Համավարակի հաղթահարումից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախ և առաջ պիտի հաշվետվություն ներկայացնի հասարակությանը, թե ինչպես են ծախսվել այն գումարները, որոնք ուղղվել են վիրուսի դեմ պայքարին։ Դեռ համաճարակը չավարտված՝ բազմաթիվ երկրներում սկսվել են հետաքննություններ, պաշտոնյաներ են աշխատանքից հեռացվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները ոչ պատշաճ համակարգելու համար։ Մեզ մոտ իշխանությունը շատ վաղուց բազմաթիվ այլ հարցերով կարող էր դատ ու դատաստանի առջև կանգնել, բայց մինչ այդ նա պետք է ուզած-չուզած բացատրություններ ներկայացնի խիստ էական հարցերի առնչությամբ։ Այս գումարների առնչությամբ պարզաբանումներն ամենաառաջնայինն են այն պարզ պատճառով, որ գործ ունենք մարդկային կյանքերի, հանրային առողջության հետ։ Ինչպես են ծախսվել ու ծախսվում գումարները, երբ հիվանդին դեղորայք ու սնունդ է պետք լինում, սակայն իշխանությունը ձեռքերը լվանում է։
Երբ հաստատվում է կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստը, պարետատունն աճապարում է քաղաքացիներին խիստ հորդորել, որ տնից դուրս չգան ու սպասեն համապատասխան գերատեսչությունների աջակցությանը, հսկողությանը։ Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ պարետատնից տրված համարներին չեն պատասխանում, լավագույն դեպքում ասում են, թե առաջիկա օրերին աջակցություն կլինի, սակայն անհետ կորչում են։ Եվ ուրեմն, ի՞նչ է անում պետությունն իր հիվանդ քաղաքացու համար, կատարու՞մ է իր պարտավորությունները, թե, կոպիտ ասած, «նետել» է մի կողմ ու ասում է՝ ինչպես ուզում ես, գլուխդ պահիր։ Սա էլ աղքատություն չէ, որ մարդիկ պիտի իրենց գլխում հաղթահարեն։
Սակայն ի՞նչ է իրականում կատարվում, ինչու՞ մարդկանց զանգերին գերատեսչությունները չեն պատասխանում։ Պարզվում է, որ գրեթե ամեն մի զանգ հստակ աջակցություն է ենթադրում, ու եթե պետությունը չի ցանկանում այդ աջակցությունը ցուցաբերել կամ ի վիճակի չէ ցուցաբերելու, ուրեմն առավոտից երեկո հեռախոսների զանգերը չեն դադարում, բայց դրանք բանի տեղ դնող չկա։ «Փող չկա, ի՞նչ պատասխանենք»,- մեր դիտարկմանը, եթե չեք պատասխանում, ինչու՞ եք քաղաքացիներին այդ հեռախոսահամարը տալիս, ասաց կառավարության անդամը։ ՈՒ՞ր են այդ դեպքում այն գումարները, որոնք այս խնդրի համար էին հավաքվել և հատկացվել։ Թե սպառվել է, հանրությանն ազնվորեն ասեք՝ ժողովուրդ, պետությունն այլևս չի կարողանում այս ծավալի վարակակիրների հոգսը հոգալ, գումար չկա։ ՈՒ այս ամենից հետո նաև կառավարությունում թող իրար գլխի տան, հաշվետվություն կազմեն ու հանրությանը ներկայացնեն, թե մինչ այս որքան գումար է ծախսվել ու ինչ ուղղությամբ։ Եթե ոչ այսօր, վաղն այս խնդիրը քննվելու է, ու սա այն հարցը չէ, որ հնարավոր լինի պոպուլիզմով, նախկիններին մեջտեղ բերելով, շրջանցել։ Նժարին դրված է ամենաթանկ բանը՝ մարդկանց կյանքերը, որոնց համար պատասխանատվությունն անխուսափելի է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ