Մայր տաճարին, Տիգրան Հոնենց եկեղեցուն, կամ թեկուզ մեջտեղից կարծես թրով հավասար ու ուղղահայաց կիսված ու կես կանգուն Սուրբ Փրկչին. կանացի նրբակերտ հմայքը քեզ կտրում է կարմրավուն հողից ու քարակույտերից և իր մեջ առնում` փափուկ, նուրբ կրքով: Այդպես է, եթե անգամ հայացքդ չես ուղղել Մայր տաճարին կամ Հոնենց եկեղեցուն, ուղղակի խոնարհվել ես խանարհվածին:

Անիի մոգական հմայքը օդի ամեն ումպի ու կաթիլի մեջ է, որ լցվում է աչքերդ, շնչում ես թոքերիդ մեջ և անդիմադրելի կուլ տալիս: Այդպես է մինչև քաղաքին մոտենալը, հեռվից, պարիսպները տեսնելիս: ՈՒղղակի կախարդում է, իր ազդեցության տակ առնում. հմայումի մեջ անգիտակից ու միայն իրեն գիտակցող:

Ո՛չ ոք, աշխարհում ուրիշ ո՛չ ոք, միայն հայը կարող է ոտքը դնել Անիի հողին, գորշ, անհրապույր, դարուփոս, հին ճանապարհից մնացած ինչ-որ խոտորվածի վրա և ոտքի ու հողի արանքում երկինք զգալ: Միայն տերը կարող է այս ավերակների մեջ խոնարհվել, կծկվել, խեղճանալ ու նույն անճարակության մեջ վեհանալ, բարձրանալ և արքայական հայացքով նայել վերևից ներքև, ներքևից` վերև: Այս հազար ու մեկ եկեղեցիների, արքաների քաղաքում. տոհմանշանը` հովազ, առյուծ ու արծիվ: Այս արքաների ժառանգն է հայը, այս քաղաքի ժառանգորդը:

Աշխարհում չկա մեկ այլ երևույթ, քան Անին, որ այդքան հայ ու հայկական լինի, աղոթք լինի քարեղեն և բառից խոսուն: Միայն հայն է, որ իր առանձնության մեջ և առանձնակի է հղում առ Աստված: Միայն իրեն է հատուկ. աշխարհում տրված իր գիծն է ու կորը:

Տրդատ Ճարտարապետի կերտած Գագկաշեն զվարթնոցատիպ տաճարում եմ` հիմնովին ավերված: Ի՜նչ վեհություն կա այս խանարհության մեջ, այս քանդուքարափ ավերակների մեջ: Հսկայական բազալտե սյուներ, խոյակներ ու կամարների ամբողջական մասեր` տիտանների ուժին վայել: Ո՛չ Սասնա Սանասարը, ո՛չ էլ Մհերն ու Դավիթը կարող էին դնել քարը քարին այսպես: Տեր Աստված, ո՞նց են արել: Ինչ վեհություն կա այս ընկած, տապալված ու հողին զարնված բեկորների մեջ:

Տիգրան Հոնենց եկեղեցին է` դրսից սքանչելի զարդաքանդակներ, ներսում հրաշալի որմնանկարներ: Ջավախքեցի Անդրանիկը` մի ընտիր պատանի, թե` Հուսիկ Արա, կուզե՞ս դու էլ նկարվես: Ինձ է պարզում կարմիր կտորե ժապավենը` վրան հայերեն ու անգլերեն գրված Հայաստան: Այն ոգևորությամբ, կարծես առաջին անգամ եմ տեսնում, հարցնում եմ` ո՞նց ես անցկացրել: Թե` հագուստներիս տակ լավ պահել էի: Վերցնում եմ, պարզում գլխիցս վեր, ինչպես ոչ մի անգամ, ու լուսանկարվում եկեղեցու վեհության վրա: Տիգրան Հոնենցը Ախուրյանի աջ ափին է, ձախ ափին ՀՀ պետական դրոշն է բարձր ծածանվում, շատ մոտիկ, եթե ձեռքս մի քիչ երկար լիներ` առասպելական չափումների հանգույն, հանգիստ կբռնեի: Ներկա Հայաստանն է ու Անին` քարափների մեջ Ախուրյանով նույնացած:

Անիի Մայր Տաճարն է. վերականգնում են թուրք վարպետները: Ինչպե՞ս. ի՞նչ կպահեն, ի՞նչ կջնջեն, չգիտեմ: Ներս չեմ կարողանում մտնել:

Քիչ վերև, կիսով չափ ավերված եկեղեցուն կից մինարեթ են սարքել թուրքերը և քանդված գմբեթի փոխարեն թիթեղյա հարթ տանիքով ծածկել ու վերածել մզկիթի: Բաց դռնից երևում է հատակին փռած գորգը, հանած կոշիկները, և մի քանի երիտասարդ աղջիկ ու տղա ներսում: ՈՒ հանկարծ բարձրախոսից հնչում է մոլլայի նամազը: Ես միշտ ապշել եմ այս երևույթի՞ց, թե՞ պատուհասից: Որևէ մզկիթ, եթե Հայ Առաքելական Եկեղեցու վերածեին, վստահ եմ, որ ոչ մի հայ չէր մտնի ու աղոթի, թե սա այլևս քրիստոնեական տաճար է: Այդ ինչպե՞ս է մահմեդական թուրքը անում, երբ տեսնում է, որ կառույցը քրիստոնեական է:

Իսկ երբ դարպասից ներս էի մտնում և դանդաղ քայլերս ուղղում պարսպի ձախ թևը, աչքի պոչով տեսնում ու ականջի ծայրով լսում եմ. թե այս քաղաքը կառուցած ժողովուրդը անհետացել է, ջնջվել պատմությունից և անհայտ է: Թուրք զբոսավարն է. մի քիչ թիկնեղ, միջինից բարձր հասակ, փոշոտ կիսաճտքավոր կոշիկներով է, չսափրված, փոքր ինչ փնթի` իր հատուկ համազգեստի մեջ: Թավ ձայնով ու կտրուկ, ձեռքերի հատու շարժումներով ներկայացնում է հավանաբար իր հայրենակից երկու տղամարդու` տարեց ու երիտասարդ, երևի պապ ու թոռ են: Չեմ նայում այդ կողմը. ես այստեղ հետաքրքրասեր չեմ, առավել ևս` զբոսաշրջիկ: Ես այս քաղաքը կառուցած արքաների և ժողովրդի զավակն եմ, ես տեր եմ այստեղ և այս քաղաքին` ըստ պատմության և իրավունքի. պարզապես ժամանակն է մի քիչ սայթաքել ու խոտորվել: Դիմացը Հայաստանի դրոշն է ծածանվում, և ամեն արևածագի ստվերն ընկնում է այս քաղաքի վրա` Անի:

Անիի կամուրջն է Ախուրյանի վրա, քանդ ու ավեր, որի վրայով ժամանակին Անիի քարհանքերից` անմիջապես Ախուրյանի ափից, քարը բերել ու քաղաքն են կառուցել, հետո էլի կառուցել ու վերակառուցել: Նայում եմ, ախր, ինձ կամուրջ պետք չէ, ջուրն այնքան հանդարտ է, բարակ ու ծանծաղ, որ կարող եմ հանգիս քայլելով անցնել, թեկուզ մինչև գոտկատեղս թեթև-թրջվել լողալով: Բայց չեմ կարող, փշալար կա: Ինչու՞: Ի՞նչն է ինձ խանգարում: Փշալա՞ր ը:

Ինձ ոչ ոք չի հիշեցնում, պարզապես ես երբեք չեմ մոռանում: Մենք այս չքնաղ գեղեցկուհուն, որ երբեմն տարակուսում ես` երկրայի՞ն է, թե՞ երկնային, հանձնել ենք, վաճառել: ՈՒղղակի տարել և քաղաքի բանալիները դրել ենք թշնամու առաջ և մեր պատանի արքային մատնել գերության:

Խոնարհվել, հավասարվել եմ նախնիներիս խոնարհված արժեքներին: Ընկճված եմ, ճնշված ու կոտրված: Հասկանում եմ, որ այդ կոտրվածքը երբեք չի կպչի ու վերականգնվի որպես ազդրոսկր: Գուցե չպետք է գայի, որ ավելի ազնիվ կլիներ: Գնալուս մեջ նույն զգացողությունը չէ, ինչ զգացողություն էր, երբ գալիս էի: Ինչու՞ է այդպես, չեմ կարող ասել, էլի բառերն անկարող են, որոնց կարողությանն անվերապահ վստահել եմ միշտ: Չգիտեմ և չեմ ուզում իմանալ, որովհետև կան բաներ որոնց չիմանալն ավելի ճիշտ է, քան իմանալը:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3709

Մեկնաբանություններ