«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սահմանները և կանոնները սուրբ Թադեոս առաքյալի, որ տրվեց ՈՒրֆա քաղաքում, բնակիչներին լուսավորելու համար

Սահմանները  և  կանոնները սուրբ Թադեոս առաքյալի, որ տրվեց ՈՒրֆա քաղաքում, բնակիչներին լուսավորելու համար
30.03.2023 | 08:27

Եվ այն ժամանակ, երբ քաղաքը մկրտությամբ լուսավորվեց, և արդեն ձեռնադրվել էին եպիսկոպոսները, քահանաներն ու սարկավագները, և օրենք սովորեցնող վարդապետներն արդեն հաստատվել էին, և եկեղեցու ու Աստծո սեղանի բուն կառույցն արդեն ավարտվել էր, սկսեցին սուրբ առաքյալին հարցնել եկեղեցու բոլոր կարգերի և քրիստոնյաների ողջ դավանության մասին: Եվ առաքյալը ըստ Փրկչի հրամանի եղած կարգերը` հերթականությամբ նրանց հանձնարարեց:

ՀԱՐՑՈՒՄ` Ա- Ի՞նչ շնորհներով է պարտավոր, որ լինի եպիսկոպոսը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Եպիսկոպոսը պիտի լինի անարատ, պարկեշտ, ուսուցող: Պիտի չլինի արծաթասեր, չլինի հարբեցող, չլինի այլոց վաստակներն ուտող, չլինի անպատկառ հագուստներ հագնող, չլինի բռնությամբ վարձ վերցնող, չլինի կաշառք վերցնող, այլ պիտի լինի հանդարտ բնավորությամբ, որպես որ մեր եղբայր և գլխավոր Պողոսն ասաց թե` պիտի լինի բարու օրինակ` տքնող և պահեցող, հանգիստ քունն ատող, բոլոր կարգերի մեջ օրինակ դառնալով իր հոտին:

Եպիսկոպոս ձեռնադրել այն արժանավորներից, ովքեր որ հասու են Սուրբ Գրքերի գիտությանը, Աստծո օրենքներին և կարգերին:

Տգետներին հեռու պիտի պահել և չձեռնադրել այդ պաշտոնում, քանի որ Աստծո մոտ տգիտությունն ավելի խոտելի է, քան ամենայն չարագործություն: Տգիտությունից ավելի պիտի զգուշանալ, քան որևէ մեկ այլ արատից, քանի որ տգետ քահանան կամ սարկավագը կամ առաքելական մեկ այլ աստիճանավորը Աստծո բարկությունն է շարժում, որովհետև բերանն ինչ միտք որ գալիս է, այդ է ասում, իսկ սրտով ամենևին չի էլ հասկանում, թե ինչ ասաց, և այդպես բարկացնում է Աստծուն:

Եվ նմանը ամենքին վնասատու եպիսկոպոս է դառնում: Եվ երբ նման հոգին շարունակ կորուստներ է բերում, պարտ է հեռու մնալ նմաններից և ուսումնասերներին ու գիտուններին առաջնություն տալ` ամենայն պատիվներով:

Իսկ տգետներին երբևէ չդնել առաջնորդներ կամ վերակացուներ եկեղեցու որևէ շնորհի մեջ:

Իսկ եթե հանդգնեն նմանին եպիսկոպոս ձեռնադրել հանուն կաշառքի կամ մերձ ծանոթության կամ որևէ մեկի բարեխոսությունից դրդված, ապա նման եպիսկոպոսը նզովյալ է և ինչ վնաս որ ծնի, նույնի պատասխանը պիտի տա Դատաստանի օրվա մեջ, Աստծո վրեժների հագեցմամբ:


ՀԱՐՑՈՒՄ` Բ- Որպե՞ս է արժան, որ եպիսկոպոսն ինքն իրեն դրսևորի յուրայինների և օտարների առջև:

ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին բոլոր հավատացյալներին սիրել և իր մերձավորներին առավել չմեծարել, քան այլ հավատացյալներին, թեպետ մերձավորները նրա մարմնավոր եղբայրներից և քույրերից լինեն:

Եվ եպիսկոպոսը կաշառք ամենևին չպիտի առնի, այլ ինքն իրեն պիտի ընդհանրապես մեռյալ համարի այս աշխարհի համար:

Չլինի թե թեթև վարքի տեղիք տա` զվարճանալով կամ լկտի որևէ բան ասելով կամ հրապարակավ որևէ մեկի հանդիմանելով, առանց հանդիմանվողի հետ առանձին խոսելու և ապա երկու կամ երեք վկաների վկայությամբ և վարդապետների միությամբ խնդիրը լուծելու: Եպիսկոպոսը հեշտական հանդերձներ չպիտի հագնի և երբևէ որևէ կարևոր բան առանց ընկերակիցներին հարցնելու չպիտի անի, որովհետև այդ է Աստծուն հաճելի:

Եպիսկոպոսն է իր ձեռքով կարգում տեսուչ վարդապետներ, գավառների, քաղաքների տեսուչներ` հավատացյալների հոտը հովվելու:

Եվ ժողովուրդն էլ պիտի հնազանդվի եպիսկոպոսի կարգած հովիվներին:

Ամեն շենում եպիսկոպոսը պիտի կարգի երկու կամ երեք քահանաներ և մի սարկավագ, իսկ ագարակներում մեկ քահանա և մեկ սարկավագ:

Հաշմված որևէ մեկին չպիտի ձեռնադրել, որովհետև երբ մարգարեն արգելում էր արատավորը զոհ մատուցեր, որչա՞փ ևս առավել Տերունական պատարագը մատուցողին է արժան անարատ լինել:

Առանց վկաների և քննություն կատարելու ոչ ոքի չպիտի ձեռնադրել, որովհետև խոտոր ձեռնադրությունները մահաբեր վնասներ են ծնում:

ՀԱՐՑՈՒՄ` Գ- Ո՞ր տարիքից է արժան ձեռնադրել քահանաներ և սարկավագներ, և որքա՞ն ժամանակ նրանք մնան իրենց կարգի մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին քահանաներ ձեռնադրել սկսած նրանց երեսուն տարեկանից և նրանք երեսուն տարի մնան իրենց կարգի մեջ, ապա լռեն:

Իսկ հիսուն կամ ավելի տարիք ունեցողներին արժան չէ քահանա կամ սարկավագ ձեռնադրել: Ձեռնադրվածներին հրամայել մեկ ամուսնություն, քանի որ այս խնդրի մեջ վայրի անձինք աղճատում են ժամանակներն ու խոսքը:

Եվ եպիսկոպոսը ինքն իրեն պատրաստի իր ուղեւորությանը` իր լապտերը պայծառացնելով, որպեսզի չլինի թե միայն այլոց մասին հոգալով ինքն անփույթ դառնա` զրկվելով հավիտենական կյանքից:

ՀԱՐՑՈՒՄ` Դ- Ի՞նչ օրինակով է պարտավոր հոռիների միջից ընտրել լավին և նրան ձեռնադրել:

ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է եպիսկոպոսին առաջին հերթին հրաժարվել ձեռնադրել տգետներին և տխամարներին, անմիտներին և ցոփասիրտներին, վատասիրտներին և հափշտակողներին, շնացողներին և այլ վատթարություն գործողներին: Այդպիսիներին ամենևին չձեռնադրելով, եթե ոչ` կբարկացնի Աստծուն:

ՀԱՐՑՈՒՄ Ե- Ի՞նչ օրինակով է պարտավոր հաստատել սուրբ սեղանը և որպե՞ս է պարտավոր սպասավորել:

ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է, որ եպիսկոպոսը սեղանը քարից հաստատի` խաչի կերպ ու օրինակով և այն ծածկի սուրբ կտավներով` խնկարկելով այն ամեն առավոտ և ամեն իրիկուն:

Եվ պատարագի ժամին ևս անխափան խնկարկություն լինի:

ՀԱՐՑՈՒՄ` Զ- Որպե՞ս է պատշաճ հացն ու գինին սուրբ սեղան բարձրացնել:

ՊԱՏԱՍԽԱՆ- Պատարագի հացը նույն օրը եփեն և նույն օրը մատուցեն:

Եվ հացը եփեն խաչի դրոշմով: Նույնպես և սուրբ բաժակի գինին. սուրբ ամաններով հանեն սուրբ սեղան: Ոչ ոք թող չհանդգնի այդ գինուն ջուր խառնել, քանի որ նման խառնակ գինին Աստվածահաճո չէ, այլ արդյունք է անագորույն մտքերի:

Եվ ով այդպիսի բան անի, քրիստոնյա չէ և նզովյալ լինի, մինչև որ իր աղանդից հետ դառնա:

ՀԱՐՑՈՒՄ` Է- Որպե՞ս է պարտավոր օրհնել եկեղեցին և սեղանը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Սեղանը հաստատելու ժամանակ եպիսկոպոսը ժողով գումարի իր քահանաներով և նրանց աթոռակիցներով, սարկավագներով ու ժողովրդով հանդերձ:

Աղոթքներ մատուցեն տքնությամբ և արտասուքներով, սաղմոսներով, մարգարեների և առաքելական թղթերի և սուրբ Ավետարանի ընթերցանությամբ, և սուրբ յուղով օծելով:

Եվ ապա պատարագ մատուցեն:

ՀԱՐՑՈՒՄ` Ը- Որպե՞ս է պարտավոր եկեղեցու բացման օրը ժողովուրդը մխիթարություն ստանա կերակուրներով և ըմպելիքներով։

ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ եպիսկոպոսը սեղանը հաստատի, արժան է նույն օրը մորթ կատարել, հանուն Աստծո մորթել արջառներ, նոխազներ և ոչխարներ, ինչպես և կատարեց Սողոմոնը, հաստատելու համար իր կառուցած տաճարի սեղանը, և այդ բանը հաճելի եղավ Աստծուն, և Տերը խորովածի անուշ բույրը հոտոտեց:

ՀԱՐՑՈՒՄ` Թ- Որպե՞ս է արժան, որ ժողովուրդը եկեղեցում աղոթքի կանգնի։

ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ հավատացյալները մի տեղ հավաքվեն Աստծո տան մեջ աղոթելու, բացի աղոթքից այլ բան չխոսեն, միմյանց վրա չքրթմնջան, այլ կանգնեն դեմքով դեպի արեւելք եւ ձեռքերը բարձրացրած խնդրեն արդարանալ իրենց մեղքերից եւ Աստծո արքայությանը դառնալ արժանի. նաեւ այն բարերարություններին, որ այնտեղ են պատրաստված։

ՀԱՐՑՈՒՄ` Ժ- Եթե որեւէ մեկը տգիտորեն անարաժան մեկին քահանա ձեռնադրի եւ հետո հայտնի այդ մասին, ի՞նչ է արժան անել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե որեւէ եպիսկոպոս քահանա կամ սարկավագ ձեռնադրի եւ ձեռնադրվողի մեջ հանցանք լինի, որպես որ մարդու համար որեւէ աղտեղությունն է` շնությունը կամ գողությունը կամ սպանությունը: ԵՎ ձեռնադրության ժամին այդ մասին ոչ ոք չիմացավ, եւ ապա հետո ձեռնադրվածը զղջա կամ ինչ-ինչ պատճառներով հանցավորությունը հայտնեն, ապա նա չի կարող սեղանի սպասավոր լինել եւ ոչ էլ պատարագ մատուցել, այլ մնում է նմանին իր հանցանքները դրսում` երկու տասնյակ տարիներ ապաշխարել: Ապա այն է նրան արժան շնորհել, որ բեմի ներքեւում սպասավորություն անի եւ պատվի մեջ մնա բեկված սրտով, մինչեւ օրն իր մահվան:

(շարունակելի)

Արևելահայերենի փոխադրեց`

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4124

Մեկնաբանություններ