«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ապավինություն առ Տիրամայր (Նարեկի Բան Ձ-ի իմ փոխադրության մասին)

Ապավինություն առ Տիրամայր (Նարեկի Բան Ձ-ի իմ փոխադրության մասին)
09.12.2023 | 14:14

Նարեկի թարգմանությունն սկսել եմ Բան Ձ-ից: Երբ փոխադրեցի, ասացի ինքս ինձ՝ այսքանն իսկ բավական է, որ Նարեկ թարգմանեցի:

Եվ թարգմանեցի «Տիրամայրն է շրջում» մատյանում տեղադրելու համար, որ Մխիթարյան միաբանները հրատարակեցին, բարի և տաղանդաշատ ընկերոջս` նկարիչ Նիկօ-ի ձևավորմամբ:

Ապա Ապավեն աղոթքը «բուկլետով», Խորեն Հակոբյանի Տիրամոր պայծառ նկարով՝ հրատարակեց Կարլ Յալանուզյանը (վեց հազարից ավելի օրինակ), որ նվեր ուղարկեցինք դպրոցներին, բանակին, բանտարկյալներին, բաժանեցինք մտավորականներին:

Գրողներն ու լրագրողները աղոթքը դնում էին իրենց գրասեղանի վրա, աչքի զարնող տեղ, ոմանք էլ մշտապես պահում էին գրպանում:

Այս հրատարակությունից մոտ 7 տարի անց Ռազմիկ Դավոյանի` Ռադիոտանը գտնվող աշխատասենյակում էի:

-Քեզ որոնող կա,- պայծառ ժպիտով ասաց Ռազմիկ Դավոյանը,- հա հարցնում է, թե երբ եմ կազմակերպելու, որ հանդիպեք, ծանոթացնեմ:

Ապա սենյակից դուրս եկավ և վերադարձավ Ռադիոյի աշխատակիցներից մեկի հետ: Այս մարդը գրպանից հանեց «բուկլետը», որն այնքա՜ն էր մաշվել. տառերն արդեն գրեթե չէին երևում:

Ասաց.

- Տարիներ ի վեր գրպանումս է, ամեն օր կարդում եմ, բայց արդեն օգտվել չեմ կարողանում, եթե հնարավոր է՝ նոր մի օրինակ նվիրեիք. առանց այս աղոթքի չեմ կարող նորմալ ապրել:

Հասկացա, որ մարդը դիմել է ապաշխարության:

Բնականաբար, ես աղոթքից օրինակներ տվեցի Դավոյանին, որ հանձնել էր այդ աղոթասեր, զարմանալի մարդուն: Զարմանալի եմ ասում, որովհետև արտաքինից չէի էլ պատկերացնում, թե այս մեծ խոնարհման աղոթքը կարող էր կարդալ, այն էլ ամեն օր, այն էլ` տարիներ ի վեր: Արտաքինը միշտ չէ որ կարողանում է վկայել, թե ինչ է մեր մեջ այդ պահին փոթորկվում:

Այդ աղոթքի հետ կապված էլի հուշեր կան, սակայն հիշյալ դիպվածն այն բանի համար հիշեցի, որ Նարեկ-ը փոխադրել սկսել եմ Տիրամորը ապավինելու աղոթքից, իսկ ամբողջին Աստված դրդում առաջացրեց անդրադառնալ՝ Բան Ձ-ն թարգմանելուց մոտ 10-15 տարի անց, տղայիս ինձ նվիրած գրաբար բնօրինակի շարվածքից: Այնպիսի սիրով նվիրեց, թեպետ որդիս, բայց ասես Հայրս նվիրեց, և որ մի օր պիտի առաջնորդեր Մատյանի փոխադրությանը: Եվ փոխադրածս Նարեկի խմբագիրն էլ, Աստծո կամոք, եղավ մեծ բանաստեղծ-եղբայր Ռազմիկ Դավոյանը՝ կարևոր ուղղորդումներով և շնորհալի հուշումներով, նաև քաջալերանքով։

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Գեղանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Մի օր քույրերից մեկը կարդալով, որ փորձությունների մեջ եմ, խորհուրդ տվեց իմ իսկ փոխադրությամբ Բան Ձ-ն կարդալ: Ճշմարիտ որ դեղ է: Հոգևոր անպատմելի հենարան դեղ: Համաշխարհային հոգևոր ամենաառաջնակարգ գանձերից, անխամրելի ոսկիներից:

Բարի կլիներ ամենքով էլ ներբեռնել-ունենալ և խիստ նեղության պահերին խոնարհությամբ ընթերցել:

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ