Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրաժարականը պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ընդունել է առանց երկմտելու։ «Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը:
2018-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել եմ՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։ Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա ՄԱՐԴՈՒՆ, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։
Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ոչ ժամանակ, ոչ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս», - գրել է Լոռու մարզպետը։
Նա նշել է, որ պատրաստակամ է ներդնել իր փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։
«Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2,5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։
Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով», - նշել է Անդրեյ Ղուկասյանը։