Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են, թող կնքեն նման պայմանագիր

Ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են, թող կնքեն նման պայմանագիր
23.08.2023 | 16:15

Առաջարկություն է հնչել Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների միջև կնքել պայմանագիր, ինչը, որքան հասկացա, նրանց պարտավորեցնելու է չհամագործակցել ՔՊ-ի հետ: Առաջարկը, որքան հիշում եմ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է արել:

Ըստ երևույթին, այդ պայմանագրի իմաստն այն է, որ, քանի որ հանրության մեջ կա խորքային անվստահություն մասնակից կուսակցությունների հանդեպ, որ նրանք ՔՊ-ի արբանյակներն են ու, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո կարող են դաշինք կազմել, կամ մի այլ կերպ համագործակցել դեռևս իշխող ՔՊ-ի հետ, ապա, պայմանագիր կնքելով, նրանք կաշկանդված կլինեն անել այն, ինչը բազմիցս մինչ այդ արել են:

Առաջանում են հարցեր.

1. Եթե կա նման կասկած, այն էլ՝ հիմնավոր, ապա ո՞րն է իմաստը գնալ նրանց ընտրել ու սպասել, տեսնելու համար, թե հետագայում նրանք իրենց խաբելու՞ են, թե՝ ոչ: Առավել ևս, որ նրանցից շատերը եղել են «Ելք» դաշինքի ակունքներում, սև ու սպիտակի բաժանման հեղինակներն են, պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո շարունակել են համագործակցել Փաշինյանի հետ՝ լինելով նախարարներ, պատգամավորներ և այլն:

2. Եթե այդ ուժերը բազմիցս խաբել են, ապա ի՞նչ խնդիր կա, որ պայմանագիր կնքելուց հետո ևս մեկ անգամ խաբեն: Կարծում եմ՝ դա իրենց համար առանձնապես խնդիր չէ:

Այնուամենայնիվ, ողջունում եմ այդ առաջարկը. թող նախկինում նրանք, ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են ու գուցե հիմա էլ են համագործակցում, կնքեն նման պայմանագիր: Դրա կարիքը նրանք ունեն, դա նրանց պետք է ժողովրդի առաջ արդարանալու և ընդդիմադիր դիրք գրավելու համար: Հանրությունն էլ թող ևս մեկ անգամ տեսնի, թե նրանց համար ինչ արժեք ունի խոսքը՝ գրավոր, թե բանավոր:

Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» դաշինքին, ապա մենք նման պայմանագիր կնքելու կարիքը չունենք, մենք երբեք ՔՊ-ի հետ չենք համագործակցել ու, վստահ եմ, ոչ ոք չի կասկածում, որ դա հնարավոր չէ:

Հ.Գ. Ի դեպ, հանրությանը խաբելու երևույթը 2018 թվականից չի սկսվել, մինչ այդ էլ շատերը, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո ստվերային ու ոչ ստվերային պայմանավորվածություն էին ձեռք բերում իշխող ուժի հետ: Այս արատի արմատները բավականին խորն են:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ