Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Պատվաստվող բարոյական գիտակցություն

Պատվաստվող բարոյական գիտակցություն
02.03.2022 | 11:58

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18;3):

Ես եկել եմ իմ մանկությունից այնպես, ինչպես մի որևէ երկրից են գալիս:
«Չէ՞ որ բոլոր մեծահասակներն էլ մի ժամանակ մանուկ են եղել, պարզապես նրանցից քչերն են այդ մասին հիշում»:
Անտուան դը Սենտ Էքզյուպերին հիրավի այն երջանիկ մեծահասակներից էր, ում հաջողվել էր անաղճատ պահպանել մանկական մաքրությունը, անմիջականությունն ու հիշողությունը:
Մարդկությունը գալիս է իր մանկությունից, որից քիչ բան է մտաբերում: Ամեն մանկան ծնունդն ու ճիչը նրա հավաքական հիշողության մեջ փոքրիկ առկայծումներն են այն կարոտալի ժամանակների, երբ ինքը շրջապատված էր ծնողական գորովով և հոգատարությամբ: Մարդկության կյանքը մեղքով բեկված խողովակով անկասելիորեն հոսում է դեպի ծերություն և մահ: Այդ է վկայում ամեն մի մարդու կյանքի ընթացքը. «Մարդը ծնվում է, տառապում ու մահանում»,-ամփոփում է վաղեմի իմաստությունը: Ամեն ինչ, որ սկիզբ ունի, ունի նաև վերջ, սակայն ամեն մարդ ներքին, մինչև վերջ չգիտակցված համոզում ունի, որ ինքը «ի սկզբանէ էր» և կմնա հավիտյան: Հակառակի մասին պնդողները պարզապես ողջ լինելու փաստով չեն պատկերացնում ու խորությամբ չեն զգում սեփական ապրումները: Այդ համոզումը օբյեկտիվորեն բխում է այն փաստից, որ մարդու մեջ կա անսկիզբ ու անվախճան Աստծուց մի մասնիկ:


Հաճախ մարդիկ մոռանում են իրենց մանկությունը, որովհետև այնտեղ ցավը ավելի շատ է, քան ուրախությունը: Նրանց մնացած ողջ գոյությունը վերածվում է դաժան ու ոխակալ հաշվեհարդարի: Շատ ծնողներ հաշմում են իրենց պաշտելի զավակների մանկությունը, դրանով իսկ` ողջ կյանքը, նրանց հոգին էգոիզմով սնուցելով և մարմինը նյութական ճոխությամբ պարարտացնելով: Խեղված ու թունավորված մանկություն ունեցածներն են, որ խեղում են նաև ողջ մարդկության ապագան: «Պլանավորում» են մեր ընտանիքները կեսարյան հատումներով և պատվաստումներով: Կանխարգելում են դրախտի վերադարձը, Արքայության կանխավայելումը:


Մարդը իր սերունդների մեջ փնտրում է իր դրախտը: Աշխարհ է գալիս մեկը, ով կարծես թե չկար ու եղավ, և բերում է իր հետ մի բան, որ մի ժամանակ կար, բայց կորսվեց: Ամեն մի մանկան ծնունդով մարդը մի գիրկ դրախտ փայփայելու և մշակելու հնարավորություն է ստանում: Մարդը ամեն մի մանկան ծնունդով իրեն վերադարձող մանկության աչքերին նայելու ու այդ աչքերում իր փրկված գալիքը փնտրելու փորձառությունն է ապրում:
Մանկան նման լինել` բնավ չի նշանակում մանկամիտ, արկածախնդիր և անպատասխանատու լինել, ինչպես փորձում են հավաստիացնել որոշ այդպիսիներ` չքմեղորեն իրենց վարքը արդարացնելով:


«Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս» (Ա կորնթ.14; 20): Լինել մանկան պես, նշանակում է լինել մանկան պես անկեղծ, անմիջական և ծնողական գորովագութ ու սիրառատ գրկին վստահող:
Մանուկների հետ կապված շատ պատվիրաններ կան. «Թու՛յլ տվեք այդ մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետեւ Երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19;14), «Մի՛ զայրացրեք ձեր զավակներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփ.6;4), «Զգու՛յշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ Երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 18;10): Սակայն առաջին հայացքից երեխաներին չվերաբերող, թեև երեխաներին ուղղված` «Պատվի՛ր քո հորն ու մորը,- որ առաջին պատվիրանն է` տրված խոստումով,- որպեսզի լավ լինի քեզ համար, եւ երկար կյանք ունենաս երկրի վրա» (Եփ. 6; 2-3) պատվիրանը առավելապես վերաբերում է մանկությանը և, նախևառաջ, սեփական մանկությունը, սեփական սկիզբը չմոռանալու պատվիրան է, անհրաժեշտաբար պարտադրվող, պատվաստվող բարոյական գիտակցություն, որովհետև, եթե ծնողի հոգատարությունը զավակի հանդեպ կարող է լոկ բարոյականություն չպահանջող բնազդ լինել, ապա զավակի հոգատարությունը ծնողի հանդեպ կարող է լինել զուտ բարոյական գիտակցության խթանումով:


Մանկությունն էր բացականչում. «Օվսաննա՜ Բարձրյալին»: Մարդկության Մանկությունը վերադարձել էր: Ապահովված էր մարդկության շարունակականությունը, այն դեպքում, երբ նա ոչ շատ վաղուց կանգնած էր ստույգ կործանման եզրին:
Մարդկությունը չի գոսանում. ծաղկում է Հույս-Մանկությունը,
Մարդկությունը չի կասկածում. հավատում է Մանկությանը,
Մարդկությունը, թե արթուն է` պահպանում է Մանկան քունը,
Մարդկությունը չի խարխափում. շողում է Լույս-Մանկությունը,
Մարդկությունը, թե չի կաղում`
Մանկությունն է վազում, խաղում,
Խթանում է Մարդկությանը...
Մարդկությունը կա հարակա, քանի դեռ Կյանք-Մանկություն կա:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 15304

Մեկնաբանություններ