Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով վերջերս Երևանում փողոց վերանվանվեց, որը նախկինում ունեցել է Արաբկիր 39 հասցեն։ Այն հիմնականում անշուք տներով եզերված, մեկ շարքով երկկողմ հազիվ երթևեկության նեղլիկ անցուղի է մոտ 500 մետր երկարությամբ, չունի ուշադրության արժանի որևէ հատված, տեսարան:
Հետաքրքրական է, որ անվանափոխությունից հետո էլ փողոցը շարունակում է ներկայանալ իր նախկին՝ թիվ 39 համարակալումով, անբարեկարգ տեսքով, անվանի հետախույզին նույնիսկ չեն բարեհաճել անվանական ցուցանակով հիշատակել:
Ինչո՞ւ է այս անշուք, անդեմ փողոցն ընտրվել, ո՞րն է նպատակը։ Մի՞թե հնարավոր չէր քաղաքի ավելի տեսարժան, բանուկ վայրում գտնվող փողոց անվանակոչել նման պատվարժան հայորդու անվամբ, ով Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած միակ հայ հետախույզն է:
Եթե իսկապես ուզում էին մեծարել ականավոր հետախույզին, ինչո՞ւ նրա կամ Վարդանյան ամուսնական զույգի արձանը չտեղադրվեց ԱԱԾ շենքի մերձակա տարածքում, ինչպես մենք առաջարկել էինք, ու հարցը քննարկվել էր 2018-ի հեղափոխությունից հետո:
Համաշխարհային հետախուզության անկրկնելի դեմքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որպես հարգանք դիտվել։ Ավելին՝ վիրավորական է:
Ռուսաստանն իր սրտում հուշարձան է կանգնեցրել Գևորգ Վարդանյանին նրա անունը կրող դպրոցի տարածքում ու շրջապատել բացառիկ հոգածությամբ։ Պետանվտանգության մեկ այլ հայ աշխատակցի՝ գեներալ-մայոր Մկրտիչ Թարջիմանովին հարգանքի իր տուրքն է մատուցել Ռուսաստանի մի ողջ մարզի հանրություն՝ Բրյանսկի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչելով նրա անվամբ՝ տեղադրելով տեսանելի, տպավորիչ հուշատախտակ։
Այսպես են մեծարում օրինակելի, պատվարժան մարդկանց և ոչ թե մեզ պես՝ պարզապես անում ենք անելու համար:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ