Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ
15.04.2023 | 22:46

Նիկոլը՝ Հայաստանի և Արցախի թիվ 1 ներքին թշնամին, փորձում է հերթական անգամ մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ:

Ապրիլի 12-ին «Ազգային ժողով» կոչվածում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլը մատնել, ուղղակի խոստովանել է, որ Ադրբեջանի ուխտադրուժ պահվածքն իր և իրենց համար եղել է լիովին կանխատեսելի:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին ու տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել նրանց ու դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք 4 զոհ և 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Նկատի ունենալով վերոնշյալ միջադեպը, Նիկոլն ասել է .

«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է…»:

Եթե Նիկոլն ու Նիկոլի իշխանությունը, ինչպես հենց ինքը՝ Նիկոլն է հայտարարել, չէին էլ կարող հակառակի հույս ունենալ, այսինքն՝ կանխատեսվել էր նաև, որ Ադրբեջանը դրժելու է իր հետ կնքված ուխտը, խախտելու է իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, հույս էլ չեն ունեցել, որ Ադրբեջանը պայմանավորվածությունը չի խախտելու, այսինքն՝ վստահություն է եղել, որ Ադրբեջանն ուխտադրուժ է լինելու, ապա ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է թշնամու հետ (մեր պարագայում թշնամու, Նիկոլի պարագայում՝ իր եղբայրների) ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը… Մեր զինծառայողներին մատաղելո՞ւ…

Եթե գիտեին, որ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու է, ապա ինչո՞ւ են նրա հետ ինչ-որ բան պայմանավորվել, ավելին՝ ինչո՞ւ են պատրաստվում առաջիկայում էլ պայմանավորվել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի միջոցով… Նրա համա՞ր, որ հետո Նիկոլն Ադրբեջանի կողմից նշված պայմանագրի խախտումից հետո դարձյալ ասի՝ «Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ։ Մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր…»:

Ի վերջո, մեզանից ոմանք ե՞րբ են հասկանալու, որ հայության այդ թերուս թշնամին մնալով անպատիժ, շարունակում է, ըստ էության, ծաղրել բազմահազարամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի ու գործել մեր ազգային անվտանգության դեմ:

Հայտարարելով, որ «Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ», «…մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի», Նիկոլը մատնել է նախորդից էլ կարևոր մի բան. ա՛յն, որ Ադրբեջանի ուխտադրուժ՝ պայմանավորվածություններ խախտող լինելն իրենց ստույգապես հայտնի է եղել նաև մարտի 29-ին, երբ ադրբեջանական կողմին հայտնել, նրա հետ պայմանավորվել են, որ մարտի 30-ից Հայաստանն իր զինված ուժերի ստորաբաժանումները հանելու է Կոռնիձորի կամրջին և Կոռնիձոր-Տեղ երթուղուն մոտակա ռազմավարական բարձունքների վրայից, այսինքն՝ Կոռնիձորի կամուրջը՝ շրջակա տարածքով, Կոռնիձոր-Տեղ երթուղին, ինչպես նաև Տեղ գյուղն, ըստ էության, անպաշտպան են թողնելու Ադրբեջանի՝ թշնամու առաջ:

Պայմանավորվածություններ չհարգող, պայմանավորվածություններ չպահող, նախկինում իր ուխտադրուժ լինելը բազմիցս ապացուցած թշնամու հետ եթե ոչ Նիկոլն անձամբ, ապա նիկոլենք, Հայաստանի պաշտոնյաները պայմանավորվել են, որ սահմանի այդ հատվածի պահպանությունն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից պետք է անցնի սահմանապահ զորքերին, որոնք իրենց սպառազինությամբ ու քանակով զիջում են բանակային ստորաբաժանմանը:

Ադրբեջանական կողմն օգտվելով նիկոլենց տված առիթից ու խախտելով վերոնշյալ պայմանավորվածությունը, իր ԶՈւ բանակային ստորաբաժանման միջոցով առնվազն հինգ տեղից, առանց դիմադրության հանդիպելու, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, հետ չի գնացել ու մնալով անպատիժ, շարունակում է իրականացնել ինժեներական, ամրաշինական աշխատանքներ և ամրանալ Հայաստանի տարածքում:

Նախապես տեղյակ լինելով Ադրբեջանի ուխտադրուժ լինելուն և իմանալով հանդերձ, որ թշնամին ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու է, նրա հետ վերոնշյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, նկատի ունենալով նաև նշված պայմանավորվածությունների ու դրանց խախտման հետևանքով Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և հայտնի ողբերգական հետևանքները, պետք է գնահատել որպես մեր երկրի ազգային անվտանգությանը հասցված- հասցվող հարված ու պետական դավաճանություն:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/222847/14/23/35/?fbclid=IwAR284g-2xZ1Xza8SyqEvcfAxWMsfPUy9E1jZPQSbV-DsXSDmutIA_ccq3R8

Դիտվել է՝ 8485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ