ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Եթե Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի, ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի ու նրա գլխավորած կառավարության վրա

Եթե Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի, ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի ու նրա գլխավորած կառավարության վրա
14.08.2023 | 10:08

Նաև՝ ՄԱԿ- ում Հայաստանի ներկայացուցչի և պատվիրակության…

Եթե ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) անտեսի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ օգոստոսի 11-ի դիմումը, և արտահերթ նիստ չհրավիրի, կամ, ինչն ավելի հավանական է, արտահերթ նիստ հրավիրելով, դիմումին համապատասխան ընթացք չտա և Ադրբեջանին չպարտադրի կատարել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների պահանջները (ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար), ապա այդ ամենի ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի, նրա գլխավորած կառավարության, Մհեր Մարգարյանի և ՄԱԿ- ում Հայաստանի պատվիրակության վրա:
Ինչո՞:
Բացատրենք: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում երեկ՝ օգոստոսի 12-ին, «Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով» վերտառության ներքո տեղեկացրեց , որ «Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով»:
Նիկոլի իշխանությունը չի դավաճանում ստելու, կեղծելու իր ձեռագրին, և հերթական անգամ կեղծել է: Նախ, Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, դիմել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությու՞ն է…
Մարգարյանի դիմումը կարելի էր համարել Հայաստանի կողմից ներկայացված, եթե վերոնշյալ հարցով ՄԱԿ- ի ԱԽ դիմելու համար նրան լիազորելու, հանձնարարելու վերաբերյալ լիներ Հայաստանի կառավարության որոշում, մինչդեռ այդպիսին գոյություն չունի, եթե լիներ, արդեն իսկ պետք է հրապարակված լիներ Հայաստանի կառավարության կայքում : Այդպիսի որոշում հրապարակված չէ, գոյություն չունի:
Մարգարյանի դիմումը կարելի էր համարել Հայաստանի կողմից ներկայացված, եթե վերոնշյալ հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու համար նրան լիազորելու, հանձնարարելու վերաբերյալ լիներ Հայաստանի կառավարության որոշում, մինչդեռ այդպիսին գոյություն չունի, եթե լիներ, արդեն իսկ պետք է հրապարակված լիներ Հայաստանի կառավարության կայքում: Այդպիսի որոշում հրապարակված չէ, գոյություն չունի:
Կեղծիք է նաև այն, թե Հայաստանը դիմել է արտահերթ նիստ գումարելու պահանջով: Չի՛ ներկայացվել այդպիսի պահանջ: ԱԳՆ-ի կողմից հրապարակված, ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահին ուղղված Մհեր Մարգարյանի նամակում «պահանջ», «պահանջել», «պահանջով» կամ «պահանջում» բառ ընդհանրապես գոյություն չունի: «Պահանջում ենք» բառերի փոխարեն գրված է «հայցում ենք»: Այնպես որ, Արարատ Միրզոյանը կամ նրա ենթակայության ներքո գործող համապատասխան պաշտոնյան թող չփորձեն հանրությանը հերոս ներկայանալու մարմաջով Նիկոլից կեղծ «դուխովություն» կապկել, քանի որ ստի, կեղծիքի ճանապարհը կարճ է:
Ստել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը (իհարկե, եթե ԱԳՆ հաղորդագրության վերնագրից բացի, ամբողջությամբ կարդացել է նաև բուն հաղորդագրությունը), որը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահից պահանջվել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ», իսկ եթե Մարուքյանն առանց Մարգարյանի նամակը կարդալու է պահանջի մասին վերը մեջբերվածը գրել, ապա էլ ի՞նչ հատուկ հանձնարարություններով դեսպան…
Ինչպե՞ս չհարցնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին՝ եթե կարող էիք վերոնշյալ հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ (և հաստատ կարող էիք), ապա ինչու՞ Ադրբեջանի կողմից 2023 թ. հունիսի 15- ին Բերձորի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակումից, ավելի ճիշտ, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի որոշման պահանջները չկատարելուց կարճ ժամանակ հետո չեք դիմել:
Դիմել եք, որ մի խորամանկ հնարքով կանխե՞ք Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության դեմ հայտարարված ու հնարավոր այն ընդվզումը, որը նախապատրաստվում էր…
«Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023 թվականի հուլիսի 12-ի նամակի՝ Ձեզ եմ դիմում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված ամբողջական շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ»,- նշված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի վերոնշյալ նամակում:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023 թ. հուլիսի 12-ի այդ ի՞նչ նամակի մասին է խոսքը: Այդպիսի նամակ իրականում կամ չկա, այսինքն՝ Մարգարյանն էլ է ստել, կամ էլ եթե կա, ապա արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը կամ արտգործնախարարությունն այդքան կարևոր, ողջ հայությանը հուզող ու հետաքրքրող խնդրին առնչվող նամակը որոշել են թաքցնել ու չեն հրապարակել ԱԳՆ կայքում , ինչը պարտավոր են անհապաղ անել, ինչպես նաև նախարարության կայքում այն չհրապարակելու կապակցությամբ համապատասխան բացատրություն տալ հանրությանը:
Վերոնշյալ մեջբերումից՝ «Ձեզ եմ դիմում…» (եզակի թվով, առաջին դեմքով) ակնհայտ է, որ դիմողն անձամբ Մարգարյանն է, բայց նույն պաշտոնյան քիչ հետո ստելով ինչպես ԱԳՆ-ն, գրել է.
«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»:
Կրկնում ենք՝ ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը հայցում, երբ այդ կապակցությամբ կառավարության համապատասխան որոշում չկա:
Նամակում նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին», «Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, և ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար», Մարգարյանը գրել է.
«Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի»:
Այսպիսով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր նամակում ՄԱԿ-ի ԱԽ-ից ընդամենը երկու բան է հայցել. առաջինը՝ «միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները», և երկրորդը՝ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում»:
ՈՒրիշ ոչինչ չի հայցել, խնդրել կամ պահանջել, մինչդեռ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների ուղղակի խախտման մասին նշելով, պարտավոր էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել
ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ և 42-րդ հոդվածների կիրառմամբ ապահովել վերոնշյալ դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումը, ինչը չի արել:
Նիկոլի գլխավորած կառավարությունը միտումնավոր չի կայացրել ու չի կայացնում այն որոշումը, որով արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողին կամ ՄԱԿ- ում Հայաստանի մշտական ներկայացուցչին կլիազորեր ու կհանձնարարեր ՄԱԿ-ի ԱԽ-ին Հայաստանի անունից ներկայացնել վերոնշյալ պահանջը:
Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում է հայցել՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի
1-ին մասի, մինչդեռ դրա փոխարեն կամ դրան զուգահեռ, ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում պետք է հայցեր ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի, եթե գործի մասնակից կողմը (տվյալ դեպքում՝ Ադրբեջանը) թերանում է իրականացնել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ:
Եթե Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն տրվի մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակնկալվող նիստին, ապա պատվիրակությունը պարտավոր է ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի 2-րդ կետի ընձեռած հնարավորությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ և 42-րդ հոդվածների կիրառմամբ ապահովել վերոնշյալ դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումը, այլապես պետք է դիտվի որպես Արցախի բնակչության հանդեպ Ալիևի ցեղասպանական քաղաքականության ստվերային աջակից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ