Սիրելինե՛ր, Մայր եկեղեցուց դուրս գտնվող քրիստոնյա խմբավորումները մեծ մասամբ չունեն ննջեցյալների խորհուրդը և այդ խորհրդից այնքան էլ բան չեն հասկանում: Սակայն այդ ամենի մասին կան հին և նոր կտակարաններում:
Փրկիչն ասաց. թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու արի իմ հետևից:
Այս խոսքը Աստծո հանդեպ հավատքից հեռացած, արդեն հոգով մեռելների մասին է, որ միայն արտաքնապես են կենդանի թվում, ժամանակավորապես:
Իսկ քրիստոնյա ննջեցյալները մտնում են Աստծո հոգացության ներքո: Եվ հավատացյալներիս էլ, ոչ նորադարձներին, հուշվում է մեր ննջեցյալների համար օգտակարը գործել, որպեսզի նրանց պարտքերը Աստծո առաջ մեղմանան և պատժաչափերը թեթևանան, ում որքան որ Տիրոջով կարելի է և հնարավոր:
Իր մահացած ննջեցյալ մերձավորների հոգիների համար Անդրանիկ Զորավարը պատվիրում էր՝ ամեն շաբաթ երեկո խունկ ծխել:
Զորավար Նժդեհը քահանաների ժառանգ լինելով՝ լավատեղյակ էր քրիստոնյա հոգիների գործուն կենդանության մասին և մարտերից առաջ ոգեկոչում էր նրանց զորակցել իր զորքին և նժդեհյան զորքերը տասնապատիկ ավելի զորավոր էին դառնում:, հայրուրապատիկ ավելի հաղթական:
-Վայ այն ազգերին, ովքեր որ չունեն իրենց ննջեցյալ մեծերի զորակցությունը,- ասում էր իմաստուն զորավարը:
Եվ այս առումով անդրադառնանք նաև մեր քահանաներին. նրանք, երբ ձեռնադրվում են, փոխում են նրանց անունները և գործուն ու հաղթ, վիթխարի սրբերի անուններով են նրանց արդեն կոչում, և այդ հոգևոր հաղթերի կենդանի զորությունը սկսում է ներգործել նրանց վրա: Իզուր չէ, որ հոգևոր մեծերը այս բանն են հայտնել մարդկությանը. «Քահանային անարգողը իմանա, որ Աստծուն է անարգում»:
Եվ անուններ փոխելը Տիրոջից է գալիս, նա մեծ մասամբ փոխում էր իր աշակերտների անունները և նրանց նոր անուններով արդեն կոչում:
Կամենանք թե չկամենանք, մեր ննջեցյալների հոգիները միշտ մեզ հետ են: Եվ որքան որ ըստ Աստծո պատվիրանների ենք ապրում, նրանց հոգիները ևս մեզ հետ նույնն են անում ու մխիթարություն են ստանում: Ննջեցյալների հիշատակը առանձնակի է օգտակար պահել՝ նրանց անվան համար ողորմածություններ բաժանելով աղքատներին, տնանկներին:
Որովհետև քրիստոնյաները մարմնով են մեռելներ և ոչ հոգով:
Հիշենք նաև, որ բոլոր տեսակի պահքերը` ծոմ կամ պաս, մանավանդ Մեծ Պահքը, ոչ միայն ապրողների, այլ նաև ննջեցյալներին մխիթարություն փոխանցելու համար են:
Իսկ քրիստոնյա վիթխարի անհատները, մեծ մշակները, մեծ գրողները այս աշխարհում հաճախ դառնում են մեր ընկերակիցները՝ օգնահաս իրենց փորձառությամբ, թեպետ արդեն առանց ֆիզիկական մարմնի են:
Տիրոջ ողորմածությունը մաղթենք Աստծո բոլոր ննջեցյալներին, և Քրիստոս Իր Կենդանությամբ թող որ Թագավորի ամենքիս վրա, կարգավորելով խրթին հարցերը և պարզ, հստակ և օգտակար դարձնի բոլոր պատասխանները:
Այնուամենայնիվ, ննջեցյալներին վերաբերվող խնդիրներում նորադարձների առաջ պարտադրանք կամ պահանջ չկա, քանի որ նրանք Շնորհի խանդաղատանքով և ուրախությամբ են լեցուն և Քրիստոս Փեսան, քանի դեռ նրանց հետ է, որպես հարսանիքավորների:
Եվ մեր Տերը ծոմ ու պահեցողությունների մասին այս է խրատում. «Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան և ասացին. «Ինչու՞ մենք և փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա ծոմ կը պահեն» (Մատթէոս 9, 15):
Իսկ թե ինչպես ծոմ ու պաս պահենք, որ ընդունելի լինի Աստծուն և ոչ թե ձևական, փարիսեցիություն կամ կեղծավորություն, այդ մասին Տերը հետևյալն է խրատում.
ՈՒսուցում ծոմապահության մասին.
«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:
Երբ Ավետարանը իմաստությամբ ընթերցենք, ապրենք այդ Կյանքի Հացով, նա մեզ արքայության բնակչի հագուստներ կհագցնի:
Տերը յուրաքանչյուրիս բեռը Իր խաչելությամբ թեթև դարձնի, շնորհների քաղցրությամբ և ոչ թե դառնություններով:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան