Գոլերի ֆաբրիկա «Ատալանտան»
02.10.2020 | 01:49
Այս օրերը եվրոպական ֆուտբոլում նորից համատեղվեցին ներքին առաջնությունների ու եվրոպական ակումբային խաղարկություններից մեկի՝ Եվրոպայի լիգայի որակավորման եզրափակիչ փուլի հանդիպումներով, որտեղ հայտնվելու բախտ է ունեցել «Արարատ-Արմենիան», որը երեկ ուժերը չափեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Նյութը գրելու պահին մենք, բնականաբար, տեղյակ չէինք հանդիպման արդյունքից, թեպետ, եթե հրաշք լիներ ու մրցակցին կարողանար ծնկի բերել մեր թիմը, դա կլիներ անկեղծ ասենք՝ չգիտենք էլ ինչ կլիներ, որովհետև գլխից երրորդ անգամ վեր թռչելն արդեն մի ներքին անօրինաչափության կվերածվեր։
ԻՏԱԼԻԱ
«Բենևենտո»-«Ինտեր», «Լացիո»-«Ատալանտա» դիմակայություններով ամբողջացավ սկուդետեի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տուրից մնացած հիշյալ դիմակայություններում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ արտագնայում «Ինտերը» պարտության մատնեց «Բենևենտոյին»՝ 5։2, հերթական չորս գնդակը մի խաղում խփեց «Ատալանտան»՝ Հռոմում չորս գնդակ ուղարկելով «Լացիոյի» դարպասը՝ 4։1։ Նկատենք, որ վերջինը անհամեմատ ավելի ծանրակշիռ հանդիպում էր՝ նկատի ունենալով թիմերի կարգավիճակը։ Արդյունքում՝ «Նապոլի», «Ատալանտա», «Ինտեր», «Միլան», «Վերոնա» կազմով հինգ թիմ վեցական միավորով գլխավորում են սկուդետեի աղյուսակը։
ԻՍՊԱՆԻԱ
Սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթելով «Բետիսին»՝ «Խետաֆեն» երեք խաղից հետո յոթ միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան խաղից նույնքան միավորով շատ արագ նրան միացավ Մադրիդի «Ռեալը»՝ հյուրընկալելիս նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վալիադոլիդին»։ Սակայն այնպես չէ, որ միայն այս երկու թիմն ունի յոթ միավոր։ Նույնքան ունեն և «Վալենսիան» ու «Վիլիառեալը», սակայն՝ չորս հանդիպումից։ Բայց եկեք լա լիգայի կտրվածքով շատ մանրամասների մեջ չխրվենք, որովհետև, զորօրինակ, երեկ «Սելտային» հյուր գնացած «Բարսելոնն» անցկացնում էր ընդամենը երկրորդ հանդիպումը։ Կատալոնցիների պես երեկ երկրորդ հանդիպումն էր անցկացնում և «Սևիլիան», որի մրցակիցն էր հյուր ժամանած «Լևանտեն»։
Լա լիգայի սյս օրերի խաղերից ավելորդ չհամարենք «ՈՒեսկա»-«Աթլետիկո» դիմակայության հիշատակումը։ «ՈՒեսկան», որ մինչ այս առճակատումը նախորդ երեքից պարտվել էր միայն մեկում, ընդ որում, զիջելով անհամեմատ թույլ մրցակցի, այս մեկն էլ է ոչ-ոքի ավարտել՝ հասնելով գոլազուրկ արդյունքի։ Ինչ խոսք, առաջնության նորեկի համար սա եթե ոչ փայլուն, գոնե լավ ցուցանիշ է, ինչը չես ասի նախորդ խաղում «Գրանադայի» նկատմամբ 6։1 հաշվով շռնդալից հաղթանակ տոնած Սիմեոնեի սաների մասին։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի հանդիպումներից հիշատակենք «Լիվերպուլ»-«Արսենալ» մրցակցությունը, որտեղ երկրի գործող չեմպիոն «Լիվերպուլը» վստահ հաղթանակ է տարել 3։1 հաշվով ու երեք խաղից հետո միայն, ի հաշիվ ավելի թույլ գործակիցների, ինը միավորով հանգրվանել երկրորդ հորիզոնականում։ Հետաքրքիր է, որ երեկ նույն թիմերը նորից էին իրար դեմ ելել, այս անգամ՝ լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում։
Այս հանդիպումների շարքից հիշատակենք «Էվերտոնի» վստահ հաղթանակը «Վեստ Հեմի» նկատմամբ։ Հաղթական հանդիպումներ են ունեցել նաև մանչեստրյան գրանդները, ընդ որում՝ արտագնայում։ «Սիթին» հաղթահարել է «Բյոռնլիի», «Յունայթեդը»՝ «Բրայտոնի» արգելքը։ Երկուսն էլ հաղթել են նույն 3։0 հաշվով։ Այս հանդիպումներից մեկ օր առաջ կայացել էր «Տոտենհեմ»-«Չելսի» դիմակայությունը, որտեղ, առաջինը բացելով հաշիվը, հյուրերը չեն կարողացել խաղը հասցնել հաղթական ավարտի։ Հետխաղյա 11-մետրանոցներում առավել դիպուկ են եղել Մոուրինիոյի սաները։ Նկատենք, որ «ազնվականների» պարտությունը կրկնակի է շոյել պորտուգալացու ինքնասիրությունը, ով ժամանակին մարզել է «Չելսին» ու նրանից բաժանվելու առանձնապես հաճելի տպավորություններ չունի։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգան այս օրերին հարաբերական հանգստի ռեժիմում էր, սակայն գերմանական ֆուտբոլը խոշոր տոն ուներ՝ սուպերգավաթի շրջանակներում մրցեցին առաջնության վերջին խաղում «Հոֆենհայմից» սարսափելի ծանր պարտություն կրած «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ դորտմունդցիները կրճատել են հաշվի տարբերությունը՝ 2։1, որոշակի նախադրյալներ ստեղծելով ինտրիգը պահպանելու համար։ Երկրորդ խաղակեսի տասներորդ րոպեին «Բորուսիայի» նորվեգացի հրաշքը՝ Հոլանդը, վերականգնել է հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտին մոտ Կիմիխը խփել է հաղթական գոլը՝ ապահովելով մյունխենցիների հերթական տիտղոսը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ