Խոսքը վերաբերում է Դոնեցկի «Շախտյորին», որն այս պահի դրությամբ երկու գրանդ ակումբի «գլուխ» է լվացել ու միանձնյա գլխավորում է խմբայինը, երբ ենթադրաբար պիտի որ թիմայինը եզրափակողը լիներ։ Հարկավ հետաքրքիր հանդիպումների պակաս չի զգացվել, անակնկալ անցումներով խաղեր քիչ չեն եղել, իսկ «Յուվենտուս»-«Բարսելոն» դիմակայությունում Ալվարո Մորատայի հետ պատահածը խելքահան կհաներ յուրաքանչյուր մեկի։
A ԽՈՒՄԲ
Անասելի դրամատիզմ էր, հզոր կրքերի բախում «Աթլետիկո»-«Զալցբուրգ» մրցակցությունում՝ կշեռքի նժարի վայրիվերումներով։ Նախ հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը, ինչին ընթացքում հյուրերը դիմադարձել են դարպասի երկու գրավումով։ Մադրիդցիները հաշիվը հավասարեցնելը շատ հետոյին չեն թողել։ Ամեն ինչ գնացել է 2։2 հաշվով հանգուցալուծման, սակայն Ժոաու Ֆելիքսը խաղավարտին մոտ հաղթանակը բեկել է իր թիմի կողմը։ Գրեթե բոլոր առումներով զարմանալիորեն հետաքրքիր այս դիմակայությունը Դիեգո Սիմեոնեի սաները շահել են 3։2 հաշվով՝ երկրպագուի մոտ քիչ թե շատ մեղմելով թիմի առաջին մրցելույթի ծանր տպավորությունը։ Հիշենք, որ մեկնարկային տուրում մադրիդցիները 0։4 հաշվով զիջել էին Մյունխենի «Բավարիային»։
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-«Բավարիա» մրցակցությունում կարող էր և անակնկալ գրանցվել, սակայն մյունխենցիները ռուսներին երկար չեն թողել հուսավառ լինել։ Հարկավ մոսկվացիների խոշոր ուրախությունը պիտի լինի հանդիպման բավականաչափ համեստ հաշիվը՝ 1։2։ «Բավարիան» երկու խաղից հետո վեց միավոր ունի, «Աթլետիկոյի» ունեցածը գերմանացիների ունեցածի ուղիղ կեսի չափ է, «Լոկոմոտիվն» ու «Զալցբուրգը» մեկական միավորի տեր են դարձել։
B ԽՈՒՄԲ
Արտագնայում Մադրիդի «Ռեալի» հետ տուրի առաջին հանդիպման հաղթանակից հետո (3։2) Դոնեցկի «Շախտյորի» հիմա էլ այս ոչ-ոքին ու դարձյալ գրանդ ակումբի հետ մրցակցությունում։ ՈՒ այնպես չէ, որ այս ոչ-ոքին (0։0) պակաս է ուրախացրել իտալական «Ինտերին», որքան էլ Կոնտեի սաների մեջ անբավարարության զգացողությունն այնուամենայնիվ առկա է, որովհետև թիմի մեկնարկը սպասված ընթացքով չի գնում։
Սակայն շատ ավելի դրամատիկ եղան Մենխենգլադբախի «Բորուսիա»-«Ռեալ» դիմակայության զարգացումները։ Խաղի հիմնական ժամանակից երեք րոպե առաջ ու մրցավարի հավելածի երրորդ րոպեին գլադբախցիները երկու գոլ բաց թողեցին՝ «արքայականին» անընդմեջ երկրորդ խայտառակությունից փրկվելու հնարավորություն տալով՝ 2։2։
Փաստելով այս դիմակայությունում գրանցված արդյունքը՝ միաժամանակ պիտի փաստենք նաև, որ երկրորդ անընդմեջ խաղում հաշվի մեջ առաջ լինելով՝ գերմանական ակումբը չի կարողանում տեր կանգնել հաղթանակին։ Ընդ որում, երկու հանդիպումն էլ ավարտվել է նույն արդյունքով։
Չորս միավորով աղյուսակի գլխամասում «Շախտյորն» է, երկուական միավոր ունեն Գերմանիան ու Իտալիան ներկայացնող ակումբները, «արքայականը» վերջնամասում է մեկ միավորով։
C ԽՈՒՄԲ
«Մարսել»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունում ուժերի ռեալ հարաբերությունն այնպիսին էր, որ տանտերերին այլ բան չէր մնում, քան թուլանալ ու «հաճույք» ստանալ, եթե այստեղ այդ բառը, իհարկե, բուն եղելության հետ աղերսներ ունի՝ 0։3։
«Պորտու»-«Օլիմպիակոս» մրցակցությունում պորտուգալացիներն իրենց հաղթանակի փաստն աներկբա դարձրին խաղավարտից հինգ րոպե առաջ խփած երկրորդ գոլով։ «Սիթին» բացարձակ արդյունքով գլխավորում է խմբայինը, «Պորտուն» միավորներով հավասարվեց «Օլիմպիակոսին», ֆրանսիացիներն են, որ մինչև այժմ միավոր չեն վաստակել։
D ԽՈՒՄԲ
Եթե անհամեմատ ուժեղ «Այաքսն» էր անզոր եղել «Լիվերպուլի» նկատմամբ, «Միդտյուլանդն» ի՜նչ պիտի կարողանար անել՝ հնարավորինս համեստ հաշվով պարտվելուց զատ՝ 0։2։ Կրքերը, այ, բորբոքվեցին «Ատալանտա»-«Այաքս» դիմակայությունում, այն էլ ի՜նչ կարգի բորբոքվեցին։ Ի պատիվ հոլանդացիների, հարձակողական ֆուտբոլ դավանող իտալական ակումբի առաջ առաջին խաղակեսում ոչ միայն սեփական դարպասի դռները փակեցին, այլև դեռ երկու անգամ էլ իրենք խոցեցին։ Անվիճելի էր, որ Բերգամոն ներկայացնող թիմը երկրորդ խաղակեսում գնալու էր իրավիճակի շտկման, միակ խնդիրը մնում էր՝ արդյո՞ք Նիկեն կտա համաձայնությունը։ Ի բարեբախտություն իտալացիների, ֆուտբոլի աստվածուհին եղավ բարեհաճ, բայց և հարգալից մյուս հերոսի նկատմամբ, որի անունն է կրում հոլանդական թիմը՝ 2։2։
E ԽՈՒՄԲ
Հարկավ ռուսական «Կրասնոդարը» պատրանքներ չպիտի ունենար «Չելսիի» հետ խաղում, սակայն դրանով հանդերձ 0։4 հաշվով պարտությունը, այն էլ սեփական հարկի տակ, այնքան էլ պատշաճ հաշիվներից չէ։ Սակայն ո՞վ է պատշաճությունը հաշվի առնողը մի դիմակայությունում, որտեղ մրցակիցները բացահայտորեն քաշային տարբեր կարգեր են ներկայացնում։ Զուգահեռաբար նկատենք, որ ռուսական ակումբի երիտասարդ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հայտնվել է անգլիական պրեմիեր լիգայի միանգամից վեց առաջատար ակումբի ուշադրության կենտրոնում, ու հուսանք, որ այս չարաբաստիկ մրցակցությունը նրա համար ճակատագրական չի լինի։
Տուրի հանդիպումը հաղթանակով պսակեց նաև իսպանական «Սևիլիան», թեպետ այստեղ էլ պիտի պարականոն համարենք գրանցված անհամեմատ համեստ արդյունքը։ Ֆրանսիական «Ռենը» զիջել է նվազագույն հաշվով։
«Չելսին» ու «Սևիլիան» ունեն չորսական, մյուս երկուսը՝ մեկական միավոր։
F ԽՈՒՄԲ
Ռուսական ֆուտբոլի վերջին տարիների ամենավառ թիմը՝ «Զենիթը», արտագնայում անկարող է եղել լրջորեն դիմադրելու Դորտմունդի «Բորուսիային» ու պարտվել է երկու անպատասխան գնդակի տարբերությամբ։ Մյուս կողմից էլ, ինչպես չպարտվես մի խաղում, որտեղ նույնիսկ մեկ նշանառու հարված չես հասցրել մրցակցի դարպասին։ Տարբեր խաղարկությունները հաշվի առած՝ սա սանկտպետերբուրգցիների երրորդ անընդմեջ պարտությունն էր՝ յուրաքանչյուրում երկու գնդակ «ուտելով»։
Փոխարենն անհամեմատ համառ ստացվեց «Բրյուգե»-«Լացիո» դիմակայությունը, որտեղ այդպես էլ չպարզվեց ուժեղագույնը՝ 1։1։ Հենց այս երկուսն էլ աղյուսակի վերին հորիզոնականներում են չորսական միավորով։ «Բորուսիան» ունի երեք միավոր, «Զենիթի» անվան դիմաց զրո է։
G ԽՈՒՄԲ
Եթե ասենք, որ Չեմպիոնների լիգայի ամենածանրակշիռ դիմակայությունը «Յուվենտուսի» ու «Բարսելոնի» մրցավեճն էր, ճշմարտության դեմ ոչնչով մեղանչած չենք լինի։ Դեմբելեի բավականին արագ գոլին թուրինցիներն արձագանքել են կայծակնորեն, սակայն VAR համակարգը ֆիքսել է խաղից դուրս վիճակ։ Որպեսզի նույն բանը նույնությամբ կրկնելու վտանգի առաջ չկանգնենք, այսպես ասենք՝ նույն VAR համակարգը նույն Ալվարո Մորատայի ևս երկու գոլ չի հաշվել վերը հիշատակված նույն հիմնավորմամբ։ Սկզբունքորեն մնում է հուսալ, որ ֆուտբոլիստը եղածի հողի վրա չի հասնի խելագարության։
Շարունակելով խաղի համառոտ տեսությունը, ասենք, որ հավելյալ ժամանակում նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Մեսին՝ ապահովելով կատալոնյան ակումբի 2։0 հաշվով հաղթանակը։ Դարպասի այս գրավումը Չեմպիոնների լիգայի խաղարկություններում դարձավ հանճարեղ արգենտինացու թվով յոթանասուներորդը, ինչը ռեկորդային նվաճում է, քանի որ նրանից առաջ ոչ մեկին բախտ չի վիճակվել հասնելու նման ցուցանիշի։ Միաժամանակ նա միակ ֆուտբոլիստն է, ով այս խաղարկության 16 անընդմեջ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում։
Ֆուտբոլային փոթորկուն կրքերով է առանձնացել նաև խմբային երկրորդ դիմակայությունը, որտեղ արտագնայում խաղը 2։0 հաշվով շահող ուկրաինացիները չեն կարողացել առավելությունը պահպանել ու հարկադրված են եղել տուն վերադառնալ ընդամենը մեկ միավոր վաստակած։ «Բարսելոնն» ունի վեց միավոր, կիսով չափ պակաս է «Յուվենտուսի» վաստակածը, մեկական միավոր է մյուս երկուսի անվան դիմաց։
H ԽՈՒՄԲ
Խոստովանենք՝ ոչ միայն անսովոր է, ոչ միայն անսպասելի է, այլև մարդու գլխում դժվարությամբ է տեղավորվում «Մանչեստր Յունայթեդ»-«Լայպցիգ» դիմակայության 5։0 հաշիվը, մանավանդ եթե ուրիշ բան էլ չէ, հաշվի ենք առնում անուղղակի համեմատությունը. ներքին առաջնությունում անգլիացիները 15-րդն են, մինչդեռ հինգ խաղից հետո չորս հաղթանակով ու մեկ ոչ-ոքիով գերմանացիները բունդեսլիգայի առաջատարն են գոնե այս պահի դրությամբ։ Հեթ տրիկի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը՝ օգնելով իր թիմին 2013 թվականից հետո Չեմպիոնների լիգայում տանելու խոշոր հաշվով երկրորդ հաղթանակը։ Այս նույն 5։0 հաշիվը արձանագրվել է դարձյալ գերմանական թիմի՝ «Բայերի» հետ մրցավեճում։ Սական որքան էլ նման հաշվով պարտությունն անցյալում նախադեպ ունեցել է, այդուհանդերձ չես կարող չզարմանալ. քանդվել՝ քանդվել, բայց այսպես ու այս աստիճանի՞, որը նվաստացումից էլ ստորացուցիչ է։ Ինչևէ։ «Յունայթեդը» վեց միավորով գլխավորում է խմբային մրցավազքը։
«Բաշակշեհիր»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցությունում ֆրանսիացիները կարողացան երկու անպատասխան գնդակի հեղինակ դառնալ ու վաստակել իրենց առաջին միավորները։ Նրանք մրցաշարային աղյուսակում գերմանացիների հետ կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։ Ինչ վերաբերում է թուրքական թիմին, միավորների աղյուսակում զրո է, խփած գոլերի աղյուսակում՝ զրո։ Թերևս սրանում զարմանալի ոչինչ չկա, քանզի այն այս խմբի բացահայտ հետնապահն էր համարվում ու միանգամայն լրջորեն հաստատում է կանխատեսումը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ