«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում. համենայն դեպս, դրա վտանգը կա

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում. համենայն դեպս, դրա վտանգը կա
28.02.2022 | 23:41

Սկիզբը` այստեղ

Թուրքիան նախապատրաստվել, նախապատրաստվում ու սպասում է… Սպասում է, ինչպես 1943 թվականին է սպասել Ստալինգրադի ճակատամարտի ելքին: Եթե այն ժամանակ խորհրդային զորքերը Ստալինգրադի ճակատամարտում պարտվեին, ապա, ինչպես հայտնի է, Թուրքիան ներխուժելու էր Հայաստան, Անդրկովկաս, ապա փորձելու էր գրավել Կովկասը, Ռուսաստանի հարավը և առաջանալ` այս կողմից Խորհրդային Միության համար բացելով երկրորդ ճակատ:


Հիմա էլ նման իրավիճակ է, պատմությունը, որը կրկնվելու «սովորություն» ունի, կարծես կրկնվում է… Սպասում է Թուրքիան, բայց այս անգամ ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի պարտությանը, ինչն անհնար է, այլ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ-ի համար ծանր, դժվարին իրավիճակի առաջացմանը և, միաժամանակ, Արևմուտքի խստագույն պատժամիջոցների, կիբերպատերազմի, ահաբեկչությունների (հիբրիդային պատերազմի) արդյունքում Ռուսաստանում սոցիալ- տնտեսական ծանր, դժվարին իրավիճակին և աննախադեպ մեծ ներքին դժգոհությանն ու գունավոր հեղաշրջման փորձին:
Ի դեպ, ՌԴ-ում այժմ սոցիալ- տնտեսական վիճակը ծանր, դժվարին չէ (հուսանք չի էլ լինի), կառավարելի է թեև ռուբլու արժեզրկմանը, սակայն բազմահազղար մարդիկ, կասկածից դուրս է, Արևմուտքի հինգերորդ շարասյան` սորոսական և այլ ուժերի ստվերային կազմակերպմամբ, ուղղորդմամբ, արդեն ընդվզում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իշխանությունների դեմ: Թուրքիան սպասում է, որ այս ամենը հասնի իր բարձրակետին, որպեսզի Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում հնարավորինս քիչ տուժի, հնարավորինս մեծ վնաս պատճառի ու հնարավորինս շատ շահի…
Նրանք, ովքեր կասեն, թե Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ-ի համար ծանր, դժվարին իրավիճակի առաջացումը բացառված է, հիշեցնեմ, որ Ռուսաստանի դեմ այժմ պատերազմում են ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերը, ազգայնամոլները, ԱՄՆ-ի, Արևմուտքի փողերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հավաքագրած բազմահազար վարձկանները (նրանց թվում նաև` թուրք և ադրբեջանցի զինյալներ), այլև նրանց միջոցով ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, ՆԱՏՕ-ն, գրեթե ողջ Արևմուտքը: Հատկացվել ու շարունակվում են հատկացվել միլիարդավոր դոլարների զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, ինչպես նաև ուղղակի ֆինանսական օգնություն, Ուկրաինայի ԶՈւ-ին տրամադրվում են արբանյակային և այլ բնույթի հետախուզական տեղեկություններ:


Ռուսական լրատվամիջոցներն այսօր արդեն հաղորդեցին Դոնբասում Ուկրաինայի ուժայինների թողած հարձակողական զենքերի մասին, որոնք կիրառվել է նաև խաղաղ բնակչության դեմ։ Բայց սա դեռ միայն սկիզբն է… Ինչպես հայտնի դարձավ երեկ, Եվրամիությունը Ուկրաինային 450 մլն եվրոյի հարձակողական զենքեր է տրամադրելու, ինչպես նաև 50 մլն եվրո է հատկացնելու պաշտպանողական զենքերի և վառելիքի համար։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային մատակարարել նաև մարտական ինքնաթիռներ:


Թուրքիան սպասում է, թե երբ այս և այլ պետությունների կողմից տրամադրվելիք զենքերը կհասնեն Ուկրաինա և կօգտագործվեն Ռուսաստանի դեմ, սակայն հուսանք, որ ռուսական ավիացիան և ՀՕՊ-ի միջոցները Եվրամիության խոստացած մարտական ինքնաթիռները, իրենց եվրոպացի կամ ամերիկացի օդաչուներով հանդերձ, կմոխրացնեն Ուկրաինայի օդային տարածք մտնելուն պես:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի կեսին մի առիթով, թուրքական «Անատոլու» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է. «Ուկրաինան սովորական երկիր չէ, այն ուժեղ երկիր է։ Բացի այդ, որպեսզի Ռուսաստանը կարողանա դա անել («ներխուժել» Ուկրաինա.-Ա.Հ.), նա պետք է վերանայի իրադրությունն ամբողջ աշխարհում և իր իրավիճակը»:


Էրդողանը նշել է նաև, որ մոտ ապագայում ինքը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով դրանից քիչ առաջ այցելել էր Ուկրաինա, հանդիպել ու բանակցել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ակնհայտ է, որ Ուկրաինայի հետ հապված զարգացումների հարցում Թուրքիան և Ադրբեջանը վարում են համակարգված քաղաքականություն:
«Bloomberg»-ին այս ամսվա սկզբին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթուն ասել է, որ եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սկսի սրվել, ապա Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, «կնպաստի դաշինքի և՛ ընդհանուր քաղաքականության ձևավորմանը, և՛ իրականացմանը»։


Անդրադառնալով ռուս- ուկրաինական հակամարտությանը ու ներկայիս գործընթացներից հայերիս համար բխող վտանգներին, պատգամավոր, խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր միանգամայն ճիշտ դիտարկմամբ գրել է.
«Իմ համար հետաքրքիր չէ, թե ռուս-ուկրաինական, իսկ իրականում՝ ՌԴ-Արևմուտք պատերազմում, ով ում նկատմամբ սիմպատիա ունի։
Գլխավոր խնդիրը նրանում է, թե մեր մեծ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, կոնկրետ Հայաստանի ու Արցախի, ինչպիսի վարքագծային փոփոխություններ կարձանագրվեն Թուրքիայում և Ադրբեջանում, ի վերջո սցենարային ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի ու Արցախի սահմաններին։
Ակնհայտ է, որ մեր փոքր տարածաշրջանը ևս իրադարձությունների զգայուն և անկանխատեսելի փուլ է մուտք գործել, որտեղ գործընթացները կարող են սահուն անկայունության շրջան մտնել։


Մտահոգություն ունեմ, որ Թուրքիան՝ արտաքին միջամտության կամ նույնիսկ դրա բացակայության պայմաններում, նույնիսկ անկախ Ադրբեջանի ցանկությունից, ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ նոր սադրանքների կամ ագրեսիայի կդիմի։
Ուկրաինայում ձգձգվող պատերազմը, սպառազինությունների աննախադեպ մրցավազքն ու տարածաշրջանում ահաբեկչական, ծայրահեղական խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը էականորեն մեծացնում են Հարավային Կովկասում նկատվող անվտանգային սպառնալիքները։


Հայաստանի իշխանությունները շարունակում են զուտ դիտորդի կարգավիճակով, անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ, իսկ սա բարենպաստ իրավիճակ է ստեղծում այն արտաքին խաղացողների համար, ովքեր փորձելու են մեր տարածաշրջանում նոր լարվածության հրահրմամբ, հարավից ճակատ բացել ՌԴ-ի դեմ։
Երկիրը պետք է նախապատրաստել պատրաստության համապատասխան աստիճանի, եթե նույնիսկ դա բացառապես մեզ արտաքին ճնշումներից կամ հարվածներից ապահովագրման խնդիր է լուծում։


Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նոր ճգնաժամի, որի դրսևորումներն արդեն ուրվագծվում են, իսկ դրանց դեմ Հայաստանի ու Արցախի դիմակայության արդյունավետությունից է կախված, թե այս փուլից ինչպիսի կորուստներով դուրս կգանք»։
Լիովին կիսում ենք պարոն Աբրահամյանի արտահայտած մտահոգությունը, կարծիքը և առաջարկը, մտահոգություն, որն արտահայտել ենք դեռ անցյալ տարվանից:

(Շարունակելի)


Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 26672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ