«Սա Հայաստանի պայքարն է հանուն Արցախի ինքնորոշման և ընդդեմ ահաբեկչության»
12.10.2020 | 23:52
Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է խախտել այն և սահմանի ողջ երկայնքով շարունակել ռազմական գործողությունները։ Պաշտոնական Մոսկվան կրկին կոչ է անում հետևել հրադադարի պայմանավորվածությանը, բայց սահմանին իրավիճակը չի հանդարտվում։ Թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է պատերազմի և դիվանագիտության խաչմերուկների, սահմանում առկա իրադրության շուրջ։
-Ինչու՞ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը, թե՞ իրականում Թուրքիան է դեմ իրավիճակի կայունացմանը։
-Թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակը տարածաշրջանում ևս մեկ պատերազմական օջախ ստեղծելն է։ Բնական է, որ նրանց նպատակը չէր սահմանափակվում տասնօրյա պատերազմով, նրանք ունեն ավելի երկարաժամկետ ծրագրեր։ Թուրքիան իր բացասական ակտիվությունը պահպանելու է՝ պատերազմի շարունակության պարագայում ներխուժելով Արցախ։ Հրադադարի կնքումն ի սկզբանե մեռելածին էր, որովհետև գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի պետական մտածողության հետ, որտեղ գերիշխում են երկու կարևոր հանգամանք՝ պայմանավորվածությունները արհամարհելու, խախտելու պետական ավանդույթը և ահաբեկչական, ցեղասպան մտածողությունը, ինչի կոնկրետ դրսևորումներն այսօր տեսնում ենք ռազմի դաշտում։ Այսինքն, անգամ Լավրովի հովանու ներքո ստորագրված փաստաթուղթը, բախվելով թուրք-ադրբեջանական պետական ահաբեկչական մտածողությանը, հրադադարի խախտմանն է հանգեցնում։ Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը լիովին չի պահպանելու այդ պայմանը և շարունակելու է ռազմական գործողությունները։
-Տպավորություն է, որ այսօր միջազգային հանրությունն ավելի շատ կենտրոնացած է Արցախի դեմ բերված ահաբեկիչների թեմայով, քան բուն ռազմական գործողությամբ։ Գոնե այս հարցում միջազգային հանրությունը հստակ քայլեր կանի՞, որպեսզի Թուրքիայի ձեռքը բռնի, ահաբեկիչներին տարածաշրջանից հեռացնի։
-Կարևոր է, որ մի շարք պետություններ ուղղակի կամ անուղղակի արտահայտվել են այս տարածքում առկա ահաբեկչական խմբավորումների մասին։ Միջազգային հանրության անկեղծությունը լիակատար կլինի, եթե նրանք հայտարարեն, թե ովքեր են, որ պետություններն են այդ ահաբեկիչներին բերել արցախյան ճակատ և որ պետությունների օգտին են պատերազմում այդ ահաբեկիչները։ Այս հարցերի պատասխանը մեկն է՝ ահաբեկիչներին ներմուծել են Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե սա բացահայտ ասվի, միջազգային հանրությանը մնում է անել մեկ քայլ՝ իրականացնել հակաահաբեկչական պայքար, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, և ոչնչացնել ահաբեկիչներին, նրանց ներմուծող պետությունների զինված ուժերը։ Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունն անում է կես քայլ, այսինքն հայտարարում է, որ կան ահաբեկիչներ, բայց չի անում հաջորդ քայլը՝ ով է այդ ամենի պատասխանատուն։ Չնայած դիվանագիտական լեզվով ասում են, թե դրանք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից են բերվել, բայց դրանից զատ կա ավելի հստակ և ընկալելի լեզու, որը չի կիրառվում։ Հայաստանի դիվանագիտության համար կարևորագույն կռվաններից մեկը հենց ահաբեկիչների ներգրավվածության խնդրի ներկայացումն է և Թուրքիան ու Ադրբեջանը, որպես ահաբեկչական պետություններ հռչակելը։ Եթե այդ երկու պետություններն ընդունելի են համարում և համագործակցում են ահաբեկիչների հետ, ապա նրանց պետական ողջ կառավարումը հենված է հակամարդկային, ահաբեկչական սկզբունքների վրա։ Եղած փաստերը շատ լավ հիմք են տալիս այս ամենն առաջ տանելու համար։ Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ սա գլոբալ խնդիր է, այսինքն այսօր ոչ միայն Արցախի, այլև քաղաքակրթության և հակաքաղաքակրթության պայքարի խնդիր է դրված։ Եթե մի պետություն պատերազմում ներգրավում է մարդկության դեմ ոճիրներ գործած ցեղասպան ահաբեկիչների, քաղաքակիրթ աշխարհը պետք է այս ամենին արձագանքի։ Չնայած պատմությունը մեզ ցույց է տվել, որ քաղաքակիրթ աշխարհը նման իրավիճակներում միշտ լուռ է մնում, որից հետո իր առջև հառնում է էլ ավելի ագրեսիվացած Թուրքիա։
-Արցախի դեմ բերված ահաբեկիչները լուրջ մտահոգության տեղիք պիտի տան նաև Ռուսաստանին և Իրանին, քանի որ առաջին հերթին այս երկրների համար են նրանք սպառնալիք։ Սակայն վերջիններս կարծես չեն շտապում գործնական քայլեր անել, ինչու՞։
-Ռուսաստանի և Իրանի պարագայում խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ ահաբեկիչները մոտեցել են նրանց երկրների սահմանին։ Այդպես էր նաև Սիրիայում, երբ ահաբեկչական խմբավորումների դեմ սկսվեց պայքար, ակտիվ էին այս երկու երկրները, հատկապես Ռուսաստանը։ Ընկալումը հետևյալն էր, որ ահաբեկիչներին պիտի վերացնել մինչև նրանք կհասցնեն մոտենալ Ռուսաստանի սահմաններին։ Հիմա վիճակը նույնն է։ Եվ Ռուսաստանից, և Իրանից հնչող հայտարարություններում այս հանգամանքը բավական լուրջ է դրված։ Իհարկե, Ֆրանսիան ևս ակտիվ ուղերձներ է հղում աշխարհին, բայց Իրանի և Ռուսաստանի հայտարարությունները ենթադրում են նաև հստակ գործողություններ։ Կարծում եմ, հակաահաբեկչական հստակ գործողություններ կարելի է ակնկալել Ռուսաստանից և Իրանից, ոչ թե արևմտյան պետություններից, որոնք սահմանափակվում են միայն հայտարարություններով։ Սակայն մինչև Իրանի և Ռուսաստանի ներգրավումը այս պայքարում, մենք այլոց վրա հույս չենք դնում և այս պահին հայկական բանակն իրականացնում է հակաահաբեկչական պատերազմ՝ ոչնչացնելով ահաբեկիչներին և նրանց սնուցող պետությունների ռազմական օջախները։ Սա Հայաստանի պայքարն է հանուն Արցախի ինքնորոշման և ընդդեմ ահաբեկչության։
-Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, այս հրդեհը ողջ տարածաշրջանով կտարածվի, և կա տեսակետ, որ այն կհանգեցնի ռուս-թուրքական նոր պատերազմի։ Դուք նման սցենարը հավանական համարու՞մ եք։
-Այսօր պատերազմները զարգացման այլ տրամաբանություն ունեն, որոնք էականորեն նախորդներից տարբերվում են։ Այնպես որ, այսօրվա իրադրությունը վերլուծելիս չպետք է նախորդ պատերազմները հիմք ընդունել։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք հարցին, այո, նման հավանականություն կա։ Ադրբեջանական ագրեսիան կարող է այլ զարգացումների պատճառ դառնալ, մասնավորապես խնդրի մեջ ներգրավվում են այլ պետություններ, բախվում են և Իրանի, և Թուրքիայի, և Ռուսաստանի շահերը։ Սա պատերազմ է ոչ միայն Հայաստանի, այլև նրա դաշնակիցների դեմ, որոնք ունեն հակաահաբեկչական դիրքորոշում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ այլ պետություններ կարող են ներգրավվել այս խնդրում։ Դրա համար այսօր ընդունված է այսպիսի իրավիճակները կոչել «պրոքսի» (միջնորդավորված) պատերազմներ, երբ երկրներն իրար դեմ պատերազմում են անուղղակի։
Ինչ վերաբերում է թուրք-ռուսական բախմանը, նման նախադեպ ունենք արդեն Սիրիայում, որտեղ ևս տեղի է ունեցել «պրոքսի» պատերազմ և ուղղակի բախումներ (չմոռանանք ռուսական ինքնաթիռի խոցումը, զինուժի բախումները)։ Այսօր կրկին ռուս-թուրքական «պրոքսի» պատերազմի նախաշեմին ենք, որովհետև ակնհայտ է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանի դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի անդամ։ Խնդրի ծավալման դեպքում Ռուսաստանն ունենալու է կարևորագույն դերակատարում։ ՈՒստի չի կարելի բացառել, թեկուզ անուղղակի ռուս-թուրքական բախման հավանականությունը։ Բայց նոր սերնդի պատերազմի տրամաբանության մեջ կլինի այն, այսինքն միջնորդավորված, որի նախանշաններն արդեն կան։
-Դուք ևս արձանագրեցիք, որ այս պահին հայկական զինուժը միայնակ է դիմակայում ահաբեկչությանը, բայց հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմի, ահաբեկչության դեմ միայնակ, առանց դաշնակիցների երկար պայքարել։ Այս առումով մեր արտաքին ուղենիշների մեջ չպե՞տք է այսօր ևեթ ճիշտ շեշտադրումներ, վերախմբագրումներ անել։
-Աստված տա, որ այս պատերազմը շուտ ավարտվի։ Դրանից հետո մենք վերաարժևորելու շատ հարցեր ունենք, բնականաբար դա նաև վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին։ Մենք պետք է լրջորեն վերանայենք մեր հարաբերությունները տարբեր պետությունների հետ և ըստ էության արժևորենք, գնահատականներ տանք դրանց։ Այս իրավիճակում ակնհայտ դարձավ, թե որ պետություններն են ուղղակի խոսքեր ասում, կիսաքայլեր անում, որ պետություններն են ավելի շոշափելի աջակցություն ցուցաբերում, որ պետություններն են կրիտիկական իրավիճակում իրենց հավասարակշիռ պահում։ Տեսանք, որ շատ պետություններ, որոնց նկատմամբ մենք պատրանքներ ունեինք, այս բարդ իրավիճակում որդեգրեցին և դրսևորեցին անհասկանալի պահվածք։ Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը վեր կկանգնի ռոմանտիկ, ինքնախաբեության հասնող տրամադրություններից և ամեն ինչ կտեղափոխի ավելի իրական դաշտ և հենց այդ հիմքով էլ կգնահատի մեր գործընկերներին ու կկառուցի հարաբերություններ տարբեր երկրների հետ։
Ինչ վերաբերում է մեր միայնակ պայքարին, ճիշտ է` մեծ զոհողությունների գնով, բայց դրանով մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանը ցեղասպանությունների, ահաբեկչությունների, ահաբեկչական մտածողությամբ պետությունների դեմ պայքարի առաջամարտիկն է, և քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է օր առաջ կանգնել հակաահաբեկչական պայքարում միայնակ մնացած Հայաստանի թիկունքին։ Սա նրանց քննությունն է ժողովրդավարության և մարդկային արժեքների առջև։ Չնայած այս հարցում ես խիստ հոռետես եմ, չեմ կարծում, որ քաղաքակիրթ աշխարհն ազնիվ ու արդար քայլ կանի։ Սա իրականություն է, և մենք ոչ միայն մեր գոյության համար պիտի պայքարենք, այլև մարդկային արժեքների։ Սակայն համոզված եմ նաև, որ 21-րդ դարում դոնկիխոտյան պայքարը չի կարող դոմինանտ լինել, Հայաստանը պիտի ներգրավի գործընկերների, համախոհ երկրների ոչ այնքան Հայաստանի համար պայքարում, որքան ընդդեմ ահաբեկչության։
-Այսօր հանրությանն ամենից շատ հետաքրքրում է, թե երբ է ավարտվելու պատերազմը։ Որպես թուրքագետ, որը լավ գիտի Թուրքիայի քաղաքականության տրամաբանությունը, ի՞նչ եք կարծում, ե՞րբ է հավանական պատերազմական գործողությունների դադարը։
-Երկրորդեմ` դժվար է նախորդ պատերազմների օրինակով ինչ-որ կանխատեսումներ անել, որովհետև այսօր շատ իրողություններ են փոխվել։ Թուրքական քաղաքականության մեջ կա հաստատուն մի գիծ՝ շարունակել ապակայունացումը, որի միջոցով հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Այս քաղաքականության ոճն է Սիրիայում, Կիպրոսում, Լիբիայում։ Ապակայունացնել իրավիճակը և դրանից դիվիդենդներ շահել, Արցախում ևս իրենց ոճին հավատարիմ են լինելու։ Երկրորդ էական հանգամանքը. Թուրքիայի և Ադրբեջանի հետ հասնել պայմանավորվածության և հույս ունենալ, որ դրանք կպահպանվեն, անօգուտ զբաղմունք է։ Անգամ ժամանակավոր հրադադարի համար հարկավոր են գործուն լծակներ, այնպիսի մեթոդների կիրառում, որը կստիպի այդ տանդեմին դադարեցնել ահաբեկչական պատերազմը։ Իսկ այդպիսի միջոցների գործադրումը պետք է տարբեր պետությունների միասնական ջանքերի շնորհիվ տեղի ունենա Հայաստանի առանցքի շուրջը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ