Իմ հարգելի գործընկեր Արամ ՈՒգուջյանի պատրաստած նյութից տեղեկանում ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների 2019 թ. Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա մասիսցի Արսեն Հարությունյանը «Հայդուկ» կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ: Ջոկատի հրամանատարներն են նրա հայրը` Կարեն Հարությունյանը և Կարեն Ռաշոյանը: Ջոկատի կազմում է նաև մասիսցի հրամանատար Սայադ Հայրապետյանը:
«Հաղթանակը մերն է լինելու: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Աստված պահապան մեզ բոլորիս: Հաղթանակով հետ ենք գալու»,- ասել է մեր տաղանդավոր ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով դեռ սեպտեմբերի 28-ին արել էր հետևյալ գրառումը. «Ցանկացած հայ հիմա սրտի տրոփյունով սպասում է հրամանի։ Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների «Հայդուկ» ջոկատը, իր հրամանատարներ Կարեն Հարությունյանի, Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ, սպասում է հրամանի, որպեսզի, ես էլ նրանց հետ, միասին մեկնենք առաջնագիծ։ Արցախը մերն է, իսկ այն, ինչ իրենցը չէ, չեն կարողանալու զենքով վերցնել։ Մեր ժողովրդին էլ կոչ եմ անում միասնական լինել, քանի որ մեր համախմբվածությունը, հաղթանակի գրավական լինելուց բացի, առավել հզոր զենք է, քան ազերիների միլիարդավոր դոլարներ արժեցող զինատեսակները։
Անկախ ամեն ինչից, այս պահին մեր առաջնահերթությունը մեր սահմանն է, մեր ժողովրդի անվտանգությունը։ Հաղթելու գրավականը նախ և առաջ ոգին է, ինչը և առկա է մեր զինվորների մեջ. «Մենք ձեզ հետ պատրաստ ենք գնալու մինչև վերջ»։
Նաև խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին։ Աստվա՛ծ պահապան Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին:
Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու։ Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։
Աստված պահապան բոլորիս»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ