Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մրցելույթները շարունակելու առումով կատարյալ հստակություն է միայն C, E, G խմբերում. այդ երջանիկներն են «Մանչեստր Սիթին», «Պորտուն», «Սևիլիան», «Չելսին», «Յուվենտուսը», «Բարսելոնը»։ Այս պահի դրությամբ A, D, F խմբերից նրանց են ընկերակցել Մյունխենի «Բավարիան», «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան»։ Փաստորեն միայն երկու խումբ կա, որտեղ կատարյալ անորոշություն է։ Խոսքը B և H խմբերի մասին է։
A ԽՈՒՄԲ
Փլեյ օֆում հանդես գալու իրավունքը վաղօրոք նվաճած Մյունխենի «Բավարիայի» համար «Աթլետիկոյի» հետ արտագնա մրցակցությունը զրոյական նշանակության էր, մինչդեռ դրանով մադրիդցիներն օրախնդիր հարց էին լուծում՝ չհաշված և այն, որ առաջին մրցավեճում տանուլ էին տվել 0։4 խայտառակ հաշվով, ու սասանված հեղինակությունը վերականգնելու գոնե փորձ պիտի արվեր։ Շտապենք ասել, որ տանտերերին դա հաջողվել է անել մասամբ։ Նրանք չեն կարողացել մինչև վերջ պահպանել հաղթական 1։0 հաշիվը։ Մյուլլերը խաղավարտից չորս րոպե առաջ ներխուժել է տուգանային, նրան կանգնեցնելու գինն արժեցել է 11-մետրանոց։ Տուժողն էլ իրականացրել է տուգանայինը։
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-«Զալցբուրգ» դիմակայությունում երեք ոչ-ոքիների հաշվին նույնքան միավոր ունեցող ռուսները հյուրերին զիջել են 1։3 հաշվով՝ միաժամանակ զիջելով և երրորդ հորիզոնականը։
Այս խմբում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում խմբային վերջին «Զալցբուրգ»-«Աթլետիկո» հանդիպումը։ Հաղթանակը տանտերերի առաջ կբացի փլեյ օֆ տանող ճանապարհը, այլապես այդ բանը կանեն մադրիդցիները։
B ԽՈՒՄԲ
Կատարվեց, այն, ինչը Դոնեցկի «Շախտյորի» պատմության մեջ կգրվի ոսկե տառերով՝ միաժամանակ խարան դառնալով Մադրիդի «Ռեալի» համար։ Խմբային երկու խաղում էլ «արքայականը» զիջել է ուկրաինացի հանքագործների թիմին, փաստ, որ անգամ ամենավատատեսական պատկերացումների բան չէր։ Սակայն «սերուցքայինների» համար այս պարտությունը կարող է ճակատագրական դառնալ նրանով, որ, հնարավոր է, այդպես էլ չկարողանան վեր բարձրանալ երրորդ հորիզոնականից, իսկ դրա վտանգն ավելի քան ռեալ է, քանզի նրանց վերջին հանդիպումը Մենխենգլադբախի «Բորուսիայի» հետ է ու բնավ էլ նշանակություն չունի, որ հյուրընկալող կողմը լինելու են իսպանացիները։
Իր հերթին տուրը սևով նշանավորվեց և գերմանական ակումբի համար, որը սեփական դաշտում չկարողացավ հաղթահարել, թվում է, ամեն ինչ անհույս կորցրած իտալական «Ինտերի» արգելքը՝ 2։3:
Հինգերորդ տուրի արդյունքներով այստեղ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չորս թիմից յուրաքանչյուրն էլ կարող է տիրանալ բաղձալի երկու ուղեգրին։ Այնպես որ, երկու դիմակայությունում էլ թիմերը սկզբունքորեն գործելու են կենաց-մահու պայքարի ելածի հոգեբանությամբ։ Նշենք, որ գլադբախցիներն ունեն ութ, «Շախտյորն» ու «Ռեալը»՝ յոթական, «Ինտերը»՝ հինգ միավոր։
C ԽՈՒՄԲ
Խմբային մրցամարտերում «Մանչեստր Սիթին» կորցրեց առաջին միավորները՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալով «Պորտուի» հետ՝ 0։0, որը նույնպես վաղօրոք լուծել է փլեյ օֆում հանդես գալու խնդիրը։ Փոխարենը մրցաշարային առումով շատ ավելի հետաքրքրական է եղել «Մարսել»-«Օլիմպիակոս» դիմակայությունը, որտեղ ֆրանսիացիները կարողացել են վաստակել առաջին միավորները՝ 2։1։ Ճիշտ է՝ «Մարսելը» միավորներով ընդամենը հավասարվել է հունական ակումբին, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով շարունակում է մնալ աղյուսակը եզրափակողի դերում։ ՈՒստի շատ բաներով նրանց համար վճռական է լինելու «Մանչեստր Սիթիի» հետ ունենալիք դիմակայությունը։
«Պորտուի» հետ հանդիպումն «Օլիմպիակոսն» անցկացնելու է տանը։
D ԽՈՒՄԲ
«Այաքսի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակով «Լիվերպուլը» հաստատեց փլեյ օֆ դուրս գալու փաստը։ Հոլանդացիների նման ելքով հանդիպումը երկնային մանանա էր նրանց պես յոթ միավոր ունեցող «Ատալանտայի» համար, սակայն իտալացիներն էլ իրենց հերթին սայթաքեցին՝ տնային խաղում «Միդտյուլանդից» ընդամենը մեկ միավոր վաստակելով՝ 1։1։
«Ատալանտայի» համար խմբային վերջին հանդիպումը «Այաքսի» հետ է, որտեղ էլ հայտնի կդառնա երկրորդ ուղեգրի տերը։
E ԽՈՒՄԲ
«Սևիլիա»-«Չելսի» դիմակայությունն ընդամենը առաջին հորիզոնականը տնօրինելու հարցն էր որոշելու, քանի որ երկուսն էլ լուծել են իրենց գերխնդիրը։ Կոնկրետ այս խաղի առնչությամբ այսպես ասենք. անդալուզցիները, որոնք դաշտի տերերի կարգավիճակն ունեին, չդիմացան «ազնվականների» ճնշմանն ու խայտառակ պարտություն կրեցին՝ 0։4։
Երկրորդ դիմակայությունում հարաբերություններ պարզողները «Կրասնոդարն» ու «Ռենն» էին։ Այստեղ հաջողությունն ուղեկցել է ռուսներին. հանդիպման ելքը որոշվել է խփված մեկ գնդակով։ Շնորհիվ այս հաղթանակի «Կրասնոդարը նվաճեց Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք։
Աղյուսակում վիճակն այնպիսին է, որ վերջին տուրը ոչինչ չի որոշում։
F ԽՈՒՄԲ
Դորտմունդի «Բորուսիա»-«Լացիո» դիմակայությունում արձանագրված 1։1 հաշիվը լրիվ գոհացուցիչ էր գերմանական ակումբի համար, քանի որ նրան վերջնականապես տեր դարձրեց փլեյ օֆ հանող ուղեգրերից մեկին։ Շատ ավելի առանցքայինն այստեղ մյուս՝ «Բրյուգե»-«Զենիթ» մրցակցությունն էր, որտեղ հաղթանակը տանտերերին դեռևս պահելու էր երկրորդ ուղեգրի համար պայքարողների կազմում։ Բելգիական ակումբը փայլուն լուծեց խնդիրը՝ 3։0 հաշվով առավելության հասնելով սանկտպետերբուրգցիների նկատմամբ։ Ակտիվում արդեն յոթ միավոր ունեցող «Բրյուգեին» մնում է անել հաջորդ քայլը, սակայն այն նույնպես պիտի հաղթանակով ավարտի, այլապես «Լացիոն», որ երկրորդ ուղեգրի համար նրա մրցակիցն է, ցանկացած այլ արդյունքի դեպքում Չեմպիոնների լիգայի հետագա խաղարկությունում կընկերակցի Դորտմունդի «Բորուսիային»։
G ԽՈՒՄԲ
Այստեղ երկու դիմակայությունն էլ ավարտվել է 3։0 հաշվով, երկու դեպքում էլ հաղթել են գրանդ ակումբները։ Արդյունքում «Ֆերենցվարոշին» պարտության մատնած «Բարսելոնը» շարունակել է անպարտ մրցելույթների շարքը, Կիևի «Դիմանոյին» գերազանցած «Յուվենտուսը» փորձել է չավելացնել կատալոնյան ակումբից երեք միավորով հետ մնալը, որն արդյունք է առաջին դիմակայությունում այդ նույն «Բարսելոնից» կրած պարտության։ Ի միջի այլոց, վերջին տուրում նրանք նորից են սրերը խաչաձելու։ Տեսնենք թուրինցիները կկարողանա՞ն վրեժխնդիր լինել սեփական հարկի տակ կրած պարտության համար։
Խմբային մյուս հանդիպումը պատասխանելու է, թե որ թիմն է մրցելույթները շարունակելու Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ երկուսն էլ ունեն մեկական միավոր։
H ԽՈՒՄԲ
Ֆանտաստիկ զարգացումներ էին «Բաշակշեհիր»-«Լայպցիգ» դիմակայությունում, որտեղ լարվածությունը գագաթնակետին հասավ այն բանից հետո, երբ 85-րդ րոպեին ապշելու գեղեցկության տուգանային իրականացրին տանտերերն ու հավասարեցրին հաշիվը։ Ի դեպ, այս գոլով Կահվեջին հեղինակեց հեթ տրիկ։ Սակայն հավելյալ ժամանակում «Լայպցիգն» ասաց իր վճռորոշ խոսքն ու ինը միավորով մնաց սպասող «Մանչեստր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» առճակատման արդյունքին։
Այս դիմակայությունն առանձնակի նշանակության էր հատկապես ֆրանսիական ակումբի համար, քանզի միավորներով՝ 9, գերմանական ակումբը հավասարվել էր մանչեստրցիներին ու իր համար նկատելիորեն շահեկան դիրք ապահովել։ Ասել է՝ ՊՍԺ-ն եթե չկարողանար հաղթել, գոնե պիտի ոչ-ոքիի փորձեր հասնել, այլապես վիճակը դառնում էր սահմանային։
Նեյմարի խփած գոլին մանկունիացիները պատասխանեցին մրցակցի դարպասի պատասխան գրավումով ու այդ հաշվով էլ գնացին հանդերձարան։
Երկրորդի առաջին կեսում ֆրանսիացիները կրկին առաջ անցան ու հենց այստեղ էլ մրցակցի համար եղավ անցանկալին՝ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Ֆրեդը։ Տասը հոգով «Պարի Սեն Ժերմենին» դիմակայելն արդեն անհույս գաղափար էր։ Ավելին, տանտերերը խաղավարտին մի գնդակ էլ բաց թողեցին՝ «ապահովելով» 1։3 հաշվով պարտություն։
Հասկանալի է, որ այստեղ ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում, որտեղ առավել շահեկան դիրքերում է թուրքական ակումբին իր հարկի տակ ընդունող «Մանչեստր Յունայթեդը», չնայած ոչ մի բանի հույս չունեցող թուրքերն ամեն ինչ կանեն իրենց հնարավորինս թանկ ծախելու համար։
Շատ ավելի սուր է լինելու «Լայպցիգ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը, որտեղ անգլիացիներին միանգամայն ձեռք է տալիս ոչ-ոքի արդյունքը, քանի որ լրացուցիչ գործակիցները նրանց օգտին են։ Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» գերմանացիներին սեփական հարկի տակ պարզապես ջախջախել են՝ հինգ անգամ պարտադրելով խաղը սկսել դաշտի կենտրոնից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ