38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միքայել Մինասյան. Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը

Միքայել Մինասյան. Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը
01.12.2020 | 14:49

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3
Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ոչ այսօր ու ոչ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց և ընկավ նիկոլական թակարդը։
Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր և նույնիսկ հասկանալի մինչև նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր հայ ժողովրդի դատաստանին։ Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։
Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝ վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի, թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։


Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երևույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։
Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։ Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։


Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սև ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։
Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետև սա իր համար քաղաքական պայքար է։ Նա անմեղսունակ է։ Նիկոլն ի վիճակի չէ հասկանալու այս ողբերգությունը։ Բայց մի՞թե երկրում բոլորը նիկոլ են։ Մի՞թե ոչ ոք դեռ լիովին չի ընկալել ողբերգության խորությունը։


Այսօր մենք չունենք փրկության որևէ շանս, որովհետև չենք սգում։ Այսօր չենք սգում, որովհետև չենք ցանկանում ընդունել իրականությունը։ Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։
Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։ Բայց մինչև աղետի գիտակցումից մեր սրտում չառաջանա լիակատար ցավ, մինչև շնչահեղձ չլինենք կորստի ընկալումից, մինչև կատաղությունից ու կարոտից չոռնանք՝ ավելին ենք կորցնելու։


Սուգ պետք է հայտարարեր կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը։ Այդ ինստիտուտները գոյություն չունեն։
Պետություն չկա։
Ուրեմն գոնե ժողովուրդը դա պետք է անի։ 2018-ի ապրիլին ժողովուրդը եռագույնը փողոցներում բարձր պահած գոռում էր հաղթանակի մասին, իշխանափոխությունը վերածել էր համազգային տոնի։ Ուրեմն բարի եղեք նույն ոճով սգալ։ Ամբողջ Հայաստանը պետք է սև ժապավեն կրի՝ երեք օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս։


Պարզ է, որ չեք ցանկանում սգալ։ Դա կնշանակեր նաև յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց չսգալով, չնկատելով մահերը, չնկատելով հայրենազրկումը, չենք ազատվում պատասխանատվությունից։
Պետք է ապրել այնպիսի սուգ, որ խլացնի անպատեհ երաժշտությունը, զրույցը, գռեհիկ կոմերցիան։ Ամեն մի գործողություն բխեցնի այդ գիտակցումից։ Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք։


Աստվածաշունչն ասում է. «Սգացեք, որ մխթարվեք ու փրկվեք»։ Պետք է ապրել գիտակցված սգավորությամբ, որ արժանանաք մխիթարության: Կա մեղք, կա սխալ, կա կորուստ, ուրեմն պիտի լինի սուգ։
Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը…»։

Դիտվել է՝ 2453

Մեկնաբանություններ