Հանգստյան օրերն այս անգամ ոչ միայն ազգային առաջնությունների դիմակայություններով էին նշանակալի։ Կար և խաղերի խաղը, որն իր լարվածությամբ թերևս միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցակցությանն է զիջում։ Այո, այո, չեք սխալվում, խոսքը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության մասին է։ Հենց դրանից էլ սկսենք, թեպետ ներքին առաջնություններում ոչ պակաս ապշեցուցիչ գեղեցկության ու լարվածության հանդիպումներ են եղել։
ՍԵՆՍԱՑԻԱ ՉԵՂԱՎ
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար պայքարում, այո, սենսացիա չեղավ, Եվրոպայի լիգայի թիվ մեկ թիմ «Սևիլիան» չկարողացավ ծնկի բերել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում նման կարգավիճակ ունեցող «Բավարիային»։ Եվ այսուհանդերձ հավուր պատշաճը մատուցենք անդալուզական թիմին, որը գերմանական ամեն ինչ «ծամող», քանդող, ոչնչացնող մեքենային պարտադրեց դիմել լրացուցիչ ժամանակամիջոցի օգնությանը։ Նկատենք՝ սույնով «Սևիլիան» դարձավ Եվրագավաթի այս խաղարկությունում միակ թիմը, որը «Բավարիային» պարտադրեց նման «ստորացում»։
Ավարտված խաղի բարձունքից նայելով՝ փաստենք՝ գերազանց մրցակցություն ստացվեց։ Ինչ վերաբերում է իսպանացիների՝ առաջինը գոլ հեղինակելուն, այն ցնցումների մեջ չգցեց մյունխենյան գերակումբին՝ պահելով խելահեղ ճնշում ունեցող նույն խաղային տոնուսում, քայլերում մնալ նույն հավասարակշռված, սեփական ուժի գիտակցումն ունեցող թիմը։ Ավելին, «Բավարիան» անգամ անկիրք եղավ այն դեպքերում, երբ դարպասի երկու գրավումը մրցավարը չարձանագրեց։ Հաշվեր մրցավարը Մյուլլեր-Լևանդովսկի զույգի կատարմամբ եղածը, համաշխարհային ֆուտբոլը խփած գոլ-գլուխգործոց կունենար։
Դժվար է ասել՝ եթե խաղավարտին մոտ ունեցած ապշեցուցիչ հնարավորությունը «Սևիլիան» օգտագործեր, հանդիպումն ինչպիսի՞ ավարտ կունենար, բայց որ դրանով անդալուզցիներն իրենց վերջնական դատավճիռը կայացրին, անվիճելի է։ Ի դեպ, լրացուցիչում էլ այն ևս մեկ փայլուն հնարավորություն ստացավ, սակայն դա էլ ավարտվեց նույն ելքով, մինչդեռ «Բավարիան» իր շանսը բաց չթողեց։ Փոխարինման ելած Խավի Մարտինեսը խփեց հաղթական գոլը։
Այստեղ, թերևս, հետաքրքրական մի բանի մասին հատկապես նրանց հասցեագրված, ովքեր կատարելապես համոզված են, թե նույն գետը երկու անգամ մտնել չի լինում։ Սրանից ուղիղ յոթ տարի առաջ, այս նույն սուպերգավաթի խաղարկությունում, լոնդոնյան «Չելսիի» հետ մրցակցությունում այս նույն Խավի Մարտինեսը հանդիպման 120-րդ րոպեին գոլ խփեց` հետխաղյա 11-մետրանոցներով դիմակայության ելքը վճռելու հնարավորություն տալով իր թիմին, որը 2013-ից այս կողմ այլևս նման հնարավորություն չի ունեցել։
Սույնով հարկավ ես չեմ ասում, թե դրեք ու հունական դասական փիլիսոփայության փաստած ճշմարտությունը հիմնիվեր քլնգեք, բայց դե ամեն բանին խիար ասողին էլ մի հավատացեք ու աղն առած վազեք, քանզի կյանքը չափազանց խորքային բան է, ոտից գլուխ բացասումների բացասում։ Իհարկե, այս վերջինի կտրվածքով միտքն իմ սեփականությունը չէ, որ հեղինակային իրավունքի հայտ ներկայացնեմ, սակայն ցանկության դեպքում ինձ էլ կարելի կլիներ հիշել պարզ ճշմարտություններ բարբառածների եթե ոչ կոհորտայում, գոնե ցուցակում, բայց այս աշխարհում ի՜նչն է դուզ, որ ուղտի կուզը դուզ լինի։ Հետևաբար, թեպետ չմխիթարված, այնուամենայնիվ անցնենք առաջ։
Իհարկե, կարելի է «Սևիլիա»-«Բավարիա» տանդեմի առնչությամբ բավականին հետաքրքրիր վիճակագրական տվյալներ հիշատակել՝ խնդիրը դիտարկելով այս գավաթի խաղարկության շրջանակներում թիմերի ունեցած ցուցանիշների վկայաբերումներով, սակայն ստորև շարադրվելիք մնացած նյութին տեղ գտնելու համար ո՞ր մի սրբի դռանը չոքենք։
ԱՆԳԼԻԱ
«Բրայտոն»-«Մանչեստր Յունայթեդ» մրցավեճի հավելյալ ժամանակում կողմերը մեկական գոլ փոխանակեցին, ու եթե տանտերերի խփածն ընդամենը նշանակեց հաշվի հավասարեցում, «կարմիր սատանաներն» իրենց խփածով հանդիպման հաղթական ելքն ապահովեցին՝ 3։2։
Արտագնայում «Կրիստալ Պալասի» նկատմամբ հաղթանակը (2։1) եղավ «Էվերտոնի» գերազանց մեկնարկի շարունակությունը, որն 9 միավորով աղյուսակը գլխավորողների թվում է։
Առավել քան գերլարված էր «Վեստ Բրոմվիչ»-«Չելսի» դիմակայությունը։ Ակնհայտորեն աշնանային թեթև զբոսանքի տրամադրված «ազնվականներն» առաջնության նորեկին հանդիպման արդեն 27-րդ րոպեին զիջում էին 0։3 հաշվով։ Երկրորդ խաղակեսին «ազնվականները» փոքրիկ հրաշքի հեղինակ դարձան։ Քամբեկը կայացավ, ու թեպետ այն թիմին մեկ միավոր արժեցավ, այնուամենայնիվ եղածը նշանակալից էր։
Գավաթի համար խաղում «Արսենալից» «Լեստերի» կրած պարտությունը մենք բացատրել էինք առաջնությունում «Մանչեստր Սիթիի» հետ ունենալիք խաղից առաջ ուժերի տնտեսումով, խաղաքարտեր չբացելով ու պարզվում է՝ լավ էլ դիպուկ էինք եղել մեր դիտարկումում։ Արտագնան «Լեստերն» ավելի քան վստահ է անցկացրել, ու եթե ուզում եք եղածի ճիշտ բնութագրումն իմանալ, փշրել է երկրի փոխչեմպիոնին՝ հաղթելով 5։2 հաշվով։ Սա նշանակում է, որ Ռոջերսի գլխավորած թիմը երեք խաղից հետո արդեն 9 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։
«Լեստերի» ու «Էվերտոնի» ունեցած 9 միավորի բնագիծը կարող է հասանելի լինել և «Արսենալի» համար, որը երեկ հյուրընկալվել էր «Լիվերպուլին»։ Ի դեպ, այդ նույն 9 միավորն իր անվան դիմաց կարող է ունենալ և «Լիվերպուլը»։ Բնականաբար՝ «Արսենալին» հաղթելու դեպքում։
ԳԵՐՄԱՆԻԱ
Պարտությամբ ավարտվեց Դորտմունդի «Բորուսիայի» առաջին արտագնան՝ 2։0։ Նրան վշտացրածն «Աուգսբուրգն» էր։ Նույն արտագնան միավորի կորստով ավարտվեց և «Լայպցիգի» համար։ «Բայերը» հյուրերին չթողեց մեկ միավորից ավելի վաստակել։
Դորտմունդի «Բորուսիայից» ու «Լայպցիգից» ավելի ծանր է մեկնարկել Մենխենգլադբախի «Բորուսիան»։ Հյուրընկալվելիս ակումբն առաջին մրցակցությունում երեք անպատասխան գնդակի տարբերությամբ զիջել էր դորտմունդցիներին, այս մեկում էլ, որ տնային հանդիպումների շարքից էր, բավարարվեց «ՈՒնիոն Բեռլինի» հետ միավոր կիսելով՝ 1։1
Այն, ինչ արեց Մյունխենի «Բավարիայի» հետ նրան հյուրընկալած «Հոֆենհայմը», ֆուտբոլային անհավանականությունների շարքից էր։ Համենայն դեպս, 4։1 հաշիվը երկար ժամանակ մյունխենցիների համար կլինի խելքի բերած սառը ցնցուղը, ու այս անպատվությունը, նկատենք, ՈԻԵՖԱ-ի գավաթը նվաճելուց անմիջապես հետո։ Հաղթանակը «Հոֆենհայմին» հնարավորություն տվեց երկու խաղից հետո վեց միավորով գլխավորելու մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավորով նրան հաջորդում է «Աուգսբուրգը»։
ԻՏԱԼԻԱ
«Ատալանտան» չի կորցրել անցած մրցաշրջանի գոլային ծարավը, ինչն առարկայնորեն ի տես դրեց «Թուրինի» հետ արտագնա խաղում՝ 4։2։ Ի դեպ, սա առաջնությունում նրա առաջին մրցելույթն էր։ Նույնքան գոլ գրանցվեց և «Նապոլի»-«Ջենովա» դիմակայությունում, սակայն այստեղ գոլ խփելու պատվաբեր գործին լծված էին միայն տանտերերը։ Նրանք երկու խաղից հետո ունեն 100-տոկոսանոց արդյունք։ 100-տոկոսանոց արդյունքով են շարժվում և «Միլանն» ու «Վերոնան»։ Առաջինը հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտության է մատնել «Կրոտոնեին», երկրորդը նվազագույն հաշվով առավելության է հասել «ՈՒդինեզեի» նկատմամբ։
«Միլանի» հանդիպման օրինակով նույն 2։0 հաշիվն է գրանցվել և «Կալյարի»-«Լացիո» մրցակցությունում։ Սա արտագնա հանդիպում ունեցած հռոմեացիների մեկնարկային խաղն էր։
Անկանխատեսելի զարգացումներով աչքի ընկավ «Ինտեր»-«Ֆիորենտինա» դիմակայությունը։ «Մանուշակագույնները» տանտերերին առաջին անակնկալը մատուցեցին դեռևս հանդիպման սկզբնամասում՝ պարտադրելով մի ողջ խաղակես չարչարվել հաշվի հավասարությունը վերականգնելու համար։ Երկրորդի սկիզբն արդեն հաջող էր Անտոնիո Կոնտեի սաների համար։ Գոլը թեև խփվեց հյուրերի միջամտությամբ, բայց դե ինքնագոլն էլ է գոլ։ Անցավ ընդամենը հինգ րոպե, ու «Ֆիորենտինան» 7-րոպեանոց հրաշալի հատված ունեցավ երկու գոլով։ Ժամանակն անցնում էր ու տանտերերի համար արդեն լավագույնի ակնկալումը դառնում էր գոնե հաշիվը հավասարեցնելը՝ խուսափելու համար երեք միավոր կորցնելուց։ 87-րդ րոպեին Լուկակուն արեց այդ բանը, իսկ երկու րոպե անց Ալեքսիս Սանչեսը հաղթական փոխանցում արեց դ՛Ամբրոզիոյին՝ ապահովելով խելագար այդ հանդիպման հաղթական հաշիվը։
«Ինտերի» օրինակով մեկնարկային հանդիպումը հաղթանակով ավարտեց և «Կալյարիին» հյուր գնացած «Լացիոն»՝ 2։0։
«Ռոմա»-Յուվենտուս» դիմակայությունն ունեցել է խաղաղ ավարտ, թեպետ խաղը փոթորկուն է եղել։ Անշուշտ, 2։2 հաշիվը ի վնաս «Ռոմայի» պիտի դիտարկել, որովհետև 30 րոպե շարունակ թվային գերազանցություն է ունեցել մրցակցի նկատմամբ (Մխիթարյանի դեմ կոպիտ խաղալու համար երկրորդ տեղին քարտն է ստացել ու հեռացվել Ռաբիոն) ու փոխանակ այն առավելության վերածի, ավելին, գնդակ է բաց թողել։ Ի դեպ, Ռոմայի» երկրորդ գոլը ծնվել է Մխիթարյանի փոխանցումից հետո։ «Յուվենտուսի» երկու գոլի հեղինակն էլ Քրիշտիանու Ռոնալդուն է։
ԻՍՊԱՆԻԱ
«Բետիսի» հետ ունեցած արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» չթողեց այնպիսի ծանրակշիռ տպավորություն, որ ասես՝ սա գալակտիկոսն է, որ կա։ Ավելին, չլիներ տանտերերից Էմերսոնի հեռացումը, խոշոր հարց է՝ «արքայականը» երեք միավոր վաստակա՞ծ կդառնար տուն, թե՞ ստիպված կլիներ միավոր կիսելու։ Իր թիմի հաղթական երրորդ գոլը 11-մետրանոցից խփել է Սերխիո Ռամոսը՝ դառնալով այս տուգանայիններն անվրեպ իրականացնողը։
«Աթլետիկոն» հյուրընկալել ու քարը քարի վրա չի թողել մինչ այդ երկու խաղից երկու հաղթանակ տոնած «Գրանադայից»։ Մադրիդցիների նոր ձեռքբերումը՝ Լուիս Սուարեսը, խաղադաշտ է մտել այն ժամանակ, երբ լուսատախտակին եղել է 3։1 հաշիվը։ Մտնելուց երկու րոպե հետո ուրուգվայցին արել է գոլային փոխանցում, որից հետո հեղինակել է երկու գոլ։ Դե ինչ, «շնորհավորենք» «Բարսելոնի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին մադրիդցիներին նման հաղթական «զենք» տալու համար։
Սուպերգավաթում կրած պարտությունից առանձնապես չընկճված «Սևիլիան» կամային հաղթանակ է տոնել` արտագնայում՝ պարտության մատնելով «Կադիսին»՝ 3։1։ Հաղթանակով է մեկնարկել և «Բարսելոնը»՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով «Վիլիառեալի» դարպասը, որն իր մարզիչ ՈՒնաի Էմերիով այս մրցաշրջանում ցանկանում է մաս կազմել առաջին քառյակի։ Նշենք, որ գոլի հեղինակ է դարձել Մեսին։
ՖՐԱՆՍԻԱ
Եվրոպական ֆուտբոլային թոփ տերություններից ամենաշատ հանդիպումներ անցկացրել է Լիգա 1-ը՝ հինգ տուր։ Տուրի հանգուցային դիմակայությունը տասական միավոր ունեցած «Սենտ Էտիենի» ու «Ռենի» միջև էր։ Վերջինս անզիջող եղավ՝ անտեսելով մրցակցի տանտեր լինելու պարագան։ Արդյունքում հաղթանակ՝ 3։0, ու միանձնյա առաջատարություն 13 միավորով։
Առաջնության երկրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենին», այն էլ նրա հարկի տակ հաղթելուց հետո «Մարսելը» վերցրել է չարդարացված «արձակուրդ» ու միավորներ է, որ շաղ է տալիս։ «Մեցի» հետ տնային խաղը հարավցիների համար կլիներ վերջին երեք խաղում երկրորդ պարտությունը, եթե մրցավարի սուլոցից առաջ չխփեին գոլ ու չհավասարեցնեին հաշիվը։ Համենայն դեպս, «Մարսելը» գոնե ներկա փուլում չի թողնում մեդալների համար պայքարող թիմի տպավորություն։
Չորս խաղից հետո զրո միավոր ունեցող «Դիժոնի» հետ արտագնա մրցակցության 90-րդ րոպեին, այն էլ 11-մետրանոցից միայն, «Մոնպելիեն» կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խուսափել պարտությունից՝ 2։2։ Փրկած այս միավորը, այնուամենայնիվ, օգնեց մեր հայրենակցի գլխավորած թիմին 10 միավորով մնալու առաջին եռյակում։
Երրորդ անընընդմեջ հաղթանակն է տոնել «Պարի Սեն Ժերմենը»։ Մրցակիցը եղել է չորրորդ անընդմեջ պարտությունը կրած «Ռեյմսը»՝ 2։0։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ