Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ կարծում է, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է աշխատանքից ազատի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ վիրուսի դեմ պայքարը և ոլորտն ամբողջովին ձախողելու համար։ Ներքաղաքական խնդիրների և հակառուսական տրամադրությունների շուրջ զրույցը` ստորև։
-Հանրային առողջությունն այսօր շարունակում է վտանգված լինել, վարակակիրների թիվը կայուն տեմպերով ավելանում է, Ձեր դիտարկմամբ, ինչպե՞ս են ընթանում վիրուսի դեմ պայքարի աշխատանքները։
-Ոչ միայն իմ, բժիշկների տեսակետն էլ այն է, որ այսօր առողջապահության ոլորտը կոլապսի մեջ է, և Արսեն Թորոսյանն այդ համակարգը զրոյացրել է։
-Ինչու՞ է իշխանությունը շարունակում պահել Արսեն Թորոսյանին, երբ և՛ մասնագետները, և՛ հանրությունը դժգոհ են նրա աշխատանքից։
-Այդ հարցին պիտի պատասխանի Նիկոլ Փաշինյանը։ Ես իմ մասով վաղուց եմ ասել, որ այդ նախարարից պետք է ազատվել։ Ընդ որում, եթե ոմանք կարծում են, թե արդեն ուշ է, իմ կարծիքով, նրան համակարգից հեռու պահելու համար երբեք ուշ չէ։ Եթե օր առաջ այդ նախարարից ազատվենք, համակարգն ավելի շուտ կսկսի վերականգնվել։
-Կարծում եք` ձախողումները մեկ անձո՞վ են պայմանավորված։
-Ոչ, ես այդքան միամիտ չեմ։ Խնդիրն այն է, որ բժիշկները դեռ 2 տարի առաջ էին բարձրաձայնում, որ ճիշտ կադր չի ընտրվել առողջապահության ոլորտը համակարգելու համար։ Իսկ կորոնավիրուսի այս շրջանում էլ ավելի ցցուն դարձան նրա բացթողումները, երբ առողջապահության ոլորտի ղեկավարն այս ընթացքում որևէ համաճարակաբանի հետ անգամ չի հանդիպել, խորհուրդ չի լսել։ Ի տարբերություն շատերի, այս մարդը կարծում է, թե ամենագետ է։ Սա է նրա մեծ խնդիրը ու նաև Փաշինյանի, որ նրան աշխատանքից չի հեռացնում։
-Ենթադրենք, Թորոսյանին հեռացրին համակարգից, դա ստեղծված իրավիճակում ի՞նչ կփոխի։
-Նայած ով կգա այդ ոլորտի ղեկավար։ Եթե Արսեն Թորոսյանի պես մեկը գա, բնականաբար ոչ մի բան էլ չի փոխվի, եթե նորմալ մարդ գա, կամաց-կամաց իրավիճակը կշտկվի։ Բոլոր բժիշկներն էլ ասում են, որ պատրաստ են լծվելու գործի, անելու այն ամենը, որ դեռ առաջին օրից սկսած պիտի անեին։
-Դուք ունե՞ք Ձեր բացատրությունը, թե ինչու է Թորոսյանին Փաշինյանն այսքան փայփայում։
-Ես նաև տեղյակ եմ, որ թիմի ներսում էլ Թորոսյանի հետ կապված խնդիրներ կան, պահանջում են նրան հեռացնել, ու սա հիմք է տալիս ինձ եզրահանգելու, որ Փաշինյանը չի կարողանում նրան հեռացնել։
-Ինչու՞։
-Երևի շատ ավելի լուրջ «տերեր» ունի Արսեն Թորոսյանը, որոնք կարողանում են ազդել Նիկոլ Փաշինյանի վրա։
-Բայց Փաշինյանն ասում է, թե իրենք ինքնուրույն քաղաքականություն ստեղծող են, ինքնավար են, ոչ մեկը չի կարող ազդեցություն ունենալ իրենց վրա։ Այդ ովքե՞ր են, որ կարողանում են ազդել նրա վրա։
-Դե, չգիտեմ։ Այլ պատճառ դժվար է պատկերացնել թե ինչու նման կադրից չեն ազատվում։ Իրենք են ասում, որ դժոխքում ենք, կոլապսի մեջ ենք, ու եթե այս ամենից հետո Թորոսյանն իր տեղում է, դժվար է ինչ-որ մեկնաբանություն անել։
-Համավարակի ստեղծած խնդիրներին զուգահեռ իշխանությունը քաղաքական ցանկություններից չհրաժարվեց, ՍԴ-ում արհեստական ճգնաժամ ստեղծեց։ Այս առումով ի՞նչ զարգացումների սպասել։ Արդեն տեսակետ է հնչում, որ իշխանությունն իր 88 պատգամավորով դատարանի առջև է կանգնելու։
-Այսպես երկար չի կարող շարունակվել, իշխանությունները կփորձեն արագ լուծումներ գտնել, բայց թե ինչպես, չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, իրավաբանները դա ավելի ճիշտ կմեկնաբանեն։ Ընդդիմադիր հատվածի իրավաբանները կարծում են, որ իշխանությունը կանգնելու է դատարանի առջև, մյուս մասը խնդիր չի տեսնում այդ ամենում։ Իրավական գնահատական չեմ կարող տալ, իսկ քաղաքական գնահատական այն է, որ մի կոլապս էլ ՍԴ-ում է ստեղծվել։ Ամեն ինչ արեցին, որ այնտեղ լինի ճգնաժամ։
-Օրերս սոցհարցումներ ներկայացվեցին,և «պարզվեց», որ Նիկոլ Փաշինյանը ռեկորդային վարկանիշ ունի՝ 85 տոկոս։ Ձեզ վստահելի՞ է թվում այս տվյալը։
-Ինձ սոցիոլոգիան վստահություն չի ներշնչում, իսկ Հայաստանում դա ավելի զվարճալի է, քան ողջ աշխարհում։ Աշխարհում սոցիոլոգիան օգտագործվել է նախընտրական շրջանում, PR-ի համար, իսկ Հայաստանում այդ ամենն իրականացվում է «կացնային» տարբերակով՝ սկսած Ադիբեկյանից։
-Ձեր տպավորությամբ, հանրային ինչպիսի՞ վստահություն ունի այսօրվա իշխանությունը։
-Կարծում եմ` վստահությունը դեռ բարձր է, բայց իհարկե, ոչ այդքան, այդ թվերին չեմ հավատում։ Իշխանությունը վստահություն չունի, վստահություն ունի մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Առայժմ իրենից բարձր վարկանիշ Հայաստանում դեռ ոչ մեկը չունի։
-Ասել է՝ ընդդիմության այն պնդումները, թե այս իշխանությունը պիտի փոխվի, այնքա՞ն էլ իրատեսական չեն։
-Նախ` պիտի մի բան տարանջատենք։ Իշխանության լեգիտիմությունը երբևիցե ոչ մեկը կասկածի տակ չի դրել, իսկ երբ հիմա ասում են, թե պետք է փոխվի այս իշխանությունը, խոսքն ամենևին լեգիտիմության մասին չէ, այլ արդյունավետության։ Այս երկու տարվա ընթացքում իշխանությունը ցույց տվեց, որ ունի 100 տոկոս լեգիտիմություն, բայց 0 տոկոս արդյունավետություն։
-Անարդյունավետ կառավարումը որքա՞ն կարող է գոյատևել վստահության հաշվին։
-Որքան նրան ընտրած ժողովուրդը կդիմանա։
-Այսօր ընդդիմադիր դաշտում կան գործընթացներ, բայց ամեն մեկը մի ուղղությամբ է աշխատում, չկա ընդհանուր ճակատ։ Ընդդիմությունը կկարողանա՞ միասնաբար հասնել այն հանգրվանին, որն իշխանափոխությունը կդարձնի իրատեսական։
-Ընդդիմությունն անում է այն, ինչը բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում անում են ընդդիմադիրները։ Տարբեր մեթոդներով պետք է պայքարի իշխանության դեմ։ Պարզ է, որ այս օրերին քննարկումներ են անում՝ հասկանալու, թե իշխանության թույլ տեղերը որոնք են, իսկ դրանք քիչ չեն։ Դրա համար տարբեր բևեռներով աշխատում են։ Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
-Ընդդիմադիրները շատ են քննադատում այս իշխանության կադրերին։ Կարծում եք, իշխանության ամենաթույլ տեղը դա՞ է։
-Այդ հարցում ընդդիմադիրների հետ համամիտ եմ։ Այո, առաջին օրվանից կադրերն այս իշխանության ամենամեծ խնդիրն են, և այդ խնդիրն առայսօր չի լուծվում։ Իրենք էլ գիտեն, որ դա իրենց աքիլեսյան գարշապարն է։
-Գուցե դա՞ է պատճառը, որ «հին» և «նոր» կադրերի արհեստական խնդիրը մեջտեղ բերեցին ու հետևողականորեն ազատվում են պրոֆեսիոնալ աշխատակիցներից։
-Դա ավելի շուտ մարդկային հատկության խնդիր է։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի վստահում։ Համոզված եմ, որ իր թիմից էլ արդեն շատերին չի վստահում։
-Այս օրերին շատ է խոսվում երկրում հակառուսական տրամադրությունների մասին, ու՞մ է ձեռնտու նման իրավիճակ ստեղծել երկրում։
-Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցերի շուրջ փորձում է ՌԴ-ի հետ քաղաքական «առևտուր» անել։ Եթե կկարողանա ու կմարսի, հալալ է իրեն։ Գեոքաղաքական կենտրոնները (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան) սովորաբար մեզ նման փոքր և թույլ պետությունների հետ քաղաքական առևտուր չեն անում։
-Այդ «առևտուրը» հիմնականում ինչի՞ շուրջ է, Արցախի՞։
-Չեմ կարծում։ Այլ հարցերի շուրջ, զորօրինակ՝ տնտեսական (գազի գին, էլեկտրաէներգիա, ատոմակայան)։ Տնտեսական այս խնդիրներն իրար հետ փոխկապակցված են, այս փաթեթի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Մեզ պես երկրներին թվում է, որ եթե մենք այդ գեոքաղաքական հսկաներին ինչ-որ բան արել ենք, ապա իրենք մեզ պարտք են։ Այդ կարգի երկրները երբեք ոչ մեկին պարտք չեն լինում։ Եթե դու ռուսներին ասում ես, այ տես՝ Սիրիա զորախումբ ուղարկեցի կամ ԵԽ-ում ձեր ուզածի պես քվեարկեցի կամ ինչպես ուզել եք, արել եմ, հիմա դուք էլ ինձ պետք է տաք, չեն տալու ոչինչ։ Դա անգամ քննարկման խնդիր չէ, այդպիսի կենտրոնները չեն գնում «առևտրի»։
-Դուք մտահոգություն ունե՞ք, որ Հայաստանը կարող է վերածվել գերտերությունների դիմակայության օջախի։
-Այս պահի դրությամբ դա չի երևում։ Եթե դեմոկրատները նոյեմբերին հաղթեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ինչին չեմ հավատում, գուցե նման բան լինի։
-Հակառուսական տրամադրությունները կշարունակվե՞ն։
-Հակառուսական տրամադրությունները մերձիշխանական թևից են հիմնականում տարածվում, սակայն մոտակա տարիներին չեն կարող մեծ ծավալների հասնել այն պատճառով, որ Հայաստանի բնակչության շատ մեծ հատված տարբեր թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Առաջին հերթին խոսքը տնտեսական կապվածության մասին է։ Մարդիկ գնում են այնտեղ աշխատելու կամ արդեն տեղափոխվել են ՌԴ մշտական բնակության, որտեղից գումար են ուղարկում հայրենիք։ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները շատ մեծ են, երկիր մտնող գումարի 85 տոկոսն այնտեղից է գալիս։ Այս առումով շատ դժվար կլինի հակառուսական լայն արշավ սկսել։ Մարդիկ օբյեկտիվորեն կապված են այդ երկրի հետ։
-Այդ պարզ ճշմարտությունն ինչու՞ իշխանությունը չի հասկանում։
-Չգիտեմ, իրենց թվում է, թե քաղաքական «առևտուրը» կստացվի։ Երկրորդեմ՝ եթե ստացվի, հալալ է իրենց։
-Բայց այդ «առևտրի» շրջանակում այնպես է ստացվել, որ այսօր բոլոր հարևանների, գործընկեր, դաշնակից երկրների հետ խնդիրներ ունենք։
-Դա բխում է այն հանգամանքից, ինչի մասին վերևում նշեցի՝ կադրերից և աշխատանքի արդյունավետությունից։ Միայն մեկ ոլորտում չէ նման խնդիր, կառավարման բոլոր օղակների, այդ թվում արտաքին գերատեսչության հիմնական խնդիրը կադրերն են և ոչ արդյունավետ աշխատանքը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ