«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը նշում է՝ գլխավոր զգացումը, որն ունի այս օրերի ընթացքում, ամոթն է:
«Ես ամաչում եմ, որ իմ երկիրը ներկայացնում է այդ մարդը, ես ամաչում եմ, որ նա դեռ նստած է այնտեղ, ամոթը մնալու է իր գնալուց հետո նույնպես, որ մենք հանդուրժել ենք ոչինչ իրենից չներկայացնող մարդուն, որ իշխի այս երկրում», - Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Սահակյանը։ Նա նշեց՝ իր կյանքի կեսը տվել է Ղարաբաղյան շարժմանը։ «Մենք արտասվել ենք, երբ Երևանում գոչում էին Ղարաբաղ, արտասվում էինք, երբ Ստեփանակերտում գոչում էին Հայաստան, մենք դարձանք մի ժողովուրդ, մենք վերագտանք միմյանց, իսկ նա կործանեց մեր պատմության 33 տարիների արդյունքները, որպես խաղամոլ տանուլ տվեց մեր երկիրը, նա ոչնչացրեց մի սերնդի կյանքի արդյունքները», - ասաց նա։
Արա Սահակյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին տարել է պարտության, կործանման։ «Նա մեզ խաբեց, թե հետ կբերի փողերը, բայց տվեց հողերը... Շատ դժվար է լինելու, որովհետև շատ բան կարելի է վերականգնել, բայց կորցրած հողերը շատ դժվար է լինելու», - նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։ Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանին ամեն մեկն իր չափով «ձեռքերի վրա» բերել է իշխանության։ «Եվ մենք պետք է նրան հետ շպրտենք», - ամփոփեց Արա Սահակյանը։