«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սուրբ թարգմանիչներ

Սուրբ թարգմանիչներ
22.11.2023 | 08:50

«Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրև հարազատ որդի և ազնիվ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիր. 20; 28):

Այսօր, այս խելահեղ ու խառնաշփոթ աշխարհում մեր գերխնդիրն է հայ լինելը և հայ մնալը, մենք չպետք է այլևս նահանջենք, այլ պետք է վերանվաճենք մեր կորցրած մտահոգությունը մեր իսկ ինքնության հարակայման հանդեպ:

Մենք մոլորվեցինք, բայց ոչ առանց կողմնակի աջակցության: Մենք միշտ ընթանում էինք որոշակի ոտնահետքերով, որոնք ոչ թե ընդհատվեցին, այլ աննկատելիորեն փոխարինվեցին՝ փոխելով նպատակը: Որովհետև մենք քայլում էինք սոսկ քայլելու համար, հետևելու և հետքեր թողնելու համար:

Եվ այսօր հայ մարդն էլ ծփում ու տարուբերվում է աշխարհային անորոշ ու խառնաշփոթ հեղեղի երախում՝ փրկության տապանից դուրս, փրկարար Խաչից հեռու՝ պղտոր ու հարափոփոխ փրփուրներից կառչելով: Արդ, որ պատմական պահից հայը թողեց հաստատուն ժայռը և հաստատվեց սորուն ավազին:

Հայ ազգի պատմության էջերում ոսկե տառերով հավերժացած հայոց գրերի գյուտը լոկ նշանագրերի գյուտ չէր, այն գյուտն էր մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը:

Մեր լեզուն եզակի է և հավերժացավ անզուգական նշանագրերով, որոնք Մեծն Մաշտոցը ստացավ երկնառաք աստվածատուր տեսիլքով, որոնց գծապատկերի հիմքում Տերունական Խաչն է, և որոնցով մի գեղեցիկ օրհներգ է հյուսվում և ամեն անգամ այբուբենը արտասանելիս՝ վերառաքվում առ Աստված:

Մաշտոցը, ինքը լինելով նախկին զինվորական, Կորյունի խոսքերով՝ «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը», ստեղծեց երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորներից բաղկացած մի հաղթական զորագունդ, որը դարեր ի վեր պահպանում է մեր հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից, որով մենք կրկին ու կրկին վերանվաճում ենք մեր վստահությունն ու հավատն առ Աստված, քանզի հայերեն գրերի գյուտից հետո էր, որ Աստծո Խոսքը իրապես դարձավ մերը, իսկ մենք վստահորեն դարձանք Նրանը՝ Քրիստոսինը: Գրերի գյուտը իրապես աստվածային օգնականության ու շնորհաբաշխության արտահայտություն էր, մի երկնային ուռկան, որը մեզ հանեց ստույգ կործանման և վտանգված ապագայի խռովաշունչ ծովից և դեպի կայունության ու հարատևման ափ հանեց, մեր նշանագրերով հայ ազգը «մինչև ատամները զինվեց» մեր պատմության բոլոր դարերի մաքառումների ու հաղթանակների համար: Մեր լեզուն և գիրը միայն ի փառս Աստծո կիրարկելով է, որ կկարողանանք բացահայտել մեզ համար կյանքի ճիշտ իմաստը, ճշմարիտ կերպը և ճշմարտություն-նպատակը: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ և մեր ժողովրդի մեծագույն զավակների հուշարձաններն ենք կերտում. դրանով էլ սահմանափակվում է մեր հարգանքի տուրքը նրանց հանդեպ, ում պարտական ենք թեկուզ սոսկ մեր գոյությամբ: Այսօր մենք առավել պատրաստակամ եմք հայ կոչվելու, քան թե լինելու հայ: Մեսրոպ Մաշտոցը դարձավ հայերենի առաջին ուսուցիչը: Այսօր շատ են ուսուցիչները, բայց քանի դեռ նրանք չգիտեն կամ չեն հավատում, որ իրենք պարտավոր են ու կարող են շարունակել ու կատարել Մաշտոցի գործը, և ոչ թե պարզապես պատմել այդ մասին, մեր ազգը կշարունակի կորցնել տեսլականներ, և դրանք իրագործելու տենչը կրող հային աճեցնելու փորձերում կձախողենք:

Հոկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը:

Եկեք չբավարարվենք միայն նրանց հիշելով և ի պատիվ նրանց հուշակոթողներ կանգնեցնելով. նրանք ոչ միայն մեր պատմության խոշորագույն գործիչներն են, նրանք մեր ինքնության կերտողները, կրողները և անփոփոխ կերպով այն մեզ փոխանցողներն են, քանզի ինքնությունը չի կարող հնանալ և փոխարինվել մեկ ուրիշով: Հետևաբար, այդ անփոփոխելի և անփոխարինելի ժառանգությունը ստացողներս պետք է ապրենք ու շնչենք նրա՛նց հավատամքով և առաջնորդվենք նրանց համոզմունքներով: Հավատարիմ մնալ սեփական ինքնությանը, նշանակում է պայքարել կեղծ արժեհամակարգի և շինծու չափանիշների դեմ, որոնք, առերես ընդգծելով անհատի ինքնատիպությունը, դիմազրկում են, այնուամենայնիվ, որոշակի ընդհանրություններ ունեցող անհատներից բաղկացած ազգը: Մի առիթով Սուրբ Գրքում ասվում է. «Եւ հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի» (Հովհ.10;35),- խոսքը, իհարկե, Սուրբ Գրքի մասին է, սակայն հասկանում ենք նաև, որ գրավոր խոսքը ոչ միայն ժամանակակից ունկնդիրների և ընթերցողների համար է, այլև դարերի և սերունդների: Լեզուն մտածողություն է, գիրը` այդ մտածողությունը ամրագրելու, զարգացնելու, վեհացնելու միջոց: Այդ համոզմունքով սուրբ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, աղոթքով, պահքով և անքուն գիշերներ անցկացնելով, տքնեց և աստվածային օգնականությամբ հեղինակեց հայոց գրերը: Նա գտավ այն, ինչ պետք էր հենց մեր ազգին, քանզի այդ ազգի մտածողության կրողն էր: Նա փնտրեց և, ի վերջո, գտավ իր փնտրածը, որովհետև փնտրեց ճիշտ տեղում` տիեզերքի Ճարտարապետի` Իմաստության մոտ: Մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են հավերժության ակունքներից, հետևաբար պետք է պտղաբերենք` արժանի այդ արմատներին:

Երեցկին` Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գորիս

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ